ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ՀԻՄՔԵՐ ՉԵՆ ԳՏՆԻ ՕԳՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ` ԼՈՒԾԵԼՈՒ ԻՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ՀԻՄՔԵՐ ՉԵՆ ԳՏՆԻ ՕԳՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ` ԼՈՒԾԵԼՈՒ ԻՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
14.05.2010 | 00:00

Իրանը վարում է հաղորդակցության ոլորտում Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ համագործակցության իրականացման քաղաքականություն` ի հակակշիռ Թուրքիայի, որը շահագրգռված է «Եվրասիական միջանցքի» նախագծերի, այսինքն` աշխարհագրական լայնություններով անցնող հաղորդակցության զարգացմամբ։ Ադրբեջանը, ծայրաստիճան շահագրգռված լինելով «Հյուսիս-Հարավ» սխեմայով հաղորդակցության զարգացմամբ, ինքնաբերաբար հակասության մեջ է մտնում Թուրքիայի հետ։ Միաժամանակ, Թուրքիայի դիրքորոշումը շատ զուսպ եղավ, քանի որ, նրա կարծիքով, Ադրբեջանի մտադրությունների առնչությամբ թելադրանքի և վետոյի հնարքների կիրառումն ամենաարդյունավետ քաղաքական մոտեցումը չէ։ «Հյուսիս-Հարավ» սխեմայի առնչությամբ թուրքական վերլուծական գրականության մեջ կա երկու կարծիք։ Անկարայի «խմբի» քաղաքագետների կարծիքով, այդ հաղորդակցական նախագծերը կհանգեցնեն Ռուսաստանից և Իրանից Ադրբեջանի կախյալ վիճակին, աստիճանաբար կթուլանան Թուրքիայի դիրքերը, ինչի հետևանքով տարածաշրջանում կձևավորվեն քաղաքական նոր իրողություններ։ Կարծիք կա, որ Ադրբեջանը, շատ զգայուն լինելով արտաքին քաղաքական ու տնտեսական նախաձեռնությունների նկատմամբ, առաջին փուլում կլինի ավելի «չեզոք» պետություն, իսկ հետո կդառնա Ռուսաստանի և Իրանի կամակատարը։ Ստամբուլյան «խմբի» քաղաքագետները կարծում են, որ, ընդհակառակը, «Հյուսիս-Հարավ» սխեմայի իրականացումը կմեծացնի ոչ միայն Ադրբեջանի կշիռը տարածաշրջանում, այլև հաղորդակցության այդ ուղիները կդնի նաև Թուրքիայի հսկողության ներքո, քանի որ Թուրքիան չի կարող թուլացնել իր ներկայությունն Ադրբեջանում։ Այդ թեման, փաստորեն, չի դիտարկվում ադրբեջանցի փորձագետների վերլուծություններում, ինչը վկայում է Ադրբեջանի քաղաքական շրջանակներում «փակ» թեմաների առկայության մասին։ ՈՒշադրության առնելով տարածաշրջանի առանձնահատկությունը, կարելի է ենթադրել, որ «Հյուսիս-Հարավ» գծի նշանակությունը կախված կլինի բազմավեկտոր հաղորդակցությունից, նրանց գործունեության աշխուժությունից, տնտեսական ու քաղաքական գործոններից, ինչպես նաև տարածաշրջանային առճակատման բնույթից ու մակարդակից։ Կասկած չի հարուցում այն, որ «Հյուսիս-Հարավ» սխեման նախատեսվում է տարածաշրջանի երկու առավել խոշոր պետությունների` Ռուսաստանի և Իրանի, որոշակի ռազմավարական ոլորտների զարգացման համար, ինչը, իհարկե, կապահովի «Եվրասիական միջանցք» ծրագրի մրցակցային ռազմավարությունը։ ՈՒստի Ադրբեջանը ներգրավվում է այլընտրանքային