ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՄՈՍԿՎԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱԼ ՈՉ ԹԵ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ, ԱՅԼ ՆԱՀԱՆԳԱՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ

ՄՈՍԿՎԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱԼ ՈՉ ԹԵ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ, ԱՅԼ ՆԱՀԱՆԳԱՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ
20.07.2010 | 00:00

Այն հին սկզբունքը, թե «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է», բավականին ժողովրդական է դառնում նախկին խորհրդային տարածքի քաղաքական գործիչների համար։ Ահա և շատերի համար անսպասելիորեն Սաակաշվիլի-Լուկաշենկո մերձեցումը դարձել է Ռուսաստանում ու նրա սահմաններից դուրս աշխույժ քննարկման առարկա և հեռագնա կանխատեսումների կառուցման մեկնակետ։ ՈՒ թեև Բելառուսի նախագահը շտապեց հավաստիացնել, թե Մինսկը մտադիր չէ Մոսկվայի դեմ ուղղված որևէ դաշինք կամ կոալիցիա ձևավորել, սակայն տեղի ունեցած իրադարձությունները քաղաքական գործիչների պատահական քմահաճույք համարել չի կարելի։ Նկատվում են նախկին արբանյակների հանդեպ Կրեմլի հին, բայց բավականին կայուն ազդեցության միտումներ և նոր, ոչ պակաս կայուն հակազդեցություն` իրեն դեռևս մետրոպոլիա երևակայող Ռուսաստանին։
Այսպիսով, նախ և առաջ հիշենք վերջին ամիսների հիմնական քաղաքական իրադարձությունները, որոնք հանգեցրին Թբիլիսիի և Մինսկի ներկա «սիրախաղին»։ Ինչպես հայտնի է, անհնազանդ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց արդեն ռուսական իշխանությունների համար համարվում է «կարծես յուրային, բայց չափազանց տհաճ» գործընկեր, նա ոչ միայն կամակոր կերպով հակաճառում է Կրեմլին, այլև, որ ամենատհաճն ու գլխավորն է, սկսել է ոտնձգություններ կատարել «սրբություն սրբոց» համարվող գազային հաստ դրամապանակի նկատմամբ։ Բացի այդ, Բիշքեկում ռուսների «հաջող հատուկ գործողությունից» հետո Լուկաշենկոն ապաստան տվեց Բակիևին, «վնասակար կերպով ազդեցություն գործելով» ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի մյուս անդամների վրա, և հրաժարվեց հանձնել նախկին նախագահին։ Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլուն, ապա, Մոսկվայի ընկալմամբ, ամեն ինչ առանց այն էլ պարզ է։ Ի դեպ, «անուղղելի Միշիկոն» «անհարմար պտուղ» դարձավ Կրեմլի համար։ Ձախողվեցին հեղափոխական բոլոր սցենարները, և դա` չնայած վրացական ընդդիմության պարագլուխներին ցույց տրված օժանդակությանն ու նրանց «սխրանքների» մղող ռուսական իշխանության առաջին դեմքերի ողջերթերին։ Այդուամենայնիվ, թեև ատելությունը վրացական նախագահի հանդեպ չի նվազել, ռուսների ձախողումները վրացական ուղղությամբ վերջին ժամանակներս այնքան ակնհայտ էին, որ դրանք սասանեցին Մոսկվայի անհատնում ինքնավստահությունը, և կարծես հեղափոխական խաղերը Թբիլիսիում փոքր-ինչ թուլացան (իհարկե, ոչ երկար ժամանակով), ինչը չես ասի Բելառուսի մասին։ Առավել ևս, որ այնտեղ մի երկու ամիս հետո նախագահական ընտրություններ են, իսկ հերթական անհաջող «գազային գրոհից» և Լուկաշենկոյի կողմից «Գազպրոմի» գլխին մի քանի տասնյակ միլիոն դոլարի խաղ խաղալուց հետո Կրեմլում վերջնականապես որոշեցին, որ նրան էլ է պետք փոխել։ «Ավագ եղբայրների» համար թե՛ Մինսկում, թե՛ Թբիլիսիում հարկավոր են նոր, «լավ», Դմիտրի Անատոլևիչին ու Վլադիմիր Վլադիմիրովիչին սիրող և, որ ամենագլխավորն է, «կենտրոնի» շահերը պաշտպանող նախագահներ` առանց որևէ տնտեսական դոտացիայի, առավել ևս «Ռուսաստանի գլխավոր սեփականության» գրպանից տրվող։
