ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀՈԳՍ

ՀՈԳՍ
30.10.2009 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

«Այնուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրն իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար»։
Ավետարան ըստ Մատթեոսի, Գլուխ Զ, 34

Երանի՜ հնարավոր լիներ փրկվել հոգսից։ Ցավոք, անհնար է։
Իսկ ինչո՞ւ է անհնար։ Պետք է միմիայն հաղթահարել հոգսը։ Եվ դրա համար անհրաժեշտ է մի փոքր հոգևոր ազատություն։ Մարդը երբեք մինչև վերջ բավարարված չի լինում։ Նրա մեջ միշտ առաջանում են նոր ձգտումներ, մշտապես կուտակվում նոր ցանկություններ ու նոր պահանջներ։ Բավական է նրան միայն նայել դեպի ապագան կամ մտածել «վաղվա կամ մյուս օրվա» մասին, և հոգսերի մոլախոտերը սկսում են մոլեգին աճել։ Քանզի ապագան միշտ աղոտ է, և, ո՞վ գիտի, թե ինչ է սպասում ինձ վաղը կամ մյուս օրը։ Իսկ բուրժուական ինքնուրույնության և ինքնապահովման աշխարհում, որտեղ յուրաքանչյուր մարդ մտածում է իր մասին և միմիայն իր մասին, որտեղ ոչ ոք չի մտածում ուրիշի մասին, անվստահությունը դառնում է կյանքի համակարգ, իսկ տհաճ, անսպասելի պատահարը՝ միապաղաղ օրերի տիրակալ։ Հոգսը մեզ բոլորիս պահում է կառչուն ճիրանների մեջ։ Փողոցի աղբի նման, որը բարձրացնում ու տանում է քամու պոռթկումը, նա ներս է մտնում ապագայի բաց պատուհանից։ Այդպես է եղել միշտ, այդպես կլինի հավիտյան։ Ի՞նչը կարելի է այստեղ հաղթահարել։ Ապագան մնում է, մնում են և պահանջները, և անվստահությունը չի հեռանում։ Ահա վերջնականապես մերկացվեց կոմունիզմի մեծ խաբեությունը, քանզի նրա՝ անվստահությունը վերացնելու փորձը, բավարարելով բոլորի պահանջները, ստեղծեց հենց հակառակը։ Դեռ երբեք և ոչ մի տեղ, ինչպես այդ կենտրոնացված խելագարության լծի տակ, ընդհանուր անվստահությունը` այդքան ճնշող զրկանքների բեռը չէր եղել այդքան սարսափելի։ Միայն այն իմաստով է նա «բավարարում» բոլորին, որ խեղդում է նրանց «հալումաշ անող հոգսերի» մեջ։ Կարճ ասած, հարկավոր է հաշտվել «անվստահության», «կարիքի» և «ապագայի» հետ։ Բայց նրանց տանել կարողանալու համար պետք է սովորել հաղթահարել դրանք։ Ինչի՞ց սկսել։ Սկսում էին ապագայից՝ երես դարձնելով նրանից։ Մխիթարություն են փնտրում անանցողիկ անցյալում՝ մշտնջենավորության մեջ և ոչ միայն հայեցությամբ, այլև ստեղծագործաբար։ Քո հայրենիքի, քո ժողովրդի հոյակապ անցյալը մի՞թե թանկ չէ քեզ համար։ Իսկ այլ ժողովուրդների ու երկրների վեհասքանչ անցյալը մի՞թե ոչինչ չի ասում քեզ։ Աստղաբույլերի շարժման շքեղ ընթացքն այստեղ՝ վերևում, մեր մոլորակի վաղ անցյալը, կենդանական և բուսական աշխարհի պատմությունը, Աստծո արարչության այդ հարստությունը, որը սպասում է քո զննելուն և հետազոտմանը, կփրկի քեզ քո հոգսից։ Արվեստի ամեն մի գեղեցիկ պատկեր, ամեն մի մաթեմատիկական խնդիր, որոնք ժամանակից դուրս են և խլում են քեզ ապագայից, որոնք լի են վախերով և հոգսերով, տալիս են քեզ անդորր ու հանգիստ։ ՈՒղևորվի՛ր մարդկային ոգու խորքերը Լայբնիցի, Շելինգի կամ Հեգելի գիրքը ձեռքիդ, կամ ավելի լավ՝ սևեռի՛ր քո հայացքը դեպի վեր, Աստծո մոտ, և դու ձեռք կբերես հավիտենություն։ Եվ այդ պահին ինքդ քեզ կթվաս քո կասկածելի ապագայի լծկան շան պես դժբախտ կամ ուղտի, որը կքած է անիծված հոգսերի ծանրության տակ։ Հոգսի մեջ, ըստ էության, թաքնված է երկու սկզբունք։ Առաջինը, այն, ինչի կարիքը դու ունես, ինչի մասին պիտի հոգաս, այսինքն՝ քո հոգսերի բովանդակությունը, ու երկրորդը՝ քո վախը։ Այո՛, վախը կյանքի անվստահությունից։ Ասենք, թող անվստահությունը մնա. վախը պիտի կորչի նրանից։ Թող կարիքն էլ մնա. բայց չի կարելի, որ նա տանջի ու քրքրի քեզ։ Մարդն էլ ավելի ստորացած է, կապված, մինչև իսկ կաթվածահարված, էլ ավելի թույլ է իր նպատակը կյանքում իրականացնելու համար, որն իր հոգսի բովանդակությունն է, որքան ուժեղ է իրեն մտահոգող վախը։ Զբաղվի՛ր քո հանապազօրյա խնդիրներով առանց հոգսի, այդ ժամանակ գործդ կանես երեք անգամ ավելի լավ։ Վախը, որը հասունանում է հոգսի մեջ, ուժասպառ է անում հոգին ու վնասում է գործին, այնպես որ, թող հոգսը կորչի, գնա։ Միայն թե մտածի՛ր՝ ի՞նչը կարող է լինել ամենավատթարը։ Զրկանքնե՞րը։ Եվ ինչ-որ բանից զրկվելը կաթվածի՞ է ենթարկում քեզ։ Խլում քեզնից զորությունդ, խիզախությունդ, արժանապատվությունդ։ Հոգսը միշտ մանրախնդիր է ու կարճատես, դու թաղվում ես նրա մեջ։ Նա ցանկանում է թաքցնել քեզանից վեհ, աստվածային, կենսական նպատակները։ Հոգսը խճճվում է մանրուքների, խղճուկ «այստեղ» ու «հիմա»-ների մեջ՝ տարածվող ու չքվող։ Նա ստեղծագործ ցնծության և ոգևորության իսկական թշնամին է։ Նա բաժանում է մարդկանց, որոնք թշնամություն են անում իրենց հակասական հոգսերի համար։ Նա հայտնվում է փոշու պես և փոշիացնում է կյանքն ու մարդկանց։ Նա հոգս է քաշում, որ մենք դառնանք շահատենչ ու գծուծ։ Մենք պետք է սովորենք հաղթահարել այն։ Եվ միայն հոգատար մայրն է մնում մեզ համար հավերժ սիրելի. նա հոգ է տանում ուրիշների մասին ու հենց դրանով էլ ազնվացնում հոգսը սիրով։
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2498

Մեկնաբանություններ