ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ Է»

«ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ Է»
19.01.2010 | 00:00

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ-ի որոշումից հետո այսօր քաղաքական ուժերը փորձում են կանխատեսել` երկրի ղեկավարն այդ փաստաթուղթը կներկայացնի նախապայմանների մասին կետ ավելացնելո՞վ, թե՞ այդ իրավունքը կվերապահի խորհրդարանին։ Որոշ ընդդիմադիր ուժեր, մասնավորապես դաշնակցությունը, ճիշտ են համարում ԱԺ-ի շրջանակում խնդրին լուծում տալը` դրանով նախագահին ազատելով «միջազգային ճնշումներից», իսկ ոմանք էլ պնդում են, թե ամեն ինչ հնարավոր է լուծել նախագահի մակարդակով։ Այսուհանդերձ, ի՞նչ կարծիք ունեն հարցի շուրջ հանրապետականները, փորձեցինք պարզել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, հանրապետական ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻՑ:
«ՆԱԽԱԳԱՀԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐՈՎ»
-ՍԴ-ի որոշումը բավականին հետաքրքիր էր,- նշեց Շիրակ Թորոսյանը։- Հստակ նշվում է, որ տվյալ միջազգային համաձայնագիրը համապատասխանում է սահմանադրությանը։ Ասել է, այդ արձանագրությունները նախագահը կարող է ուղարկել ԱԺ-ի վավերացմանը։ Հիմնավորման մեջ ուշագրավ մեկնաբանություններ կան։ ՍԴ-ն փաստեց, որ արձանագրությունները վերաբերում են երկու խնդրի` բացել սահմանն ու հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Մյուս հարցերը, որոնք նաև ընդդիմության կողմից են քննարկվում, թե Հայաստանը ճանաչում է Թուրքիայի սահմանները և այլն, և այլն, ՍԴ-ի որոշման մեջ անտեսվեցին։ Հետևաբար, քաղաքական ուժերը, ինչպես նաև ընդդիմությունը, ողջունեցին այս որոշումը։ Արտաքին քաղաքականությունն իրականացնելու գործընթացում կան պահեր, որոնք գաղտնի են մնում։ Դա դիվանագիտական պրակտիկա է և բխում է բանակցային գործընթացը հաջող ավարտին հասցնելու անհրաժեշտությունից։ Չգիտեմ` ինչպիսի պայմանավորվածություններ կան, և ՀՀ նախագահը բանակցություններն ինչ ուղիով կտանի, բայց մի բանում համոզված եմ, որ թույլ չի տա հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորել Ղարաբաղի խնդրով։ Ինչ վերաբերում է արձանագրությունների վերապահումներին, դրա անհրաժեշտությունը որոշելու է կրկին նախագահը։ Նախ` հարկ կա՞ վերապահումների, թե՞ ոչ, հետո էլ ո՞վ պետք է այդ վերապահումներն անի, որն արդեն տեխնիկական հարց է։ Ի դեպ, այսօրվա ԱԺ կանոնակարգ-օրենքով խորհրդարանն իրավասություն չունի վերապահումներ անելու։ Անհրաժեշտ է, նախ, օրենքում փոփոխություններ մտցնել։
-Որոշ քաղաքական գործիչներ կարծում են, թե արձանագրությունների ճակատագիրը ի սկզբանե կարող էր լուծել նախագահը, իսկ այս պարագայում երկրի ղեկավարը ցանկանում է կիսել պատասխանատվությունը։ Համամի՞տ եք։
-Կառաջարկեմ պարզապես նայել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքը։ Այդ պայմանագրերը ստորագրելուց հետո անցնում են որոշակի ընթացակարգ։ Նախ` դրանք համապատասխան գերատեսչությունների կողմից որոշակի գնահատականների են արժանանում։ Պայմանագրերի մասին օրենքով ու միջազգային նորմերով նախատեսված է, որ եթե երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերում կան տարբերություններ պայմանագրի դրույթի և ներպետական օրենսդրության միջև, դոմինանտը պայմանագրի դրույթն է։ Կարող ես քո օրենսդրությունը համապատասխանեցնել դրան կամ ոչ, բայց գործելու է պայմանագրի դրույթը։ Ընթացակարգում կարևոր հանգրվան է նաև ՍԴ-ի որոշումը։ Այս ամենից հետո ԱԺ է ներկայացվում համաձայնագիրը։ Այն պնդումները, թե նախագահը կարող է որոշել դրանց ճակատագիրն առանց ՍԴ-ի և ԱԺ-ի, ճիշտ չէ, որովհետև ցանկացած միջազգային պայմանագրի կամ համաձայնագրի համար վերջին ակորդը խորհրդարանի քվեարկությունն է։