Այստեղ նկատենք մի հանգամանք. վերջին ժամանակներս ռուսական ծառայությունների և իշխանության կողմից փորձարկվել է մի բավականին ուղղագիծ, բայց, օրինակ, Ղրղզստանում արդյունավետ գործած քաղաքական տեխնոլոգիա, այսինքն` ռուսական մամուլում և հեռուստատեսությամբ նշավակել «կայսրության բեկորների» ղեկավարության մեջ եղած` Կրեմլին չհնազանդվող, բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրվող, բնակչության զրկանքների ու պրոբլեմների համար պատասխանատու «թռցնելու ենթակա թեկնածուներին»։ Դրան հետևում է տնտեսական ճնշումը, առաջին հերթին, էներգետիկ (գների, սակագների բարձրացում, պարզապես մատակարարումների դադարեցում), և համապատասխանաբար` տնտեսական անկում երկրում։ Այնուհետև ընդդիմության գրգռում, «ժողովրդական զանգվածների դժգոհություն», որը վերաճում է փողոցային հուզումների, պետական հեղաշրջման և Մոսկվայի հանդեպ ավելի բարեհաճ քաղաքական գործչի նշանակման։ Այն, թե ինչի կարող է հանգեցնել վերջին հաշվով այդ «հեղափոխության արտահանումը», դատելով Ղրղզստանի օրինակով, ռուսաստանցիների առաջնային խնդիրը չէ։
Ասվածն արված է։ Եվ ահա, փաստորեն, միաժամանակ, ասես մեկ հրահանգով, ռուսաստանյան բոլոր ճանաչված թերթերում ու ռադիոյով տարածվում ու սփռվում են տեղեկություններ «եղբայրական Բելառուսում տեղի ունեցող այլանդակությունների», իշխանության բարձր էշելոններում կոռուպցիայի և բարոյականության անկման, բռնությունների և ընդդիմության շարքերում եղած «աննկուն մարտիկների» մասին։ Ընդ որում, կրեմլյան գրչակիցները լրիվ մոռանում են իրենց իսկ դասականությունը և նշանավոր խոսքը` «Իսկ դատավորնե՞րն ովքեր են»։ (Ռուսաստանը տխուր ռեկորդ է սահմանել Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում տանուլ տված հայցերի քանակությամբ։ Ստրասբուրգի դատարանը Ռուսաստանի հանդեպ ավելի քան 150 որոշում է կայացրել մարդու իրավունքների լուրջ խախտումների կապակցությամբ, մոտ ժամանակներս կքննարկվի ևս 300 նման գործ։) Բայց, իհարկե, «գլուխգործոցը» դարձավ «Կնքաբատկան» ֆիլմը, որի առաջին մասը ռուսական HTB հեռուստատեսությամբ ցուցադրվել է հուլիսի սկզբին, իսկ երկրորդ մասը` հուլիսի 16-ին։ Ընդ որում, ամենադիտվող ժամերին։ «Կնքահայր բատկան» (միայն անունն ինչ ասես արժե) Լուկաշենկոյին հիշեցնում է այն ամենը, ինչ եղել է և հնարավոր է` չի էլ եղել, սկսած 90-ականներից։ Ավելին, ֆիլմն ինչ-որ ուժերի ջանադրությամբ սկսել է «ֆլեշկաներով» ու DVD խտասկավառակներով անցնել ձեռքից ձեռք, իսկ համացանցով պարզապես վիրուսի արագությամբ է տարածվում։ Հիշեցնենք, որ Ղրղզստանի հեղաշրջման նախօրեին նույնպիսի ֆիլմեր, գուցե և պակաս տաղանդավոր ու գրավիչ, ռուսական ընկերությունները պատրաստել էին նաև Բակիևի վերաբերյալ։
