ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՇՆԵՐՈՎ ՈՒ ԱՎՏՈՄԱՏՆԵՐՈՎ ՓԱԿԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԸ»

«ՇՆԵՐՈՎ ՈՒ ԱՎՏՈՄԱՏՆԵՐՈՎ ՓԱԿԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՍ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
24.11.2009 | 00:00

Եղեգնուտ գյուղի բնակիչները` ընդդեմ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի, պաշարել էին կառավարության շենքը։ Իրենց հերթին ոստիկաններն օղակ էին կազմել բողոքողների շուրջը` առանց խոչընդոտելու լրագրողների հետ նրանց շփումը։
«Նախկին պատգամավորի թև ու թիկունք Սուսաննա Հարությունյանը ոչ մեկին չի թողնում մտնել ձեռնարկություն։ Ավազի լվացման ձեռնարկությունը համայնքի սեփականությունն է, որն իրավական ակտերով ունի սեփականության վկայական։ Առանց որևէ պատճառի և իրավունքի նախկին պատգամավորը ձեռնարկությունը բռնագրավել է և դրա հետ մեկտեղ շներով ու ավտոմատավորներով փակել նաև գյուղացիներիս ճանապարհը դեպի ձեռնարկությանը կից արոտավայրեր։ Էդ էն դեպքում, որ ձեռնարկության սեփականատերը գյուղապետարանում որևէ մեկին ձեռնարկությունն արենդով չի տվել»,- բողոքում էին Եղեգնուտ գյուղի բնակիչները։
Փորձեցինք ճշտել` իրենք այդ հարցով դիմե՞լ են անձամբ Հակոբ Հակոբյանին, ինչին ի պատասխան նրանք ասացին. «Դիմել ենք, ասել ենք, բայց ինքն ասում ա` իմ գործն ա։ Գյուղապետն էլ ա դիմել համապատասխան կառույցին, եկել են նախագահի վերահսկողականից, բնապահպանության և էներգետիկայի նախարարություններից, բայց ոչ մի հարց չի լուծվել։ Էն էլ էն ժամանակ, որ մարդն ավազի պաշարներ է հանում ու վաճառում առանց լիցենզիայի։ Վերջերս գյուղացիներից մեկը մի մեքենա ավազ էր տարել իր տան նորոգման համար` 200 հազար դրամով տուգանեցին դրան, բայց որ էս մարդն օրը 100 մեքենա ավազ ա տանում-ծախում, ոչ ոք «չի տեսնում»։ Ապրիլին կեղծ փաստաթղթերով Հակոբ Հակոբյանը մտել է դատարան, իսկ Արմավիրի մարզի դատարանը, դատավոր Հրաչիկ Սարգսյանի հետ, նա սեփականաշնորհել է։ Ինչ վճիռ պետք ա, գրում, տալիս են»,- մեկը մեկին ընդհատելով` զայրացած պատմում էին գյուղացիները։
Պարզվեց, բողոքավորներն առաջին անգամ չէ, որ դիմում են կառավարությանը։ Շուրջ 3-4 տարվա պատմություն ունի այս «պատերազմը», սակայն, ինչպես նշում էին, արդյունք չկա։ Այդ դեպքում ինքնին հարց է առաջանում. եթե այս տարիների ընթացքում արդյունք չի եղել, ի՞նչն է ստիպել նրանց կրկին վերադառնալ կառավարություն։ «Բա ի՞նչ անենք, չգա՞նք։ Եթե խնդիրը լուծում չստանա, նախագահական կգնանք։ Որ գալիս ենք կառավարություն` բողոքում, ասում են` գնացեք, հարցը կլուծվի։ Մինչև տեղ ենք հասնում, հարցը նորից մեր օգտին չի լուծվում»,- նշում էին բողոքավորները։
Տեղեկացանք, որ խնդիրը վերաբերում է Եղեգնուտ գյուղի «Բետարշին» ձեռնարկությանը, որը տեղակայված է 3-4 հա տարածության վրա, իսկ նրա շարունակությամբ գտնվող արոտավայրերը (որտեղ նախկին պատգամավորը, ըստ ներկայացվածի, արգելել է գյուղացիների անասունների մուտքը) 30-40 հեկտարի վրա են։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ արոտավայրերը հարուստ են ավազի պաշարներով։ Այդ նույն ավազն է, որ լվացվում և մշակվում է «Բետարշին» ձեռնարկությունում և այնուհետև վաճառվում։ Ինչ խոսք, խնդիրը նուրբ է, քանի որ գործ ունենք մասնավոր տնտեսական շահի հետ։ Խնդրի պարզաբանման համար հեռախոսազրույց ունեցանք ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ։
-Այդ հարցի կարգավորման համար մենք դիմել ենք իրավապահ մարմիններին,- ասաց նա,- բայց, մինչև խնդրի լուծումը, կասեմ հետևյալը։ 2006-ին ինձ հետ կատարված հայտնի միջադեպից հետո շատերը, երևի, մտածեցին, որ Հակոբ Հակոբյանը «կորավ»: Մեր ձեռնարկության մի հատվածը գյուղապետը կեղծարարությամբ, կեղծ փաստաթղթերով նվիրել էր իր եղբորը։ Բողոքեցինք Արմավիրի մարզային դատարան։ Ճիշտ է, գյուղապետի դեմ քրեական գործ չհարուցվեց գործարքի վաղեմության պատճառով, բայց տարածքները վերադարձվեցին ձեռնարկությանը։ Ինչ վերաբերում է Սուսաննա Հարությունյանին, ապա, այո՛, նա գործարանի գործադիր տնօրենն է և ի պաշտոնե արգելում է կողմնակի անձանց մուտքը գործարանի տարածք։ Չեմ ժխտում, ԱԺ ընտրությունների ժամանակ նա սատարել է ինձ։ Պարզ չէ՞, որ վստահելի մարդու` իմ թիմակցին պետք է վստահեի գործարանի ղեկավարումը։
-Ասում եք` տարածքները վերադարձվեցին ձեռնարկությանը, և արդարությունը դատարանով վերականգնվեց։ Սակայն գյուղացիները պնդում են, որ դատավոր Հրաչիկ Սարգսյանի հետ Դուք սեփականաշնորհել եք այդ նույն դատարանը։
-Մեր գործով գյուղապետի դեմ գործ չհարուցվեց, բայց հիմա Արմավիրի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցված այլ խնդրով։ Ընդհանրապես, էդ բողոքողները գյուղացիները չեն, այլ, եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը, գյուղապետի ընտանիքի անդամներն են, բարեկամները` իրենց երեխաներով ու կանանցով։
-ՈՒզում եք ասել` ամեն ինչի մեղավորը գյուղապետն է, բողոքի ակցիան կազմակերպել է նա, իսկ Դուք անմեղ եք։
-Բա գյուղապետն է կազմակերպել, բա էլ ո՞վ։ Մենք հիմա դիմել ենք դատարան, որպեսզի, մեր տարածքների հետ կապված, պահանջենք գյուղապետից վնասի փոխհատուցումը։
-Իսկ Դուք ունե՞ք «Բետարշինի» սեփականության վկայական։
-Այո՛։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հ. Գ.- Թեև նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը վստահեցնում է, որ ունի նշված ձեռնարկության նկատմամբ սեփականության իրավունք, գյուղացիները պնդում էին, որ արոտավայրն ու ձեռնարկությունը եղել ու մնում են համայնքի սեփականությունը։

Դիտվել է՝ 1605

Մեկնաբանություններ