ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Սերժ Սարգսյանի ուղերձը բովանդակազուրկ, անծրագիր խոսք էր, որը չտվեց հասարակությանը հուզող հարցերի պատասխանները»

«Սերժ Սարգսյանի ուղերձը բովանդակազուրկ, անծրագիր խոսք էր, որը չտվեց հասարակությանը հուզող հարցերի պատասխանները»
10.10.2008 | 00:00

«ՄԵՆՔ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ ՉԵՆՔ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԵՆՔ, ՈՎՔԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԻ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ»
Ներքաղաքական խնդիրների շուրջ «Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ
-Բուռն քաղաքական ամռանից հետո կանխատեսվում էր ավելի թեժ աշուն, սակայն ընդդիմության գործելակերպում պասիվություն նկատվեց։ Կոնգրեսի անդամները ևս փաստեցին, որ մարտավարությունը վերանայելու, շտկելու անհրաժեշտություն կա։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը, և, ըստ Ձեզ, այդ շտկումները ո՞ր ուղղությամբ պետք է ընթանան։
-Ես երբեք քաղաքական իրողությունները թեժ, պասիվ, վճռական չեմ որակում, քանի որ քաղաքականությունը շատ բարդ գործընթաց է։ Կա հասարակական դժգոհություն, որը ոչ միայն չի պարպվել, այլև ավելի առարկայացվել, ինստիտուցիոնալ է դարձել։ Չեմ կարծում, որ խնդիրների քողարկումը դրանց լուծման ամենալավ ճանապարհն է (խոսքս իշխանությանն է վերաբերում)։ Ինչ մնում է ընդդիմությանը, ապա նա ունի հստակ քայլեր, որոնք հոկտեմբերի 17-ին որոշակիորեն կբացահայտվեն։ Առայսօր քայլերի բացահայտման ուղղությամբ նոր բան չկա։ Լևոն Տեր-Պետրոսյանը տարբերվում է մյուս քաղաքական գործիչներից հենց նրանով, որ կարողանում է և՛ հասարակությանը, և՛ իր թիմին, և՛ իր հակառակորդներին որոշակի անակնկալներ մատուցել։
-Սպասվող հանրահավաքից, այսուհանդերձ, հասարակությունն ի՞նչ նոր շեշտադրումներ կարող է ակնկալել։
-Կարծում եմ՝ հասարակությունը կստանա իրեն հուզող հարցերի պատասխանները։ Ինչպիսի՞ն կլինեն զարգացումները, առայժմ չեմ ցանկանում կանխատեսել։
-Հանրահավաքների ընթացքում հաճախ էր հնչում կոնգրեսի կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների մասին։ Կարճաժամկետ նպատակներից գլխավորը Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելն էր, սակայն այսօր ականատես ենք երկարաժամկետ զարգացումներին։
-Երբեք չի ասվել, որ կարճաժամկետ ծրագրերով լուծվելու է իշխանափոխության հարցը։ Իշխանափոխությունն ինքնին շատ պատասխանատու ու բարդ գործընթաց է, որին ոչ մի երկիր կարճ ժամանակում չի հասել։ Քաղաքականության մեջ ժամկետներ չեն նշվում։ Իրականացնում են այն գործողությունները, որոնք քեզանից են կախված, որից հետո դրանք ունենում են համարժեք պատասխաններ։ Քաղաքական սուբյեկտների վարքագիծը որոշում են և՛ ժամկետները, և՛ օրակարգը, որի պարագայում հանգուցալուծվում են առկա խնդիրները։
-Ասել է՝ կոնգրեսի առջև այսօր կարճաժամկետ ծրագրեր դրված չե՞ն։
-Դուք եք կարճաժամկետ կամ երկարաժամկետ ձևակերպումներ տալիս։ Կոնգրեսն ունի հստակ խնդիրներ, որոնք կարելի է բաժանել երկու մասի՝ իշխանափոխություն և քաղաքական այնպիսի սուբյեկտի ձևավորում, որը երկրում անխուսափելի կդարձնի որակական փոփոխությունները։ Իշխանափոխությունը միջոց է այդ փոփոխություններին հասնելու համար, սակայն՝ ոչ միակը։
-Արդյո՞ք հասարակությունն ընդդիմությունից կտրուկ, արագ քայլեր չի սպասում։
-Երբ գնում եմ բժշկի, ակնկալում եմ, որ նա պետք է իմ բոլոր ցավերը միանգամից վերացնի։ Բայց բժշկի և իմ տարբերությունն այն է, որ նա երբեմն դիմում է ոչ ստանդարտ քայլերի։ Այս օրինակը տեղափոխենք քաղաքական հարթություն. այսօրվա Հայաստանում հասարակությունն արագ սպասումների, երբեմն պարզունակ լուծումների դաշտում է, ու այնպես չէ, որ հագուրդ տալով այդ օբյեկտիվ տրամադրություններին, ընդդիմությունը պետք է դիմի արկածախնդիր քայլերի։ Ի վերջո, պետք է արձանագրել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ավելի արժեքավոր է, քան որևէ իշխանափոխություն։ Բայց մենք մեր նպատակներից, այն է` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, չենք հրաժարվելու։ Այս ամենին հասնելու ենք բացառապես խաղաղ, սահմանադրական ճանապարհով։ Մենք իշխանափոխության ենք ձգտում ոչ թե ՀՀ քաղաքացու միջոցով, այլ հանուն նրա։