Բայց այստեղ, ինչպես ասում են, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Խնդիրն այն է, որ եթե Կրեմլը Լուկաշենկոյին է խփում, ապա Լուկաշենկոն խփում է Ռուսաստանին, ընդ որում, նրա ամենացավոտ տեղերին։ Պաշտոնական Մինսկը հասկացրել է, որ իր համար ընդունելի չէ հարաբերությունների այսպիսի ոճը, որ ինքը կոշտ խաղացող է և պատրաստ է համարժեք պատասխան տալու, և համապատասխանաբար գտնում է ռուսների համար ամենատհաճ թեման` Միխեիլ Սաակաշվիլուն։
Կա ռուսական ղեկավարների համար մի չար հեգնանք այն մասին, որ Կրեմլում ամենաչսիրված հետխորհրդային երկու նախագահները հանդիպել են ՈՒկրաինայի տարածքում` «ռուսամետ» Վիկտոր Յանուկովիչի 60-ամյակի հանդիսության ժամանակ։ Սկզբում Ղրիմում Բելառուսի ու Վրաստանի նախագահների հանդիպումը, ըստ էության, աննկատ է անցել ռուսական տեղեկատվական տարածքում։ (Ռուսական լրատվամիջոցները միայն, սովորության համաձայն, ձեռ են առել Սաակաշվիլու վաղաժամ այցը և այն, որ նա ցանկություն չի հայտնել հանդիպում ունենալու ռուսների հետ։) Նրանք հանդիպում ունեցան ոչ պաշտոնապես, բայց տեսախցիկների առջև, իսկ նախագահների մամուլի ծառայություններն այն ժամանակ հաղորդեցին, որ «հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները»։ Իսկ երբ Վրաստանի նախագահը հայտնվեց Բելառուսի պետական հեռուստատեսության եթերում, Լուկաշենկոյի ու Սաակաշվիլու շփումները նկատվեցին ու մեկնաբանվեցին։ Ընդ որում, ռուսների համար առանձնապես տհաճ էր այն, որ երկրի գլխավոր տեղեկատվական ծրագրում Սաակաշվիլու հետ զրույցը ներկայացվում էր որպես ամսվա իրադարձություն, իսկ հարցազրույցի գովազդը, որ բելառուսական հեռուստատեսության էկրանին սկսել էր ցուցադրվել եթերից մի քանի օր առաջ, նրան ներկայացնում էր որպես «վրացական հեղափոխության հերոս», որը պայքարում է հանուն իր երկրի անկախության և գտնվում է Ռուսաստանի մշտական ճնշման տակ։
Սաակաշվիլին բոլոր վրացիների անունից շնորհակալություն հայտնեց Մինսկի օդանավակայանից դեպի Ռուսաստան անանցագիր միջանցքի տրամադրման համար և նշեց, որ Մինսկի գագաթաժողովի ժամանակ, չնայած ռուսական արգելքին, կմատուցվեն վրացական գինի և ջուր։ Գովեցին նաև Բելառուսի խորհրդարանականների արիությունը, որով նրանք երկու տարի Ռուսաստանին «քթից բռնած ման էին ածում» Հարավային Օսիայի և Աբխազիայի առիթով։ Նա ընդգծեց, որ Վրաստանը պատմականորեն կապված է Եվրոպայի հետ, իսկ Բելառուսն առիթ էլ չունի «նայելու Եվրոպայի կողմը, նա հենց Եվրոպա է, որ կա, պարզապես հարկավոր է ինտեգրվել», և ավելացրեց, որ թեև կան մի շարք խոչընդոտներ, «ցանկացած պարագայում դա տեղի է ունենալու»։ Ռուսաստանի հասցեին վրաց առաջնորդը կոշտ արտահայտվեց. «Դժվար է հասկանալ, թե ինչ էին նրանք ուզում, որովհետև մենք միշտ ցանկացել ենք ընդառաջ գնալ։ Միշտ, երբ մենք ինչ-որ բան էինք զիջում, նրանք ավելին էին պահանջում։ Եվ ես կարծում եմ, որ այդ իրավիճակը բավականին ծանոթ է Ռուսաստանի մնացած բոլոր հարևաններին»։ Սաակաշվիլին Ռուսաստանին հիշեցրեց լրագրողների ու իրավապաշտպանների սպանությունները, «տասնյակ հազարավոր» մարդկանց անհետացումը Կովկասում, իսկ ռուսական հեռուստատեսության կապակցությամբ հայտարարեց. «Հանկարծ հայտնաբերեցին, որ 90-ականներին մարդակերներ են ծնվել Մինսկում։ Իհարկե, սա տխուր է և ունի միանգամայն որոշակի երանգ։ Քարոզչական պատերազմի երանգ։ Շատ դժվար է բացատրել, թե ինչու է Բելառուսը հանկարծ խնդիր դառնում Ռուսաստանի համար»։
