ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բարդ մարտավարություն պարզ ռազմավարության պայմաններում

Բարդ մարտավարություն պարզ ռազմավարության պայմաններում
25.09.2009 | 00:00

Արդի քաղաքական գրականության մեջ ուշադրություն է դարձվում այն իրողության վրա, որ միջազգային քաղաքականության ոլորտում գնալով ավելի դժվարանում է ռազմավարական պլանավորում իրականացնել, ինչը պայմանավորված է աշխարհում անորոշությամբ և, միգուցե, քաոսի ընդլայնմամբ։ Անկասկած, սա հիմնարար խնդիր է, և հազիվ թե գոյություն ունեն պարզ լուծումներ կամ բանաձևեր, որոնց այդպես ձգտում է ժամանակակից էլիտան` մարգինալության իր ակնհայտ դրսևորումներով։ Իսկապես, որքան հզոր է պետությունը, և զգալի են նրա հավակնությունները, այնքան ավելի բարդ է առաջադրել և իրագործել ռազմավարական բնույթի նախագծեր։ Համաշխարհային և ազգային էլիտաների համար գրավիչ է կարճաժամկետ ծրագրեր մշակել` հայտնաբերելով, որ որքան մոտ են նպատակներն ու լուծումները, այնքան ավելի խճողվում ու նրբանում են մարտավարությունը, դրա մշակումն ու տեխնոլոգիական կիրառումը։ Այն իրողությունը, որ միջազգային քաղաքականությունը դառնում է ավելի բարդ, չի նպաստում, որ այն լինի ավելի կայուն ու կանխատեսելի։ Ընդհակառակը, տակտիկական ծրագրերն ավելի ու ավելի են կենտրոնացնում հիմնական ինտելեկտուալ, քաղաքական ու ֆինանսական ռեսուրսները։ Այս դատողությունները կարող են թվալ շատ վերացական, եթե դրանք չպարզաբանվեն Հարավային Կովկասի տարածաշրջանում կոնկրետ իրադարձությունների օրինակներով։
Ինչպիսի քաղաքական և սոցիալական գործընթացներ էլ տեղի ունենան Բալկաններից մինչև Չինաստանի սահմաններն ընկած ահռելի տարածության մեջ, ըստ էության, ամեն ինչ պտտվում է այն իրողության շուրջ, թե ինչպես և որքան ԱՄՆ-ը կկարողանա դիմանալ ու ամրապնդվել Եվրասիայի ներքին տարածաշրջաններում։ Պարզ է դառնում, որ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ չհաջողվեց աշխարհաքաղաքականությունը լիովին փոխարինել գեոտնտեսությամբ, ինչն էլ պայմանավորեց միջազգային պայքարի ուժեղացումը հանուն ռեսուրսների ու դիրքերի, ինչը հետևանք էր միաբևեռ աշխարհակարգի հաստատման փորձերի։ Ջորջ Բուշի և Բարաք Օբամայի քաղաքականությունը Եվրոպայի և, առհասարակ, Եվրասիայի նկատմամբ բացարձակապես համարժեք են, եթե նկատի ունենանք նպատակներն ու պրոբլեմների լուծման մեթոդները։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ գոյություն ունի երկու հիմնարար խնդիր. վերահսկողության տակ պահել եվրոպական հանրությունը, զսպել Չինաստանի գեոտնտեսական էքսպանսիան և աշխարհաքաղաքական հավակնությունները։ ԱՄՆ-ը ձևավորել է Չինաստանին զսպելու որոշակի «գոտի» ստեղծելու երկարաժամկետ ծրագրեր։ Դրանով իսկ փորձ է արվում լրացնել Ասիական-Խաղաղօվկիանոսյան համագործակցության գործառույթները` Հնդկաստանի հետ դաշինք ստեղծելու և Կենտրոնական Ասիայում նոր դիրքեր նվաճելու ճանապարհով, ներառյալ Աֆղանստանը։
