ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հավատ

Հավատ
19.05.2009 | 00:00

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
Արդ, ինչպես որ մարմնի անդամներից ամենապատվականն ու առաջինը գլուխն է` իր բարձրության և զգայարաններն իր մեջ ունենալու պատճառով, և ապա` կարգով մյուս անդամները, այնպես էլ հոգու անդամների մեջ որպես գլուխ մեծը և առաջինը հավատի ճշմարտությունն է, և նրան են կապված, ինչպես մարմինը գլխին, արդարության մեծ և փոքր գործերը` ըստ Քրիստոս Աստծու պատվիրանների։
Ս. Ներսես Շնորհալի

Հավատն առհասարակ քրիստոնեության երեք գլխավոր առաքինություններից առաջինն է` մարդկային հոգու և մարդկության պատմության ամենաառեղծվածային երևույթը։ «Ոչ միայն մենք,- գրում է ս. Կյուրեղ Ալեքսանդրացին,- Քրիստոսի անունը կրողներս ենք մեծապես պատվում հավատը, այլև այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում` նույնիսկ եկեղեցուն օտար մարդկանց կողմից, կատարվում է հավատով։ Հավատի վրա է հիմնված հողագործությունը, քանզի ով չի հավատում, որ պտուղ կքաղի, նա չարչարանքների չի դիմանա։ Հավատով են առաջնորդվում ծովագնացները, երբ, իրենց ճակատագիրը վստահելով փայտին, ջրերի փոփոխական ալեկոծությունը գերադասում են ամենապինդ տարերքից` հողից, իրենք իրենց հանձնելով անհայտ հույսերի` միայն հավատ ունենալով, որը նրանց համար ամեն մի խարսխից էլ հուսալի է»։
Սակայն «հավատացյալը նա չէ,- ինչպես գրում է ս. Հովհաննես Ոսկեբերանը,- ով հավատում է ամեն բանի, այլ` Աստծուն։
Հավատալ, ըստ արդի հայերենի բառարանի, նշանակում է. 1. հաստատուն համոզմունք ունենալ մեկի կամ մի բանի նկատմամբ, 2. վստահել։ Բազմիմաստ ու ընդգրկուն է սույն բառի աստվածաբանական նշանակությունը։ Պողոս առաքյալն ասում է. «Ի՞նչ է հավատը, եթե ոչ` հուսացած բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում, քանզի նախնիք հավատով վկայություն ընդունեցին։ Հավատով ենք իմանում, որ աշխարհները ստեղծվել են Աստծու խոսքով` անտեսանելի բաներից տեսանելիներ դառնալով»
(Եբր. ԺԱ 1-3)։
«Հուսացած բաները» ապագայի` հավիտենական կյանքի խոստացյալ բարիքներն են, իսկ անտեսանելիի ապացույցի մասին ս. Հովհաննես Ոսկեբերանն ասում է. «Հավատն անհայտի հայեցողությունն է և համակում է (մարդուն) անտեսանելիի մեջ այն նույն համոզվածությամբ, ինչպիսին որ ունի տեսանելիի նկատմամբ։ Ինչպես որ անհնար է չհավատալ տեսանելիին, այնպես էլ բնավ հավատ չկա, եթե մեկն անտեսանելիի մեջ համոզված չէ այնպես, ինչպես տեսանելիի մեջ»։
Հավատն Աստծու նկատմամբ թեև չի հիմնվում մեր մտահանգումների, փորձառության ու զգայարանների վրա, սակայն խոր ներքին համոզմունք է ու ճանաչողության միջոց։
Իբրև մարդու ճանաչողության մյուս միջոցներից` զգայարաններից ու բանականությունից գերազանց միջոց է բնութագրում հավատը Հայաստանյայց Եկեղեցու եռամեծ վարդապետ ս. Գրիգոր Տաթևացին։ Ըստ նրա` աչքերով տեսնում ենք միմիայն ֆիզիկական` տեսանելի աշխարհը (պատերը, լեռները, երկինքը), բանականությամբ` այս ամենը, նաև ոչ նյութական բաները` իմանալի աշխարհը, իսկ հավատի աչքերով` հոգևոր աշխարհը, այսինքն` Աստծուն։ «Ընդ որում,- գրում է Գ. Տաթևացին,- բանականությունը, քանի որ ստեղծված և չափավոր է (այսինքն` սահմանափակ), չի կարող տեսնել անեզր ու անչափ Աստծուն։ Այսպես է, օրինակ, այն իմաստասերների պարագան, որոնք թեև մտքի գիտություն ունեն, սակայն Աստծուն չեն կարող ճանաչել առանց հավատի»։
