ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՆԱ ՕՐՀՆԵՑ ՄԵԶ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՇԵՄԻՆ

ՆԱ ՕՐՀՆԵՑ ՄԵԶ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՇԵՄԻՆ
07.05.2010 | 00:00

(հանդիպում Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի հետ)
«Ծնողներս Չարդախլուից էին` Ելիզավետպոլի գավառի լեռնային մասից։ Հիմա մտնում է Ադրբեջանի Շամխորի շրջանի մեջ։ Ծնվել եմ 1897 թվականի դեկտեմբերի 2-ին` «Անդրկովկասյան երկաթուղու» Ելիզավետպոլ (այժմ` Կիրովաբադ) կայարանի գծային բանավաններից մեկում»,- այսպես է սկսվում Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի «Իմ հուշերը» գիրքը, որի օրինակը տասնութ տարի առաջ ինձ` այն ժամանակ Մոսկվայի պետհամալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողիս, նվիրել էր հզոր տերության մարշալը։ Չորս ամիս հետո, ութսունհինգամյակի շեմին, մարշալ Բաղրամյանը հեռացավ կյանքից` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի անանց փառքով օծված։ Տասը տարի հետո վերացավ Խորհրդային Միությունը, որին ծառայելուն էր մարշալը նվիրաբերել իր ամբողջ գիտակցական կյանքը։
Կարո՞ղ էր այն ժամանակ մեծ զորավարը ենթադրել, թե այդպիսի ողբերգական ճակատագրի կարող է արժանանալ այն երկիրը, որին ինքը հավատարմորեն ծառայեց մինչև իր օրերի վերջը։ Շատ հանդիպումներ էր ունենում մարդկանց հետ, ուշադրությամբ հետևում էր երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։ Հետաքրքրվում էր հատկապես երիտասարդական միջավայրում տիրող տրամադրություններով։ Հիշում եմ խոսքերը. «Բարձրաստիճան ծնողների երեխաները, այսպես կոչված, ոսկե երիտասարդությունը, զուրկ են արարելու, դժվարությունները հաղթահարելու, ինքնուրույն ուղիով ընթանալու ցանկությունից և ունակությունից։ Ամեն ինչ նրանց մատուցվում է սկուտեղի վրա, նրանք եսասեր են և հանուն պետության շահերի ինքնազոհության ընդունակ չեն։ Եթե իշխանությունը նրանց ձեռքն ընկնի` երկրին մռայլ ապագա, գուցե և կործանում կսպառնա»։
Տասը տարի անց, փորձելով գլուխ հանել կոմունիստական հայտնի գործիչների` մեծ պետությունն այնքան անգթորեն ավերած ժառանգների վարքագծից, ես հաճախ էի մտովի վերադառնում մերձմոսկովյան Բակովկայի ամառանոցում մարշալի հետ ունեցած հանդիպմանը, նորից ու նորից վերհիշում մեր ժամեր տևած զրույցի բոլոր մանրամասները։
Ինձ ապշեցրել էին զորավարի աչքերում ամբարված սրբաշող բարությունն ու մի տեսակ թաքուն թախիծը, անգամ կարոտը, որ ամենևին չէր ներդաշնակում զինվորական մասնագիտության մարդու մասին իմ դպրոցական պատկերացումներին։ Հիմա, ուշադիր զննելով Հովհաննես Բաղրամյանի լուսանկարները, ես դրանցում էլ եմ տեսնում նրա աչքերին բնորոշ արտահայտությունը։ Բայց այն ժամանակ դա ինձ համար մեծ անակնկալ էր։ Ի՞նչ գաղտնիք է սա, ի՞նչ թախիծ է երբեք պարտություն չկրած, միշտ հաղթող դուրս եկած և դեռ կենդանության օրոք համաժողովրդական, հավերժական փառքով պսակված զորավարի աչքերում։
Այնպես ստացվեց, որ մարշալի հետ հենց առաջին հանդիպումն իմ առջև բացեց այդ գաղտնիքը։ Եվ ինչպես միշտ նման դեպքերում` օգնեց պատահականությունը...
