ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՀԱՅԵՐՆ ԻՆՉ ԿԱՐԱՆ ԱՆԵՆ ՈՐ» ՀԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆ ՍԿՍԵԼ Է ԴՐՍԵՎՈՐՎԵԼ ԻՐ ՈՂՋ ՆԵՆԳԱԴԱՎ «ՀՄԱՅՔՈՎ»

«ՀԱՅԵՐՆ ԻՆՉ ԿԱՐԱՆ ԱՆԵՆ ՈՐ» ՀԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆ ՍԿՍԵԼ Է ԴՐՍԵՎՈՐՎԵԼ ԻՐ ՈՂՋ ՆԵՆԳԱԴԱՎ «ՀՄԱՅՔՈՎ»
14.05.2010 | 00:00

Մեդվեդևի Անկարա կատարած «մեղրայցի» և Ռուսաստանում հերթական արյունալի տեխնածին աղետի, «եվրոյի» ճգնաժամի և Բրիտանիայում իշխանափոխության, երկրի ու աշխարհի վերակառուցման օբամայական նոր տեսլականների և ԱՄՆ-ի վերնախավում տարաձայնությունների սաստկացման համատեքստում այդ աննախադեպ առաջարկությունը, որքան էլ զարմանալի լինի, տեղեկատվական ռումբի պայթյունի տպավորություն չգործեց։ Բայց չնայած այլ իրադարձություններ ներխուժեցին հետաքրքրության առաջին պլան, տեղի ունեցածի նշանակությունը չի նվազում, իսկ մտահղացման իրացումը, հավանաբար, ճշգրտում է տարածաշրջանի ամբողջ աշխարհաքաղաքական պատկերը և աշխարհում ուժերի նոր դասավորության հանգեցնում։ Եվ, անշուշտ, արժանի է առանձնակի ուշադրության և իմաստավորման։
Եվ այսպես, Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհուրդը միաձայն հավանություն տվեց բանակցությունների շրջանակներին և եվրահանձնաժողովին մանդատ տվեց Եվրամիությանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի զուգորդման երկկողմ համաձայնագրեր կնքելու շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Դրանով իսկ կանաչ լույս վառվեց համագործակցության արագացման ու խորացման ճանապարհին։ Սկսվելիք բանակցությունների վերջնական նպատակը պետք է դառնա երկրներից յուրաքանչյուրի հետ զուգորդման պայմանագրի կնքումը։ ՈՒ թեև միշտ ընդգծվում է, որ զուգորդման համաձայնագիրը չի նախատեսում Եվրամիությանն անդամակցության հնարավորություն, այդուամենայնիվ, շատ փորձագետներ կարծում են, որ այդ համաձայնագիրն անհրաժեշտ փուլ է Եվրամիության ճանապարհին։ Խորհրդակցությունները կսկսվեն արդեն մեկուկես ամիս հետո։ Նշենք, որ համաձայնագիրը «Արևելյան գործընկերություն» ծրագրի դրսևորումներից մեկն է, որի հանդիսավոր մեկնարկը տրվեց անցյալ տարվա մայիսին։
Ընդ որում, շատ հետաքրքրական է, որ գրեթե նույն կերպ, համարյա անաղմուկ, օրերս Բրյուսելում տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» բազմակողմ ծրագրի` Եվրամիության հետ տնտեսական միասնացման հարցերին նվիրված հանդիպում, իսկ դրանից փոքր-ինչ առաջ վեց երկրների պատվիրակություններ քննարկեցին ժողովրդավարության և պետության կառավարման հարցերը։ Եվ այդ «լռությունը», հատկապես «բարեկամության և ռազմավարական գործընկերության» մասին ռուսական նոր բարձրագոչ և բերկրալի հայտարարությունների համատեքստում, բավական անսպասելի ու տարօրինակ է թվում։ Սակայն, եվրահանձնաժողովի տեսակետից, գործընթացն ամենևին էլ գովազդի ու վերաբեռնման կարիք չի զգում, այն պարզապես մտել է աշխատանքային հուն։ Բայց չի բացառվում, որ տարածաշրջանում «մեղմ իշխանության» քաղաքականություն «համակցելու» եվրոպական ձգտումը պատահական չէ, որ հիմա է ակտիվանում։
Իսկ ինչ վերաբերում է զուգորդման համաձայնագրերին, ապա եվրահանձնաժողովականների մեկնաբանությունները գործնական էին ու վստահ։ Այսպես, Եվրամիության ղեկավար Կառլ Բիլդտի խոսքերով, համաձայնագիրը կդառնա «որակապես նոր, գործնական միջոց»։ Իսկ Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ինքն անհամբերությամբ է սպասում երկկողմ բանակցությունների սկսվելուն, և նշել է, որ զուգորդման համաձայնագրերի կնքումը Հարավային Կովկասի երկրների համար հեռանկարներ է բացում Եվրամիության հետ աստիճանական տնտեսական միասնացման ուղղությամբ։