Ըստ այդմ, որքան սխալ ու անհիմն է մատերիալիստ փիլիսոփաների և աթեիստների այն պնդումը, թե հավատն օբյեկտիվ իրականության աղավաղված արտացոլման հետևանք է, անբացատրելի երևույթների (կայծակ, որոտ, անձրև և այլն) հետևում գերբնական ուժեր տեսնելու մտայնություն, որը, նրանց կանխատեսմամբ, գիտության առաջընթացի համեմատ պատմության գիրկը պիտի անցներ։ Հավատը ներկայացվում էր որպես պարզունակ գիտելիք, տկար մտքի արգասիք և տատիկների առասպել։ Այնինչ, ըստ անգլիացի փիլիսոփա Բեկոնի, «Շատ գիտելիքն է դեպի Աստված տանում, իսկ քիչը` հեռացնում»։
Խնդիրը ոչ թե մարդուն ի վերուստ շնորհված ճանաչողության երկու միջոցների` հավատի և բանականության կամ կրոնի և գիտության արհեստական հակադրության մեջ է, ինչպես անում են մատերիալիստները, այլ հավատ ունենալու` «ծայրագույն բարիքը» տեսնելու և չունենալու մեջ է, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Բոլորը չէ, որ հավատ ունեն» (Բ Թեսաղ. Գ 2)։
Մի քարոզչի մոտ շատ հետաքրքիր պատմություն կա այս առնչությամբ. մի պատանի օդապարուկ է բաց թողնում, որը, ամպամած օրը վեր խոյանալով, թաքնվում է ամպերի մեջ։ Մի անցորդ, տեսնելով երեխայի խաղը, հետաքրքրվում է. «Իսկ ի՞նչ գիտես, որ նա չի կորել. չէ՞ որ ոչինչ չի երևում»։ «Այո,- պատասխանում է պատանին,- այն չի երևում, սակայն միշտ ձգում է մատիցս կապված թելը և զգացնել տալիս իր ներկայությունը»։ Այս պատմությունը շատ է հիշեցնում անհավատների այն հարցը, թե եթե Աստծուն աչքով չտեսնենք, չենք հավատա։ Աստծուն հնարավոր չէ մարմնական աչքերով տեսնել, այլ միայն հավատի աչքերով. Քրիստոս ասում է. «Երանի՜ նրանց, ովքեր չեն տեսել և սակայն կհավատան» (Հովհ. Ի 29)։ Այլ կեպ ասած, հավատալ կրոնական առումով նշանակում է ճանաչել, ընդունել Աստծու գոյությունը, համոզված լինել հոգևոր աշխարհի գոյության մեջ։ Ի դեպ, գրաբարում, երբ այս բայն օգտագործվում է դավանելու, խոստովանելու, ընդունելու իմաստով, դրվում է «ի» նախդիրը, իսկ վստահելու իմաստով`«զ» նախդիրը։ Օրինակ` հաւատալ ի Քրիստոս և հաւատալ զմարդ։
Այդ նույն հավատն առ Աստված անբաժան է հավատից Նրա Եկեղեցու և Նրա խոսքի` Աստվածաշնչի նկատմամբ, որոնք և մեզ նոր գիտելիք ու աշխարհայացք են շնորհում մարդու, աշխարհի, մահվան, տառապանքի, կյանքի իմաստի, Երկնքի արքայության և այլնի մասին։ «Հավատի մեջ մեռան սրանք բոլորը (նախահայրերը), և` դեռևս խոստումները չստացած, բայց հեռվից տեսան այդ խոստումները և ցնծացին ու խոստովանեցին, թե իրենք օտար և պանդուխտ են երկրի վրա։ Բոլոր նրանք, որ այսպիսի բաներ են խոսում, հայտնի են անում, թե մի հայրենի երկիր են փնտրում. քանզի եթե հիշեին այն երկիրը, որտեղից ելան, ժամանակ ունեին նորից դառնալու այնտեղ։ Հիրավի, մի ավելի լավ տեղ են տենչում, այսինքն` երկնավոր մի վայր» (Եբր. ԺԱ 13-16)։
