ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սոդոմի և Գոմորի կործանումը

Սոդոմի և Գոմորի կործանումը
03.07.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ. ԾՆՆԴՈՑ ԳԻՐՔԸ
«Երդվում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրիր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։ Պետք է սիրես քո Տեր Աստծուն, լսես նրա ասածը, կապված մնաս նրան, որովհետև Նա է քո կյանքն ու քո երկարակեցությունը» (Բ Օր. 30.19.20)։
Ջրհեղեղի ահեղ պատումից զատ, Ծննդոց գրքում նկարագրված իրողություններից սկեպտիկների միջավայրում կասկածների և առասպել համարվելու տեղիք է տվել նաև այս քաղաքների կործանումը` երկնքից թափված ծծմբով և կրակով։
Սեբոյիմ, Նեգմա և Սեգոր քաղաքների հետ դրանք ևս գտնվել են Սիդդիմ հովտում` Մեռյալ (կամ Աղի) ծովի հյուսիսային մասում, որը, ըստ Ս. Գրքի վկայության, դրախտի պես կանաչ ու բերրի է եղել։ Ենթադրվում է նաև, որ նախքան աղետը ծովի ջրերը զուլալ ու քաղցրահամ էին։ Եթե սովորական օվկիանոսը պարունակում է մինչև 4 % աղ, ապա Մեռյալ ծովը` 30 % կարծր խառնուրդներ, որոնց 25 %-ը քլորական նատրիումն է, այսինքն` կերակրի աղը։ Ծովը զուրկ է կենդանությունից` ձկներից ու ջրիմուռներից, թեև Հորդանան գետն ու նրա վտակները քաղցրահամ են։ Նրա ափերը ևս զուրկ են բուսականությունից, ի լրումն անտանելի տապի, օդը հագեցած է ծծմբի սուր և գարշելի հոտով։ Ափերը մինչև 10 կմ երկարությամբ և երբեմն մինչև 45 մ հաստության հասնող հանքային աղերի շերտերով են օղակված։ Արաբները վկայում են, որ անցյալում թունավոր գոլորշիացումների պատճառով ոչ մի թռչուն չէր կարողանում թռչել-անցնել լճի վրայով. որոշ ժամանակ անց սատկած վայր էր ընկնում։
Այս սահմռկեցուցիչ պատկերը, ըստ Ս. Գրքի, հետևանք է աստվածային պատուհասի` ի հատուցումն տեղի բնակիչների ամբարիշտ բարքերի։ Աստվածաշունչը չափազանց սեղմ ու կարճամփոփ է իր բնութագրում. «Սոդոմացիները չար մարդիկ էին և Աստծո հանդեպ բազում մեղքեր էին գործում» (Ծննդ. 13.13)։ Սոդոմացիների անթիվ մեղքերի ու ամբարիշտությունների շարքում առանձնահատուկ շեշտվում է նաև նրանց անհյուրասիրությունը։ Ընդ որում, Աբրահամի բարեխոսությամբ` «Մի՞թե արդարին ամբարիշտի հետ կոչնչացնես, և արդարը նույն բանին կենթարկվի, ինչ ամբարիշտը» (18.23), Արարիչն ասում է. «Չեմ կործանի հանուն տասի», այսինքն` եթե ողջ տարածքում տասն արդար մարդ գտնվի։
«Տերը երկնքից ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի և Գոմորի վրա, կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու երկրի ամբողջ բուսականությունը։ Ղովտի կինը հետ նայեց ու դարձավ աղե արձան։ Աբրահամը վաղ առավոտյան գնաց այնտեղ, ուր ինքը կանգնել էր Տիրոջ առաջ, նայեց սոդոմացիների և գոմորացիների կողմը, ամբողջ շրջակայքը և տեսավ, թե ինչպես երկրի բոցը բարձրանում է հնոցի ծխի պես» (19.24-27)։
Այս սարսափազդու աղետը չէր կարող աննկատ մնալ վաղ և ուշ շրջանների հեթանոս, հրեա և քրիստոնյա մատենագիրների աչքից։
Փյունիկացի քուրմ Սունքինիաթոնն իր «Հին պատմության» մեջ գրում է. «Սիդդիմ հովիտն իջավ ու լիճ դարձավ և մշտապես մխում է ու բոլորովին կենսազուրկ է` իրենից մեղավորներին պատուհասող պատժի ու մահվան պատկեր ներկայացնելով»։
Հռոմեացի պատմիչ Տակիտոսը, մանրամասնորեն նկարագրելով Մեռյալ ծովը (ի դեպ, այս անվան առաջին հիշատակությունը պատկանում է Պավսանիասին), գրում է. «Նրան հարակից, երբեմնի բերրի հարթավայրն իր մարդաշատ քաղաքներով կործանվեց կայծակով, որի հետքերը կարելի է տեսնել այրված հողի վրա, և որը հիմա բոլորովին ամայացել է»։
Ամենից ուշագրավ նկարագրությունը, սակայն, պատկանում է հրեա անվանի պատմիչ Հ. Փլաբիոսի (1-ին դար) գրչին. «Լճին հարակից սոդոմական շրջանը երբեմնի իր բերրիությամբ օրհնյալ երկիր էր` բազում քաղաքներով զարդարված, սակայն այժմ լիովին այրված է։ Պատմում են, որ բնակիչների ամբարիշտության պատճառով կործանվել է կայծակով։ Մինչև իսկ մեր օրերում կարելի է տեսնել երկնային կրակի և հինգ քաղաքների որոշ հետքեր, պտուղներն էլ են մոխրացած. արտաքուստ և գույնով իրական են թվում, սակայն ձեռքը հպելուն պես իսկույն փոշու և մոխրի են վերածվում։ Այսպիսով, սոդոմական երկրի մասին հինավուրց ավանդություններն առարկայորեն էլ են հաստատվում»։
