ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նոյից հետո առաջինը

Նոյից հետո առաջինը
29.09.2009 | 00:00

180 տարի առաջ այս օրը` սեպտեմբերի 29-ին, մեր մեծ հայրենակից ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆՆ առաջին մահկանացուներից էր, որ ոտք դրեց սրբազան լեռան` Արարատի գագաթին։
Չափազանց կարճ է եղել Ապովենց (իր պապի անունից) Խաչատուրի կյանքը, բայց իրադարձություններով այնքան հարուստ ու հագեցած, որ 200 տարի հետո էլի բան կա գրելու, որովհետև նա իր հոգու ներքին կրակի բարի լույսով մարտնչեց այդ ժամանակի մարդկային հոգու խավարի ու տգիտության, չարության դեմ և հաղթող դուրս եկավ, մահվանից հետո արժանանալով վեհաշուք մի արձանի, որը կարծես նրա «շիրմաքարը» դարձավ, քանզի նրա գերեզմանն այդպես էլ մնաց անհայտ, իր մահվան ամիս-ամսաթվի նման։
Ամբողջ կյանքի ընթացքում զարմանահրաշ հոգուն անարգանքն ու դժվարությունները հետապնդեցին հալածական շների նման։
Մի փոքրիկ հատված հիշատակենք Խաչատուրի կյանքից, քանզի մի պատվական սերնդի մասին է խոսքը։ Շրջապատը հարգանքով ու սիրով էր հիշում Խաչատուրի նշանավոր պապին՝ Ապովին, որը բարձրահասակ, գեղեցիկ տղամարդ էր, թավ մորուքով ու հաճելի կեցվածքով։ Ամեն բարի և լավ բանի գործակից, վերին աստիճանի հյուրասեր ու բարեգործ։ Երևանում ուներ խանութներ, արհեստանոցներ, իսկ Քանաքեռում` մրգատու ծառերով մի մեծ այգի։ Այդ այգին բոլորի առջև բաց էր և ամեն ոք կարող էր օգտվել դրա բարիքներից։ Ապովը հաճախ էր կրկնում մոտիկներին. «Ես ունեմ ամեն բան, ինչ որ Տերը կարող է տալ մեղավոր մարդուն. երեխաներ, հարստություն, մերձավորների սերը և այս այգին, որը նվիրեցի խեղճերին ու կարիքավորներին, որ իրենք էլ օգտվեն ու հաճույք զգան»։
Մահից հետո նրա գերեզմանով երդվում էին թե՛ հայ, թե՛ թուրք ժամանակակիցները։ Նրան բարի ճանաչումով գիտեին թե՛ Հայոց կաթողիկոսը, թե՛ Երևանի սարդարն ու պարսիկ մելիքները, չհաշված հայտնի վաճառականներին, որոնք բազմիցս հյուրընկալվել էին նրա տանիքի տակ։ Նրա որդի Ավետիքը` Խաչատուրի հայրը, մի հաղթանդամ գյուղացի էր, անվախ ու սրտոտ, զարմանալի քաջությամբ լեցուն։ Խստաբարո ու միաժամանակ բարի, ընտանեսեր ու մեծ մարդասեր։ Թէ ինչպես էր այս ամենը զուգորդվում այդ գյուղացու հոգում, միայն Աստված գիտի։ Բայց ավելի լավ է մի դրվագ ներկայացնենք այդ նահապետ քաջորդու կյանքից։ Խաչատուրը պատմում է. «Մի անգամ աշնանը հավաքվել էինք մեր գեղեցիկ այգում պտուղ հավաքելու։ Հայրս բարձրացավ տանձի ծառը, որ պտուղներ պոկի։ Այդ ժամանակ այգին մի դերվիշ մտավ։ Հայրս ուրախ-ուրախ ողջունեց նրան և մեզ հրամայեց սկուտեղը լցնել ամենալավ, հյութալի տանձերով ու դերվիշին հյուրասիրել, միաժամանակ ասելով, որ դրանք Աստծո պարգևած աշնան բարիքներն են։ Բայց դերվիշը ոչ մի բան չպատասխանեց, շեշտակի գետնին էր նայում։ Մենք երկչոտությամբ նրան մատուցեցինք տանձերով լի սկուտեղը։ Նա վերցնելով այն` երկար ժամանակ դրանց էր նայում, հետո հանկարծ սկուտեղը մի կողմ շպրտեց. պտուղներն այս ու այն կողմ գլորվեցին։ Դրան հետևեց անհաղթահարելի մաղձի ու կատաղի հայհոյանքի մի հեղեղ։ Նրա փրփրած շրթունքներն այնքան կատաղորեն էին ծռմռվում, որ մենք բոլորս վախից դես ու դեն փախանք, ու սրտատրոփ սպասում էինք, թե ինչով պետք է վերջանա այս միջադեպը։ Հետո, երբ մի փոքր հանգստացավ, սկսեց իր կոչմանը վայել ընծա պահանջել։ Իսկ հայրս, որը մինչ այդ ծառի վրա էր, հանգիստ և առանց վրդովվելու ասաց, որ ոչ մի ընծա էլ չի տա ու նրան այգուց դուրս չի թողնի, մինչև թափած տանձերը մեկ-մեկ չհավաքի ու այդ նվերի համար շնորհակալ չլինի, որովհետև նա իրավունք չունի Աստծո պարգևներն արհամարհելու։ Այդ խոսքերից դերվիշն ուղղակի կատաղեց ու քարեր փնտրելով ուզում էր մեզ վնասի։ Իսկ հորս ասում էր. «Դո՛ւ, շո՛ւն, ինչպե՞ս ես համարձակվում այդպիսի բան ասել մահմեդական դերվիշին»։ Հայրս դարձյալ չիջնելով ծառից, շարունակում էր հորդորել դերվիշին, բայց զուր, նա շարունակում էր իր հայհոյանքները։ Այդ ժամանակ հայրս հրամայեց այգու բանվորներից մեկին, որ բռնի դերվիշին ու կապի ծառից։ Այդպես էլ արեցին, ու թշվառը սարսափելի հայհոյանքներով սպառնում էր հորս, որ հենց իրեն արձակեն, մեր ամբողջ տունը դժոխք կուղարկի։ ՈՒ միաժամանակ կատաղաբար ոտքը գետնին զարկելով աշխատում էր կապանքներից ազատվել, ու կարծես ծառը պետք է արմատահան աներ։ Հայրս դարձյալ առանց բարկանալու, հանդարտաբար հարցնում էր նրան, թե ուզո՞ւմ է արդյոք պտուղները հավաքել սկուտեղում ու շնորհակալությամբ և օրհնանքով հեռանալ այգուց, թե՞ ոչ։ Դերվիշը պատասխան չէր տալիս, այլ, շրթունքները կծոտելով ու փրփրոտելով, կատաղած հորս էր նայում։ Այդ ժամանակ հայրս հրամայեց այգու ծառաներին, որ դերվիշին մի կարգին ծեծեն։ Բայց մինչ հրամանի կատարելը հայրս նորից հարցրեց` կհավաքի՞ պտուղները, թե՞ ոչ։ Պատասխանի փոխարեն, անզորությունից փրփրած ու կատաղությունից անիծելով, դերվիշը բոլոր դժոխային ուժերին ու սատանային էր օգնության կանչում, սպառնալով մեզ։ Իսկ երբ երկու կողմից փայտի դագանակի հարվածները տեղացին նրա վրա, վերջապես փափկեց ու բարձրաձայն աղաչեց. «Գթա՛, մեծ մարդ, կանեմ` ինչ կհրամայես»։ Իսկ երբ ազատ արձակեցին, վերցրեց գետնին ընկած գլխարկն ու թիկնոցը, ապա սկսեց մեկիկ-մեկիկ ժողովել դես ու դեն թափած տանձերը, ու վերջում, արդեն բոլորովին հանգստացած, նստեց մի ծառի տակ ու ինքն իրեն դատողություն էր անում. «Այս բոլոր տանջանքներին ու խայտառակությանը ես իրավամբ արժանի եմ, որովհետև անշնորհակալ եղա դեպի Աստծո պարգևները»։ Կատաղի հայհոյանքներից հետո մեծագույն գովեստներ ու օրհնանքներ էր տալիս հորս, ասելով. «Ազնիվ մարդ, երբեք չեմ մոռանա քեզ, թող Աստված օրհնի քեզ, ու համարձակվում եմ խնդրել, որ դարձյալ թույլ տաս այցելելու այս հյուրընկալ շեմը»։ ՈՒ մի քանի անգամ այցելելուց հետո, նա դարձավ մեր ամենալավ բարեկամներից մեկը»։
