2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերը սարերի հետևում չեն: Թհեքվանդոն մարտարվեստի ձև է, որն ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում, իսկ մինչ այդ օլիմպիական վարկանիշային մրցաշարեր են անցկացվելու: ՈՒրախացնում է օրերս մեր երկրի այս մարզաձևի ներկայացուցիչների հաջող մրցելույթն ՈՒկրաինայի Խարկով քաղաքի մարզապալատում կայացած մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Զրուցում ենք Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն ՎԱՐԴԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ:
-Փայլուն ելույթ ունեցավ հատկապես 58 կգ քաշային Հայկազ Սամվելյանը, ով, պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին, և, ի պատիվ նրա տարած հաղթանակի, հնչեցվեց Հայաստանի օրհներգը, բարձրացվեց եռագույնը,- զրույցի սկզբում ասաց պարոն Ղահրամանյանը։- Երևանցի մարզիկը վիճակահանությամբ առաջին մրցափուլում ազատ էր հանդիպում անցկացնելու հոգսից, սակայն երկրորդ մրցափուլում նրա հակառակորդը ադրբեջանցի Իմրան Զալովն էր, որին նա պարտվել էր 2007-ին Իզմիրում անցկացված աշխարհի առաջնությունում: Այս անգամ Հայկազը պարզապես ջախջախեց մրցակցին` առավելության հասնելով 10:3 հաշվով: Ապա Սամվելյանը ծնկի բերեց շվեյցարացի փորձառու թհեքվանդոյիստ Ջեյմս Ջերմայնին (13:7), բուլղարացի Վլադիմիր Դալակիշևին (3:0): Իսկ վճռական հանդիպումում մեր մարզիկը բացահայտ առավելություն ուներ Ռուսաստանի պատիվը պաշտպանող դաղստանցի Սոսլանբեկ Կոզիևի (14:4) նկատմամբ: 54 կգ քաշային Հենրիկ Մեջլումյանը ևս կարող էր չեմպիոն դառնալ, սակայն բախտը նրան չժպտաց: Մեջլումյանն առավելության հասավ Իսրայելի ներկայացուցիչ Ամիր Բենդևիդի նկատմամբ (8:2), հետո էլ հաղթեց Բուլղարիայի դրոշի պատիվը պաշտպանող թուրք Կրասիմիր Տոմանովին (13:8): Հենրիկը 5:4 հաշվով հաղթում էր նաև Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ, կորեացի Սերգեյ Դիին, բայց վերջին պահին հակառակորդին հաջողվեց հնարք կատարել և հավասարեցնել հաշիվը` 5:5: Եվ քանի որ Դին էր վաստակել վերջին միավորը, նրան էլ նախապատվություն տրվեց, իսկ մեր մարզիկը ստիպված էր բավարարվել բրոնզե մեդալով: Եզրափակիչում Դին ուժերը չափեց ուկրաինացի ոչ ուժեղ մարզիկի հետ և, հաղթելով, դարձավ չեմպիոն: Այնպես որ, միանգամայն հնարավոր էր, որ Հայաստանի ներկայացուցիչները երկրորդ ոսկե մեդալը նվաճեին` յուրօրինակ ռեկորդ սահմանելով: Ի դեպ, 34 երկրների ներկայացուցիչներ մասնակցեցին ստուգատեսին, և ոչ մի երկրի հավաքական երկու ոսկե մեդալի չտիրացավ:
-Ինչպե՞ս եք գնահատում մեր մարզիկների մրցելույթը:
-Գոհ ենք, քանի որ ընդամենը 8 ոսկե մեդալ էր խաղարկվում, և դրանցից մեկը բաժին հասավ Հայաստանի ներկայացուցչին: Սամվելյանի հաջողությունն օրինաչափ է: Նա իրեն լավագույնս էր դրսևորել նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, իսկ նախորդ տարի, մասնակցելով մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, բրոնզե պարգևի էր տիրացել: Հայկազն ընդամենը 18 տարեկան է և այս անգամ պայքարում էր իրենից տարիքով մեծ մարզիկների հետ: Նա մեր օլիմպիական հիմնական հույսերից է: Քսանամյա Մեջլումյանը ևս հեռանկարային մարզիկ է, ով վերջին շրջանում մի տեսակ ստվերում էր, քանի որ հիմնական ուշադրությունը դարձնում էր ուսմանը: Այժմ Մեջլումյանն ավարտել է Երևանի պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը և կարող է արդեն ավելի շատ ժամանակ տրամադրել մարզումներին: Նրանից ևս մեծ սպասելիքներ ունենք:
-Հայաստանի թհեքվանդոյիստներն այս տարի միջազգային նոր մրցումների մասնակցելո՞ւ են:
-Ըստ օրացուցային պլանի` մեր երկրի ներկայացուցիչներն այլևս միջազգային մեկնարկների չպետք է դուրս գան, բայց քանի որ 2011-ը նախաօլիմպիական տարի է, վարկանիշային մրցումներ են անցկացվելու, այդ է պատճառը, որ ցանկանում ենք մեր մարզիկներին ևս մեկ անգամ հնարավորություն տալ իրենց կարողությունները փորձելու: Այդպիսի առիթ կա, զգացվում է միայն ֆինանսների պակաս: Հոկտեմբերին Ֆրանսիայում թհեքվանդոյի A կարգի միջազգային մրցաշար է անցկացվելու: Ի դեպ, այդ ստուգատեսում մրցելու են միայն չորսը` 60, 70, 80, 80+ կգ քաշային կարգերում: Այդ քաշային կարգերում են մարզիկները հանդես գալու նաև օլիմպիական խաղերում: Մինչդեռ թհեքվանդոյում 8 քաշային կարգեր կան: Այնպես որ, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում մարզիկները բոլորովին այլ քաշային կարգերում են հանդես գալիս:
-Ինչպիսի՞ն է ներկայումս մեր մարզիկների պատրաստվածությունը:
-Եթե մի քանի տարի առաջ Հայաստանի հավաքական թիմերը համալրելու հարցում դժվարություններ էին առաջանում, ապա այժմ սուր մրցակցություն է: Ամեն մի քաշային կարգում հանդես գալու համար մի քանի թեկնածու է պայքարում: ՈՒնենք Եվրոպայի չեմպիոն` Արման Երեմյանը: Նա երեք անգամ բրոնզե մեդալ է նվաճել Համաշխարհային ունիվերսիադաներում: Հայաստանի հավաքականը մարզելու համար իրանցի մասնագետի էինք հրավիրել, մեր մարզիկներն այդ երկրում էին իրենց ուսումնամարզական հավաքներն անցկացնում, իսկ Իրանը թհեքվանդոյի բարձր համարում ունի: Այժմ ապավինում ենք մեր երկրի մասնագետների ուժերին: Այսուհանդերձ, իրանցիներն ուսումնամարզական հավաքների են գալիս Հայաստան, մեր մարզիկների ցույց տված արդյունքներն էլ բարձր են: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի հավաքականն էլ բավականին ուժեղ է: Ի դեպ, այդ մասին արդեն անթաքույց նշում են նաև եվրոպական երկրների հավաքականների մարզիչները: Մեր երկրի ներկայացուցիչներից սկսել են երկյուղել, իսկ դա ավելի է պարտավորեցնում:
-Կա՞ն խանգարող հանգամանքներ:
-Միայն ֆինանսների պակաս է զգացվում: Պետությունից աջակցության կարգով Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիան տարեկան ստանում է 17 մլն դրամ, իսկ դա չափազանց քիչ է աշխատանքները կազմակերպելու համար: Ընդ որում, արդեն հայտնի է, որ հաջորդ տարի նույնպիսի ֆինանսավորում է լինելու, մինչդեռ այդպիսի փողերով հնարավոր չէ անգամ եղածը պահպանել, խոսք լինել չի կարող մարզաձևն ավելի մասսայականացնելու, զարգացնելու հեռանկարի մասին: Ինքս մտահոգ եմ, քանի որ թհեքվանդոն Հայաստանում հիմնադրելու ակունքներում եմ կանգնած եղել, ամեն ինչի դժվարությամբ ենք հասել:
-Չի՞ նախատեսվում Հայաստանում թհեքվանդոյի միջազգային խոշորամասշտաբ ստուգատես անցկացնել:
-Սպասվում է, որ առաջիկայում մեր երկիր կայցելեն Եվրոպայի թհեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Աթանաս Պրակալոսը (Հունաստան), փոխնախագահ Եվգենի Կլյուչնիկովը (Ռուսաստան), գլխավոր քարտուղար Հանս Կիսը (Հոլանդիա): Բանն այն է, որ պայմանավորվածություն կա 2011-ին թհեքվանդոյի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ու Եվրոպայի թհեքվանդոյի ֆեդերացիայի գլխավոր նստաշրջանն անցկացնել Երևանում: Նրանք գալու են ծանոթանալու մեր պայմաններին: Առայժմ պարզ չէ, թե այդ ամենի կազմակերպման համար ինչպիսի վայր կընտրվի: Դրա համար ամենանպատակահարմար մարզաբազան մայրաքաղաքի մարզահամերգային համալիրն է, սակայն մեկ օր մարզաբազայի ծառայությունից օգտվելու վարձավճարը 9 մլն դրամ է: Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիան այդպիսի փողեր չունի: Այդուհանդերձ, հնարավոր է օգնեն Հայաստանի կառավարությունը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ազգային օլիմպիական կոմիտեն: Այս միջոցառումը մեր երկրում անցկացնելն ինքնանպատակ չէ: Եթե այն լավ ստացվի, ապա հետագայում հայտ կներկայացնենք, որպեսզի Երևանում անցկացվի թհեքվանդոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Ի դեպ, Ադրբեջանը նույնպես ցանկանում էր հյուրընկալել Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցներին, սակայն նախապատվությունը մեզ է տրվել:
-Քանի՞ մարզիկ կկարողանա օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:
-Պետք է ունենանք առնվազն երկու ուղեգիր, սակայն բանն այն է, որ վարկանիշային երկու ստուգատես է կազմակերպվելու: Դրանցից մեկն անցկացնելու է Եվրոպայի թհեքվանդոյի ֆեդերացիան, մյուսը` թհեքվանդոյի միջազգային ֆեդերացիան: Վարկանիշը լրացնելու են այդ ստուգատեսների մրցանակակիրները: Խնդիրն այն է, որ եվրոպական ստուգատեսը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Ընդ որում, նախորդ օլիմպիական խաղերից առաջ էլ նույն պատկերն էր, վարկանիշային մրցաշարն Ադրբեջանում էր, իսկ մենք, հասկանալի պատճառներով, այս անգամ էլ չենք մասնակցի այդ ստուգատեսին: Ի դեպ, դիմելու ենք, որպեսզի փոխհատուցման կարգով Հայաստանի մեկ ներկայացուցիչ մասնակցի օլիմպիական խաղերին:
Զրույցը` Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