Նշենք, որ պատմիչի գործածած երկու բառերը` keraunos (կայծակ) և bolos (արկ), չունեն սովորական որոտի և կայծակի իմաստ։ Առաջինը, որ հազվադեպ է գործածվում հունարենում, Զևս դիքի մահաբեր շանթարձակ զենքը նկատի ունի։
Ստրաբոնը (Ք. ա. 1-ին դար) այս մասին վկայում է. «...Մոասադի մոտ ցույց են տալիս այրված զառիվայր ժայռեր և շատ տեղերում ծերպեր ու մոխրանման գետին, ողորկ ժայռերից ձյութ է կաթկթում, և եռացող հեղեղը հեռվից գարշահոտություն է արձակում, այստեղ ու այնտեղ ավերված կացարաններ են պատահում։ ՈՒստի ակամայից հավատում ես տեղացիների մեջ բավական տարածված ավանդազրույցներին այն մասին, որ այստեղ 13 մարդաշատ քաղաքներ են եղել, որոնցից գլխավորի` Սոդոմի շրջագիծը շուրջ 60 ասպարեզ է կազմել։ Երկրաշարժերից, հրի, բորբ ասֆալտե ու ծծմբային ջրերի ժայթքումից լիճը հանկարծակի ելել է իր ափերից, և կրակը պատել է ժայռերը։ Ինչ վերաբերում է քաղաքներին, ապա մի մասը հողն է կլանել, իսկ մյուսները լքվել են բնակիչներից, ովքեր դեռ փախչելու հնարավորություն ունեին»։
19-րդ դարում անգլիացի գիտնականները, հետազոտելով լիճը, հայտնաբերեցին, որ այն երկու առանձին ավազանների է բաժանվում։ Եվ ենթադրվում է, որ նրանցից մեկը` առավել ծանծաղը, հովիտ է եղել, որը մի աղետի պատճառով ջրի տակ է անցել։
1924 թ. Վ. Օլբրայթի գլխավորած հնագիտական արշավախումբը Բաբ-ալ-Դահրա կոչվող տեղանքում բրոնզի դարաշրջանով թվագրվող բնակավայր բացեց։ Հետագայում պարզվեց, որ դա Պաղեստինի հնամենի քաղաքներից է, սակայն, ի թիվս բազմաթիվ պեղածո հուշարձանների, մի մեծ գերեզմանոց բացվեց, որտեղ մոտավոր հաշվարկով շուրջ մեկ միլիոն հինգ հարյուր հազար մարդ էր թաղված։ Պարզվեց նաև, որ քաղաքը կրակով է ոչնչացված։ 1975 թ. հայտնաբերվեց Նումերին (11 կմ դեպի հարավ)` նույնպես ոչնչացված կրակով և նույն ժամանակահատվածում` Աբրահամի օրոք մոտ Ք. ա. 2000 թվին։ Ըստ գիտարշավի ղեկավարների` իրենց հայտնաբերած բնակավայրերը Սիդդիմ հովտի այդ քաղաքներից էին։
Նշենք նաև, որ լճի վրայով կանոնավոր չվերթեր իրականացնող օդաչուների պնդմամբ` Մեռյալ ծովի մեջ աղոտ ուրվագծվում են ինչ-որ ավերակներ հենց այն վայրում, որտեղ, ըստ Ծննդոց գրքի, գտնվել են Սոդոմն ու Գոմորը։ Սակայն ջրի պղտորության և աղի մեծ պարունակության պատճառով ստորգետնյա ուսումնասիրություններն առայժմ անհնարին են։
Այսօր էլ Ս. Գրքի հակառակորդները` բացասական քննադատությունը և կողմնակիցները` դրական քննադատությունը, պայքարում են իրար դեմ։ Սակայն տիեզերական մեծ վարպետ Բարսեղ Մեծը հորդորում է քրիստոնյաներին չապավինել գիտության տվյալներին` իրենց հավատն առ Հիսուս Քրիստոս հիմնավորելու համար, ոչ էլ ձգտել հերքել նրանց, քանզի «գիտնականները միշտ իրենք իրենց հերքում են»։ Բացի այդ, ինչպես ուսուցանում են եկեղեցու հայրերն ու վարդապետները, քրիստոնյաների համար կարևորն Աստվածաշնչում նկարագրված դեպքերի պատմական արժանահավատությունը չէ, կամ էլ սուրբգրային բնագիտական տվյալների իսկությունը։ Ս. Գիրքն Աստծո խոսքն է և երբեք չի կարող հակասել ոչ մի հարցում` պատմական լինի, վարդապետական, թե գիտական, սակայն քրիստոնյաների համար կարևորն այդ իրադարձությունների աստվածաբանական իմաստն է։ Օրինակ` ջրհեղեղը մեղքի, ամբարիշտության բազմացման և արդար Նոյով նոր մարդկության ձևավորման մասին է, տապանի չափսերով կամ այլ պատմական կամ զուտ գիտական հարցերով զբաղվելն անհարիր է Աստծո խոսքի շնորհման նպատակին։ Նույնն է նաև Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանման խորհուրդը, որի մասին Պետրոս առաքյալը գրում է. «Նա չխնայեց նաև հին աշխարհը, երբ ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղը բերեց` փրկելով միայն ութ հոգու, այդ թվում նաև Նոյին` արդարության քարոզչին։ Նույնպես Նա սոդոմացիների և գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով դատապարտեց` օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար» (Բ Պետ. 2.5,6)։
Փաստորեն, Սոդոմի և Գոմորի ու հարակից բնակավայրերի կործանումը ոչ միայն իրեղեն ապացույցներով հաստատվող եղելություն է, այլև անառակության, զեխության, արվամոլության, չարության, անհավատության խորհրդանիշ ու նախազգուշացում զեխ ու ամբարիշտ կյանքով ապրող գալիք սերունդներին։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