ռազմավարության մեջ և պետք է համապատասխան որոշումներ կայացնի այդ երկու ռազմավարությունների զարգացման յուրաքանչյուր փուլում։ Ադրբեջանն այնքան ինքնաբավ ու անկախ պետություն չէ, որ կարողանա հետևել միայն «Եվրասիական միջանցք» ծրագրի պայմաններին։ Նավթի ու գազի պաշարների սպառման համեմատ Ադրբեջանը կկորցնի իր կարևորությունն արևմտյան ուղղությամբ և ստիպված կլինի ավելի սերտորեն համագործակցելու Ռուսաստանի և Իրանի հետ։ Դա չի կարող հանգեցնել Ռուսաստանի և Իրանի համար Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակության արմատական նվազմանը, բայց, հնարավոր է, ի հայտ կգան նոր հարաբերություններ, երբ Ադրբեջանը կարող է հուսալ, որ այդ երկու տերություններն ավելի ըմբռնումով կվերաբերվեն իր պրոբլեմներին։ Այդ իրավիճակը կարելի է դիտարկել այլ կերպ, երբ Ադրբեջանի, որպես ածխաջրածիններ արտահանողի, նշանակությունը սկզբունքային անկում կունենա. դա այդ երկրին կսպառնա քաղաքական և պետական ճգնաժամով` բնակչության աղետալի արտահոսքի պատճառով։ Նման իրավիճակում Ռուսաստանն ու Իրանը հիմքեր չեն գտնի օգնելու Ադրբեջանին` լուծելու իր տարածքային և քաղաքական խնդիրները։
Թուրքիան չի կարող չտեսնել այդ հեռանկարը, և պետք է առաջադրի նոր նախաձեռնություններ` ուղղված լայնություններով անցնող հաղորդակցական նախագծերի դերի բարձրացմանը։ Թուրքիան բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի Կարս-Ախալքալաք երկաթուղային հաղորդակցության նախագծի իրականացման համար։ Այդ նախագիծը, որն 90 տոկոսով նախատեսված է նավթի փոխադրման համար, նպատակ ունի Ադրբեջանն ավելի ամուր «կապել» իր հետ։ Այդ խնդրի իրագործումը ենթադրում է Հայաստանի շրջափակման քաղաքականության շարունակում։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ը, որի հարաբերությունները Թուրքիայի հետ բարելավման նշաններ ցույց չեն տալիս, ավելի ու ավելի է շահագրգռվում Թուրքիայի շրջափակմամբ և տարածաշրջանային մեկուսացմամբ, ինչն օբյեկտիվորեն նպաստում է «Հյուսիս-Հարավ» սխեմայի իրականացմանը։ Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ը, որը շահագրգռված է Թուրքիայից Ադրբեջանին, ինչպես նաև Վրաստանին հեռու պահելու հարցով, մեծ ուշադրությամբ է հետևում «Հյուսիս-Հարավ» սխեմային, որը կարող է սպառնալիքի տակ դնել Ադրբեջանի վրա իր անվիճելի առաջնային ազդեցությունը, նախ և առաջ, ռազմական տարանցման իր հենակետերը։ ԱՄՆ-ի փորձագետները երբեք լուրջ երկյուղներ չեն արտահայտել «Հյուսիս-Հարավ» սխեմայի իրականացման մտադրության պատճառով։ Բացառությամբ փորձագիտական ընկերակցության առավել արմատական աջ շրջանակների, ամերիկյան քաղաքական փորձաքննությունն այդ սխեման դիտարկում է մյուս տեղային խնդիրների հետ մեկտեղ, որ Իրանն իրականացրել է հարակից տարածաշրջաններում։ Անգամ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը ձեռնամուխ էր եղել Իրանի համապարփակ մեկուսացման պլանի իրականացմանը, այդ նախագիծն այդպես էլ չդարձավ նման քննարկումների առարկա։ Քաղաքական շրջանակներում այդ թեման առհասարակ չնկատվեց։ ԱՄՆ-ի վարչակազմը երբեք որևէ հայտարարություն կամ ռեպլիկ չի արել այդ առնչությամբ։ Կարելի է պնդել, որ ԱՄՆ-ը չի փորձում խոչընդոտել էներգետիկայի և հաղորդակցության ոլորտի նախագծերի իրականացմանը, եթե դրանք կապված են առանձին երկրների կենսագործունեության այլընտրանք չունեցող խնդիրների հետ, կամ եթե չեն հակասում իր ռազմավարական խնդիրներին։ Հետևաբար, «Հյուսիս-Հարավ» սխեման ԱՄՆ-ը կարող է դիտարկել որպես մի նախագիծ, որը կհանգեցնի լարվածության սրմանը Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռանկյունում, ինչ և ակնկալում էին ամերիկացիները` երկար ժամանակ իրենց քաղաքականությունը կառուցելով տարածաշրջանում։
Այս հակասական իրավիճակը, հնարավոր է, Հայաստանի համար կապահովի որոշ չափով ավելի նպաստավոր ակնկալիք, թուրքական ազդեցության զսպման գործում նրա դերն ավելի նշանակալի կդարձնի ոչ միայն Իրանի և Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի համար։ Ստեղծվել է ոչ միայն հակասական, այլև մի տեսակ խաղային իրավիճակ, երբ Հայաստանին անհրաժեշտ է կառուցել բազմակողմ քաղաքականություն, եթե նա ուզում է դառնալ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության սուբյեկտ։ Խաղային այդ իրավիճակում ղարաբաղյան խնդիրը մնում է որպես կարևորագույն քաղաքական ռեսուրս Հայաստանի համար, իսկ տվյալ խնդրի լուծումը, հատկապես տարածքների կորստյան դեպքում, կհանգեցնի նոր, ավելի սակավ նախընտրելի իրավիճակի ստեղծմանը, երբ Հայաստանը դուրս կմղվի «մեծ խաղից», որին մասնակցում են ուժի հիմնական կենտրոնները, և կդառնա հարավկովկասյան տարածաշրջանի շարքային երկիր։
Վերջին ժամանակներս Անդրկասպյան գազամուղի նախագիծը կասկածի տակ է առնվել, ինչը զգալի հարված է Վրաստանի շահերին։ Վրաստանը փորձում է այդ կորուստները փոխհատուցել այլընտրանքային նախագծով։ Հաջողությամբ իրականացվել է Շահ Դենիզի հանքավայրի ադրբեջանական գազը Վրաստանով Թուրքիա հասցնելու նախագիծը։ Վրաստանի և Ադրբեջանի միջև արագացված պայմանավորվածությունը, որն արժանացավ ԱՄՆ-ի վարչակազմի աջակցությանը, կարելի է պատասխան համարել Ադրբեջանով և Վրաստանով Թուրքմենստանից Թուրքիա խողովակաշարի շինարարության Անդրկասպյան նախագծի ֆինանսավորումը դադարեցնելու մասին ամերիկյան PSG ընկերության հայտարարությանը։ Ամերիկացիները` նախագծի ղեկավարները, իրենց որոշումը, «ՈՒոլ սթրիթ ջոռնել» թերթի տվյալներով, բացատրել են նրանով, որ Թուրքմենստանի նախագահն իրենցից պահանջել է մի քանի հարյուր միլիոն ԱՄՆ դոլար կանխամուծել։ Թուրքմենստանում կաշխատի մի ուրիշ ընկերություն` Shell-ը։ Սակայն «Երկնագույն հոսքի» հետ մրցակցությունը մեծ է և, ընդհանուր առմամբ, անիմաստ, և Շահ Դենիզ-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շինարարությունն