Ռուսաստանի արձագանքը եղավ անհապաղ, բուռն և անգամ փոքր-ինչ հիստերիկ։ Չէ՞ որ գաղտնիք չէ, թե որքան ցավագին են Մոսկվայում վերաբերվում այն ամենին, ինչ կապված է վրացական իշխանության և, առաջին հերթին, Սաակաշվիլու հետ, իսկ այստեղ այսպիսի «դավաճանություն» սլավոնական եղբոր կողմից։ Սաակաշվիլուն էլ բաժին հասավ (ճիշտ է, հին ջենթլմենական բառապաշարով` «կերավ փողկապը», «ցեղասպանություն Աբխազիայում և Օսիայում», «ֆաշիստական վարչակազմ» և այլն), և, իհարկե, Բելառուսի առաջնորդին։ Բորիս Գրիզլովը ոչ միայն զարմացած էր, որ Վրաստանի նախագահը հրավիրվել էր Բելառուսի հեռուստատեսություն, այլև իրեն հատուկ պարզասրտությամբ հայտարարեց. «Նրանք, ովքեր Սաակաշվիլուն հնարավորություն են ընձեռում իրեն զգալու որպես նախագահ, այդ թվում` այլ երկրում, ընդունում են այնպիսի որոշումներ, որոնք չեն կարող նպաստել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը»։ Նշենք, որ Սաակաշվիլուն` «իրեն նախագահ զգալու» հնարավորություն են ընձեռում աշխարհի, փաստորեն, բոլոր երկրները, այդ թվում` Մոսկվայի մերձավոր գործընկերները, և այդ շատ տարօրինակ տրամաբանությամբ նրանք բոլորը գործում են «Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման» դեմ։ Սակայն ռուսական ավելի լուրջ քաղաքական գործիչների ու փորձագետների գնահատականներում նկատվում են նաև շփոթմունքի երանգներ։ Նրանք հասկանում են, որ «գազային, շաքարային և կաթնային պատերազմները բանի պետք չեն Բելառուսի հետ հարաբերություններում»։
Եվ այսպես, սա բացահայտ դեմարշ է Լուկաշենկոյի կողմից և Կրեմլին իր անկախության ցուցադրում։ Կարելի՞ է, արդյոք, սա գնահատել որպես պատասխան ստացած վիրավորանքին և ցուցադրական անհարգալից վերաբերմունք ռուսական քաղաքական գործիչների հանդեպ։ Թվում է` այնպիսի քաղաքական գործիչ, ինչպիսին Բելառուսի նախագահն է, հազիվ թե առաջնորդվեր միայն հույզերով։ Առավել ևս, որ Սաակաշվիլու` հեռուստաէկրանին երևալու հետևանքը կարող էր լինել ոչ միայն Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումը (դրանք, ինչպես երևում է, արդեն հասել են «անշրջելիության կետին»), այլև կարող էր ոչ միանշանակ ընդունվել երկրի բնակչության կողմից։ Այսինքն, հանդիպման և հարցազրույցի համար պատճառներն ավելի ծանրակշիռ էին, քան ինչ-որ, անգամ շատ տհաճ, «կնքահայր բատկաները»։ Եվ դրանք, ըստ երևույթին, նախագահ Լուկաշենկոյի համար տարապլան տեսակետով են ներկայացված։