«Թեև Ս. Գիրքը գրվել է տարբեր հեղինակների կողմից, վայրիվերո և դժբախտ դարերի ընթացքում, չնայած նրանում ամփոփված մտքերի անսպառ հարստությանն ու շարադրանքի ձևերի գերառատ բազմազանությանը, այնուհանդերձ, կուռ ամբողջություն է ներկայացնում, այնպես որ յուրաքանչյուր նախորդ գիրք նախապատրաստում և կանխասում է հաջորդը։ Վերջինս էլ հավելում և լրացնում է բոլոր նախորդները, այնպես որ Աստվածաշնչի ամեն մի գիրք իր որոշակի տեղն ունի գրքերի բաժանված և հազարամյակների ընթացքում չխախտված ամբողջության օրգանիզմում։ Նմանվելով ցորենի ցողունի աճին, ուր ոչ մի հատիկ, ոչ մի հանգույց պատահաբար չի գոյանում, յուրաքանչյուր գիրք, ըստ միասնական արմատի կենսական օրենքի, կազմում է կենդանի օրգանիզմի անքակտելի և անհրաժեշտ մասը»։
Ի. ԲԵՄԵՐ
Պատմաբան

«Ինչպիսի՜ օրհնություն բերեց այս գիրքը Եկեղեցուն։ Իբրև խրատի, մխիթարության, իմաստության և համերաշխության գիրք` այն անչափ մեծ ազդեցություն է ունեցել կյանքի և ջատագովության վրա։ Հունա-հռոմեական աշխարհում քրիստոնեությանը հանդիպած ո՞ր կրոնը կարող էր պարծենալ նման հարստությամբ։ Աստվածաշունչն անսպառ է։ Այն հին, միջին և նոր դարերի գիրքն է։ Նրա համեմատ ի՞նչ են Հոմերոսը, Վեդաներն ու Ղուրանը։ Ամեն անգամ, երբ որևէ անհատի թույլատրվում էր մեկ անգամ ևս լիաձեռն քաղել Ս. Գրքից, մարդկությունը ելնում էր ամենաբարձր աստիճանին... Հին և մանավանդ Նոր Կտակարանները բանալի են հանդիսանում յուրաքանչյուր կրոնապատմական խնդրի ըմբռնման համար»։
Ա. ԳԱՌՆԱԿ
Գերմանացի պատմաբան