Առայժմ ԱՄՆ-ը լուրջ չի վերաբերվում Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ), սակայն հնարավոր է, որ շուտով միջոցներ ձեռնարկի դրա քայքայման ուղղությամբ, թեպետ ՇՀԿ-ն առայժմ համարվում է ավելի շատ վիրտուալ, քան իրական կառույց։ Եթե նախկինում, 1990-ականներին, ԱՄՆ-ի նպատակները Եվրասիայում ավելի շատ գեոտնտեսական էին, ապա հիմա, երբ ի հայտ է գալիս Չինաստանին զսպելու ռազմավարությունը, ԱՄՆ-ի քաղաքականության մեջ փոխվում են մի շարք երկրների ու տարածաշրջանների դերն ու գործառույթները։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ շեշտադրումների փոփոխությունը դեպի Չինաստան նվազեցնում է Հարավային Կովկասի նշանակությունը` իբրև ռազմական տրանզիտի տարածաշրջան։ ԱՄՆ-ը փորձում է ստեղծել ասիական ՆԱՏՕ, և այդ համատեքստում Կովկասյան-Կասպիական տարածաշրջանի նավթի ու գազի արդյունահանումն ու արտահանումն ավելի նվազ նշանակություն են ձեռք բերում։ Սակայն Հարավային Կովկասի դերակատարությունը կարող է ավելի նվազել, եթե ԱՄՆ-ի ծրագրերն Աֆղանստանում ու Պակիստանում` Չինաստանին զսպելու ուղղությամբ, տապալվեն։ Անկախ այն գնահատականներից, թե ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրաքում տապալվել է, այնուհանդերձ, Վաշինգտոնը հասավ այն բանին, որ վերահսկողություն հաստատեց իրաքյան նավթի վրա։ Սակայն ռազմաքաղաքական ծրագրերն Իրաքում չհաջողվեցին և ի սկզբանե էլ դատապարտված էին տապալման։ ԱՄՆ-ի որոշ հաջողություններն այստեղ շատ բանով պայմանավորված էին արաբական պետությունների մեծամասնության էլիտաների հետ ունեցած հարաբերություններով։ Մինչդեռ Աֆղանստանում ու Պակիստանում այդպիսի հարաբերություններն այլևս սպառված են։
Եվրատլանտյան հանրությունը միաժամանակ զգուշանում է Աֆղանստանում ԱՄՆ-ի տապալումից` կանխավ տապալված ծրագրերի մեջ ներքաշվելու առումով։ Սակայն միաժամանակ կա գիտակցում, որ աֆղանա-պակիստանյան բեմահարթակը կարող է նպաստել ԱՄՆ-ի ձգտումների չափավորմանը, այսինքն` ամերիկացիներին ցույց տալ աշխարհում իրենց իրական տեղը։ Որովհետև Աֆղանստանի, առավել ևս, Պակիստանի վրա վերահսկողության հաստատումը երկարատև հեռանկարի կտրվածքով շատ բարդ, անիրագործելի խնդիր է։ Միանգամայն հնարավոր է, որ ամերիկյան քաղաքականության ակնհայտ տապալումն Աֆղանստանում ու Պակիստանում հասունանա ցանկացած պահի և ամենամոտ ժամանակներում։ Ակնհայտ է, որ օվկիանոսյան տերությունների համար շատ դժվար է հաջող ռազմական գործողություններ ծավալել օվկիանոսի առափնյա շրջաններից հեռու։ Չինաստանին զսպելու խնդիրը կարող է իրագործվել ոչ միայն որոշակի տարածաշրջանների վրա վերահսկողություն հաստատելով, այլև երկարաժամկետ անկառավարելի գործընթացներ հրահրելով, սակայն դա բոլորովին այլ և շատ վտանգավոր սցենար է, որն առայժմ դիտարկվում է իբրև պահուստային։
Բոլոր դեպքերում ԱՄՆ-ի քաղաքականության հարաբերական տապալումն Իրաքում և բացարձակ անհաջողությունը Կենտրոնական ու Հարավային Ասիայում կհանգեցնի Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանների դերի նվազեցման ԱՄՆ-ի ռազմավարության մեջ։ Դա չեն կարող չհասկանալ Վաշինգտոնում, ուր ոչ թե երկարաժամկետ քաղաքականություն են կառուցում, այլ ավելի շուտ զբաղված են փորձարարությամբ և նախընտրում են լուծել մոտակա կամ միջնաժամկետ խնդիրներ, միաժամանակ չփորձելով նույնիսկ պարզել երկարաժամկետ հեռանկարի ձևավորման պայմանները։ Այս իրողությունը