Ժամերն արագ էին թռչում։ Ես Հովհաննես Բաղրամյանին մանրամասնորեն պատմում էի հայ ուսանողների և ասպիրանտների մոսկովյան հայրենակցական միության գործունեության մասին, որի ղեկավարն էի այն ժամանակ։ Պատմում էի այն մասին, որ վերջերս ՄՊՀ հասարակագիտական ֆակուլտետների հանդիսասրահում հանդիպում էինք կազմակերպել Սիլվա Կապուտիկյանի հետ, համալսարանի մշակույթի տան մեծ դահլիճում անցկացրել էինք հայկական գիտության և մշակույթի երեկույթ, որտեղ ելույթներ էին ունեցել ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ Հ. Կնունյանցը, Կամո Դեմիրճյանը, Ն. Ենիկոլոպովը, Մ. Չայլախյանը, Ս. Սիտարյանը, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոսներ Լ. Բադալյանը, Է. Ավետիսովը, նավատորմի ծովակալ և ռազմագիտության դոկտոր Վ. Փիրումովը, ԽՍՀՄ սոցիոլոգիական միության նախագահ, պրոֆեսոր Խ. Մոմջյանը, Մոսկվայում աշխատող հայ մտավորականության այլ խոշորագույն ներկայացուցիչներ։ Մարշալն աշխուժորեն հետաքրքրվում էր այդ ամենով, բայց, թերևս, ամենից շատ հարցուփորձ արեց Հայաստանից եկած և մայրաքաղաքի բուհերում սովորող ուսանողների ու ասպիրանտների կյանքից, կենցաղից, պրոբլեմներից և առաջադիմությունից։ Քանի՞ հոգի են։ ՈՒսումն ավարտելուց հետո ո՞ր մասն է մնալու Մոսկվայում և ի՞նչ պատճառներով։ Ինչպե՞ս է դասավորվում նրանց մասնագիտական ճակատագիրը Հայաստան վերադառնալուց հետո, և ի՞նչ արդյունավետությամբ է այնտեղ օգտագործվում նրանց ստացած մասնագիտական որակավորումը։
Երեկոյանում էր, արդեն հրաժեշտ տալու ժամանակն էր, երբ պահակային ծառայությունից զանգահարեցին ու հայտնեցին, որ Չարդախլուից զորավարի հայրենակիցներն են ուզում ներս գալ։ Այդ լուրը մարշալն ընդունեց մեծ հուզմունքով։ Կարգադրեց անմիջապես ներս թողնել, ապա, դիմելով ինձ, ասաց.
-Ես իմ ժողովրդին շատ եմ սիրում, որտեղ էլ նա ապրելիս լինի` Հայաստանում, թե Մոսկվայում, մեր այլ քաղաքներում, թե արտասահմանում, բայց հայրենի Չարդախլուի իմ համագյուղացիներին առանձնահատուկ սիրով եմ սիրում։ Երևի այն պատճառով, որ նրանք այսօր ամենից շատ են իմ աջակցության կարիքն զգում...
Այստեղ Հովհաննես Բաղրամյանը երկար լռեց` հայացքը հառելով դիմացի պատին, ուր կախված էր «Ավարայրի ճակատամարտը» դրոշմաքանդակը։ Ապա հայացքը հառեց կնոջ` Թամարա Հմայակովնայի, մեծադիր լուսանկարի վրա, ծանր հոգոց հանեց ու շարունակեց.
-Ամեն անգամ, երբ մեկնումեկը գալիս է մեր կողմերից, հոգիս տակնուվրա է լինում։ Շատերը, հատկապես ջահելները, քաղաքակրթության բարիքների հետևից ընկած, նաև շրջանային ղեկավարության ճնշումներից նեղված, լքում են էն սուրբ հողը, որն իրենց պապերը, ապուպապերն են մշակել։ Չէ, չկարծես, թե նրանք, որ հիմա գալիս են էստեղ, լքել են Չարդախլուն։ Անգամ մտերիմ մարդիկ, որոնց հետ, է՜, երկար տարիներ բարեկամություն եմ անում, չեն համարձակվում ինձ մոտ գալ մեր գյուղից հեռանալուց հետո։ Չէ, իմ թուքումուրից վախենալուց չէ։ Ե՛ս չեմ նրանց դատավորը, բայց իրենք զգում են, որ չեն կարող աչքերիս մեջ նայել։ Այնպես որ, ինձ մոտ խորհրդի կամ օգնության խնդրանքով գալիս են միայն նրանք, ովքեր, չնայած բոլոր դժվարություններին, հավատարիմ են իրենց պապերի հողում ապրելու սրբազան պարտքին ու իրավունքին...
