ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Որովհետև Տէրը լսեց քո տառապանքը Գիրք Ծննդոց, 16,11

Որովհետև Տէրը լսեց քո տառապանքը Գիրք Ծննդոց, 16,11
19.06.2009 | 00:00

ՏԱՌԱՊԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Իվան ԻԼՅԻՆ
Տառապանքներիդ պահին միշտ հիշիր, որ միայն դու չես տառապում, և ամեն տառապանքի մեջ կա ինչ-որ բարձրագույն իմաստ։
Եվ իսկույն թեթևություն կզգաս։
Դու մենակ չես, քանզի քո շուրջը տառապում է ամբողջ աշխարհը։ Քեզ հարկավոր է միայն բաց անել սիրտդ և ուշադիր զննել, ու դու կտեսնես, որ հաղորդակից ես տիեզերքի տառապանքին։ Բոլորը տառապում են ու տանջվում` կամ անձայն լռության մեջ թաքցնելով իրենց ցավը, լռության մատնելով իրենց վիշտը, հաղթահարելով տառապանքն իրենց մեջ, կամ ուղղակի ճչալով ցավից, որը ոչ ոք և ոչինչ չի կարող ամոքել։ Սիրուց մորմոքվելով, հոգոց հանելով չբավարարված ցանկություններից, հառաչելով հենց հաճույքը վայելելիս, հաղթահարելով խոչընդոտները` տխրում և տաղտկության մեջ ապրում են բոլոր երկրային արարածները` ծնունդից մինչև մահ։ Այդպես տառապում է և մարդը բոլոր արարածների հետ` որպես համաշխարհային մարմնի անդամ, որպես բնության զավակ։ Մենք չենք կարող խուսափել տառապանքներից. դա մեր ճակատագիրն է, ու մենք պետք է հաշտվենք դրա հետ։ Բնական է ցանկալ, որ նրանք չլինեն չափից դուրս դաժան։ Բայց անհրաժեշտ է սովորել տառապել արժանապատվորեն ու ոգեշնչված։ Դրանում է կյանքի մեծագույն գաղտնիքը, դրանում է երկրային գոյության արվեստը։
Մեր տառապանքն առաջանում է մարդկանց հատուկ կյանքի գործելու ձևից, որը մեզ տրված է ընդմիշտ, և որը մենք փոխել երբեք չենք կարող։ Հենց որ մեր մեջ արթնանում է ինքնագիտակցությունը, մենք համոզվում ենք մեր ինքնուրույնության և անօգնականության մեջ։ Մարդ արարածը կոչված է «ինքնին գոյատևելու», ինքնագործունեության և ինքնապաշտպանության համար, և, միաժամանակ, նա ծառայում է որպես բնության մի պասիվ միջոց կամ «անցուղի»։ Մի կողմից` բնությունը հոգ է տանում նրա մասին` որպես իր երեխայի. կերտում է նրան, մեծացնում, վայելք ապրում նրանով` որպես իր տեսակի մեջ միակ էակով, իսկ մյուս կողմից` բնակեցնում նրա մեջ այնպիսի հակադրություններ, ծավալում նրա մեջ այնպիսի քաոս, ենթարկում մարդուն այնպիսի հիվանդությունների, որ թվում է` նա չի ճանաչում ո՛չ նպատակահարմարություն, ո՛չ կարեկցանք։ ՈՒրեմն, ես կոչված եմ ինքնուրույն գործելու, բայց վա՜յ ինձ, եթե հավատամ, թե լրիվ ինքնուրույն եմ ու փորձեմ տրվել դրան մինչև վերջ։
Ես ազատ ոգի եմ, բայց այդ ազատ ոգին ողջ կյանքի ընթացքում կմնա հպատակ` բոլոր բնական անհրաժեշտություններին ու սահմանափակված` մարդկային բնության բոլոր անհնարին բաներով։ Իմ մեջ ապրում է գիտակցության ինչ-որ ընդհանրացնող զորություն, որն աշխարհներ է ընդգծում ու լայն բացում իմ առաջ անծայրածիր հոգևոր հորիզոններ, բայց այդ ուժն իր ամբողջ կյանքի ընթացքում բանտված է իր միակ մարմնի պատերի մեջ. նա նվաղում է սովից, ուժաթափվում գերհոգնածությունից ու ցամաքում անքնությունից։ Ես մեկուսացած եմ ուրիշ մարդկանցից, կղզիացած սեփական հոգում և մարմնի մեջ, քանի որ ոչ ոք ոչ մեկին չի կարող ո՛չ ներս թողնել իր մեջ, ո՛չ պարփակել իր սահմաններում, և, միաժամանակ, ուրիշ մարդիկ ծվատում են հոգիս ու կարող են պատառոտել մարմինս, կարծես ես իրենց խաղալիքը կամ ստրուկը լինեմ։ Այդպիսին եմ ես, այդպիսին ենք մենք բոլորս` յուրաքանչյուրս առանձին-առանձին, միօրյա ծաղիկներ, որոնք բացվում են տառապանքի համար, տիեզերական կրակի ակնթարթային ու անպաշտպան պոռթկումներ։
«Մարդու մեջ կա և՛ արքայական, և՛ ստրկական ինչ-որ բան` մի բան Աստծուց, մի բան ճիճվից» (Դերժավին)։ Այնքան շատ ու այնքան քիչ։ Աշխարհի նպատակն ու տիեզերքի զոհը։ Ստրկացած հրեշտակներ։ Աստծո արարած էակներ, որոնք տրված են մանրէներին որպես կերակուր։
Ահա թե ինչու մեզ այդքան հաճախ ու այդքան հեշտ բռնում է տառապանքը, ահա թե ինչու մենք պետք է հաշտվենք դրա հետ։ Որքան նուրբ է մարդը, որքան զգայուն է նրա սիրտը, որքան գթասիրտ` նրա խիղճը, այնքան ուժեղ է նրա ստեղծագործ երևակայությունը, որքան խոր է նրա ոգին, այնքան առավել նա դատապարտված է տառապելու, այնքան հաճախ նրան կայցելեն ցավը, տխրությունն ու դառնությունը։ Բայց հաճախ մենք մոռանում ենք դա, չենք մտածում մեր ընդհանուր ճակատագրի մասին և բոլորովին չենք հասկանում, որ լավագույն մարդիկ տառապում են բոլորից շատ։ ՈՒ երբ մեզ վրա թափվում է զրկանքների, չարչարանքի, վշտի ու վհատության հեղեղը, երբ ողջ աշխարհը մխրճվում է տառապանքի մեջ ու ամբողջովին սասանվում` հոգոց հանելով, հառաչելով և օգնություն աղերսելով, մենք վախենում ենք, ապշում ու բողոքում` այս ամենը համարելով անսպասելի, անարդարացի և անիմաստ։
Միմիայն դանդաղ և աստիճանաբար մենք կռահում ենք, որ բոլորս ենթակա ենք երկրային արարածների այդ օրենքին։ Սկզբում մեր մեջ արթնանում է անորոշ զգացողություն, խուլ նախազգացում այն բանի, որ երկրի վրա շատ ավելի տառապանք կա, քան մեզ թվում էր մեր մանկական սպասումներում։ Այդ նախազգացումն անհանգստացնում է մեզ, մենք փորձում ենք ստուգել մեր զգացողությունը և հետզհետե` աննկարագրելի ուղիներով, համարյա ձևակերպման չենթարկվող կռահումների միջոցով համոզվում ենք, որ մեր առաջ իրոք բացվել է գոյության օրենքը, կյանքի ընդհանուր եղանակը, որը տիրում է բոլոր երկրային արարածների վրա, որ չկա կեցություն առանց տառապանքի, որ ամեն մի երկրային արարած, հենց իր բնությունից ելնելով, կոչված է տառապելու և մատնված է վշտի։ Իսկ նուրբ սրտի տեր մարդը գիտի ոչ միայն դա։ Նա գիտի նաև, որ մենք ոչ միայն տառապում ենք միասին և միատեղ, այլև տանջում ենք մեկմեկու կամ պատահաբար, կամ դիտավորյալ, կամ անփութորեն, կամ դաժանությունից ելնելով։