Խաչատուրի հայրը չնայած պարզ ու անուս գյուղացի էր, բայց չափազանց կարևորություն էր տալիս գրաճանաչությանը և ուսմանը։ Այդ իսկ պատճառով տասը տարին նոր բոլորած որդուն իր ձեռքով Էջմիածին է տանում և հանձնում Հայոց կաթողիկոսին, որ այնտեղ ուսում առնի ու նաև հոգևոր կրթություն ստանա։ Այնտեղի ոչ հեշտ, կարելի է ասել, վանական խստակենցաղության հինգ տարիների ընթացքում նրա միակ մխիթարությունն Անտոն եպիսկոպոսն էր, որ հայրական խնամք էր տանում, հավատքի սերմեր էր ցանում պատանու հոգում։ Նա այնքան էր կապված եպիսկոպոսին, որ երեխայաբար, երբեմն իր անվան կողքին նրա անունն էր գրում որպես ազգանուն՝ Խաչատուր Անտոնյան։ Իսկ երբ նա ննջեց ի Քրիստոս, Խաչատուրը հոր աջակցությամբ նրա շիրմաքարը սարքել տվեց, ի նշան հոգեորդիական երախտագիտության։
Հինգ տարին լրանալուց հետո Խաչատուրը տեղափոխվում է Հաղպատի վանք, ապա` Թիֆլիս։
Որպես միջանկյալ դրվագ, ասենք, որ 1824-ին Ներսես եպիսկոպոսի ջանքերով Թիֆլիսում հիմնադրվեց հոգևոր դպրոց, որը հետագայում նրա անունով կոչվեց Ներսիսյան։ Ցավոք, արդեն մեր օրերում հայկական նշանավոր այդ կրթօջախի ողջ տարածքն ու հայոց գերեզմանատունը վրաց կառավարության որոշումով քանդեցին, այդտեղի հայոց երևելիների աճյունները արևի երես հանեցին ու տարան, թաղեցին ուրիշ վայրում, իսկ տեղը մի մեծ եկեղեցի կառուցեցին, որ հայերիցս հետ չընկնեն այդ հարցում, քանի որ Երևանի Գրիգոր Լուսավորչի եկեղեցին իր չափսերով գերազանցեց Կովկասում կառուցված բոլոր եկեղեցիներին։
Ինչևէ, դեռ Աստծո արդար հատուցման օրը չի եկել, որ հետևություն անենք, բայց մի բան կարող ենք ասել. այդ արարքը բոլորովին էլ ուղղափառ չէր, ինչպես վրացիների դավանության անվանումն է, քանզի գրված է. «Դիմացինիդ արա այն, ինչ կուզենաս դիմացինդ քեզ անի»։
Կրկին տեղափոխվենք մեր մեծ հայրենակցի ժամանակները. ուսման տարիներին Խաչատուրը կապվում է մեկ այլ նվիրյալ հայորդու՝ Հարություն Ալամդարյանի հետ, որն իր ուշիմ աշակերտի՝ Խաչատուրի հայրենասիրական ձգտումները նկատելով, նրա միտքը նպատակաուղղում էր Հայաստանի ազատությանը քրիստոնյա Ռուսաստանի միջոցով հասնելուն։
Եվ այդ նորաբաց հայ կրթօջախի առաջին շրջանավարտներից մեկը դարձավ Խաչատուր Աբովյանը ու նորից վերադարձավ Հաղպատի վանք, որտեղից նա Եփրեմ կաթողիկոսից Վենետիկում ուսումը շարունակելու թույլտվություն խնդրեց։ Բայց դեռ այդ հարցը լուծում չգտած, սկսվեց ռուս-պարսկական պատերազմը, որի պատճառով առանց այդ էլ թշվառ Հայաստանը հրի, սրի մատնվեց։ Այդ արհավիրքի հետևանքը եղավ այն, որ 1827-ին «Ռըսի օրհնված ոտը Երևան մտավ»։
1828 թվականից Խաչատուրը դարձավ «թարգման նորին վեհափառության» Եփրեմ կաթողիկոսի։
1829-ին Արարատի գագաթը բարձրանալու նպատակով Էջմիածին է գալիս Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը։ Վերջինս լավ թարգմանչի կարիք ուներ, այդ պատճառով էլ դիմեց Հայոց կաթողիկոսին, որ թույլ տա պատանի Խաչատուրն ուղեկցի իրեն, քանի որ նա այդ հասակում արդեն երեք օտար լեզու (պարսկերեն, ռուսերեն, թուրքերեն) գիտեր։
Եվ ահա սեպտեմբերի 9-ին նրանց արշավախումբն Էջմիածնից հասավ Սև ջուր, որտեղից էլ Արարատի լանջերին գտնվող Ակոռի գյուղ ու տեղավորվեց սուրբ Հակոբի վանքում։ Իսկ հաջորդ օրը տեղի գյուղացիներից մեկի՝ Սահակի (որ քաջածանոթ էր լեռան բարդ տեղանքին) ու մի զինվորի ուղեկցությամբ լեռը բարձրանալու առաջին փորձն են անում։ Վերելքը տևում է երեք օր, բայց ավարտվում է անհաջողությամբ։ Սեպտեմբերի 18-ին արշավախումբը երկրորդ փորձն է անում Արարատի գագաթը հասնելու։ Այս դժվարին վերելքից առաջ Խաչատուրը թախանձագին խնդրում է, որ Պարրոտը իրեն էլ հետը վերցնի։ Բայց չունենալով լեռնագնացի հատուկ երկաթագամ կոշիկներ ու տաք հագուստ, Խաչատուրն իրեն գրեթե մահվան սպառնալիքի է ենթարկում։ Պրոֆեսորը, զարմացած պատանի կրոնավորի քաջությունից ու սպասվելիք դժվարությունների հանդեպ անվախությունից, համաձայնվում է նրա մասնակցությանը։ Ճանապարհին նրանք դաժան բքի և սառնամանիքի են հանդիպում ու մի կերպ հասնելով Քեփ-գյոլ կոչվող քրդաբնակ վայրը, գիշերում են այնտեղ։ Առավոտյան դեռ մի փոքր չբարձրացած, այնպիսի ձնամրրիկի են հանդիպում, որ իրենց կյանքը վտանգի չենթարկելու համար, ստիպված գիշերով մի կերպ վերադառնում են սուրբ Հակոբա վանք ու սպասում մի քանի օր։ Սեպտեմբերի 27-ին արշավախումբը երրորդ փորձն է անում, բայց այս անգամ քիչ մարդկանցով, քանի որ Պարրոտի հետ եկած մի քանի մասնակիցներ երկնչում են տեսածից ու չուզենալով ցրտամեռ լինել, հրաժարվում են հետագա վերելքից։
Երկու օրհասական գիշեր անցկացնելով լեռան ցուրտ խորշերում, վճռական վերելքը սկսեցին արշավախմբի առավել սակավ թվով, քանի որ մի քանիսը, չդիմանալով տառապանքներին, հետ դարձան ճանապարհի կեսից։ Մնացածը՝ թվով վեց հոգի, քաջություն ունեցան սեպտեմբերի 29-ին, օրվա համեմատաբար տաք ժամանակ, երբ բուքը մի փոքր դադար էր տվել, վերջին ճիգերը լարելով` մագլցելով հասնել բաղձալի նպատակին։
Ճիշտ 180 տարի առաջ այս օրը Խաչատուր Աբովյանը ոտք դրեց Արարատի կուսական գագաթին։ Արդեն կարելի է ասել՝ քաջորդի հայի՝ Խաչատուրի կյանքի ամենահաղթական պահն իրականացավ, քանզի հոգևորականների ու նաև ժողովրդի մեջ տարածված էր այն կարծիքը, թե Նոյից հետո Արարատի գագաթը մահկանացուն ոտք չի դրել, քանի որ նույնիսկ սուրբ Հակոբ Մծբնա հայրապետին է այդ արգելվել, որը ցանկացել էր Արարատը բարձրանալ ու Նոյյան տապանը գտնել, և, ըստ ավանդության, հրեշտակը Նոյյան տապանից մի կտոր է բերել ու ասել նրան.
