ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Միասնական քննությունները նախանշում են հանրակրթության հետագա անելիքները»

«Միասնական քննությունները նախանշում են հանրակրթության հետագա անելիքները»
24.07.2009 | 00:00

ԱՄՓՈՓՈՒՄ
Ավարտվեցին միասնական և ավարտական քննությունները։ Այս տարի առաջին անգամ դրանք ներդրվել էին բոլոր առարկաներից։ Հանրային ուշադրությունը, բնականաբար, մեծ էր, սպասումները՝ անորոշ, քանի որ ոչ ոք չէր կարող ասել, թե իրականում ինչ կստացվի։ Կրթության ոլորտի պատասխանատուների ակնկալիքները, կարելի է ասել, արդարացան, քանի որ հսկայական ռեսուրսներ, ջանքեր, կազմակերպչական լարում պահանջող գործընթացը կայացավ, և օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի քանի մասնագիտական վեճերից ու քննարկումներից բացի, այլ արտառոց երևույթներ չգրանցվեցին։ Ստորև ներկայացվող մեր զրույցը ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ ամփոփում է միասնական և ավարտական քննությունները։
-Պարոն Մկրտչյան, միասնական և ավարտական քննություններն առաջին անգամ էին այսպիսի լայն ծավալով ներդրվել։ Ձեր սպասումներն արդարացա՞ն։
-Այս տարվա հիմնական առանձնահատկությունն այն էր, որ մենք վերջապես ավարտեցինք անցումային փուլը, և բոլոր առարկաներից կազմակերպեցինք միասնական քննություններ (ինչ վերաբերում է բանավոր քննություններին և ստեղծագործական մրցույթին, ապա դրանց համար դեռ պետք է մշակվի համապատասխան հայեցակարգ)։ Կարծես թե շատ լուրջ ահազանգեր չստացանք. կազմակերպչական իմաստով ինչ ծրագրված էր, իրականացվեց։ Տարին իսկապես անորոշ էր՝ թեկուզ հենց կրթության և գիտության նախարարի փոփոխության տեսակետից. արդեն ավարտվել էր նախապատրաստական փուլը, պետք է սկսվեին քննությունների կազմակերպման հաջորդ փուլերը, և նման առանցքային փոփոխություն։ Այդ իմաստով որոշակի անհանգստություն կար։ Այս տեսակետից քննությունները հաջողվեցին, և մեր առջև դրված խնդիրները լուծեցինք։ Բողոքարկումներ, իհարկե, կան, բայց բողոքները հիմնականում վերաբերում էին թեստերի որակին։ Այս երկու բաները պետք է իրարից տարանջատել. այլ բան է թեստաբանական պրոբլեմը, թեստերի որակի, բովանդակության հարցը, և բոլորովին այլ բան է միասնական քննության կազմակերպման ու անցկացման խնդիրը։ Ըստ էության, միասնական քննությունների կազմակերպման ու անցկացման առումով պրոբլեմներ չեղան, և եթե կային բողոքներ, վրդովմունքներ, դրանք վերաբերում էին թեստերի բովանդակությանը։ Այստեղ էլ, ինչ խոսք, կային մասնագիտական, թեստաբանական վիճելի հարցեր։ Չպետք է կարծել, թե շատ հեշտ է միանգամից բարձր որակի թեստեր կազմել։ Հայաստանում թեստոլոգիայի ավանդույթներ չկան, դրանք նոր-նոր են ստեղծվում, և մի քանի տարի անց արդեն այդ խնդիրն էլ լուծված կլինի։
-Դուք գարնանն ահազանգեցիք, թե դպրոցներում անցկացվող ընթացիկ գնահատումները բացահայտում են աշակերտների գիտելիքների ցածր մակարդակը։ Կարելի՞ է ասել, որ միասնական քննությունների արդյունքները եկան ապացուցելու այդ փաստը։ Եվ այդ դեպքում ուսուցիչներն ու ծնողներն ինչո՞ւ են, ըստ Ձեզ, դժգոհում թեստերից։