-Մինչդեռ, ասում են, որ շարժումը մարման նախանշաններ է ցույց տալիս։
-Մենք ահաբեկիչներ չենք, հասարակությունն այդպիսիների տեղը գիտի։ Նրանք իշխանական տարբեր օղակներում են, որոնք անձնական, ֆինանսական հարցեր լուծելու համար դիմում են բռնությունների։ Շարժումը երբեք չի կարող մարել։ 2001-ից մինչև հիմա խոսում են շարժման մարման մասին, սակայն այն ոչ միայն չի մարում, այլև ժամանակ առ ժամանակ նոր թափ է հավաքում։ Մենք չենք անի որևէ քայլ, որը դուրս է քաղաքական տրամաբանությունից։ Հայաստանում հաստատված կրիմինալ իշխանությանը հաղթելու ենք բացառապես քաղաքական եղանակներով։
-Կենտրոնում կոնգրեսը մեծ «խաղադրույք» էր սահմանել՝ մեր հաղթանակը սկսվելու է Կենտրոնից։ Սակայն ընտրությունները Ձեզ համար անցանկալի ելք ունեցան։ Հիմա որտեղի՞ց է սկսվելու հաղթանակը։
-Հաղթանակը սկսվելու է Հայաստանի քաղաքացուց։ Երբեք ոչ մի համայնքից հաղթանակ չի կարող սկսվել։ Ցավոք, Կենտրոնի ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ընտրական ինստիտուտները չեն գործում։ Հաղթանակի բանալին միանշանակ գտնվում է ՀՀ քաղաքացու ձեռքում։ Մեզ հաջողվեց այս ամիսների ընթացքում ստեղծել քաղաքացիական մի հատված, որի կայացման գործում էական նշանակություն է ունեցել նաև ընդդիմության նախորդ տարիների գործունեությունը։
-Այս ընտրությունների արդյունքները Ձեզ նախապես կանխատեսելի չէի՞ն։ Ներկայիս իշխանությունների դեմ պայքարելու նման ձևն արդյունավե՞տ է։
-Երկրորդեմ՝ մենք ահաբեկիչներ չենք, քաղաքական գործիչներ ենք, ովքեր օգտագործում են պայքարի բոլոր միջոցները։ Անընդհատ հնարավորություն կտանք իշխանություններին` սայթաքելու, դիմելու ընտրակեղծիքների, բռնությունների։ Սրանով իսկ մեր հասարակության համար տեսանելի կդառնան իշխանության հոռի բարքերը։
-Ի դեպ, խոսենք իշխանական զարգացումներից, նախ` անդրադառնանք նախագահի ուղերձին։ Ինչպե՞ս եք այն գնահատում։
-ՈՒղերձով հանրությանը դիմելու ինստիտուտը շատ նորմալ եմ գնահատում։ Այլ խնդիր է, թե տարբեր զարգացած երկրներում այն ինչի է ծառայում։ Քաղաքակիրթ երկրներում ուղերձները ծառայում են քաղաքական-հասարակական համաձայնության, իշխանություն-հասարակություն երկխոսության կայացմանը։ Սերժ Սարգսյանի ուղերձը բովանդակազուրկ, անծրագիր խոսք էր, որը չտվեց հասարակությանը հուզող հարցերի պատասխանները։ Այս ուղերձից հասարակությունն ուներ նաև այլ սպասումներ, մասնավորապես համաներման մասին։ Հայաստանում տեղի են ունեցել մարտի 1-ը, բռնություններ, սպանություններ, կան կալանավորվածներ, ու եթե այս ամենը նախագահը շրջանցում է, նշանակում է` կա՛մ նախագահը չի տիրապետում իրավիճակին, կա՛մ թքած ունի հասարակության կարծիքի վրա։ Իսկ հասարակությունն էլ, բնականաբար, համապատասխան վարքագիծ է ցուցաբերում այդ ուղերձին։
-Այնինչ իշխանական թևի ներկայացուցիչները պնդում են, որ ուղերձով համաներում չեն հայտարարում։ Ավելին, համաներման կարիք չկա, քանի որ կալանավորվածների գերակշիռ հատվածը պայմանական ազատության մեջ է։
-ՀՀ օրենսդրությունը հստակ մատնանշում է այն քաղաքական և իրավական գործիքները, որոնցով կարելի է համաներում հայտարարել։ Բայց որևէ մեկը նախագահին չէր կարող կաշկանդել, որ նման մտադրության մասին ուղերձով հայտարարվեր։ Նրանք, ովքեր կարծում են, որ համաներման մասին ուղերձով պետք չէ հայտարարել, չարաչար սխալվում են։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես համաներում չհայտարարելուն, ապա կոալիցիայի բոլոր այն անդամները, ովքեր այդ մասին խոսում են, առնվազն քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածով կարող են կալանավորվել։ Չգնահատել Սմբատ Այվազյանի, Մուշեղ Սաղաթելյանի և մյուսների հայրենասիրությունն ու ավանդը պետության առաջ, ուրացում է ոչ միայն նրանց վաստակի, այլև հենց նույն պետության։ Սարգսյանի ուղերձը շարքային ելույթ էր, որը բարի ցանկություն էր, ինչն ինձ հիշեցնում է Հ. Թումանյանի հայտնի հեքիաթներից մեկը։
Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4590

Մեկնաբանություններ