Այսպիսին է կյանքը, այսպիսին է իրականությունը։ Իսկ մի՞թե կարող էր լինել այլ կերպ։ Եվ կլինե՞նք մենք իրավացի, եթե ցանկանանք ու պահանջենք մի այլ բան։ Պատկերացնենք մի պահ աշխարհի այլ, հակառակ պատկերը։ Ենթադրենք, որ երկրային արարածն ազատ է որևէ տառապանքից` մինչև վերջ և ընդմիշտ, որ ինչ-որ հզոր ձայն ասել է նրան. «Արարած, արա՛, ինչ ուզում ես։ Դու ազատ ես տառապանքից։ Այսուհետ դու երբեք չես զգա անբավարարվածություն։ Քեզ չի կարող վնասել ոչ մի մարմնական ցավ։ Ո՛չ թախիծը, ո՛չ տրտմությունը, ո՛չ հոգևոր երկատումը չեն այցելի քեզ։ Հոգևոր տագնապը չի դիպչի քո հոգուն։ Այսուհետ դու դատապարտված ես հավերժ ու բազմակողմանի գոհության։ Գնա՛ և ապրի՛ր»։
Այդ ժամանակ կսկսվեր մարդկային պատմության մի նոր, արտասովոր դարաշրջան։
Պատկերացնենք, որ մարդն ընդմիշտ կորցրել է տառապելու ունակությունը։ Ոչինչ չի սպառնում նրան` ո՛չ անբավարարվածությունն իրենով, ո՛չ սովն ու ծարավը, ո՛չ այլևայլ տառապանքները։ Բայց կհանգչեր նաև հավիտյան անկատարելության զգացմունքը և իր հետ կմարեր կատարելության ձգտելու կամքը։ Մարմնական ցավը, որն զգուշացնում էր մարդուն որևէ վտանգի մասին և արթնացնում նրա հարմարվելու հատկությունը, խլված է իրենից։ Մարդը կդառնա անտարբեր կյանքի բոլոր նողկալի ու այլանդակ բաների հանդեպ։ Կկորչի բարոյական վրդովմունքը, որն առաջանում էր չար կամքի հետ շփվելուց։
Հավիտյան կլռեն խղճի ճնշող խայթերը։ Բոլորը գոհ կլինեն ամեն ինչից` առանց չափի և ընտրության։
Ինչպե՞ս նկարագրել այդ ավերիչ հետևանքները, որոնք կփլվեն մարդկության վրա, որը դատապարտված կլինի լիակատար կշտության։
Աշխարհում կառաջանար մի նոր զզվելի «մարդակերպ» ցեղատեսակ` հաճույք վայելողների մի տեսակ, որոնք կլինեին ամենացածր հոգևոր մակարդակում։ Դրանք կլինեին երբևէ չտրտմող ծույլեր` առանց կրակոտության, առանց կրակի, առանց թռիչքի, ոչինչ ու ոչ մեկին չսիրող, որովհետև սերը նախ և առաջ զրկվածության և սովի զգացում է։ Դրանք կլինեին անբարոյական, անճաշակ ապուշներ, ինքնագոհ բթամիտներ, անառակ ու վնասաբեր ուրվականներ։
Սարսափելի է մտածել այդ կործանված, նախկինում հոգևոր, մարդկության մասին, որն անիծված է Աստծո կողմից և դատապարտված երբևէ չգիտենալու տառապանքի մասին։
ՈՒ երբ պատկերացնում ես այդ տեսարանը, ապա տեսնում և զգում ես, թե ինչ է մեզ շնորհում տառապանքը, և ուզում ես աղերսել բոլոր` և՛ երկնային, և՛ երկրային բժիշկներին, որ չզրկեն մարդկանց այդ շնորհից։ Քանզի առանց տառապանքի մեզ բոլորիս, մեր արժանապատվությանը, մեր ոգուն ու մեր մշակույթին կսպառնա վաղահաս ու ողբերգական վախճանը։
Ինչպիսի՜ խորություն են ճառագում տառապող մարդու աչքերը։ Ինչքա՜ն նշանակալից, նուրբ ու ազնիվ են երկար ու արժանապատվորեն տառապած մարդու դիմագծերը։ Ինչքա՜ն տարրական և անհրապույր է այն ժպիտը, որի մեջ չի թաքնված գոնե անցյալ տառապանքը։ Ի՜նչ դաստիարակիչ ու սրբացնող զորություն կա հոգևորապես իմաստավորված տառապանքի մեջ։ Որովհետև տառապանքն արթնացնում է մարդու ոգին, ուղեկցում նրան, կազմավորում, մաքրում ու ազնվացնում։ Ամեն տեսակի կատարելագործումը երկրի վրա կլիներ անհնարին առանց տառապանքի։ Նրանից է ծնվում ոգեշնչումը։ Նրա մեջ են կոփվում անսասանությունը, արիությունը, ինքնատիրապետումը և հաստատակամությունը։ Առանց տառապանքի չկա ո՛չ իսկական սեր, ո՛չ իսկական երջանկություն։ ՈՒ նա, ով ցանկանում է սովորել ազատ լինել, պետք է հաղթահարի տառապանքը։ Եվ մենք ուզում էինք դրանից հրաժարվե՞լ։ Եվ մենք կհամաձայնեի՞նք կորցնել այդ ամենը։ ՈՒ հանուն ինչի՞։