ունի տեղային նշանակություն։ Վրաստանում նախատեսում են, որ սկզբում ադրբեջանական գազի մատակարարումները կկազմեն տարեկան մինչև 10 մլրդ խմ, ապա` 16 և վերջում` 30 մլրդ խմ։ Միաժամանակ, այդ ծավալներն աներևակայելի են թվում, քանի որ Շահ Դենիզի հիմնական գազահանքի պաշարներն ապացուցված չեն, և առայժմ գազի արդյունահանման հնարավորություններն ու կարողությունները պարզված չեն։ Անդրկասպյան նախագիծը խափանեց Ռուսաստանը` Իրանի աջակցությամբ։ Եվրոպացիներն այդպես էլ պատշաճ հետաքրքրություն չցուցաբերեցին թուրքմենական գազը Հարավային Կովկասով ու Թուրքիայով Եվրոպա հասցնելու նկատմամբ։ Շատ չանցած, Չինաստանը հաջող բանակցություններ ունեցավ Կենտրոնական Ասիայի պետությունների հետ և ստեղծեց արևելյան ուղղությամբ գազի փոխադրման այլընտրանքային երթուղիներ։ Գազի տարածաշրջանային պաշարները հետևողականորեն «հոսում են» ամերիկյան ու բրիտանական ընկերությունների վերահսկողությունից, և միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանի ու Չինաստանի միջև որոշակի բանակցություններ են տեղի ունենում գազի վերաբերյալ, ինչը համապատասխանում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ռազմավարությանը։
«Նաբուկո» նախագիծը, իր քաղաքական և տեխնիկատնտեսական բովանդակությամբ, այնքան էլ չի տարբերվում Անդրկասպյան գազամուղից, և, ըստ էության, հանդես է գալիս որպես դեպի Եվրոպա կենտրոնասիական գազի մղման ընդհանուր գաղափարի մի վարկած։ Հասկանալի կլիներ, եթե գազի իրանական պաշարները հիմք լինեին «Նաբուկո»-ի իրականացման համար, բայց ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Իրանի հարաբերություններն այնքան բարդ են, որ նման որոշման հույսերը շատ չեն, իսկ ավելի ճիշտ` առհասարակ չկան։ Գազի իրաքյան աղբյուրները, տվյալ դեպքում, չեն կարող համարվել իրական` «Նաբուկո»-ի համար գազի պաշարների ձևավորման առումով։ Թուրքմենական գազի պաշարներն ավելի ու ավելի են ներառվում այլ նախագծերի մեջ, իսկ ադրբեջանական գազինը խիստ անբավարար են։ Բացի այդ, հարկ է ուշադրության առնել, որ ներկա էներգետիկ իրավիճակն Ադրբեջանում, Թուրքիայում և Վրաստանում պահանջում է, որ ադրբեջանական գազը, փաստորեն, լիովին օգտագործվի այդ երեք երկրներում։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանն էլեկտրիֆիկացման բարձր մակարդակ ունեցող երկիր է, և նրա էներգետիկան հիմնված է ջերմաէլեկտրակայանների վրա, օրգանական վառելիքի սպառումը կմնա բարձր մակարդակի։ Զգալի քանակությամբ գազ ու մազութ է սկսել սպառվել Վրաստանում, ուր ջերմաէներգետիկան թույլ է զարգացած, բայց ջեռուցումը հիմնված է գազի ու մազութի օգտագործման վրա։ Հաշվի առնելով Ադրբեջանում գազի իրական պաշարները (Շահ Դենիզի հանքավայրը` մոտ 400 մլրդ խմ), հազիվ թե գազի հոսքը Թուրքիա ավելի լինի 5-6 մլրդ խմ-ից, որը կսպառվի հենց Թուրքիայում։ Դրա հետ մեկտեղ, Թուրքիայում