ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՏՂԱ ՈՒՆԵՆՔ` ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

ՏՂԱ ՈՒՆԵՆՔ` ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ
04.06.2010 | 00:00

Չնայած երիտասարդ տարիքին` ընդամենը 22 տարեկան, ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ մարզական հարուստ կենսագրություն ունի: Տաղանդաշատ այս երիտասարդի նորամուտը միջազգային մրցաբեմ 2003 թվականին էր. գերմանական Դորտմունդ քաղաքից վերադարձավ որպես Եվրոպայի պատանիների բրոնզե մրցանակակիր:
2004-ը կրկնակի հաջողությունների տարի էր. նախ հռչակվեց պատանիների աշխարհամասի չեմպիոն` իր տարիքային խմբում սահմանելով Եվրոպայի 2 ռեկորդ (պոկում` 122,5, երկամարտ` 272,5 կգ), ապա հաջողությունը նույնությամբ կրկնեց մեկ ամիս անց` այս անգամ երիտասարդների Եվրոպայի առաջնությունում:
Պատանիների շրջանում իր անպարտելի լինելը Տիգրանը հավաստեց նաև 2005-ին, սակայն «չմնաց» նախորդ տարվա կիլոգրամների վրա: Հիշատակենք զուտ համեմատության համար. պոկում վարժություն` 140, հրում` 168, երկամարտ` 308 կիլոգրամ. սրանք Եվրոպայի պատանեկան ռեկորդներ էին, ընդհանուր թվով` 4 (երկամարտում միջանկյալ ևս մեկ ռեկորդ էր սահմանել` 305 կիլոգրամ): Նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ համեստ եղավ երիտասարդների Եվրոպայի առաջնությունում ունեցած մասնակցությունը` 3-րդ տեղ, սակայն «վրիպումն» ուղղեց հաջորդ իսկ տարի` դառնալով երիտասարդների կրկնակի չեմպիոն: Երևի նախորդ տարվա առաջնությունից մնացած վիրավորանքը մեծ էր, ուստի չբավարարվեց իր քաշային կարգում միայն լավագույնը լինելով. իտալական Պալերմո քաղաքից վերադարձավ նաև որպես մրցաշարի լավագույն մարզիկ:
2007-ին Տիգրան Մարտիրոսյանն արդեն ձեռնոց նետեց մեծահասակներին: Ելույթը վստահ էր, արդյունքը` նշանակալի։ Դարձավ փոխչեմպիոն: Մրցակիցներն իրենց կաշվի վրա զգացին, որ ասպարեզ է իջել տաղանդաշատ, բնությունից ի ծնե օժտված, պատվախնդիր մի երիտասարդ, որի հետ մոտ ապագայում ոչ թե դժվար, այլ չափազանց դժվար կլինի մրցակցելը: Եվ Տիգրանը շատ երկար սպասել չտվեց իր երկրպագուներին: Արդեն իսկ մայրցամաքի հաջորդ առաջնությունը նրա համար եղավ ոսկեբեր: Սակայն Տիգրանը Տիգրան չէր լինի, եթե իր քսանամյակը տոներ միայն մեդալներով. երիտասարդների աշխարհի 4 և Եվրոպայի 5 ռեկորդներն առանձնահատուկ շուք հաղորդեցին նրա ոսկե ելույթին, որին եկավ գումարվելու Եվրոպա աշխարհամասի լավագույն մարզիկի տիտղոսը: Ի դեպ, այդ ժամանակ էլ ծնվեց ու շրջանառության մեջ դրվեց «Տղա ունենք` աշխարհը չունի» տողերիս հեղինակի ձևակերպումը, որն ավելի ուշ` Եվրոպայի ընթացիկ տարվա առաջնությունում Տիգրան Մարտիրոսյանի գերազանց ելույթից հետո, իմ լավ բարեկամներից մեկը խմբագրեց այսպես. «Սիրո՛ւն և ուժե՛ղ տղա ունենք` աշխարհը չունի»։ Պիտի ասեմ, որ դա այնքան ցցուն ճշմարտություն էր, որ առարկելը պարզապես անհեթեթություն կլիներ:
Սակայն 2008-ը շատ ավելին էր իր նշանակությամբ. այն օլիմպիական տարի էր ու առանձնահատուկ էր ոչ միայն տարվա, այլև ամբողջ քառամյակի կտրվածքով: Մենք արդեն քանիցս առիթ ենք ունեցել անդրադառնալու պեկինյան տոնահանդեսին մեր տղաների ու, մասնավորապես, Տիգրան Մարտիրոսյանի մասնակցությանը, սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանից ավելի լավ չենք ասի, ուստի վերհիշենք նրա ասածը. «Դոպինգ ստուգման անվան տակ մեր տղաներից 4-5 անգամ արյուն վերցրին: Մարդուց արյուն քաշես նույնն է, թե ուժը քաշես: Եթե ավագ Տիգրանը քաշի հետ կապված խնդիր չուներ, նույնը չէիր ասի կրտսեր Տիգրանի ու Գևորգ Դավթյանի մասին: Տղաները քաշի մեջ մնալու խնդիր ունեին, և սա շատ լավ գիտեին նրանք, ովքեր, ի դեմս մերոնց, տեսնում էին իրենց հիմնական մրցակիցներին: Իրենք մեզ հաղթելու ձևը գտան ու գտան հենց այնտեղ ու այն ժամանակ, որին մենք չէին սպասում»:
Իհարկե, օլիմպիադայի երրորդ մրցանակակիր լինելն էլ մեծ պատիվ ու հաջողություն է, սակայն թող ներվի ասելը, փաստորեն, ոսկին գողացան մեր ձեռքից:
2009-ին Տիգրանն ունեցավ ընդամենը մեկ մրցելույթ: Նոր` մինչև 77 կիլոգրամ քաշային կարգ տեղափոխված մեր ծանրորդին չափազանց սուր մրցակցություն էր սպասում կորեացի Սա Յաե Հիոյուկի և հատկապես չին երկու մարզիկների հետ պայքարում, որոնցից Լու Քսյաոյունն ընդամենը մեկ ամիս առաջ ահռելի ծանր կիլոգրամներ էր բարձրացրել իրենց ազգային առաջնությունում:
Կրկին վերհիշենք «Իրավունքը de facto»-ին փոխանցած Աշոտ Մխիթարյանի խոսքերը. «Չինացիներն ուշացումով ներկայացրին իրենց տվյալները, պատճառաբանելով, թե երկրի առաջնությունն ուշ է ավարտվել: Ինձ համար կատարյալ շոկային վիճակ էր, երբ տեսա Տիգրանի մրցակցի հայտավորած քաշը, որովհետև մենք բոլորովին այլ կիլոգրամների էինք պատրաստվել: Հընթացս շտկումներ անելու համար այլևս ժամանակ չունեինք, և դա էր պատճառը, որ Տիգրանիս մրցահարթակ դուրս բերեցի, փաստորեն, սահմանային կիլոգրամներից: Պոկում վարժության մոտեցումներից մեկը ձախողեցինք, ինչը մրցակցին հնարավորություն տվեց արդեն առաջին ձևից 4 կիլոգրամով առաջ անցնելու: Հուսալ, թե նրան «կբռնենք» երկրորդ վարժությունում, ռեալ չէր, կարող էինք ունքը շինելու տեղ աչքն էլ վնասել, տղային կոտրել»:
Պոկում վարժությունում մրցանակային տեղերը բաշխվեցին Լյու Քսյաոյուն -174 կգ, Տիգրան Մարտիրոսյան -170 կգ, Սու Դային -165 կգ հերթականությամբ: Պակաս լարված չստացվեց մրցակցությունը հրում վարժությունում, որն իր դրամատիզմով մի ամբողջ վեպի նյութ կարող է դառնալ: Խոշոր բարեբախտություն էր, որ մեր մարզիկն առաջին ձևից կարողացել էր կորեացու նկատմամբ 10 կիլոգրամի առավելություն ստանալ, այլապես մեր ձեռքից գնալու էր երկամարտի արծաթը: Երկու արծաթ, մեկ բրոնզ` սա էր Տիգրանի «ավարն» ինտրիգներով հարուստ կորեական Գոյանգից: Հա, մեկ էլ մարզական իսկական չարությունը, որ իր պոռթկումնալից արտահայտությունն էր գտել մարզչին ուղղված խոսքում. «Ընկեր Աշոտ, մյուս առաջնությունը ես կսկսեմ էնտեղից, որտեղ չինացին կվերջացնի»: Տիգրանը գիտեր, որ Աշոտ Մխիթարյանի մարզչական հարուստ կենսագրության մեջ չկան միայն աշխարհի և օլիմպիական չեմպիոնների բարձր տիտղոսները կրող մարզիկներ, և շատ էր ուզում նրան ուրախացնել դեռևս 2008-2009 մրցաշրջաններին, սակայն ճակատագիրն անբարեհաճ գտնվեց: Բայց ճակատագիրը շատ ավելի դաժան եղավ ընթացիկ տարում, երբ մեր ոսկե տղան, բառիս բուն իմաստով, զրկվեց իր մարզչից, մարդ, որը նրա համար միայն ուսուցիչ չէր, միայն ավագ ընկեր ու խորհրդատու չէր: Աշոտ Մխիթարյանը, Տիգրանի իսկ խոստովանությամբ, նրա համար հոգևոր հայր էր և, ավաղ, երկրորդ սարսափելի կորուստը (տղան վաղ տարիքում է կորցրել հորը): Բառացիորեն օրեր առաջ էր, երբ նրա ու մարզչի հետ նստած խոսում էինք Տիգրանի ապագա ծրագրերից: Այն ժամանակ ես պարտավորվեցի մարզիկի` օլիմպիական չեմպիոն դառնալու դեպքում գիրք գրել նրա մասին ու այդ փաստը վավերացրի նրան նվիրած իմ վերջին գրքի ընծայագրում: Մարզիչն իր սանին հարցրեց. «Գիտակցո՞ւմ ես պատասխանատվության բեռը»: Ցավոք, դժբախտ հանգամանքների բերումով, պատասխանատվության բեռը Տիգրանի համար դարձավ կրկնակի, սակայն մեր տղան մի մարդ է, ով գիտակցում է դրա արժեքը: Ինչ վերաբերում է Եվրոպա 2010-ին, մանրամասնելու անհրաժեշտությունը չենք տեսնում, մանավանդ որ վերևում թեթև ակնարկ արել ենք: Մինսկում նրա միակ ռեալ մրցակիցը կարող էր լինել մեր մյուս օլիմպիական հույսը` Առաքել Միրզոյանը, որը, սակայն, բաց թողեց այս առաջնությունը: Ստեղծված պայմաններում, ըստ էության, Տիգրանից պահանջվեց մեկական մոտեցում` ապացուցելու, որ Եվրոպայում ուժեղագույնը եղել ու մնում է ինքը: Ասել ենք ու նորից ենք ասում` Տիգրանն ապացուցելու բան ունի միայն մեկ կարգով բարձր առաջնություններում: Տա Աստված, որ այն լինի հենց այս տարի, աշխարհի այս առաջնությունում, որի ամենահետաքրքիր առանձնահատկությունն էլ, թերևս, այն է, որ կայանալու է թուրքական Անթալիա քաղաքում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2265

Մեկնաբանություններ