Փորձենք գլուխ հանել, թե ինչ է Եվրամիությանը զուգորդումը։ Նախ, նկատենք, որ դա որոշ չափով դուրս է գալիս Հարավային Կովկասի երկրների նախկին «ալարկոտ փաղաքշանքի» շրջանակներից, որը վավերացվել էր «Եվրոպական գործընկերություն» ծրագրով։ Թվում է, որ նոր նախաձեռնություններով որոշվել է թռչել «շփման» պասիվ փուլի վրայով կամ, գոնե, արագ անցնել այդ փուլը։ Ըստ էության, Եվրամիությունը հեռանկարային առումով ուզում է ստանձնել Հարավային Կովկասի երկրներն առևտրի և գործընթացի անձնական հովանավորման միջոցով միավորելու խնդիրը։ Ընդ որում, առաջին փուլը դառնում են երկրներից յուրաքանչյուրի հետ հարաբերությունները, իսկ ի՞նչ է լինելու «Արևելյան գործընկերություն» ծրագրի հետ, արդյոք այն երկրորդ պլան չի՞ մղվի։ Ակնհայտ է, որ այդ նոր կոնկրետ շրջանակներում էլ հենց կփորձարկվի ապագա ընդհանուր տնտեսական գործընկերության գաղափարը։ Արդեն հայտարարվել է, որ «Արևելյան գործընկերության» երկրները գտնվում են բարեփոխումների տարբեր փուլերում, և, որպեսզի խթանվի նրանց համագործակցությունը Եվրամիության ու միմյանց հետ, ստեղծվեցին առանձին թեմատիկ ծրագրեր։ «Խորհուրդը ողջունել է միավորման ստեղծման բանակցությունների մասին դիրեկտիվների նախագծի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, որոնք նպատակաուղղված են հավակնոտ ու համապարփակ համաձայնությունների ձեռքբերմանը, հաշվի առնելով երկրներից յուրաքանչյուրի առանձնահատկությունը»,- ասվում է Եվրամիության նախարարների խորհրդի հետևություններում։ Այնուհետև նախատեսվում է ստեղծել չորս թեմատիկ ծրագիր` ժողովրդավարության հաստատում և իրավունքի գերակայություն, տնտեսական միավորում, էներգետիկ անվտանգության հարցեր, մարդկանց փոխհարաբերություններ, այդ թվում` այցակարգի դյուրացում։ (Վրաստանը տարածաշրջանում ամենից շատ է առաջ ընթացել այցակարգին առնչվող բանակցություններում, դրանք, փաստորեն, ավարտվել են, և երկրի քաղաքացիներն առաջիկա ամսում հնարավորություն կունենան Եվրամիության երկրներ այցելելու դյուրացված այցակարգով` առանց հրավերի առկայության, մինչդեռ Հայաստանի ու Ադրբեջանի հետ բանակցությունները չեն էլ սկսվել)։ Միավորման նախատեսված նպատակներից մեկը պետք է դառնա Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, որը, համարվում է, «պարգև կլինի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար»։ (Թեև վերջինիս առնչությամբ շատ փորձագետներ նշում են, թե «Բաքվի համար «միավորում-միավորում» խաղերը գուցե և լավ են, բայց շուկաների բացումն արմատապես կփոխի խաղի կանոնները էներգահատվածում»)։ Փաստաթղթում, որը պատրաստում է եվրահանձնաժողովը, կարձանագրվեն առևտրական հարաբերությունների կանոններն ու էներգետիկ անվտանգության ապահովման միջոցառումները։ Բացի դրանից, տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ անցկացնելու պարտավորության համար երկրները ֆինանսական և ենթակառուցվածքային օգնություն կստանան Եվրամիությունից, ինչպես նաև նրանց իրավունք կընձեռվի անտուրք մուտք գործելու Եվրամիության շուկաներ։