Նախ, «ղրղզական սցենարի» իրականացման գործում Մոսկվայի սպառնալիքներին հակազդելու համար Լուկաշենկոյի համար, հավանաբար, միայն ներքին պաշարները բավարար չեն։ Ինչպես ցույց տվեց Բակիևի փորձը, Արևմուտքի չեզոքությունը Մոսկվայի համար գործողությունների ողջերթի մաղթանք է նշանակում։ Եվ ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ արևմտամետ Սաակաշվիլին կարող էր ամենից լավ «խոսք թռցնել բերանից» և հանդես գալ որպես երաշխավոր։ Պատահական չէ, որ հանդիպումից հետո վրաց քաղաքական գործիչների ու փորձագետների շրջանում սկսեց գերիշխել այն կարծիքը, որ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշակի սպառնալիք է տեսնում Ռուսաստանի կողմից, և Եվրոպայի հետ ինտեգրվելու կուրս է վերցրել։ Այս տրամադրությունները տարածվում են նաև Արևմուտքում։ Ընդ որում, պետք է ասել, որ եթե Սաակաշվիլու հետ հանդիպմամբ Լուկաշենկոն ձգտում էր վարկանիշի հարցեր լուծել, ապա դրան հասավ։ Վերջին ժամանակներս հարձակումները, որոնք ծավալվում էին նրա` որպես «Եվրոպայի վերջին բռնակալի», հասցեին, դադարեցին։ Այժմ Արևմուտքում նա շատ ավելի բարեհաճորեն է ընդունվում, քան վերջերս էր, առավել ևս, որ Եվրոպայի կենտրոնում կայուն Բելառուսն ավելի կարևոր է շատերի համար, քան անկանխատեսելի ռուսական ձեռնածությունները։
Բացի այդ, ակնհայտ է, որ ուժեղանում են հետխորհրդային տարածքի անկախ պետությունների նույնականացման միտումները։ Եվ դա ոչ միայն անհանգստացնում է Ռուսաստանին, այլև նրան ստիպում է գործել, այդ թվում` կառավարելի, միայն Ռուսաստանի կողմից վերահսկելի արբանյակ վարչակազմեր հաստատելու ուղղությամբ։ Եվ հենց սա է, որ տանել չկարողացավ Լուկաշենկոն, մի առաջնորդ, որը ոչ միայն իր երկրի անկախությունն է ուզում, այլև ձգտում է պահպանել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները։ Արդյոք այս իրադարձությունները Մինսկին կստիպե՞ն դուրս գալու ռազմավարական գործընկերությունից։ Ամենայն հավանականությամբ` ոչ։ Ե՛վ կապերն են շատ ամուր, և՛ ժամանակը չէ, և՛ ռուսներն էլ հազիվ թե ամեն ինչ փորձեն ցաքուցրիվ անել։ Առավել ևս, որ Լուկաշենկոն միայնակ չէ «վրացական խաղերում»։ Ահա «Կրեմլի դրածո» Յանուկովիչի փոխվարչապետ Սերգեյ Տիգիպկոն հերթական անգամ Վրաստանը ներկայացրել է որպես ՈՒկրաինայի համար անհրաժեշտ բարեփոխումների օրինակ և Թբիլիսի է մեկնել «փորձի փոխանակության»։ Այնպես որ, այստեղ մենք կարող ենք խոսել այն մասին, որ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, իրադարձությունների ընթացքը չի արագացնի։
Կփոխվե՞ն, արդյոք, Կրեմլի մոտեցումներն ու բուռն ձգտումները` վերածնելու մետրոպոլիան և «ներդնելու» իր ռուսամետ նախագահներին։ Կփոխվի՞, արդյոք, ռուսական արտաքին քաղաքականությունը հետխորհրդային տարածքում, այն դեպքում, երբ ցանկացած ողջախոհ մարդու համար պարզ է, որ այս տեսքով այդ քաղաքականությունը ձախողվել է։ Այ սա` հազիվ թե։
Ռուսական պարագլուխներն ու քաղաքական գործիչները մեծ մասամբ չեն ուզում հասկանալ, որ, վերջին հաշվով, անկախ պետություններում ռուսամետ նախագահներ չեն լինում։ Իսկ այդ բանը նրանք չեն կարողանում հասկանալ այն պարզ պատճառով, որ Մոսկվան ուզում է գործ ունենալ ոչ թե նախագահների, այլ նահանգապետների հետ։ Այնինչ ոչ ոք չի ուզում նահանգապետ լինել։ Ասենք, ամենագլխավորն էլ նրանք չեն կարողանում հասկանալ. ի վերջո, անգամ թվացյալ մարտավարական հաղթանակների հասնելու դեպքում, այս ամենը հենց իրենց ոչ մի լավ բանի չի հանգեցնի։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