Հեգելը մի տեղ ասում է, որ վսեմ բաները երկրի վրա ստեղծվում են կրքով։ Առավել ևս դա կարելի է ասել տառապանքի մասին, քանզի եթե մարդը չտառապեր, ապա չէր արթնանա ստեղծագործական հայեցության, աղոթքի և հոգևոր ձևավորման համար։ Տառապանքը նման է կյանքի աղի. չի կարելի, որ մեր աղը կորցնի իր ուժը։ Եվ ավելին, տառապանքը կյանքն առաջ մղող ուժն է, մարդկային արարման գլխավոր աղբյուրը, չափի նուրբ և արթուն ուսուցիչ, հավատարիմ պահապան և իմաստուն խորհրդատու, ազնվացման և կատարելության կոչ, մարդուն գռեհկությունից և ստորացումից պաշտպանող հրեշտակ։ Այնտեղ, որտեղ սկսում է խոսել այդ հրեշտակը, հաստատվում է երկյուղած լռություն, քանզի նա աղերսում է կյանքի պատասխանատվության և մաքրման մասին, նա պահանջում է, որ մարդիկ սթափվեն ու դարձի գան, նա խոսում է պառակտման ու աններդաշնակության, բժշկվելու և պայծառացման մասին։ Տառապող մարդը ոտք է դնում մաքրման ուղու վրա և վերադառնում ներդաշնակության գիրկը։ Նրա հոգին փնտրում է կյանքի նոր կերպ, նոր հայեցություն։ Նա ուղիներ է փնտրում, որոնք մաքրագործման միջոցով տանում են դեպի հրաշալի հավասարակշռություն, որն Աստված կանխորոշել է անձամբ նրա համար։
Մարդը, որին ուղարկված է տառապանքը, պետք է զգա իրեն ոչ թե «դատապարտված» կամ «անիծված», այլ «պահանջված», «այցելված» և «կոչված». նրան թույլ է տրված տառապել, որպեսզի մաքրվի։ Այդպիսին է յուրաքանչյուր տառապանքի իմաստը։ Չլուծված է մնում միայն տառապող մարդու ճակատագիրը. կհասնի՞ նա մաքրման և ներդաշնակության այս երկրային կյանքի ընթացքում, կամ այդ շնորհները կտրվե՞ն նրան երկրային մարմնավոր կերպարանքը կորցնելու միջոցով։
Տառապանքը վկայում է տառապյալ մարդու և Աստծո ստեղծած բնության միջև հակասության, աններդաշնակության մասին։ Այն արտահայտում է մարդու առանձնանալը բնությունից, միաժամանակ ցույց տալիս նրա վերադարձի և ապաքինման սկիզբը։ Տառապանքը մարդու հոգու և մարմնի խորհրդավոր ինքնաբուժումն է։ Կարելի կլիներ այսպես ասել. «Մարդ, օգնի՛ր քո տառապանքին, որ նա ճիշտ լուծի իր խնդիրը։ Քանզի նա կարող է ընդհատվել միայն այն ժամանակ, երբ հասնի իր նպատակին»։
Այդ պատճառով մենք չպետք է խուսափենք մեր տառապանքից` փախուստի դիմելով նրանից ու խաբելով ինքներս մեզ։ Մենք պետք է կանգնենք առերես նրա առաջ, լսենք նրա ձայնը, հասկանանք և իմաստավորենք նրա գանգատը և գնանք նրան ընդառաջ։ Դա նշանակում է ընդունել այն որպես բնական և հոգևորապես իմաստավորված երևույթ։ Որովհետև նա դիմում է մեզ աշխարհի նպատակահարմար լինելուց։ Այն, ինչը մեր մեջ տառապում է, այսպես ասած, ինքը` համաշխարհային սուբստանցիան է, որը ձգտում է ստեղծագործաբար վերականգնել մեր մեջ իր կենսական հավասարակշռությունը։ Եվ եթե մարդը ենթարկվում է իր տառապանքին ու գնում նրան ընդառաջ, ապա շուտով համոզվում է, որ իր մեջ բացվում են կենսական զորության ամբողջ պաշարներ, որոնք մտնում են պայքարի մեջ և ձգտում վերացնել տառապանքի պատճառը։