չեն կարող չհասկանալ Առաջավոր Ասիայի ու Եվրասիայի բոլոր տարածաշրջանային տերությունները` Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Հնդկաստանը։ Բոլոր այս խաղացողները, այս կամ այն չափով, շահագրգռված են կամ, ընդհակառակը, շահագրգռված չեն ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայությամբ։ Սակայն, միաժամանակ, ի վիճակի չեն կառուցել իրենց ռազմավարությունը և, ըստ այդմ, ավելի շատ սպասողական դիրքորոշում են որդեգրել, գիտակցելով ԱՄՆ-ի քաղաքականության տապալման մեծ հավանականությունը։ Եվ այդ դեպքում Եվրասիայում կսկսվի նոր, չտեսնված պայքար ազդեցության գոտիների ու ռեսուրսների շահագործման համար։ Մեծ Մերձավոր Արևելքի և Եվրասիայի պետությունների բացարձակ մեծամասնությունն իրենց հարաբերական անկախությունն այդ տարածաշրջաններում պահպանում են միայն ԱՄՆ-ի ազդեցության ու ներկայության շնորհիվ։ Համաշխարհային ուժային բոլոր կենտրոններից միայն ԱՄՆ-ն է հետաքրքրված ու հանդես է գալիս իբրև նոր պետությունների ստեղծման և սահմանների վերաձևման նախաձեռնող։ Մինչդեռ շատ պետությունների էլիտաները, ովքեր դավանում են ձախ ու ազգայնական գաղափարներ և հանդես են գալիս ընդդեմ ԱՄՆ-ի ազդեցության ու էքսպանսիայի, գործնականում հրապարակավ խոստովանում են, որ իրենց պետությունները գոյություն չէին ունենա առանց ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայության։ Եթե ԱՄՆ-ը դուրս մնա Մեծ Մերձավոր Արևելքում ու Եվրասիայում դիրքեր ունեցող համաշխարհային ուժերի տրցակից, դա կհանգեցնի խոշոր տարածաշրջանային պատերազմների ու աղետների։ Ռուսաստանն ու Չինաստանը կփորձեն ստեղծել ազդեցության հաստատման ու ազդեցության գոտիների բաժանման նոր համակարգ, սակայն հազիվ թե այն լինի ամուր ու կայուն։Թուրքական էլիտայի ներկայացուցիչները բազմիցս հույսեր են արտահայտել, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կթուլանան այնքան, որ Թուրքիան վերջապես կկարողանա իրագործել Մերձավոր Արևելքում ու Եվրասիայում քաղաքական ու տնտեսական էքսպանսիայի իր ծրագրերը։ Չնայած ահռելի քաղաքական ու տնտեսական պրոբլեմներին, Թուրքիան վերջին տասնամյակներին հասել է փայլուն հաջողությունների բոլոր ոլորտներում, դարձել իրական տարածաշրջանային տերություն և ունի անսահման հավակնություններ` գործնականում բոլոր աշխարհաքաղաքական ուղղություններով։ Ոչնչով հնարավոր չէ համոզել թուրքական էլիտային, որ իրենց երկիրը չի կարող, ընդունակ չէ կամ չունի իր ազդեցությունն ընդլայնելու իրավունքներ հսկայական տարածության մեջ։ Նույնիսկ Եվրամիության կազմ ինտեգրվելը կամ ընդունվելը Թուրքիան դիտարկում է որպես իր էքսպանսիայի ուղղություններից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թուրքիային զսպող քիչ հանգամանքներ են եղել, և նա գոյություն է ունեցել ու զարգացել միանգամայն բարենպաստ պայմաններում, լուծել իր ներքին հարցերն ԱՄՆ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների օգնությամբ։ Պանթուրքիստական դոկտրինի իրագործման ճանապարհին Թուրքիային կարող է կանգնեցնել միայն ԱՄՆ-ը, այն էլ Ռուսաստանի, Իրանի, այլ պետությունների հետ համագործակցությամբ։ 1990-ականներին Թուրքիան դաս