գազի վճարունակ սպառողները գտնվում են երկրի կենտրոնական և արևմտյան շրջաններում (քիմիական և մետալուրգիական ձեռնարկություններ և ջերմաէլեկտրակայաններ)։ Գազի այդքան աննշան քանակության փոխադրումն ամբողջ Արևելյան Թուրքիայով անշահութաբեր է։ Նման տևական հոսքը շահութաբեր կարող է լինել սկսած 8-10 մլրդ խմ-ից։ Կարելի է որոշակի վստահությամբ պնդել, որ Ադրբեջանի գազի պաշարները կարող են օգտագործվել բուն Ադրբեջանում և ծայրահեղ դեպքում մասամբ Վրաստանում և Թուրքիայի արևելյան վիլայեթներում։ Սոցիալական պայմանների բավականաչափ զարգացման ու բարելավման, էներգասպառման արդի ստանդարտների ապահովման պայմաններում Ադրբեջանի գազի պահանջարկը կազմում է 8-14 մլրդ խմ, Վրաստանինը` մինչև 12 մլրդ խմ, կախված համալրող վառելիքի` մազութի սպառումից։ Ադրբեջանում նավթավերամշակման ծավալների ապագա նվազումը, որը հետևանք կլինի հում նավթի ավելի շահավետ արտահանման, գազի պահանջարկը կավելացնի։ Այսպիսով, «Շահ Դենիզ» նախագիծն առայժմ ոչ մի կերպ չի անդրադառնում Ռուսաստանի շահերի վրա, իսկ այդ գազի ներմուծումը Ռուսաստան կազմել է ընդամենը 500 մլն խմ։ Այսինքն, ադրբեջանական գազի նշանակությունը կարող է սահմանափակվել տարածաշրջանով։
Ներկայումս, Կենտրոնական Ասիայի վերաբերյալ Ջ. Բուշի համապատասխան դոկտրինի ընդունումից հետո, տարածաշրջանում ձևավորվել է աշխարհատնտեսական նոր իրավիճակ` կապված կենտրոնասիական էներգառեսուրսները դեպի հարավ` Պակիստանի և Հնդկաստանի կողմը մղելու փորձերի հետ։ Հարկ է նշել, որ գազի հարցի շուրջ Ռուսաստանի և Թուրքմենստանի ներկա հարաբերությունները չեն դիտվում որպես երկարաժամկետ։ Թուրքմենստանը, անկախ կառավարող վարչակազմի բնույթից, կձգտի բազմազանեցնել գազափոխադրման համակարգը։ ԱՄՆ-ը ներկայումս թուրքմենական գազի փոխադրման պայմանները չի կապում այդ երկրի ներքին քաղաքական իրավիճակի հետ։ Հնդկաստանն ու Պակիստանն ակտիվորեն ներկայացնում են իրենց էներգետիկ շահերը և Թուրքմենստանի նախագահին առաջարկում լրացուցիչ եկամուտներ, եթե հարավային ուղղությամբ գազամուղի կառուցման հարցը լուծվի։ Չինաստանից և Ռուսաստանից Կենտրոնական Ասիան հեռու պահելու ԱՄՆ-ի ձգտումը, հավանաբար, հաշվի է առնում որոշ այլ հանգամանքներ։ Արևմտյան ուղղությամբ Ռուսաստանի այդքան ուժեղ գազային գրոհի (հաշվի առնելով Բալթիկայով և Բալկաններով երկու շրջանցիկ գազամուղները), ինչպես նաև իրանական գազի նկատմամբ եվրոպացիների հարաճուն շահագրգռության պայմաններում թուրքմենական գազը վճռական դեր չի խաղա Եվրոպայում, և նրա հոսքը կարող է կանգ առնել Թուրքիայում։ Հնարավոր է, ամերիկացիների հաշվարկներով, թուրքմենական գազի փոխադրման հարավային ուղղությունն ավելի նախընտրելի է Հարավային և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ռազմավարության համար։ ԱՄՆ-ն արդեն 8 մլրդ դոլար է հատկացրել հարավային ուղղությամբ էլեկտրաէներգիայի հաղորդման