-Ընթացիկ գնահատումը մի խնդիր է լուծում, միասնական քննությունը՝ բոլորովին այլ։ Ընթացիկ գնահատմանը մասնակցում են բոլոր աշակերտները, և այդտեղ միջին միավորները ձևավորվում են բոլոր աշակերտների ստացած գնահատականներից։ Ընթացիկ գնահատման միջոցով տեղեկանում ենք հանրակրթության ընդհանուր որակի մասին։ Եվ բնական է, որ միասնական քննությունների արդյունքները պետք է տարբերվեին և մի քիչ էլ բարձր լինեին։ Սակայն միասնական քննություններն էլ մեկ այլ խնդիր են հետապնդում. այստեղ ոչ թե հանրակրթության մակարդակի որոշման հարցն է դրված, այլ դիմորդների գիտելիքների տարբերության հարցը։ Եվ թեստը կազմելիս հաշվի է առնվում այդ խնդիրը։ Այսինքն՝ ընթացիկ գնահատման ժամանակ կարևոր է այն հանգամանքը, թե արդյոք աշակերտները յուրացրե՞լ են պետականորեն հաստատված անհրաժեշտ չափորոշիչային մակարդակը։ Իսկ միասնական քննությունների արդյունքները մրցույթ կազմակերպելու համար են, հետևաբար, մենք պետք է դիմորդներին կարողանանք շատ նրբորեն տարբերակել։
-ԱԱԾ-ն ուսումնասիրություններ էր կատարում միասնական քննությունների ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ։ Արդյունքները հայտնի՞ են։
-ՈՒսումնասիրությունները, հավանաբար, շարունակվում են։ Պարզապես ուշադրություն պետք է դարձնել հետևյալի վրա. միասնական քննությունների բնույթը հանգեցնում է նրան, որ հասարակության բոլոր շերտերը սկսում են առնչվել կրթական խնդիրներին։ Այսինքն՝ կրթության ոլորտը դառնում է բաց. դպրոցը զբաղվում է հասարակությամբ, հասարակությունը՝ դպրոցի խնդիրներով։ Երևի թե արտառոց բան է թվում, որ քննությունների ժամանակ հայտնաբերվել են ինչ-որ ծածկագրեր։ Բայց չէ՞ որ, ի վերջո, դրանք հայտնաբերվել են և հայտնաբերվել են քննության ընթացքում՝ կազմակերպիչների կողմից։ Հետևաբար, այս հարցում պետք է լինի համապատասխան համագործակցություն, և պետք է պարզել երևույթը ծնող պատճառներն ու ազդեցության աստիճանը։ Ընդ որում, շատ դրական երևույթ է, որ այս հարցում կա համագործակցություն տարբեր ոլորտների միջև։ Ի դեպ, ծածկագրերի հայտնաբերման պատճառով քննություններից հեռացվել է ընդամենը չորս դիմորդ, որոնց թույլատրվել է մասնակցել լրացուցիչ քննություններին։
-Շատ է խոսվում տարվա ընթացքում պերմանենտ քննություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ ԳԹԿ-ն պատրա՞ստ է դրան։ -Դա բավականին լավ գաղափար է։ Ինձ թվում է՝ ապագան հենց այդ մոտեցմանն է։ Կան պրոբլեմներ, որ դեռ պետք է հաղթահարվեն։ Սակայն տարվա ընթացքում ոչ մեկ անգամ կամ ըստ անհրաժեշտության քննությունների կազմակերպումն ավելի արդյունավետ կլինի։ Ցանկացած մարդ պետք է կարողանա քննությունը հանձնելուց հետո, ասենք, 6 ամիս անց, իր գիտելիքները բարելավելով, դարձյալ քննություն հանձնել և բարելավել գնահատականը։ Անկախ նրանից, թե ստացած սերտիֆիկատը որտեղ կօգտագործի՝ մրցույթում, թե այլ նպատակներով։
-ՈՒշադրությունը սևեռելով միասնական քննություններին՝ պետական ավարտական քննությունները երբեմն դուրս են մնում վերահսկողությունից։ Դրանք դպրոցներում հաճախ ձևական բնույթ են կրում։ Ավարտական քննությունների արդյունքները համադրվե՞լ են միասնականի հետ, և ի՞նչ եզրահանգումների եք եկել։