ստացավ, երբ, Ռուսաստանի մտահոգություններին հակառակ, ԱՄՆ-ը կարողացավ զսպել նրա ճնշումը Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ 2000-ականներին Թուրքիան բախվեց իր արտաքին քաղաքականության շրջափակման ամերիկյան ռազմավարության նոր փուլին։ Թուրքական էլիտան հրաշալի հասկացել է, որ, իրենցից բացի, թյուրքական ժողովուրդներին ու պետություններին հաջողությամբ գլխավորել կամ առաջնորդել կարող են ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Ռուսաստանը։ Մանավանդ Ռուսաստանը կարող է դառնալ պանթուրքիզմի առաջնորդ, քանի որ այդ ժողովուրդների հետ աշխատանքի ահռելի փորձ ունի։
Թուրքիան ԱՄՆ-ի համար բացարձակապես անպետք գործընկեր է և ավելորդ բալաստ ամերիկյան քաղաքականության համար Եվրասիայում և Մեծ Մերձավոր Արևելքում։ Եվ չնայած Բարաք Օբամայի ռևերանսներին, թուրքերն այլևս չեն կարող վստահել ամերիկացիներին և շարունակելու են ինքնուրույն քաղաքականության իրենց կուրսը։ ԱՄՆ-ի ներկայությունն այդ տարածաշրջաններում ուղղակի սպառնալիքի է վերածվել Թուրքիայի համար և ավելի ու ավելի է հակասում նրա շահերին։ Ընդ որում, այդպես էլ ոչ մի էական բան չստացվեց նաև ռուս-թուրքական մերձեցման փորձերից` ընդդեմ «ընդհանուր» հակառակորդի։ Ինչ էլ ձեռնարկի հիմա Թուրքիան, ինչպիսի ուղեգիծ էլ կառուցի արտաքին քաղաքականության մեջ, նրա դրությունը սպասողական է։ Բայց այդ սպասողականությունը բացարձակ ստոիկյան է, ուշադրություն չի դարձվում բազմաթիվ արտաքին ազդակների, առաջարկությունների ու նախաձեռնությունների։ Այն ամենը, ինչ ձեռնարկում է Թուրքիան ռազմավարական հեռանկարի հաշվառումով, կառուցված է աշխարհում և Եվրասիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի սկզբունքային թուլացման սպասումներից ելնելով։ Թուրքիան սպասում է իր «աստեղային» ժամին` համարելով, որ այն դեռևս չի հասել։ Իհարկե, այդ ձևով հեռանկարները հաշվարկելը հեշտ չէ, և ցանկացած երկարաժամկետ հաշվարկ բախվում է բացարձակ անորոշության։ Չկան ո՛չ լավատեսական, ո՛չ էլ վատատեսական գնահատականներ, որովհետև չկա պատկերացում թուրք-ամերիկյան հետագա հարաբերությունների մասին 5, 10 կամ 20 տարի հետո։
Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն ու գործընթացները 1990-ականներին և 2000-ականներին ցույց տվեցին, որ թուրքական էլիտան շատ ավելի ադապտացված է ու փորձառու, քան ռուսականը։ Իսկ 2008-2009-ի իրադարձություններն ապացուցեցին, որ Թուրքիան շատ հմուտ օգտվեց ստեղծված իրավիճակից, որի մեջ հայտնվել է Ռուսաստանը, որպեսզի նրա վզին փաթաթի Հարավային Կովկասի քաղաքական գործընթացներում իր մասնակցությունը։ 20 տարիների կտրվածքով Թուրքիան չուներ անհրաժեշտ հնարավորություններ կովկասյան քաղաքականության առումով և հատկապես տարածաշրջանային լոկալ հակամարտություններին միջամտելու հետ կապված, և նրա ջանքերը շրջափակված էին մասնավորապես ղարաբաղյան հակամարտության մասով։ Ռուսաստանը բառացիորեն ձեռքից բռնած ներքաշեց Թուրքիային ղարաբաղյան գործընթացի մեջ` նոր պայմաններ ստեղծելով նրա քաղաքականության ընդլայնման համար։ Տարածաշրջանում ստեղծվել է նոր իրավիճակ ոչ նոր, բայց ուժեղ խաղացողի ընդգրկումով, խաղացողի, որն ունի