ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Հորս օրինակն ինձ ամեն վայրկյան ասում է` տարիքը և առողջական վիճակը պատրվակ չեն կյանքում չառաջանալու»

«Հորս օրինակն ինձ ամեն վայրկյան ասում է` տարիքը և առողջական վիճակը պատրվակ չեն կյանքում չառաջանալու»
19.06.2009 | 00:00

«ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ԿԱՄՈՒՐՋ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ»
Հայտնի արձակագիր Ստեփան Ալաջաջյանը և նրա դուստրը` Թերեզա Ալաջաջյան-Հայրապետյանը, Լոս Անջելեսում 2001 թվականից հրատարակում են «Առագաստ» գրական, հասարակական, մշակութային ամսագիրը:
-«Առագաստն» առանձնանում է հեղինակների ու նյութերի բազմազանությամբ, նաև նրանով, որ սփռվում է շատ ու շատ հայալեցուն գաղթօջախներում, կամուրջ է տարբեր երկրների հեղինակների և ընթերցողների միջև,- ասում է ԹԵՐԵԶԱ ԱԼԱՋԱՋՅԱՆ-ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:- Ըստ արձագանքների` այն ընդունվել, սիրվել և ցանկալի է դարձել թե՛ ընթերցողների, թե՛ գրողների կողմից:
-Պատմեք մի փոքր Ձեր մասին:
-Ծնվել եմ Երևանում, սովորել եմ ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժնում: Ավարտելուց հետո աշխատել եմ ԵՊՀ-ի արաբա-թուրքական ամբիոնում: 1991-ից բնակվում եմ Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում, ամուսնացած եմ, ունեմ երկու դուստր:
-Ինչպե՞ս ծնվեց «Առագաստը»:
-Նախաձեռնությունն իմն էր: Նպատակ ունեինք դեռևս 1998-ին լույս ընծայել: Սակայն «Առագաստը» կայացավ 2001-ին:
-«Առագաստը» ներկայումս լույս չի ընծայվում. դա ժամանակավո՞ր դադար է…
-Այո՛, դադարը ժամանակավոր է, բարեբախտաբար…
-Որքան գիտեմ, Դուք հաճախ եք Հայաստան գալիս, մասնակցում գրական համաժողովներին: Հայրենիքը` Ձեր աչքերով: Ի վերջո, դրսում ապրողի համար հայրենիքն այլ խորհուրդ ունի. կա տարածություն, կարոտ, հայացք կողքից…
-Ինձ համար կապվածության խնդիր է, արյան, արմատների կանչ… Բայց ոչ հայացք կողքից: Երբ հայրենիքում եմ, մոռանում եմ, որ բնակվում եմ դրսում: Իսկ թերությունները և անարդարությունները շատ ծանր եմ տանում:
-Հավանաբար հետևում եք գրական անցուդարձին (Հայաստանի): Ձեր տպավորությունները, մտահոգությունը…
-Մտահոգությունս հիմնականում այն է, որ մտավորականության թիվը պակասում է, իսկ եղած մտավորականների ապրելակերպը, կենսամակարդակը բավարարից ցածր է: Եվ ամենից սարսափելին` համատարած անտարբերությունն է այս հարցի նկատմամբ: Նրանց վիճակը բարելավելու համար ոչինչ չի արվում: Եթե ինչ-որ բաներ էլ արվում են, հեռու են բավարար լինելուց:
-Մեզ մոտ հաճախ են դժգոհում ընթերցանության պակասից: Ի՞նչ եք կարծում, դա համընդհանո՞ւր խնդիր է:
-Չէի ասի, թե համընդհանուր է: Կարծում եմ, վերջին տասնամյակում ընթերցանության նվազեցմանը նպաստեցին, թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում, կյանքը նոր ուղու վրա դնող մեր հայրենակիցների տնտեսական դժվարությունները:
-Որքան գիտեմ, ԱՄՆ-ում գրողների միություն չկա, իսկ ի՞նչ վիճակում է գրականությունը, ինչպե՞ս է ձևավորվում գրական մթնոլորտը, հարթվում «լավ» գրողի ճանապարհը:
-Չէի ասի` չկա: Կան, բայց այլ չափանիշներով: Օրինակ` «Գրողների արհեստակցական միությունը» («Writer՚s Guild») կամ «Հեղինակների ընկերակցությունը» («Author՚s Guild»)։ Այդ միություններում ընդգրկվելը պայմանավորված է տարբեր գործոններով և ոչ միշտ տաղանդ ունենալու հետ: Մեծ մասամբ գրողները համագործակցում են գործակալների (agent) հետ, որոնք նրանց ներկայացնում են տարբեր հրատարակչական հիմնարկների, ինչ-որ ձևով կատարում են գրաքննադատի դեր: Եթե հրատարակչությունն ընդունում է, արդեն իսկ մի մեծ հարթված ճանպարհ կա գրողի առջև: Հետագա հաջողությունը կախված է նրանից, թե ինչպես կծանուցվի և կվաճառվի գիրքը:
-Ձեր հայրը` Ստեփան Ալաջաջյանը, սիրված գրող է, հայրենիքից հեռանալուց հետո էլ նա շարունակել է գրական գործունեությունը: Փոխվե՞լ է նրա «ձեռագիրը»: Տարիներն ինչ-որ բան տալիս են, ինչ-որ բան էլ վերցնում…
-Միացյալ Նահանգներում ապրելու տարիներին նա չթողեց գրիչը: Ճիշտ է, նոր գրական երկ չստեղծվեց, բայց ստեղծվեց նրա հուշագրությունների հիանալի շարքը, որը, կարծում եմ, հայ իրականության և գրականության մեծ ժառանգություններից է լինելու: Վերջերս լույս տեսավ նրա «Հորձանուտը» վերնագրով հուշագրությունը (թվով հինգերորդը): Կասեի` նրա ձեռագիրը նույնն է, ոճը` նույնպես: Տարբեր է թեման:
-Ի՞նչ եք սովորել նրանից: Ամենակարևորը….
-Չհուսահատվել, լինել անկոտրում, միշտ առաջ նայել: Նաև ներողամիտ և մեծահոգի լինել: Հորս օրինակն ինձ ամեն վայրկյան ասում է` տարիքը և առողջական վիճակը պատրվակ չեն կյանքում չառաջանալու:
-Մասնագետների կարծիքով` հայրենի օդից, ջրից կտրված լինելը բացասաբար է անդրադառնում մարդու վրա. կա՞ նման զգացողություն` օտարության, «անկշռելիության», անհարմարավետության: Թե՞ ադապտացվելու խնդիր է, ավելին` հայի համար դժվար չէ՞ ունենալ երկրորդ «հայրենիք» կամ հարազատ տարածք, մանավանդ որ կան մարդիկ` Հայաստանում են ապրում, բայց շատ հեռու են հայրենիքից:
-Դժվար հարց է: Ադապտացման խնդիր ունեցել եմ: Բայց կարծում եմ` սա չի ընդհանրանում: Յուրաքանչյուր ոք յուրովի է ընկալում հայրենիքից դուրս ապրելը: Ինքս երբեք «անկշռելիության» խնդիր չեմ ունեցել, հեշտ եմ հարմարվել երկու հայրենիք ունենալու հարցին: Ամեն դեպքում «Մայր հայրենիքը» միշտ մնացել է առաջնային:
-Գրողն այսօր առանց երկրորդ մասնագիտության Հայաստանում ապրել չի կարող։ Միացյալ Նահանգներում կա՞ նման խնդիր:
-Կայացած, ճանաչում ստացած գրողների համար` չեմ կարծում: Բայց մինչ կայանալը, անշուշտ, ունենում են մեծ դժվարություններ, եթե չեն սերում հարուստ կամ նյութապես կայուն ընտանիքից: Երբեմն էլ ուղղակի լքում են գրելու կամ գրող դառնալու գաղափարը:
-Ասում են` գրականությունը դառնում է իրականություն: Ելնելով այսօր ստեղծվող գրականությունից և գրողի` գրականության նկատմամբ վերաբերմունքից, ըստ Ձեզ` ի՞նչ է լինելու վաղը:
-Դժվար է ասել: Բայց բնավորությամբ լինելով լավատես, կարծում եմ` լավ կլինի: Երկրի կամ երկրների տնտեսական շատ դժվարությունների հաղթահարումը կբարելավի գրական կյանքը, կօգնի գրողին ոտքի կանգնելու: Ժամանակի խնդիր է:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3340

Մեկնաբանություններ