-Դաշնակցությունը հայտարարել է, որ աշխատելու է պատգամավորների հետ, որպեսզի նրանք ճիշտ քվեարկեն։ Կարծում եք` հնարավո՞ր է, որ պատգամավորը քվեարկի իր խմբակցության դիրքորոշումից անկախ։
-Դաշնակցության կարծիքը հարգում եմ, դա նրանց մոտեցումն է։ Պատգամավորները, ըստ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ-օրենքի, քվեարկում են խղճով։ Ինչ վերաբերում է ազատ քվեարկության հնարավորությանը, դա պայմանավորված է քաղաքական գործոններով։ Եթե թուրքական կողմն սկսի ձգձգումների քաղաքականությունը, նենգափոխի արձանագրությունների մոտեցումները, խոսի նախապայմաններով, այս պարագայում ԱԺ-ն ադեկվատ պատասխան կտա։ Եթե թուրքական կողմը գնա պայմանավորվածությունների կատարման ճանապարհով, կարծում եմ, ոչինչ չի խոչընդոտի, որ ԱԺ-ն վավերացնի արձանագրությունները։
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ՈՐՆ ԱՌՆՉՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ»
-ՈՒշագրավ հայտարարություններով հանդես եկան ռուսական իշխանությունները։ Նախ, ՌԴ վարչապետը հայտարարեց, թե հայ-թուրքական գործընթացը և Ղարաբաղի հարցը չպետք է միևնույն զամբյուղում դիտարկել։ Այս միտքը Հայաստանում վերահաստատեց ՌԴ արտգործնախարարը։ Յուրաքանչյուր գերտերություն այս գործընթացում ոչ թե Հայաստանի, այլ իր շահն է հետապնդում, ուրեմն սա ի՞նչ ուղերձ էր Հայաստանին։
-Ավելին, Լավրովը նաև Հայաստանում ասել է, թե իրենց համար գերակա է ոչ թե Ռուսաստանի շահը, այլ Արցախի ինքնորոշման իրավունքը։ Մյուս կողմից, ընդունում եմ Ձեր դիտարկումը, թե ոչ մեկը մեր գեղեցիկ աչքերի համար ոչինչ չի անի։ Կան գլոբալ, պետական շահեր։ Տվյալ պարագայում նրանք հասկանում են, որ Հայաստանն այլևս զիջելու տեղ չունի։ Մենք բազմիցս ասել ենք, որ ապրել ենք շրջափակման մեջ քսան տարի, կապրենք ևս քսան դար, բայց զիջելու որևէ բան չունենք։ Հասկացել են, որ չենք զիջի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Հայաստանում որևէ պետական քաղաքական գործիչ իրավունք չունի ստորագրելու որևէ փաստաթուղթ, որն առնչվում է Ղարաբաղի ժողովրդի ճակատագրին։ Որոշում կայացնողը Ղարաբաղի ժողովուրդն է։ 1991-ի սեպտեմբերի 2-ի Անկախության հռչակագրով և դեկտեմբերի 10-ի հանրաքվեով հարցը փակվել է։
-Իշխանության մաս կազմող ուժերը պարբերաբար ընդգծում են, թե հայ-թուրքական հարաբերությունները շաղկապված չեն Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Սակայն ակնհայտ է, որ դրանց միջև կապ կա։ Թուրքիան էլ հարմար առիթը բաց չի թողնում շեշտելու, թե երբ Ղարաբաղի հարցում առաջընթաց լինի, հայ-թուրքական արձանագրություններում ևս զարգացում կնախանշվի։ Այս պարագայում ինչպիսի՞ն եք տեսնում հիշյալ գործընթացների տարանջատ լուծումը։