-Ծավալով ավարտական քննությունները շատ ավելի մեծ են, բացի այդ, ավարտական քննությունները կազմակերպելը, հսկելն ավելի բարդ է, և այդ իմաստով անմիջապես վերլուծությամբ համադրելը՝ անհնար։ Ինչպես անցած տարի, կստանանք տեղեկություններ հանրապետության դպրոցների արդյունքների մասին և կիրականացնենք վերլուծություններ։
Մի բանի պետք է ուշադրություն դարձնենք. միասնական քննությունների արդյունքները չպետք է հիմք ծառայեն որևէ կոնկրետ դպրոցի կամ ուսուցչի աշխատանքը գնահատելու համար։ Շատ գործոններ կան, որոնց արդյունքում ստացվում է կոնկրետ գնահատականը։ Մյուս կողմից` միասնական քննությունների ընդհանուր պատկերը, անկասկած, խոսում է նաև հանրակրթության ընդհանուր որակի մասին։ Հետևաբար, միասնական քննություններն ինչ-որ իմաստով օբյեկտիվ և հավաստի խնդիրներ են առաջ քաշում՝ նախանշելով հանրակրթության ոլորտի հետագա անելիքները։ Պետք է ասեմ, որ այս տարվա միասնական քննությունները որոշակի խնդիրներ առաջ քաշեցին. դա վերաբերում է և՛ դպրոցական ծրագրերին, և՛ դասագրքերի որակին, և՛, ընդհանրապես, հանրակրթության ընդհանուր մակարդակին։ Մենք այդ հարցը կքննարկենք և կանենք հետևություններ ու շեշտադրումներ բարեփոխումների ծրագրերի մեջ։
-Քննական գործընթացներում ներգրավված են մեծ թվով մարդիկ, ինչը դժվարացնում է վերահսկողությունը։ Վերահսկողությունը մեծացնելու և կազմակերպիչների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու ուղղությամբ ի՞նչ է արվում։
-Քննություններին ներգրավված են քննական կենտրոնի տնօրենը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը, ԿԳ նախարարության լիազոր ներկայացուցիչը։ Այս մասնագետներն ամբողջ տարին վերապատրաստվում են։ Եվ կան մարդիկ, ովքեր արդեն փորձառու են, ինչն արտացոլվում է նրանց աշխատանքում։ Ինչ վերաբերում է կազմակերպիչներին, նրանք տեղերում ներկայացնում են մարզերը, և մենք փորձեցինք որոշակի քանակի կազմակերպիչների համար էլ վերապատրաստման կուրսեր կազմակերպել, սակայն դա բարդ հարց է, որովհետև կազմակերպիչները կարծես միայն կազմակերպական գործառույթ ունեն, բայց քանի որ տեղում լինելու է նաև ԳԹԿ ներկայացուցիչը, ուստի պարտադիր չէ, որ կազմակերպիչը շատ մանրամասնությունների տիրապետի։ Մյուս կողմից էլ` քննությունների ընթացքը պայմանավորված է նաև նրանց պատրաստվածության աստիճանով։ Եվ պատահական չէ, որ մարզերից մեկում մենք հրաժարվեցինք մարզի առաջարկած կազմակերպիչների օգնությունից՝ ստիպված լինելով ավելորդ ծախսեր անել և կազմակերպիչներին տանել Երևանից։
Մենք անընդհատ անցկացնում ենք վերապատրաստման կուրսեր և տալիս ենք համապատասխան փաստաթուղթ։ Նրանք, ովքեր ընդգրկված են քննական գործընթացներում, կշարունակեն մասնակցել վերապատրաստումներին, և հետագայում նրանց կտրվեն մասնագիտական վկայականներ։ Եվ երբ նրանց քանակը շատանա, մենք կունենանք ընտրության հնարավորություն։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2298

Մեկնաբանություններ