ավելի ուժեղ դիրքեր։ Թուրքիայի ջանքերը տարածաշրջանում արդյոք ռազմավարակա՞ն բնույթ ունեն։ Անկասկած, և այդ նպատակներն ավելի քան պարզ են։ Սակայն ներկա պայմաններում, երբ Թուրքիայի շահերի գոտիներում լարվածությունը չափազանց մեծ է, համաշխարհային ուժային կենտրոններն էլ շատ կողմերով չեն որոշակիացրել ազդեցության գոտիների բաժանումը, Թուրքիան, դրանից ելնելով, չի փորձում ավելի կոնկրետ խնդիրներ առաջադրել, այլ խուսանավում է ուժային կենտրոնների միջև և աշխատում ուժեղացնել իր դիրքերը` մարտավարական խնդիրներից ելնելով։ Հարկ է նշել, որ թուրքական վերլուծական հանրությունը, համենայն դեպս, հրապարակայնորեն չի ձգտում վերջնական ձևաչափում որոշակիացնել երկրի առաջնահերթությունները և դրանց հասնելու միջոցները։ Թուրքական վերլուծաբանները նախընտրում են քննարկել ավելի մոտավոր նպատակները, առաջադրել հասարակությանն ավելի հասկանալի բանավեճ, խուսափել երկրի աշխարհաքաղաքական պրոբլեմների քննարկումներից։ Կա կասկած, որ թուրքական քաղաքական գրականության մեջ կան փակ կամ «խլացված» թեմաներ, որոնք ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս էթնիկ թուրքերի աշխատություններում կամ հայտարարություններում, ովքեր քաղաքական հետազոտություններով են զբաղված Արևմուտքի որոշ պետություններում։ Ներկայումս թուրքական վերլուծական հանրության մեջ փորձեր են արվում նոր բանավեճ ծավալելու, որը կհամապատասխաներ պետության ու հասարակության արդի հավակնություններին, բայց այդ փորձերը հաճախ մարգինալ բնույթ ունեն։ Տողերիս հեղինակի կարծիքով, թուրքական հասարակությունը, այդ թվում և` վերլուծական հանրությունը, երկար ժամանակ գտնվել է որոշակի բարդույթավորված մտածողության շրջանակներում, չի կարողացել հաղթահարել բանավեճի համեստ շրջանակը և մտնել կայսերական մտածողության ոլորտ։ Քեմալիզմն այնքան է բարդույթավորել թուրքական հասարակությունը, տեղավորել նրան «կոմպակտ պետության» գաղափարախոսության նեղ շրջանակում, որ նույնիսկ օսմանյան կայսերական անցյալը զգալիորեն մոռացված է, և դա շատ կողմերով հետևանք է էլիտայի ներսում ժառանգականության բացակայության։ Համենայն դեպս, Թուրքիան դեռևս վստահ չէ իր կոնկրետ ծրագրերում նույնիսկ մոտակա հեռանկարի կտրվածքով։
Այս դատողությունները փորձ են որոշակիացնելու հայ-թուրքական «կարգավորման» գործընթացի տեղն ու դերը թուրքական քաղաքականության մեջ և համաշխարհային գործընթացներում։ Կարելի է վստահաբար պնդել, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները և, ընդհանրապես, որևէ պարտավորություն չի պայմանավորում երկարաժամկետ ռազմավարական նպատակներով։ Դրա համար կան հիմքեր, և ամենից առաջ պետք է ուշադրություն դարձնել, որ ո՛չ եվրոպական, ո՛չ էլ ամերիկյան քաղաքականությունն ինչպես այս, այնպես էլ այլ տարածաշրջաններում և՛ Թուրքիայի, և՛ հենց արևմտյան ուժային կենտրոնների կողմից չի դիտարկվում իբրև երկարաժամկետ։ Շատ հնարավոր է, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը` ի դեմս առաջատար եվրոպական երկրների, վերջնականապես խառնաշփոթի մատնվեն իրենց տնտեսական, սոցիալական ու քաղաքական գործընթացներում և այլևս ի վիճակի չլինեն ներկա որակով հանդես գալու