Կարելի է ենթադրել, որ զուգահեռաբար կմեծանա նաև եվրոպացիների դիվանագիտական ակտիվությունը տարածաշրջանում, կաճի նրանց դերը միջնորդական նախաձեռնություններում։ Ի դեպ, Կառլ Բիլդտը նշել է, որ միավորման համաձայնագիրը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործիք չէ, իսկ Եվրամիությունը նպատակ չունի փոխարինելու Մինսկի խմբի նման միջազգային մեխանիզմներին։ Ազգամիջյան հակամարտությունների բարդ իրավիճակից դուրս գալու եվրոպական բաղադրատոմսն է` ավելի ուժեղ հաղթաթղթեր դարձնել ազատ առևտուրն ու այցակարգի դյուրացումը, կարգի գցել քաղաքական գործակցությունը, ընդհուպ` հեռանկարայինը, մինչև ընդհանուր խորհրդարանական վեհաժողովի ստեղծումը։
Շատ դիտորդներ նշում են, որ ընդհանուր առմամբ միավորման մասին Հարավային Կովկասին արված առաջարկությունը համապատասխանում է Եվրամիության զարգացման նոր միտումներին։ «Կազմավորված ու փակ ակումբի» շուրջը կձևավորվեն բուֆերային կախյալ տարածքներ, որտեղ կգործեն միասնական Եվրոպայի գրեթե բոլոր օրենքներն ու կարգերը։ Բացառությամբ մեկ, թերևս, կարևոր հանգամանքի` միակցված երկրները ձայնի իրավունք չեն ունենա որոշումներ ընդունելիս և կազմակերպության ղեկավարման գործում անհրաժեշտ քվոտաներ չեն ստանա։ Հարաբերությունների հենց այդպիսի ձևաչափ է առաջարկվել Թուրքիային, և մերժվել է։ Թուրքերը պահանջել են լիարժեք անդամակցություն ԵՄ-ին և ոչ թե կիսատ-պռատ վարկածներ։ Այդուամենայնիվ, անդամակցության մասին խոսակցությունների բացակայությունը, միանգամայն հասկանալի է, Երևանի, Թբիլիսիի ու Բաքվի մոտ նույնքան կոշտ արձագանք չի առաջացնում, ինչպես Անկարայի։ Երկրները գիտակցում են իրենց ներկա կարողությունն ու բավական սթափ են մոտենում իրողություններին։
Սակայն, բացի այն, որ կարևոր է պարզել, թե ուր են մեզ ներքաշում, պակաս օրախնդիր չէ պարզել, թե ինչու հատկապես հիմա։ Դեռ բառացիորեն վերջերս թվում էր, թե «եվրոյի» ճգնաժամի և տնտեսական անհաջողությունների համատեքստում Եվրամիությունը կկենտրոնանա սեփական խնդիրների լուծման վրա։ Եվրոպայի վերջին ընդլայնման ժամանակներից արդեն մի քանի տարի է անցել, և «քաշող երկրներում»` Գերմանիայում ու Ֆրանսիայում, սկսել են նոր անդամների մասին խոսել ավելի «անհավես» և ավելի նյարդային։ Ինչպես նկատել է Անգելա Մերկելը, եկել է «խորհելու ժամանակը», որի արդյունքը պետք է լինի արտաքին քաղաքականության մեխանիզմների արմատական վերակառուցումն ու կայունության ապահովումը։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ թեև Եվրամիությունն ամեն կերպ խուսափում է և ասում, թե ոչ մի դեպքում «խոսքը շահերի ու ազդեցության ոլորտների ընդլայնման մասին չէ», իրականում դա հենց այդպես է, որ կա։ Մենք հիանալի հաշիվ ենք տալիս մեզ, որ այսօրվա դրությամբ բոլոր երեք երկրների արդյունաբերական արտադրանքը մրցունակ չէ։ ՈՒստի, տվյալ պարագայում, ազատ առևտրի կարգի սահմանումը վաճառահանման շուկաներ կապահովի եվրոպական ընկերությունների համար, ինչպես նաև կնպաստի եվրոպական շուկաների ընդլայնմանը։ Բացի այդ, ուղղակիորեն խոսվում է միասնական ստանդարտների մասին, այսինքն` Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի արտադրանքը կհամապատասխանեցվի Եվրամիության տեխնիկական ստանդարտներին։ Դա էլ միակցման և ազդեցության գոտիների ընդլայնման ձև է։ Համապատասխանաբար, կարելի է ենթադրել, որ ընդհանուր առմամբ այդ տարածքի հանդեպ Եվրամիության մեջ ձևավորվել է մի առանձնահատուկ վերաբերմունք, որը մեծապես կապված է Եվրոպայից դեպի Ասիա ձգվող ճանապարհների էներգետիկ և տարանցումային հնարավորությունների հետ։ Եվ դա ծայրաստիճան հրատապ է դառնում Ռուսաստանի ու Թուրքիայի համընդհանուր հավակնությունների, համատեղ գործողությունների շուրջ նրանց պայմանավորվածությունների և նրանց «կայսերապետական հավակնությունների» վերականգնման և կանխատեսվող խնդիրների պայմաններում։