-Ըստ ստորագրված արձանագրությունների, դրանք շաղկապված չեն, բայց, ըստ էության, գուցե և այդպես է։ Սակայն մենք առաջնորդվում ենք ստորագրված արձանագրությամբ, ոչ թե թուրքերի կամ ադրբեջանցիների ցանկություններով։ Ժողովուրդը շատ լավ է ասում` Բաղդադում էլ խուրմա կա, հետո՞ ինչ։ Մենք էլ կուզենայինք, որ Թուրքիան ցեղասպանությունը ճանաչեր, Ադրբեջանը ճանաչեր Ղարաբաղի անկախությունը և այլն, բայց իրադրությունն այլ է։ Ոչ միշտ են մեր ցանկություններն իրականանում։ ՈՒրեմն, իրենք էլ պետք է հասկանան, որ իրենց ցանկությունները չեն կարող կյանքի կոչվել։ Կարծում եմ, մենք պետք է հանդես գանք ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների լրիվ անկախ լուծման սկզբունքով։ Եթե հաշվի առնենք այն տեսակետը, թե արձանագրությունների գործընթացում զարգացում հնարավոր է, եթե ղարաբաղյան հիմնախնդրում առաջընթաց լինի, ապա միանշանակ է, որ մենք գնալու ենք զիջումների։ Բայց ի՞նչ զիջենք, մեր այն հողերը, որոնք հե՞տ ենք վերադարձրել։
«ՈՉ ՄԵԿԸ ԴԵՄ ՉԷ, ՈՐ ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ՎՐԱՑԵՐԵՆ ՍՈՎՈՐԵՆ, ԲԱՅՑ ԴԱ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՈՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»
-Մեր տեղեկություններով` Ջավախքում հասարակական-քաղաքական շրջանակների ու բնակչության շրջանում առկա է տրամադրությունների փոփոխություն։ Սկսել են գերակշռել պաշտոնական Թբիլիսիի հետ պրագմատիկ հարաբերություններ հաստատելու տեսակետները։ Շատ հայեր էլ սկսել են համարժեք վերաբերվել Վրաստանի իշխանություններին և արդեն կարևորում են վրացերենի իմացությունը։ Ընդհանրապես, այսօր ինչպիսի՞ իրավիճակ է Ջավախքում։
-Նախ` ճիշտ չէ այն ձևակերպումը, թե Ջավախքում կան ռուսամետ կամ այս ու այն կողմնորոշման ուժեր, քանի որ Ջավախքը համախումբ հայերով բնակեցված տարածք է, որն ունի իր խնդիրները։ Լեզվի խնդիրն ամենաառաջնայինն է, որը երբեք էլ տեղի չի տա։ Լեզվի իրավունքի խախտման բազմաթիվ դրսևորումներ կան։ Օրինակ, տեղանունները. մարդիկ ասում են Փոքր Սամսար գյուղ, այնինչ ցուցանակի վրա գրված է Պատարասամսարի, այսինքն` վրացականացվել է, իսկ անգլերեն տարբերակն էլ բխեցված է վրացերենից։ Փարվանա լիճն անվանել են Փարվանի և այլն։ Հանրակրթական առարկաներն ուզում են դասավանդել վրացերենով, ինչո՞ւ։ Նախ ազգաբնակչությունը պիտի հասկանա վրացերեն, որ երեխաներն էլ կարողանան այդ լեզվով ըմբռնել առարկաները։ Ոչ մեկը դեմ չէ, որ ջավախահայերը վրացերեն սովորեն, բայց դա պարտադրանքով չի կարող լինել։ Չի կարելի ասել, որ եթե վրացերեն չգիտես, ուրեմն լիարժեք քաղաքացի չես։
-Իսկ վրացերեն սովորելու տրամադրվածություն ու ցանկություն կա՞։
-Վրացերեն սովորելու ցանկություն ու տրամադրվածություն ունեն այն շրջանակները, ում պետք է։ Քանի որ վրացական իշխանությունները, բացի ընտրովի պաշտոններից, նշանակովի պաշտոնների դեպքում կարևորում են լեզվի իմացությունը։ ՈՒմ պետք է, գնում սովորում է, իսկ սովորական կարտոֆիլ մշակողը կամ խոպան գնացողը կարիք չունի վրացերենի իմացության։ Ասենք, որ նա լիարժեք քաղաքացի չէ՞։ Գիտի այնքան, որքան դպրոցում սովորել է, այսինքն` կարող է շփվել, գրել-կարդալ։ Բայց ակադեմիական մակարդակի վրացերեն որտեղի՞ց սովորի։ Ի վերջո, տարածաշրջանը հայկական է, բնակչությունը` հայ։ Վրաստանը պարտավոր է հայերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ։
-Երևան-Թբիլիսի չվերթը դադարեցվել է։ Սրանում քաղաքական աստառ տեսնո՞ւմ եք։
-Չեմ կարծում, որ դա քաղաքականություն է։ Կոմունիկացիա է։ Հնարավոր է` սա պայմանավորված է նրանով, որ Թբիլիսի-Մոսկվա չվերթեր բացվեցին։ Գուցե նաև սրանով է պայմանավորված կամ ուղևորներ չլինելու հանգամանքով։ Դժվարանում եմ ասել։
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1503

Մեկնաբանություններ