համաշխարհային բեմահարթակում։ Արևմտյան հանրությունն արդեն այսօր ի վիճակի չէ երաշխավորել կամ ապահովել միջազգային պայմանագրերի ու պարտավորությունների ժառանգականությունն ու դրանց կատարումը։ Իսկ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փորձերը գտնվում են ԱՄՆ-ի և նույնիսկ Արևմուտքի քաղաքականության ուղեծրում, առավել ևս ոչ մի երաշխիք չի կարող լինել պայմանավորվածությունների վերաբերյալ, մանավանդ այդպիսի երաշխիքներ ո՛չ ձևական, ո՛չ էլ գործնական առումով ոչ ոք չի տրամադրում։ Համարժեք իրավիճակում է նաև Ռուսաստանը, որը չի կարող հանդես գալ հարաբերությունների կամ պայմանավորվածությունների երաշխավոր, երբ, իբրև սուբյեկտ, հանդես են գալիս տարածաշրջանային տերությունները։ Ռուսաստանը դժվարությամբ է հարաբերություններ կառուցում հարևան տարածաշրջաններում, և ինքը կարիք ունի համաշխարհային ուժային կենտրոնների` Եվրամիության ու Չինաստանի աջակցության։
Միջազգային քաղաքականության մեջ չկա ոչինչ, որ հուսադրեր և թույլ տար հայ-թուրքական հնարավոր հարաբերությունները դիտարկել իբրև երկարաժամկետ ու սկզբունքային։ Թուրքիան, ունենալով երկարաժամկետ ծրագրեր, ստիպված չի գործարկում դրանք և նախընտրում է տարածաշրջաններում լուծել իր շահերից բխող առանձին հարցեր։ Թուրքիան 21-րդ դար է մտել հարևանների հետ չլուծված պրոբլեմներով և չի կարողանում հաշտվել դրա հետ։ Որովհետև Սիրիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բուլղարիայի, Իրաքի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի հետ ունեցած խնդիրները կարող են դառնալ (և շատ կողմերով արդեն դարձել են) ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի միջամտության առիթ։ Թուրքիան, հենվելով իր ռազմաքաղաքական և տնտեսական ներուժի վրա, փորձում է լուծել այդ խնդիրները` կայացնելով բացարձակ ինքնուրույն որոշումներ, ընդգծելով «ինքնուրույն լողալու» իր պատրաստակամությունը համաշխարհային քաղաքականության մեջ։ Թուրքական էլիտան դաշնակիցներին ու հակառակորդներին դիտարկում է իբրև ժամանակավորապես գոյություն ունեցող պետությունների, հասկանալով, որ Թուրքիան չունի և չի ունենալու իսկական բարեկամներ, նույնիսկ ազգակից ժողովուրդների շարքում։ Թուրքիային նոր տհաճություններ ու տապալումներ են սպասվում Եվրամիության, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի և արաբական երկրների հետ հարաբերություններում։ Թուրքիան խիստ մտահոգ է հարևան տարածաշրջաններում առկա նոր միտումներով, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի փորձերով` առանց Անկարայի և նրա շահերի հաշվառման կառուցել նոր աշխարհաքաղաքականություն։ Տնտեսապես Թուրքիան թուլացած է հերթական անգամ, և տղայամտություն ու դիլետանտություն կլիներ նրա հետ շտապ պայմանագրեր կնքելը, որոնց իմաստն ու բովանդակությունն ամբողջությամբ հասկանալի չեն հայ արդի էլիտայի համար։ Այդ գործընթացներում Հայաստանի ներկայության իմաստն աշխարհաքաղաքական փոփոխություններում և տարածաշրջանային դինամիկայում նրա մասնակցությունն է։ Բայց արդյոք հնարավո՞ր է դա, ինչն այսօր չկա։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2156

Մեկնաբանություններ