Ահա թե ինչու մարդը չպետք է վախենա իր տառապանքից։ Նա պետք է հիշի, որ տառապանքի բեռը մեծ մասամբ կազմված է տառապանքի հանդեպ վախից։
Բայց մարդուն վայել չէ անել և հակառակը, այսինքն` դիտավորյալ կամ ինքնակամորեն տառապանք առաջացնել իր մեջ։
Սխալ են նրանք, ովքեր տանջում են իրենց` զբաղվելով ինքնախարազանումով։ Նրանք սխալ են, որովհետև հրաժարվում են կրքերի դեմ ներքին պայքարից և հոգևոր-ոգևոր տառապանքը տեղափոխում են այդ պայքարի նյութական մարմին` փոխարինելով այն մարմնական ցավով։
Սովը, ծարավը և սիրո տանջանքները, ոգեշնչվածությունը և արարումը պետք է գան ինքնուրույն, մարմնի, հոգու և ոգու բնության ուժով, իսկ թմրեցնող ու գրգռող թույները հակաբնական ու կեղծ են։ Սխալ է բնությանը հակադրել նրան խեղաթյուրող կամայականությունը։ Ամեն մի լավ և ճշմարիտ բան առաջանում է կարծես սեփական նախաձեռնությամբ, բնականորեն և ներդաշնակորեն։ Մենք կոչված ենք ստեղծագործ կյանքի և սիրո։ Մենք պարտավոր ենք խաղաղ, արիաբար և իմաստուն հնազանդությամբ դիմավորել մոտեցող տառապանքը և, գլխավորը, ստեղծագործաբար վերափոխել ու իմաստավորել այն։ Քանզի տառապանքը ոչ միայն վճար է ապաքինվելու համար, այլև կոչ է դեպի կյանքի վերափոխում և հոգու պայծառացում, ճանապարհ է դեպի կատարելություն և հոգևոր սրբացում։ Մարդը պետք է իր տառապանքը կրի հանգիստ և վստահ, քանզի վերջին և խորագույն չափանիշով մեր մեջ, մեզ հետ ու մեր մասին տառապում է ինքը` Աստվածային սկզբնաղբյուրը։ Եվ դա է մեր տառապանքի վերջին ու բարձրագույն իմաստը, ինչը վկայում են ավետարանական բժշկումները։
Ահա թե ինչու տառապող մարդը չպետք է կորցնի համբերությունը, առավել ևս հուսահատվի։ Ընդհակառակը, նա պետք է ըմբռնի և հաղթահարի իր տառապանքը։ Եթե նրան տրված է մարմնական ցավ, ապա նա պետք է գտնի իր կյանքի օրգանական սխալները, փորձի վերացնել դրանք և միևնույն ժամանակ այնքան բարձրացնի ու խորացնի իր հոգևոր կյանքը, որ նրա ինտենսիվությունը և այրումը շեղեն կենսական էներգիայի պաշարները մարմնական ցավից։ Չպետք է անձնատուր լինել մարմնական ցավին, լինել նրա մեջ, անընդհատ ականջ դնել նրան ու սարսափել նրանից։ Դա կնշանակեր ընդունել նրա հաղթանակը, անձնատուր լինել նրան և վերածվել հեծեծող արարածի։ Հարկավոր է մարմնական ցավին հակադրել հոգևոր կենտրոնացումը և ուշադիր լինել ոչ թե մարմնական տանջանքի, այլ հոգևոր բովանդակության հանդեպ։ Իսկ եթե որևէ մեկն ասի, թե չի կարող դա անել կամ չի կարողանում ոտք դնել այդ ուղու վրա, ապա թող ջերմ աղոթի այդ ունակությունը և ուժը ստանալու համար և փորձի գնալ այդ ճանապարհով։ Չկա մարդ, որը կարողանա ամեն ինչ անել և իմանա բոլոր արվեստները, իսկ տառապանքը ոգեշնչված դարձնելու արվեստը բարձրագույններից մեկն է։ Իհարկե, սեփական տկարությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է որոշակի բարձրագույն հզորություն, բայց այդ ուժը կարող է շնորհվել միայն աղոթքով։