- Հակո՛բ, Հակո՛բ, Տերը լսեց քո աղերսանքը, ահա քեզ տապանի մի մաս, վերցրո՛ւ և գնա։ Եվ իզուր մի տքնիր տեսնելու այն, ինչ Աստծո կամքով մարդուց անտես պիտի մնա։
Բայց այստեղ խոսքը միայն Նոյյան տապանին է վերաբերում, որը, իսկապես, դեռ մարդկանց ագահ աչքից խնամքով պահվում է Աստծո կողմից, մինչև կգան մարգարեական այն ժամանակները, երբ այն կերևա մարդկությանն, քանզի նախկին՝ մինչջրհեղեղյան մարդկությունը անհավատությամբ մերժեց տապանը մտնել, այդպես էլ այժմյան մարդկության մեծամասնությունը, նույն անհավատության ախտով տառապելով, մերժում է Փրկության նոր տապանը մտնել, որ է Քրիստոսի հիմնած Եկեղեցին։
Լեռան գագաթին եղած ժամանակ Պարրոտը տեղեկանում է պատանի Խաչատուրի սրտի թաքուն բաղձանքին` ուսումը շարունակել Եվրոպայի որևէ ուսումնական հաստատությունում։ Պրոֆեսորը հենց այնտեղ էլ երդվում է ամեն գնով աջակցել նրան։
Խաչատուրն Արարատի գագաթից շորի մեջ փաթաթած սառցի մի կտոր է բերում Էջմիածնի վանք և հալեցնում։ Կաթողիկոսն ու բոլոր վանականները մի-մի կում խմում են ջուրը` որպես սուրբ վայրից բերված օրհնանք։
Մեկ տարի անց պրոֆեսորը կատարում է իր խոստումը և Խաչատուր Աբովյանի համար Դորպատի համալսարանում սովորելու հրավերք է ուղարկում։
1830 թ. սեպտեմբերին նա հրաժեշտ տալով բոլորին` մեկնում է օտար երկիր։
Բայց Էջմիածնի վանքից դուրս գալիս մի տհաճ միջադեպի է մասնակից դառնում. նախանձից, թե Արարատի գագաթ բարձրանալու տաբուն խախտելու համար մի քանի վանականներ հարձակվում են Խաչատուրի վրա, խլում նրա ճանապարհի պաշարն ու հագուստները։ Ասենք նաև, որ ծնողներն էլ էին աղաչում, պաղատում, որ Խաչատուրը չգնա ուրիշ երկիր։ Բայց տիրող խավարից դեպի ուսման լուսավոր գագաթը բարձրանալու տենչն առավել էր նրա սրտում, ու անդրդվելի կամք ցուցաբերելով, նա մեկնում է։
Դորպատում առաջին օրերին, բնականաբար, տխուր ու, ինչպես ինքն է գրել, «սրտեղնած» է եղել հարազատներից ու հայրենիքից հեռու լինելու պատճառով։ Բայց հետզհետե մերվում է շրջապատին ու սկսում է ուսանել ապագա ուսուցչին անհրաժեշտ առարկաները։ Այսինքն, նա Պարրոտի խորհրդով ոչ թե համալսարանի պարտադիր առարկաներն էր սովորում, այլ (ազատ ունկնդրի կարգավիճակում) այն առարկաները, որոնք ամենաշատը կօգնեին իր հայրենիքում կրթության, լուսավորության համար։