Սենյակ մտան երկու տարեց տղամարդ` մայրաքաղաքի համար շատ արտասովոր հագուստով։ Ակամա ժպիտ առաջացնելով, առանձնապես աչքի էին զարնում հնամաշ, բայց մաքուր ու խնամքով փայլեցված զինվորական սապոգների ճտքերի մեջ նույնքան խնամքով հավաքված նրանց լայն փոխանաձև շալվարները։
Տանտերն աչքերը կկոցեց, լույս ճառագող ժպիտով, զարմանք և ուրախություն արտահայտող գոչյուններով, ձեռքերը պարզած, ընդառաջ ելավ հյուրերին։ Երևում էր, որ լավ ճանաչում է եկվորներին։ Անմիջապես էլ ակտիվ զրույց սկսվեց, որի ընթացքում հյուրերը մարշալին «դու»-ով էին դիմում, որպես հին բարեկամներ, որ շատ աղուհաց էին վայելել նրա հետ։
-Հովհաննես Խաչատուրովիչ, ե՞րբ ես Չարդախլու գալու։ Քո գալը շատ բան կտա, մարդկանց հույս, հավատ կբերի, զորություն կտա, որ դեմ ելնեն տեղի կառավարիչների կամայականություններին։ Քանի մենք կանք, ուրեմն էնտեղ տունուտեղ ունես, արի...
-Կգամ, կգամ, այ, եղանակը մի քիչ կարգավորվի` անպայման կգամ։ Ի՞նչ է, Չարդախլուից էլի շա՞տ են դուրս գնում։ Մեկուկես տարի առաջ Բաքու գրեցի, Շամխորի շրջկոմ, բացատրություն պահանջեցի։ Ինձ խոստացել էին բնակչության կյանքի պայմանները լավացնել։
-Հա, էն ժամանակ մի քիչ թեթևացավ։ Բայց էս վերջերս պաշտոնավորներն էլի կապները կտրել են. փակեցին գյուղի բաղնիքը, վարսավիրանոցը, հայերին ամեն ձևով ստիպում են հեռանալ իրենց տներից, հայրենի վայրերից։ Չէ, արի Չարդախլու, իսկ ավելի լավ կլինի, որ մշտապես տեղափոխվես, թե չէ մի երեսուն տարի հետո էնտեղ արդեն հայ չի մնա։ Հայերեն խոսք ասող չի լինի...
Աչքի պոչով նայեցի ծերունազարդ մարշալին։ Նրա դողացող այտերին արցունքի երկու խոշոր կաթիլ էր փայլում։ Ահա թե որն է նրա աչքերում ամբարված թախծի բուն պատճառը, որ իմ մեջ տպավորվել էր հենց սկզբից, մտածեցի ես և հայացքս թեքեցի դեպի պատի լուսանկարները. Ժուկովն ու Բաղրամյանը, հաղթանակի զորահանդեսը, ռազմաճակատների հրամանատարները դամբարանի ամբիոնին, Բաղրամյանն ու Բաբաջանյանը...
Երբ հյուրերը, դրական պատասխան ստանալով իրենցից մեկի որդուն Ռուսաստանից Անդրկովկասի զինվորական օկրուգ տեղափոխելու խնդրանքին, գնացին, զորավարն ինձ խնդրեց էլի մնալ և իր հետ մի կտոր հաց կիսել։ Հասկացա, որ հացը պատրվակ է, հուզված էր և ուզում էր էլի խոսել։ Ենթարկվեցի, և մինչ սպասուհին սեղան էր գցում, մտազբաղ ու ցածրաձայն, գրեթե մրմնջալով սկսեց խոսել.