Աստվածաշնչական առումով հավատալը, բացի Աստծու գոյությունն ընդունելուց ու հոգևոր աշխարհայացքից, որին անհնար է մտքով ու փորձառությամբ հասնել, ներառում է հնազանդություն, կատարյալ վստահություն, չարի մեջ հաստատված սեփական կամքից հրաժարում և Տիրոջ կամքի կատարում։ Այսպես վարվեց Աբրահամը, երբ լսեց Աստծու խոսքը. «Հեռացի՛ր քո երկրից (իմա` Քաղդեական Խառանից), քո ցեղից ու քո հոր տնից և գնա՛ այն երկիրը, որը ցույց կտամ քեզ։ Քեզ մեծ ցեղի նախահայր պիտի դարձնեմ... Քեզնով պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ժողովուրդները» (Ծննդ. ԺԲ 1-3)։ «Աբրահամը հավատաց Աստծուն, և այդ հավատն իր համար արդարություն համարեց» (Ծննդ. ԺԵ 6)։ Այսինքն` Աբրահամը վստահեց Աստծուն և պանդուխտ դարձավ Ավետյաց երկրում և թեպետ «անհուսության մեջ էր, հույսով հավատաց, որ ինքը կլինի բազում ազգերի հայր» (Հռոմ. Գ 18), քանզի, գնալով անհայտություն, նա կարող էր կորցնել ամեն ինչ։
Այսպես վարվեց նաև Քրիստոսը` մեր հավատի զորագլուխն ու կատարելագործողը, Ով «չարչարանքների մեջ հնազանդություն սովորեց և կատարյալ դառնալով` բոլոր Իրեն հնազանդվողների հավիտենական փրկության պատճառ դարձավ» (Եբր. Ե 8)։
Հավատով ենք ճանաչում Աստծու սերը. «Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, թե որքան քաղցր է Տերը» (Սաղմ. ԼԳ), և մենք էլ մեր հերթին պիտի սիրենք Նրան մեր ամբողջ հոգով, մտքով, սրտով ու զորությամբ և սիրենք Իր պատկերով և նմանությամբ արարված մեր մերձավորին։
Սակայն հավատն անօգուտ է, եթե չի ուղեկցվում աղոթքով, ողորմությամբ ու առաքինություններով, քանզի «դևերն էլ են հավատում ու դողում» և, «ինչպես որ մեռած է մարմինն առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատն առանց գործերի» (Հակ. Բ 19, 26)։
Եբրայերեն հավատալ «ամա» բայը, որից ածանցվել է ծիսական «ամեն» բառը, նշանակում է «լինել ամուր, հուսալի»։ Այսինքն` հավատալ նշանակում է հաստատվել Աստծու վրա իբրև ամուր նեցուկի, վստահել Նրան, Նրա վրա կառուցել կյանքը։ Եվ այսպիսի հավատն է հրաշքներ ու ամենօրյա սխրանքներ գործում։ Հիշենք, որ Քրիստոս հրաշքներ չէր գործում այն տեղերում, ուր հավատք չկար։ Իսկ աստվածաշնչական սրբերի մասին հավատի առնչությամբ Պողոս առաքյալն ասում է. «Հավատո՛վ պարտության մատնեցին թագավորություններ, գործեցին արդարություն, հասան խոստմանը, փակեցին առյուծների բերանները, հանգցրին կրակի զորությունը, փրկվեցին սրի բերանից, զորացան տկարությունից հետո, կտրիճներ եղան պատերազմի մեջ, հաղթեցին օտար բանակների, կանայք հարության միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշներ չարչարանքի ենթարկվեցին` մերժելով ազատություն ձեռք բերել, որպեսզի հասնեն լավագույն հարության, և ուրիշներ ենթարկվեցին տանջանքների ու գանահարությունների, կապանքների և բանտերի. քարկոծվեցին, սղոցվեցին, փորձության ենթարկվեցին, սրով սպանվելով մեռան, թափառեցին ոչխարների և այծերի մորթիներով ծածկված, ապրելով կարիքի մեջ, նեղության մեջ, չարչարանքների մեջ (մարդիկ, որոնց այս աշխարհն արժանի չէ), մոլորված անապատում, լեռներում, քարայրներում ու երկրի խորշերում» (Եբր. ԺԱ 33-38)։