«Աստվածաշունչը գրքերի գիրքն է, նրա մեջ է հավիտենական կյանքի աղբյուրը, բոլոր դժբախտների մխիթարությունը և ուժը, անմեղության վահանն ու զենքը և զարթոնքը հոգևոր թմբիրից։ Այն ուղեցույց է, որ փրկում է դեպի մեղքի ճանապարհ խոտորվելուց, և արդար ու անաչառ դատավոր մեղքի մեջ հարատևողների համար։ Աշխարհում չկա նման մեկ այլ գիրք, որի բովանդակությունն Աստծո հայացքի նման թափանցեր մարդու հոգու խորքերը, որն ամեն ինչում, ընդհուպ մինչև մեկ բառը, ճշմարտություն պարունակեր, լիներ ավելի իմաստուն, քան օրենքների բոլոր ժողովածուները, հարուստ լիներ բոլոր խրատների ժողովածուներից ու գեղեցիկ` ողջ աշխարհի պոեզիայից, և շարժեր սիրտը, ինչպես մոր գորովալից ձայնը։ Այս գիրքն Արեգակի լույսից ավելի վառ, զմայլելի ոչ երկրային լույսն է, հավիտենության շունչը, որ բոլոր երկրային հաճույքների մեջ մարդու հոգում կարոտ է հարուցում երկնային հայրենիքի հանդեպ և տառապյալի հոգին համակում անասելի երանությամբ։ Այս գիրքն այլ` անդրաշխարհի խոսքն է, որի առջև դողում էր Բաղդասարը, որից պապանձվեց ու կուրացավ Սողոսը, որը կապում է և արձակում, մահվան դատապարտում և շնորհում կյանք»։
ՄԵՆՑԵԼ
Գրականագետ, քննադատ

«Ես ընթերցում և վերընթերցում էի սրբազան գրքերը։ Ես կարդում էի տարբեր հոգեկան վիճակներում, մերթ ուսումնասիրում դրանք իբրև մեծ պատմական հուշարձաններ, մերթ զարմանում, թե ինչ վեհ բանաստեղծական ստեղծագործություններ են դրանք։ Համենայն դեպս, այս գրքերից ստացած տպավորությունս միանգամայն տարբեր էր նրանից, ինչ ունեցել եմ մարդկային խոսքից տարեգրությունների ու բանաստեղծության մեջ։ Իհարկե, չի կարելի չասել, թե մարդը մեծ տեղ է գրավում այս սրբազան գրքերում. ընդհակառակը, նա այստեղ ներկայացված է իր կրքերով, արատներով, տկարություններով, տգիտությամբ ու մոլորությամբ հանդերձ։ Հրեա ժողովուրդն այստեղ նկարագրվում է կոպիտ, փոփոխական, սնահավատ և մյուս ժողովուրդների պես անկատարության ու մոլորությունների հակված։ Սակայն հրեա ժողովուրդն իր պատմության միակ կերտողը չէ. կա մեկ ուրիշ Գործիչ` Պաշտպան և Տիրակալ, Ով շարունակաբար միջամտում է, հրամայում, քաջալերում, առաջնորդում, հարվածում և փրկում։ Աստված միշտ այստեղ է և միշտ գործում է։ Նա Մի, Բարձրյալ, Ամենակարող, Արարիչ, Մշտնջենական Աստվածն է։ Իսկ հրեա ժողովուրդը, երբ նույնիսկ մոռանում է Աստծուն և զանցառում Նրա օրենքները, միշտ հավատում է, երկյուղում և ապավինում Նրան։ Աստվածաշունչը պոեմ չէ, ուր մարդը պատմում ու գովերգում է իր չաստվածների արկածները սեփական արկածներով հանդերձ. այն ճշմարիտ պատմություն է, հարատև զրույց Աստծո և մարդու միջև` ի դեմս հրեա ժողովրդի։ Սա, մի կողմից, Աստծո կամքն ու գործողությունն է, մյուս կողմից` մարդու ազատությունը և հավատը` մերթ բարեպաշտ ներդաշնակությամբ, մերթ գուժկան անհամաձայնությամբ։ Որքան շատ էինք մենք ընթերցում սրբազան գրքերը, այնքան ավելի էինք զարմանում, որ լուրջ ընթերցողներից ոչ բոլորն են միևնույն տպավորությունը ստանում, և որ շատերը չէին ընդունում դրանց աստվածաշնչականությունը` Աստծո շնչով գրված լինելը, ինչն այնքան ակնհայտ է նրանց մեջ և այնքան օտար` որևէ այլ գրքի»։
ԳԻԶՈ
Քաղաքական գործիչ, գրող

Դիտվել է՝ 12383

Մեկնաբանություններ