ՈՒշիմ լինելով, Խաչատուրը կարճ ժամանակում լավ տիրապետեց գերմաներենին, սկսեց Գյոթե ու Շիլլեր կարդալ, ու այնքան վարժ էր խոսում այդ լեզվով, որ համարյա չէր տարբերվում տեղացիների խոսելաոճից։
Որպես վերջաբան լիրիկական, բայց անհրաժեշտ մեջբերում. այս հրապարակման հեղինակին` իմա` ինձ, հաջողվել է խորհրդային տարիներին այցելել Դորպատ (այդ քաղաքը 1919 թ. վերանվանվել էր Յուրև, իսկ հետո, անցնելով բոլշևիկների իշխանության տակ, կոչվեց Տարտու և գտնվում էր Էստոնիայի կազմում)։ Այդ գողտրիկ քաղաքում շատ հետաքրքիր վայրեր կային, բայց ես առաջին հերթին փնտրեցի գտա համալսարանը, որտեղ 150 տարի առաջ ուսանել էր Խաչատուր Աբովյանը։ Հարց ու փորձ անելով բարձրացա այն լսարանը, որտեղ մի քանի տարի սովորել էր մեր հայրենակիցն ու տեսա այն նստարանը, որի վրա նստել է Խաչատուրը։ Իսկ ինչպե՞ս տեսա, շատ պարզ, որովհետև երախտագետ դորպատցիները դեռ չէին մոռացել Խաչատուր Աբովյանին ու թիթեղյա շերտի վրա դրվագել էին մեր հայրենակցի անունն ու ամրացրել այդ նստարանին։ Չգիտեմ, թե ով ինչ զգացմունքներ կապրեր, բայց ես հարգալից ուրախությամբ նստեցի այդ նեղլիկ նստարանին ու կարդալով այդ գրությունը, ներքին ջերմությամբ լցվեցի մեր հայրենակցի՝ մեր ժողովրդի այդ քաջորդու հանդեպ, որն առաջինը ճեղքելով մահմեդական երկրների լծի տակ դարերով տքնող և ուսման լույսի կարոտ խավարամած միջավայրը, այս հեռավոր երկիրն է հասել, որ այստեղից ուսման լույսի կրակ տանի իր ժողովրդին։
Այս մտորումներով ես հրաժեշտ տվեցի համալսարանին, որը մի քանի տարի սիրով հյուրընկալել էր մեր հայրենակցին, և սկսեցի շրջել Տարտուի նեղլիկ ու սալահատակ փողոցներով։ Հանկարծ նորից հանդիպեցի Խաչատուր Աբովյանի անվանը, այս անգամ մի փողոցի անվանատախտակի վրա։ Դարձյալ կարոտալի ջերմություն հոսեց ներսս, ու, չթաքցնեմ, նաև ներքին մի հպարտություն ապրեցի Խաչատուր Աբովյանի հոգևոր սխրանքի համար, որը, չընկճվելով ոչնչից, նախ` իր կյանքը վտանգելով Արարատի գագաթը հասավ, ու այնտեղից իջնելով, դարձյալ անվախորեն ուսման բարձունքներին հասնելու մաքառման ելավ։
Եվ այն ուխտը, որ Արարատի վրա նա արեց` գնալ սովորելու և վերադառնալ հայրենիք մանուկ սերնդին դաստիարակելու, լիուլի կատարեց. 1836-ին, ավարտելով համալսարանական անհրաժեշտ առարկաների ուսուցումը, վերադարձավ հայրենիք։
Տպագրության պատրաստեց Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2076

Մեկնաբանություններ