ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Անվերապահ կարելի է լինել միայն Աստծո հանդեպ հավատի հարցում»

«Անվերապահ կարելի է լինել միայն Աստծո հանդեպ հավատի հարցում»
24.07.2009 | 00:00

«ԱՄԵՆ ՀԱՅԻ ՄԵՋ ԿԱ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՐԱԶԱՆՔ»
…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրավունքը de facto»-ի հյուրն է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ
«ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՁԵՌՆԵՐԵՑ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ»
-Պարոն Զաքարյան, վերջերս կայացած ՀԳՄ արտահերթ համագումարի ժամանակ բարձրացվող հարցերի շուրջ գրեթե միաձայն քվեարկությունները վկայում են Լևոն Անանյանի նկատմամբ գրողների անվերապահ համակրանքի և վստահության մասի՞ն:
-«Անվերապահ» բառը չեմ սիրում, լինի գրականության մեջ, քաղաքականության, թե կենցաղի: Անվերապահ կարելի է լինել միայն Աստծո հանդեպ հավատի հարցում: Այլ դեպքերում «անվերապահ» բառը չի սազում: Քանի որ ես, հանգամանքների բերումով, գրողների միությունից երկար ժամանակ կտրված եմ եղել (ԱԺ պատգամավոր էի), ինձ իրավունք չեմ վերապահում, լավ չիմանալով այդ խոհանոցը, ակտիվություն դրսևորել գրողների միության անցուդարձերում:
-Դա նկատելի էր, երբ ՀԳՄ վարչության կազմի անդամներին էիք ընտրում: Կատակեցիք, թե ում ճանաչում եք, անունը ջնջում եք, ում չեք ճանաչում, թողնում եք, մտածելով` գուցե լավ մարդ է:
-Դե՜, դա իսկապես կատակ էր: Բայց եթե ավելի լուրջ, ապա ասեմ, որ հիմնականում ջնջել եմ այն մարդկանց անունները, ում գնահատում եմ, ում գործը, ըստ իս, գրելն է, ոչ թե վարչության անդամ լինելը: Ինչ վերաբերում է ՀԳՄ նախագահին, ես հարգում եմ նրան, ինչպես և Ռազմիկ Դավոյանին: Երկուսին էլ շատ վաղուց եմ ճանաչում:
-ՀԳՄ նախագահ կամ, առհասարակ, որևէ ստեղծագործական կոլեկտիվի ղեկավար ընտրելիս ճիշտը մարդու տաղանդով, ստեղծագործական ձեռքբերումներով առաջնորդվե՞լն է, թե՞ գործարարության, կազմակերպչական բնույթի ունակություններով:
-Իհարկե, այս դեպքում ամենակարևորը կազմակերպչական ունակություններն են: Չեմ կարծում, թե գրողների միության նախագահն անպայման պիտի լինի ամենալավ ստեղծագործողը: Տաղանդավոր մարդիկ իրականում այնքան էլ ձեռներեց չեն լինում, շփման մեջ ճկուն ու ակտիվ չեն լինում: Որևէ միության նախագահ ընտրելիս պետք է առաջնորդվել մարդու համախմբելու ունակությամբ, գործարար հատկանիշներով: Պետք է ընտրել այնպիսի մեկին, ով կկարողանա տվյալ ստեղծագործական միության անդամների կյանքն ու գործը որոշ չափով հեշտացնել: Բայց, իհարկե, տգեղ էր գրողների միության շուրջ բարձրացված աղմուկը, միությունն այդ կերպ գնահատելու երևույթը: Եթե նման բաներ պատահում են Ազգային ժողովում, հնչում են հայհոյանքներ, փոխադարձ մեղադրանքներ, դա ինչ-որ տեղ հասկանալի է, բայց գրողներին պատիվ չի բերում նման պահվածքը: Շատերը կարող են մտածել. «Եթե ազգի գրողներն են իրենց այդ կերպ պահում, էլ մյուսներից ի՞նչ պահանջես»: Սա շատ տխուր բան է: Այսպես չի կարելի:
-Որպես լրատվական դաշտի ղեկավար մարմնի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք վերաբերվում «Ա1+» հեռուստաընկերության վերաբացումը խոչընդոտող տևական «միջոցառումներին», մանավանդ որ եվրոպական կառույցներում ևս այս հարցը վաղուց քննարկման թեմա է դարձել:
-Միշտ կողմ եմ եղել, որ «Ա1+»-ը բացվի: Նախ՝ բողոքել եմ, որ փակվել է: Եվ հիմա էլ տեսակետս չի փոխվել: Կարծում եմ՝ Մելսն այսօր մեկն է Հայաստանում եղած մի քանի հեռուստատեսային պրոֆեսիոնալ, տաղանդավոր ռեժիսորներից: Իսկ այդ որակները չօգտագործելը սխալ է:
«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՀՎԱԾՔԸ ՊԱՐՏՎԱԾ ԿՈՂՄԻ ՀԻՍՏԵՐԻԱ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ»
-Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին մտավորականների՝ Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջան կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները տիեզերք չեն թռչելու, ապրելու են կողք կողքի, հետևաբար, պիտի կարողանան իրար հետ լեզու գտնել: 1915-ի ողբերգությունից գրեթե 100 տարի անց մենք դեռևս չենք կարողանում արդյունավետորեն լեզու գտնել Թուրքիայի հետ: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն ժամանակ անց Ադրբեջանի հետ կկարողանանք իսկապես երկխոսել ու հաղթահարել փոխադարձ թշնամանքը:
-Ճիշտն ասած, երկխոսությունը միշտ էլ եղել է` նայած՝ ինչ մակարդակում: Ինքս Ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանակ «Անդրկովկասի նախաձեռնություն» տարածաշրջանային հանձնաժողովի անդամ էի, որտեղ տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի խորհրդարանից կային ներկայացուցիչներ: Հայկական հանձնաժողովի նախագահը Տիգրան Թորոսյանն էր: Տարբեր ֆրակցիաներից մարդիկ էին ընդգրկված, այդ թվում՝ և ես: Տարիներ շարունակ (և ոչ միայն այդ խմբի կազմում) մասնակցել եմ ադրբեջանցի պատգամավորների, թուրքերի հետ կազմակերպված հանդիպումներին: Հիմա դա կհամարենք ոչ պաշտոնական, թե այլ բնույթի հանդիպումներ, այնուամենայնիվ, դրանք կայացել են: Եթե հենց թեկուզ Թուրքիայի օրինակով նայենք, հասարակությունն այսօր երկխոսում է: Տեսեք, թե որքան հայեր են մեկնում Թուրքիա՝ հանգստանալու կամ աշխատելու: Այսինքն՝ շփումն ու երկխոսությունն առկա են: Իսկ ինչ վերաբերում է իշխանության մակարդակով տարվող երկխոսությանը, ապա վերջերս նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասաց, որ ինքը տասը տարի բանակցել է, այսինքն՝ այդ բանակցությունը փաստացի եղել է: Այլ բան, որ դա ծածուկ է պահվել: Թեկուզ՝ ումի՞ց ծածուկ: Եթե հասարակությունից ծածուկ է եղել, ապա չի նշանակում, թե գերտերություններից էլ է ծածուկ եղել: Միամտություն կլինի կարծել, թե գերտերությունները դրանից անտեղյակ են եղել: Ադրբեջանցիների հետ երկխոսությունն ավելի դժվար է եղել, քան թուրքերի, որովհետև Ադրբեջանի պահվածքը պարտված կողմի հիստերիա է հիշեցնում: Պիտի ասեմ, հուրախություն ինձ, որ մենք Թուրքիայի հետ հարաբերություններում չունենք հիստերիկ մոտեցումներ, թեև քիչ է ասել, թե մենք այս դեպքում պարտված կողմ ենք. ավելին՝ ցեղասպանություն է եղել, բայց մենք հիստերիայի չենք տրվում: Պետք է տարբերել պետական քաղաքականությունն անձնական, կուսակցական մոտեցումներից: Մեր պետական քաղաքականությունը պարտադրված է լինել պրագմատիկ: Այստեղ կարևորը, նախ՝ պետության, ժողովրդի շահի և անվտանգության մասին մտածելն է, հետո միայն՝ արդարության: Իհարկե, արդարությունը միշտ պետք է վերականգնել, բայց պետությունը պարտավոր է իմանալ այդ վերականգնման հնարավորությունների սահմանը: Եթե այդ արդարության վերականգնումը պահանջում է ինչ-որ գործողություններ, որոնք կարող են վտանգել ներկա Հայաստանի պետականությունն ու ժողովրդին, ապա պետք է համապատասխան մոտեցումներ մշակել: Այլ բան, որ կուսակցությունը, անհատը կարող են արդարություն հաստատելու հարցում հետ չնայել: Բայց ոչ երբեք՝ պետությունը, պետություն ներկայացնող անձինք: Վերջիններս ամեն մի քայլ կատարելիս (թեկուզ՝ շատ արդարացի) պիտի մտածեն՝ դա վտանգ չի՞ պարունակում իր մեջ ժողովրդի, պետության համար: Շատերը պետության քայլերը քննադատելիս մոռանում են, որ պետությունը պատասխանատու է թե՛ իր երկրի, թե՛ ժողովրդի անվտանգության համար: Իսկ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները քննարկելիս պիտի հիշենք, որ այդ գործընթացներին խառնված են գերտերությունները, և Հայաստանը պիտի ձգտի (իսկ ՀՀ երրորդ նախագահը, ի տարբերություն նախորդների, փորձում է դա անել) իր շահերը համադրել գերտերությունների շահերի հետ ու վարել ակտիվ քաղաքականություն: Եթե մեր շահերը չհամընկնեն, մենք արդյունքի չենք հասնի, որովհետև փոքր պետություն ենք:
-Ըստ Ձեզ՝ մե՞ր, թե՞ Ադրբեջանի շահերն են ավելի հաճախ համընկնում գերտերությունների շահերին: Եվ, առհասարակ, Ալիևի սպառնագին հայտարարությունները պայմանավորված են գերտերությունների հովանավորչությա՞մբ։
-Գերտերությունների կողմից շահերի համընկնումը դիտարկվում է ամբողջ տարածաշրջանի կտրվածքով: Նրանց պետք է, որ էներգետիկ ռեսուրսներն անվտանգ հասնեն իրենց երկրներ, իսկ այս պարագայում ո՞վ կզիջի՝ Ադրբեջանը, թե Հայաստանը, նրանց համար այնքան էլ կարևոր չէ: Ռուսաստանի պարագայում մի փոքր այլ է, որովհետև Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, և մեր երկրի տարածքում ինքը ռազմաբազա ունի: Բայց, խոշոր հաշվով, եթե Ռուսաստանն Ադրբեջանի հետ լեզու գտնի, Վրաստանի հետ հարաբերություններում էլ ինչ-որ բան փոխվի, նրա համար ևս կլինի միևնույնը, թե ում շահը կհաղթի: Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը վարում է պրագմատիկ քաղաքականություն: Նույնն էլ` Միացյալ Նահանգներն ու եվրոպական հզոր պետությունները: Ինձ երբեմն զարմացնում է, որ մեր որոշ կուսակցական, քաղաքական գործիչներ ընդունում են, որ այդ պետությունները պիտի ինչ-որ տեղ պրագմատիկ քաղաքականություն վարեն, բայց երբ հերթը հասնում է մեր պետությանը, նրանք դա քննադատում են զգացմունքային մոտեցմամբ: Այո՛, պատմության ընթացքում Հայաստանի պետության, ժողովրդի հանդեպ շատ անարդարություններ են եղել՝ բոլոր առումներով՝ թե՛ աստվածաշնչյան պատվիրանների, թե՛ խղճի օրենքների, թե՛ այսօր գործող եվրոպական նորմերի տեսանկյունից: Եվ ամեն հայի մեջ կա արդարությունը վերականգնելու երազանք: Բայց երբ այդ երազանքն ունեցող անհատները պետություն են ներկայացնում, պարտավոր են զգացմունքայնությունը մի կողմ թողնել և խոսել պրագմատիզմի դիրքերից: Կոչ կանեի հատկապես նրանց, ովքեր այսօր խոսում են հայ-թուրքական հարբերությունների, ղարաբաղյան հարցի մասին, ստորադասել անհատական, կուսակցական մոտեցումներն ու շահերը ընդհանուր շահին: Ես կուզեի, որ մարդիկ սթափ նայեին ու գնահատեին ամեն ինչ, ոչ թե առաջնորդվեին զգացմունքայնությամբ: Կուզեի, որ զերծ մնային այնպիսի տերմիններից, ինչպես «դավաճանություն», «ծախել»: Ես այսօր չեմ տեսնում այնպիսի մարդկանց, ովքեր կծախեն Ղարաբաղը, Եղեռնը: Դրա համար խորհուրդ կտայի խուսափել կոշտ տերմիններից ու գնահատականներից, որովհետև դա թշնամանք է առաջացնում և խանգարում նաև այլ հարցերի լուծմանը:
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՔՍԻՄԱԼԻԶՄԸ ՍՊԱՌԵԼ Է ԻՐԵՆ»
-Համաներումից հետո մարտի 1-ի գործով ձերբակալված որոշ մարդիկ շարունակում են մնալ բանտերում, և սա առիթ է տալիս տարբեր մեկնաբանությունների: Մասնավորապես՝ համաներումով ազատ արձակված նախկին կալանավոր, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը (և ոչ միայն նա) այն կարծիքին է, թե իրենց ընկերներին շարունակում են պահել ազատազրկման մեջ՝ որպես պատանդների՝ ճնշելու համար ընդդիմադիրների հնարավոր ընդվզումները ղեկավարության դեմ: Ձեր դիտարկումներն այս առնչությամբ։
-Իհարկե, ես կողմ եմ, որ մարտի 1-ի գործով բոլոր ձերբակալվածներն ազատ արձակվեն, բացի նրանցից, ովքեր ավերել ու թալանել են: Բայց ընդդիմությունը պիտի հասկանա, որ մաքսիմալիզմը, «ամեն ինչ կամ ոչինչ» կարգախոսը Հայաստանում սպառել է իրեն: Այս հեղափոխականությունը ոչնչի չի հանգեցնում: Միակ ճիշտ ճանապարհը 1999-ին ընտրեց Կարեն Դեմիրճյանը՝ Վազգեն Սարգսյանի հետ ստեղծելով «Միասնություն» դաշինքը: ՈՒ դրա համար նրան շատ քննադատեցին: Բայց Հայաստանում միայն այդպես է հնարավոր հարց լուծել: Համոզված եմ, որ այդ քայլը շատ մեծ արդյունքի կհանգեցներ՝ բոլոր առումներով, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը:
-Ո՞Ւմ էր ձեռնտու, որ լիներ հոկտեմբերի 27-ը:
-Դժվարանում եմ ասել: Այլ բան է, երբ դու դահլիճում ես, և ընկալումներդ զգայական են: Այլ բան է, երբ դրսից, կողքից ես նայում: Չեմ ուզում շատ փորփրել: Բայց ես զգացել եմ, որ այն ժամանակ մեղադրանքներ ներկայացնողն անշահախնդիր չէր: Իսկ եթե դիմացինդ անշահախնդիր չէ, եթե օգուտ է փնտրում, եթե գործի բացահայտումն առևտրի է վերածում, սկսում ես կասկածել` արդյո՞ք ամեն ինչ ճիշտ է ներկայացվում, արդյո՞ք հանուն գործի հաջողության է քեզ համոզում:
-Եվ վերջում` ի՞նչ ստեղծագործական պլաններ ունեք։
-Ռադիոյով հեղինակային հաղորդում եմ վարում մշակութային խնդիրների մասին: Նմանատիպ հաղորդաշար եմ պատրաստում նաև հանրային հեռուստատեսության համար։
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2092

Մեկնաբանություններ