համար այդ տարածաշրջաններում էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման 8 նախագծերի իրականացման նպատակով։ Միաժամանակ, ԱՄՆ-ը բարդ խաղ է խաղում Անդրկասպյան գազամուղի նախագիծը խափանելու առումով, համարելով, որ Թուրքմենստանի գազը երկու ուղղությանն էլ կբավարարի։ Սակայն նշաններ կան, որ հարավային ուղղությունն ավելի ու ավելի է առաջնային դառնում։ Դա, օրինակ, հաստատվեց ԱՄՆ-ի երկու խոշորագույն էներգետիկ հեղինակությունների` «Քեմբրիջի էներգետիկ միավորման» (Բոստոն) և Ռայսի համալսարանին (Հյուստոն) առընթեր «Ջ. Բեքերի անվան ինստիտուտի» կողմից։ Բացի այդ, «ԱՄՆ-ի գազի միավորման» փորձագետները, դեռևս 2002 թվականին հանդես գալով Իզմիրում (Թուրքիա) գազի արդյունաբերության խնդիրներին նվիրված խորհրդաժողովներից մեկում, կասկածներ էին արտահայտել Անդրկասպյան գազամուղի նախագծի իրականացման արդյունավետության և նպատակահարմարության առնչությամբ։ Համենայն դեպս, Ջ. Բուշի դոկտրինի ընդունումից հետո Անդրկասպյան գազամուղի կառուցումը կասկածի տակ է դրվել։ «Քեմբրիջի էներգետիկ միավորման» կարծիքով, ԱՄՆ-ը ձգտում է փրկել իր դիրքերը Կենտրոնական Ասիայում, ուր կտեղափոխվի համընդհանուր աշխարհատնտեսական պայքարի հիմնական ծանրությունը, բայց նշանակալի հաջողության հնարավորություններն այնքան էլ մեծ չեն։ «Ջ. Բեքերի անվան ինստիտուտի» գնահատմամբ, Կասպյան տարածաշրջանում ԱՄՆ-ի հաջողությունները բացատրվում են միայն նրանով, որ Ռուսաստանը չի ցանկացել ճկուն, արդյունավետ քաղաքականություն վարել։
Բ. Օբամայի վարչակազմը, ըստ էության, շարունակում է Ջ. Բուշի քաղաքականությունը Հարավային և Կենտրոնական Ասիայի առնչությամբ, խորացնելով Չինաստանի ազդեցության զսպմանն ուղղված ԱՄՆ-ի ռազմավարությունը։ Կասպյան ավազանի և Կենտրոնական Ասիայի էներգետիկ նախագծերից Չինաստանին ու Ռուսաստանին դուրս մղելու միջոցներից մեկը էներգառեսուրսները հարավային ուղղությամբ փոխադրելն է։ Դա դժվարիրագործելի խնդիր է` Աֆղանստանում ստեղծված իրավիճակի պատճառով։ Եվ շատերին հիմա հասկանալի է դառնում, որ ԱՄՆ-ն արժեքավոր ժամանակ է կորցրել և զրկվել այն հնարավորություններից, որոնք առաջ իրագործելի էին թվում։ Համենայն դեպս, ոչ միայն Ռուսաստանի ու Չինաստանի, այլև ԱՄՆ-ի քաղաքականության պատճառով է Հարավային Կովկասը կորցնում իր նշանակությունն էներգառեսուրսների փոխադրման առումով։ Դա պատճառաբանվում է վրաց-ռուսական պատերազմի և տարածաշրջանային առճակատման հետ կապված վտանգների մեծացմամբ։ Ինչ վերաբերում է «Նաբուկո»-ին, ապա տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ն ավելի շատ շահագրգռված է ոչ թե եվրոպական երկրների հուսալի գազամատակարարման կազմակերպմամբ, այլ Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունների ճանապարհին արգելքների հարուցմամբ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1462

Մեկնաբանություններ