Հավատն Աստծու խոսքի սերմից է ծնվում մարդու մեջ. «Ապա ուրեմն հավատը լսվածից է, և լսվածը` Քրիստոսի խոսքից» (Հռոմ. Ժ 17). այն մարդու պատասխանն է Իրեն բացահայտող Աստծուն, Ով տալիս է մեզ «իմաստության և հայտնության հոգի Իրեն ճանաչելու համար» (Եփես. Ա 17)։ Եվ ոչ թե մեր մտահանգումներով, փորձառությամբ ու արտաքին ապացույցներով ենք հավատքի գալիս, թեև դրանք ակնհայտ են, այլ Նա է, որ «լուսավոր պիտի դարձնի ձեր սրտի աչքերը, որպեսզի մենք հասկանանք, թե ի՛նչ է Նրա կոչման հույսը, ի՛նչ է Նրա ժառանգության փառքի մեծությունը սրբերի մեջ, և ինչ է Նրա զորության գերազանց մեծությունը» (Եփես. Ա 18)։ Այլ կերպ ասած, հավատը շնորհ է` հոգևոր պարգև, սակայն մարդու ազատ կամքից է կախված այդ ճանապարհով (ապաշխարություն, սրբություն, կատարելություն և հոգու փրկություն) ընթանալը, ինչպես մեր Տերն է բացատրում Սերմնացանի առակում Երկնքի արքայության խոսքը զանազան կերպ ընդունողների և իրենց հոգիներում պտղաբերողների առնչությամբ (Մատթ. 13. 18-23)։
Մեր հավատը Քրիստոսի նկատմամբ փրկարար է։ Քրիստոնեությունը տարբերվում է աշխարհի մյուս բոլոր կրոններից նրանով, որ բացահայտում է ադամական մեղքով խաթարված մարդու բնությունը. «Աստված երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին` տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ Աստծուն է փնտրում։ Բոլորը միասին խոտորվեցին և անպետք դարձան։ Բարություն անող չկա, չկա նույնիսկ մեկ հոգի» (Սաղմ. ԾԲ 1-2)։ Ամեն մարդ վաղ թե ուշ կզգա այդ բանը, կհասկանա, որ աշխարհի ամեն մի չարիք մարդու սրտից է բխում։ «Իսկ եթե անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, այլևս ես չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բնակվող մեղքը... Ի՞նչ խղճալի մարդ եմ ես։ Ո՞վ կփրկի ինձ այս մարմնից, որ ինձ մահվան է տանում» (Հռոմ. 7. 20, 24)։ ՈՒստի և հավատը Աստծու Որդու` Փրկչի նկատմամբ նշանակում է` ընդունել սեփական հոգու անկումը. այնպես որ, ոչ մի ուրիշ մարդ կամ հրեշտակ չի կարող իրեն փրկել։ Այդ իսկ պատճառով, Աստծու անքնին նախախնամությամբ, Քրիստոս աշխարհ եկավ, մարդացավ, չարչարվեց ու խաչվեց աշխարհի փրկության համար. «Եթե քո բերանով Հիսուսին Տեր խոստովանես և քո սրտում հավատաս, թե Աստված Նրան հարություն տվեց` կփրկվես» (Հռոմ. Ժ 9)։
Քրիստոնյաները, երբ մկրտվում են Նրա անունով և լցվում Սուրբ Հոգու շնորհներով, ստանում են փրկության երաշխիքը։
Իսկ ի՞նչ է անհավատությունը, եթե ոչ եսակենտրոն փնտրտուք հարստության, սնափառության ու վայելքների` այս աշխարհում միայն մեկ անգամ ապրելու սին համոզմունքով։ Ս. Իսահակ Ասորին գրում է. «Այդպիսին չի կարող իր մարմնի համար մշտապես հոգ չտանել և վախ չունենալ, ուստի և համակվում է փոքրոգությամբ, տրտմությամբ, հուսահատությամբ, երկյուղով մարդկանց համար, վախով կողոպտիչներից, վախով մահից, հոգածությամբ հիվանդության մեջ, տագնապով սղության մեջ, վախով տառապանքի համար... Նա նման է ծովի, որի մեջ զօր ու գիշեր ամեն ժամ ալեկոծվում ու նրա վրա են սլանում ալիքները, քանզի ի զորու չէ իր հոգսերը տալ Աստծուն` հավատով ապավինելով Նրան»։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 3656

Մեկնաբանություններ