Հիշենք, որ դեռ մեկ տարի առաջ, «Արևելյան գործընկերություն» նախագծի հաստատումից հետո, Մոսկվան սկսել էր եվրոպական նախաձեռնություններին անսքող կասկածանքով նայել։ Շատ փորձագետների կողմից նախագիծը գնահատվեց որպես մարտահրավեր և «վարքագծի նորմերի» խախտում «ռուսական ազդեցության գոտում»։ Միառժամանակ հետո Ռուսաստանը որոշ չափով հանգստացավ և կարծեց, թե Եվրոպան տարածաշրջանով զբաղվելու ժամանակ չունի, թե «էներգակախումը» ամուր երաշխիք է, թե «օբամայական վերաբեռնումը» կվերաձևի նրանց բոլոր ձգտումները։ Այսինքն, Կրեմլի համար, հատկապես Ղրղզստանում և ՈՒկրաինայում ունեցած «հաջողություններից» և Արևմուտքի լռությունից հետո, պատկերը «երփներանգ» է թվում։ Իսկ այս իրավիճակում, ինչպես թվում է «մետրոպոլիայի» բարձրությունից, միանգամայն հնարավոր է եթե ոչ դավաճանել, ապա սահմանափակել «միակ ֆորպոստի» շահերը, հարաբերություններ հաստատել նախկին մրցակցի հետ, հասնել «տնտեսական բարձունքների» և լցնել «հայրենիքի շտեմարանները»։ «Հայերն ինչ կարան անեն որ» հին սկզբունքն սկսել է դրսևորվել իր ողջ նենգադավ «հմայքով»։ Եվ դա էլ հենց, ինչքան էլ ցավագին լինի, մենք տեսնում ենք Մեդվեդև-Էրդողան հանդիպման արդյունքներում։
Եվ ահա մի նոր անսպասելի գլխացավանք։ Առավել ևս, նկատենք ակնհայտը, նման «ճակատագրական զուգադիպություններ» քաղաքականության մեջ չեն լինում։ Առայժմ միավորման վերաբերյալ առաջարկությունները «հակառուսական» չեն հայտարարվել, բայց դժվար չէ ենթադրել, որ Կրեմլը շուտով կկողմնորոշվի, վերստին կխոսի «Արևմուտքի ոտնձգությունների», Մոսկվայի քաղաքական ու տնտեսական շահերին իր «առանձնահատուկ շահերի գոտում» հասցվող վնասի մասին։ Առավել ևս, թվում է, որ առանձին վերցրած յուրաքանչյուր երկրի հետ գործընկերության և տնտեսական փոխհարաբերությունների պայմաններում, աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունները կարող են շատ ավելի արագ կատարվել, քան ոմանց ցանկալի կլիներ։ Արդեն երևան են գալիս ռուսական փորձագիտական գնահատականներ, որոնք ներկայացվում են արդեն սովոր ոգով։ Բայց, ինչն ամենահատկանշականն է, նշվում է, որ «նախագիծը չարժե անվանել միայն «հակառուսական», որովհետև նույն հաջողությամբ այն կարելի է «հակաթուրքական» համարել»։ Սակայն, ուշադրության առնենք Բրյուսելի հայտարարությունները։ Թեև այնտեղ ասում են` «մենք չենք ուզում, որ այդ տարածաշրջանում մրցակցություն լինի Ռուսաստանի ու Եվրամիության միջև, այդուամենայնիվ, ամենաբարձր մակարդակով ընդգծում են, որ երեք երկրները համարվում են «ինքնիշխան ազգեր, որոնք լիիրավ են տնօրինելու իրենց սեփական ճակատագիրը», որ «նրանք լիիրավ են ինքնուրույն ընտրելու իրենց ապագան և ոչ թե ենթարկվելու ինչ-որ մի ուրիշի կամքին»։ Եվ մնում է հուսալ, որ այս անգամ եվրոպացիները չեն վախենա «արջի փնթփնթոցից» և սկզբունքները չեն զիջի։
Եվ վերջում, ակնհայտ է, որ հետխորհրդային երկրների համար հարաբերությունները Եվրամիության հետ ինքնանպատակ չեն, այլ ավելի շուտ այն բազմաթիվ տնտեսական ու քաղաքական խնդիրների լուծման միջոց, որոնց նրանք բախվել են, և իրենց ինքնիշխանության պահպանման միջոց։ Սակայն արդեն այն փաստը, որ նրանք ավելի ու ավելի շատ են հենվում Արևմուտքի և ոչ թե Ռուսաստանի վրա, պետք է Կրեմլին ստիպեր մտածելու Եվրոպայում Ռուսաստանի դերի ու տեղի ոչ հասարակ հարցերի և այն մասին, թե զարգացման ռուսական տարբերակը համապատասխանո՞ւմ է, արդյոք, արդի աշխարհի պահանջներին։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