ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅԱՆԸ ՏՈՒՐՔ ՏԱԼԸ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ»

«ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅԱՆԸ ՏՈՒՐՔ ՏԱԼԸ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ»
14.05.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ
-Պարո՛ն Երիցյան, Երևանը և մեր մյուս քաղաքներն անճանաչելիորեն փոխվում են: Փոխվում է նաև արտաքին գովազդի լեզուն: Ինչո՞ւ:
-Այդ «ինչու»-ին դժվար է միանշանակ պատասխան տալ: Բայց, չգիտեմ ինչու, տնտեսավարողները համոզված են, որ եթե իրենց կազմակերպությունները հանրությանը ներկայացնեն օտարատառ և օտարահունչ անվանումներ, դրանք կարող են ավելի գրավիչ ու հաջողակ լինել: Այդ պատճառով նրանք ձգտում են այդպես անվանել իրենց առևտրի, ժամանցի վայրերը, հիմնարկ-ձեռնարկությունները, տարբեր տեսակի ընկերությունները և այդ ամենն ամրագրում հրապարակային գրվածքով: Այսօր Դուք մեր փողոցներում հազվադեպ կարող եք տեսնել հայեցի անվանումներով ներկայացված ցուցանակներ, գովազդեր, հրապարակային գրվածքի այլ տեսակներ: Անգամ զլանում են օտարատառ և օտար անվանումները տառադարձել հայերեն, պատճառաբանելով, թե դա իրենց ապրանքանիշն է կամ մակնիշը: Եվ որպես հետևանք` Երևանը և մեր մյուս քաղաքները մեզ են ներկայանում առավելապես օտարատառ գրվածքներով: Իհարկե, դեռևս կան տնտեսավարողներ, որոնք մեծ հարգանք ունեն մեր լեզվի նկատմամբ և պահպանում են հայերենի գերակայությունը:
-Պարո՛ն Երիցյան, գուցե իսկապես տնտեսավարողների համար գովազդերի օտարատառ և օտարահունչ անվանումները հաջողության բանալի՞ են:
-Ընդհակառակը, մեր քաղաքացիների մեծ մասի համար օտարատառ ու օտարահունչ ցուցանակներն ու գովազդերը հասկանալի չեն և չեն ապահովում լիովին հասկանալի տեղեկություն: Մի՞թե մեր քաղաքացին մտնում է խանութ այն պատճառով, որ այդ խանութի գովազդը հայերեն չէ: Հակառակը շատ ավելի հավանական է:
-Այդ ո՞ւր կորան մեր ոսկեղենիկ հայերենով անվանումները: Ի՞նչ է, այդքան սահմանափա՞կ է մեր լեզուն, որ այսօր հիմնականում օտար անուններին են դիմում:
-Իհարկե` ոչ: Այս առումով շատ հարուստ է մեր լեզուն: Մեր հայրերը, պապերը մեր բազմադարյան պատմության ընթացքում այնքան անվանումներ են թողել մեզ, որ դրանք իրենց ազգային հիմքով և հայկականությամբ կարող են ցանկացած տնտեսավարող սուբյեկտի պատիվ բերել: Մեր պատմական և նորօրյա տեղանունները ձևավորվել են մեր ժողովրդի լեզվաշաղախով և նրա իմաստնությամբ թրծվել, իմաստակիր, բնութագրող դարձել, և ամեն հայի համար մեծ պատիվ պետք է լինի դրանք գործածելը: Գուցե այդպիսի հայկական անվանումների ցանկ պիտի լինի, որից էլ ընտրություն կատարեն տնտեսավարողները: Այդ դեպքում, հավանաբար, նման վիճակ չենք ունենա:
-Մեր քաղաքներում խիստ սովորական են դարձել նաև տաքսի ծառայությունների օտարատառ, օտարահունչ անվանումները: Դա էլ ընդհանուր միտումների շարունակությո՞ւնն է։
-Այս պարագայում լեզվական վնասն ավելի մեծ է: Դրանք շարժվող հրապարակային գրվածք-գովազդներ են, որոնք լեզվախախտում են պարունակում ու կրկին, հիմնականում, օտարամոլություն գովազդում: Ի՞նչ է ստացվում. տաքսի ծառայությունների հիմնադիրները նույնպես օտարահունչ անվանումներով ձգտում են ուղևոր գրավել: Անգամ չեն ուզում տառադարձել շատ հաճախ ոչինչ չասող, բայց ոչ հայատառ անվանումները: Երևանի, մեր բնակավայրերի փողոցներում տեսնում ենք ավտոմեքենայի երկու կողմում օտարատառ անվանումներ` Sorini, Mercury, Pegas, Jeep, Glamour, KIng, SAS, Gabi, Busy, Gloria, Next և այլն, և այլն: Բայց այստեղ ավելի լուրջ խնդիր կա: Քաղաքացին, իրավաբանական անձը տաքսի ծառայություն ստեղծելով` համապատասխան մարմնում գրանցում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, և թվում է, թե այդ անունով էլ պետք է հանդես գա նաև հրապարակային գրվածքում: Բայց իրականում այդպես չէ: Հայաստանում գրանցված ավելի քան 50 տաքսի ծառայություն կա, որ գրանցել է իր ապրանքանիշը և դրանով է հանդես գալիս: Իսկ մնացածներն ինչ անունով ուզում, այնպես էլ ներկայացնում են իրենց ծառայությունները, որոնք, փաստորեն, կրկին գովազդ են դառնում, և դարձյալ օտարահունչ, օտարատառ անվանումներով: Եվս մի բարձիթողի վիճակ, որից շատ դժվար է գլուխ հանելը: Իսկ մեր փողոցներում օրեցօր շատանում են տաքսիները, որոնց վրա օտարատառ և օտարահունչ անվանումներ են` San, Luxe, Express, Pantera, ծց, տՏչՏՊՌ և այլն:
-Մի ժամանակ, եթե չենք սխալվում, նորածին երեխաները ևս հիմնականում հայկական անուններով էին մկրտվում: Հիմա Ալեն, Էլեն-ներն են շատացել:
-Համալսարանական երջանկահիշատակ իմ դասախոս Ռաֆայել Իշխանյանը ներկա-բացակա անելիս, երբ կարդում էր Սվետա, Ռոզա, Վալոդ, Սաշիկ, Գրիշա անունները, իրեն բնորոշ հանդարտությամբ և հումորով ասում էր, որ այդ անուններն ինքը չի ճանաչում, և ամեն մեկին մի որևէ հայկական անունով էր «կնքում» ու դրանով դիմում:
Հիմա մեր անկախ Հայաստանում, չգիտես ինչու, կախյալ ենք դարձել մեր օտարամոլությունից: Չգիտեմ` ինչ վիճակագրություն կա, բայց այս խնդիրը նույնպես մտահոգիչ է: Սկսում ենք թեքվել դեպի Ալեքսներն ու Միլենաները, Սյուզիներն ու Էրիկները: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներում հայկական անունների ցուցակ կա, որից կարող են օգտվել ծնողները, եթե իրենց նորածնին անվանակոչելու դժվարություններ կան: Բայց այսօր կարծես այլ արժեքային համակարգ է գործում: Օտար անձնանուններն այսօր նորաձև են համարվում, նույնիսկ այն դեպքում, երբ իրենց «հայրենիքում» այդ անունները «մաշվել» ու դուրս են եկել գործածությունից: Բայց անձնանունը շատ կարևոր բան է: Չէ՞ որ այն ևս ազգային պատկանելության և նկարագրի անբաժանելի մասն է:
Դեռ ավելին, մեր երգիչ-երգչուհիները, արվեստագետներն իրենց համար անուններ են ընտրում դարձյալ օտար հնչողությամբ: Ո՞Ւր ենք հասել: Ո՞Ւր մնացին մեր ազգային արմատները, մեր հայեցի մտածողությունը: Այս ամենը մանրուք չէ: Սա ազգային լեզվամտածողության, ազգային հոգեբանության խնդիր է, որին սպառնում է օտարամոլությունը:
-Դուք ուղիղ կա՞պ եք տեսնում օտարամոլության և այսօրվա լեզվավիճակի միջև:
-Անկասկա՛ծ: Օտարամոլությունն իր ամենաարագ ազդեցությունն ունենում է լեզվի վրա: Իսկ լեզվական օտարամոլությունը, ցավոք, շատ արագ տարածվում է մատաղ սերնդի վրա: Օրինակ` դպրոցականներն առանց ժամանակ կորցնելու յուրացնում են ոչ միայն հեռուստատեսությամբ հնչող, փողոցում, գովազդում տեղ գտած լեզվական սխալները, այլև օտարաբանությունը և դրանք մաս են դարձնում իրենց առօրյա բառապաշարի: Լեզվական ասպարեզում ցանկացած անուշադրության համար կարող ենք թանկ վճարել, եթե ոչ հենց այսօր, ապա վաղը` հաստատ: ՈՒստի լեզվի նկատմամբ ուշադրությունը պետք է լինի ոչ թե առիթից առիթ, այլ տարին բոլոր:
-Ինչպե՞ս պետք է պայքարել այս ամենի դեմ: Եվ արդյո՞ք պետք է պայքարել, թե՞ վիճակը կարող է շտկվել ինքնամաքրման ճանապարհով:
-Լեզվի մաքրության և անաղարտության համար պայքարը պետք է լինի անընդհատ, անընդմեջ: Զգոնությունը երբեք չպետք է կորցնել և հույս դնել միայն ինքնամաքրման վրա: Եթե այսօր մեր քաղաքային միջավայրում թևածում է օտարամոլությունը` իր տարբեր դրսևորումներով, այն կարող է չարիք դառնալ: Առաջին հայացքից թվում է, թե հայ մարդը, անկախ նրանից, թե ինչ տնտեսական, առևտրային շահեր ունի, պետք է առաջին հերթին ունենա նաև իր մայրենիի շահը: Բայց պարզվում է, որ այդպես չէ: Երբ մատնացույց ես անում կատարված խախտումը, փոխանակ հարգելու մայրենիի պատիվը, արժանապատվությունը, իրավաբանների, փաստաբանների, օգնականների համար միջոցներ չեն խնայում գտնելու այն սողանցքները, որոնք թույլ կտան մի քանի արշինաչափ օտարատառ, օտարահունչ գովազդը պահպանել քաղաքի կենտրոնական մասում: Ի՞նչ է, մեր քաղաքացիները հայատառ ցուցանակով ռեստորան, սրճարան չե՞ն մտնում, կամ հայկական անվանումներով տաքսի չե՞ն նստում:
Գուցե այս դեպքերում առաջին հերթին պետք է գործի սեփական խղճի օրենքը, պատասխանատվությունը մայրենի լեզվի հանդեպ: Մենք ինչո՞ւ չենք ուզում մեր սխալներն ինքներս նկատել ու վերացնել: Ժամանակն է, որ գործի դնենք մեր բոլոր ունեցած հնարավորությունները և լծակները: Դրանցից ամեն մեկն իր նշանակությունը կունենա: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր լեզուն զերծ պահենք օտարամոլությունից: Տագնապի զանգերը վաղուց են ղողանջում։
Զրույցը վարեց Տիգրան ԼԵՎՈՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