Բայց եթե մարդուն ուղարկված է հոգևոր տառապանք, իսկ դա կարող է լինել որևէ մարմնական տանջանքից շատ ավելի ծանր ու տանջալից, ապա նա ամենից առաջ պետք է չփախչի նրանից, այլ ընդունի այն, տրվի այդ տառապանքին։ Նա պետք է դեմ առ դեմ կանգնի իր հոգևոր տառապանքի առաջ և սովորեցնի ինքն իրեն` զննել նրա էությունը և պատճառը։ Հարկավոր է սովորել ազատ և հանգիստ նայել իր տառապող հոգու խորքը` ծածուկ աղոթքով և գալիք հաղթանակի հանդեպ հստակ վստահությամբ։ Ոգու աչքին աստիճանաբար կբացվի տառապանքի նախապատճառը, և այդ նախապատճառը հարկավոր է կոչել իր անունով ու արտասանել սրտում և Աստծո առջև։ Իր հոգևոր տանջանքը հաղթահարելու համար հարկավոր է առաջին հերթին չվախենալ նրանից ու երբեք չհուսահատվել, անձնատուր չլինել նրա սարսափներին ու քմահաճույքներին, նրա ինքնակամությանը և գաղտնի հաճույքներին (քանզի հոգևոր տանջանքը միշտ իրենով թաքցնում է բնազդի հիվանդագին հաճույքները), միշտ հարկավոր է դիմել նրան ստեղծագործաբար, կանչող տիրոջ իշխանական խոսքով։ Միշտ հարկավոր է խոսել նրա հետ ոգու անունից և սովորել սաստել նրան հրամանով, հեռանալ նրանից ստեղծագործական լարմամբ։ Դա ճանապարհ է մթությունից դեպի հոգու վերափոխում և պայծառացում։ Ահա թե ինչու հոգևոր տառապանքի ծածուկ իմաստը կարելի կլիներ համեմատել երեխայի հետ, որը ննջում է մոր փորում ու երազում է իր ծննդյան մասին, քանզի տառապանքն անեծք չէ, այլ օրհնություն, նրա մեջ թաքնված է ինչ-որ հոգևոր լիցք, նոր նվաճումների և ըմբռնումների սաղմ, ինչ-որ հարստություն։ Իսկ եթե մարդուն տիրում է հոգևոր անձկությունը, ապա նա պետք է մաքրի այն աղոթքի մեջ, որ նա վերափոխվի իսկական և մաքուր համաշխարհային ողբի և դրանով իսկ բարձրացնի տառապողին Աստծո մոտ, քանի որ համաշխարհային ողբը` վերջին և խորագույն չափանիշով, իր` Աստծո ողբն է, իսկ նրա հետ ողբը դառնում է «բարի լուծ» և «թեթև բեռ» (Մատթ., 11,30)։
Ահա թե ինչու Հակոբոս առաքյալը գրում է. «Եթե ձեզնից որևէ մեկը տառապում է, թող աղոթի»։ Որովհետև աղոթքը ոչ այլ ինչ է, եթե ոչ հոգու տրտունջն առ Աստված, այն «անբարբառ հառաչանքը», որով «Ինքը` Սուրբ Հոգին, բարեխոսում է մեզ համար» (Հռովմ., 8,26)։ Աղոթքն օգնության ճիչ է, որ ուղղված է Նրան, Ով կանչում է ինձ իմ տառապանքի միջոցով, նա դառնում է ստեղծագործական վերափոխության և իմ էության պայծառացման ստեղծագործ սկզբնաղբյուր։
Բայց իմ փոխարեն դա ոչ ոք չի կարող կատարել. այդ ամենն իմ անձնական գործն է, իմ ճիգը, իմ վերելքը, իմ թռիչքը, իմ ստեղծագործ վերափոխումը։ ՈՒրիշը կարող է օգնել ինձ խորհրդով։ Տերը չի կարող չօգնել ինձ զորության և լույսի շնորհներով։ Բայց իմ մաքրումը և պայծառացումը պետք է կատարեմ միմիայն ես։ Ահա թե ինչու դա պահանջում է ազատություն, և առանց ազատության այն անհնարին է։ Ազատ հայեցությունը, ազատ սերը, ազատ աղոթքը կազմում են այդ ստեղծագործ միստերիայի, երկրային տառապանքի միստերիայի բուն էությունը։ Եվ հենց դրանով է որոշակի դառնում ճշմարիտ ուղին, որը տանում է դեպի իսկական երջանկություն երկրի վրա։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2475

Մեկնաբանություններ