-Հա՜, մենք, իհարկե, չլուծված պրոբլեմներ շատ ունենք։ Ճակատագիրն անխիղճ բաներ շատ է արել մեր ժողովրդի հանդեպ։ ՈՒ ես վախով եմ մտածում, որ կարող են գտնվել խառնակիչ մարդիկ ու չարաշահել մեր ցավը, ուղղել պետության դեմ։ Այդ դեպքում աղետն անխուսափելի կդառնա, ու մենք կարող ենք կորցնել նաև այն, ինչ ունենք, ինչը մեր ջանքերով կարողացել ենք ստեղծել։ Խոսքը մեր պետության մասին է, որը հուսալի պատվար է հայ ժողովրդի համար։ Եվ մենք պետք է արդարության ձգտենք ոչ թե ի հեճուկս տերության շահերի, այլ հենվելով նրա զորության վրա։ Խորհրդային պետության մեղքը չէ, որ Երկրորդ համաշխարհայինի ավարտին, երբ հնարավորություն էր առաջացել հայկական հարցում վերականգնել պատմական արդարությունը, արևմտյան տերությունները, թափահարելով արդեն ունեցած «միջուկային մահակը», իրենց հովանու տակ առան հիտլերյան Գերմանիայի թաքնված դաշնակից Թուրքիային։ Չլիներ սա` Արևմտյան Հայաստանի հարցը մի քանի օրում կլուծվեր։
Բառերն արտասանում էր ցածրաձայն, հատիկ-հատիկ, երբեմն-երբեմն ուշադիր հայացք գցելով վրաս։ Դժվար չէր հասկանալ, որ այդ հարցերը նրան շատ են մտատանջել, և դրանց մասին նա միայնակ շատ է խորհել։
-Ինչ վերաբերում է Խորհրդային Միության ներսում տարածքային հարցերի բարձրացմանը, ապա դա ոչ միայն անհեռանկար է, այլև շատ վտանգավոր, որովհետև կարող է խարխլել տերության հիմքերը, որի գոյության հիմնական սկզբունքը հանրապետությունների ներպետական սահմանների պայմանական լինելն է։ Մենք պետք է հենց հակառակին ձգտենք. սահմանները պետք է ոչ թե ձևականորեն, այլ գործնականորեն համարվեն պայմանական, իսկ դրա համար անհրաժեշտ է հասնել տեղայնական ազգայնական կամայականության հանդեպ կենտրոնական իշխանության իրավասության ամրապնդմանը։ Եթե հանկարծ այդ կամայականությունը վերջնականորեն գերիշխի, կսկսվի ժողովուրդների մեծ տեղահանություն, և հայկական պապենական տարածքներում, որոնք ժամանակին պայմանականորեն մտցվել են Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ, մի քանի օրում ոչ մի հայ չի մնա։ Օգտվելով հարմար առիթից, ադրբեջանցի ազգայնամոլները հանրապետությունների միջև եղած պայմանական սահմանները կհռչակեն անսասան և անխախտելի։ Եվ Մոսկվայի վերահսկողությունից ազատված գիշանգղները «իրենց» տարածքներում էթնիկ զտումներ կանեն։ Քաոսից ու արյունահեղությունից կտուժեն բոլոր ժողովուրդները, կշահեն միայն տականքները։ Մենք պետք է շատ զգույշ լինենք, որովհետև նման ողբերգությունների հետևանքներից առավել մեծ չափով կարող է հենց մեր ժողովուրդը տուժել։ Միայն տաքարյուն արկածախնդիրներն ու սրիկաները կարող են անտեսել ԽՍՀՄ փլուզման վտանգը աշխարհաքաղաքական նման դիրքում գտնվող Հայաստանի համար։
ՈՒմ-ում, բայց ինձ մարշալի տագնապը չէր կարող չափազանցություն թվալ։ Չէ՞ որ այդ ժամանակ ես դիպլոմային աշխատանքս էի գրում` նվիրված Զբիգնև Բժեզինսկու քաղաքական փիլիսոփայության վերլուծությանը, որտեղ կենտրոնական տեղը զբաղեցնում էր Խորհրդային Միության հնարավոր փլուզումը` որպես հետևանք ներքին ազգամիջյան հակասությունների և նրա տնտեսական համակարգի թերությունների։ Բայց դեռ 82 թվականն էր, և ոչ մի նախանշան չկար, թե կարող է իշխանության գալ Միխայիլ Գորբաչովը, կարող են տեղի ունենալ 1988-ի իրադարձությունները, կարող է «Ղարաբաղ» կոմիտե լինել և Ադրբեջանի ժողճակատ։ Տարիներ անց միայն ես կարողացա ըստ արժանվույն գնահատել մարշալի սթափ մտքերը մեծ տերության և հարազատ ժողովրդի ապագայի մասին, նրա մարգարեական ձիրքը։ Տարիներ անց միայն հասկացա, թե ինչու երբ ես, ուշ ժամը նկատի ունենալով, ցանկացա հրաժեշտ տալ, նա խնդրեց ինձ չշտապել։ Նա դեռ չէր ասել գլխավորը, այն, ինչը նրան ամենից շատ էր հուզում, և ինչը նա թողել էր այդ անմոռաց օրվա զրույցի վերջի համար։ Նա պետք է զգուշացներ սխալներից, մաղթեր զերծ մնալ վերահաս վտանգներից, հայրական իր օրհնությունը տար հայոց ողբերգական ճակատագրի նոր անակնկալներին դիմակայելու համար։
Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քաղաքագիտության դոկտոր,
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ,
ՀՀ երկրորդ և երրորդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր

Դիտվել է՝ 1972

Մեկնաբանություններ