Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Մեր իրականության մեջ առաջին անգամ գործարարն ինքն է գնում թատրոն և առաջարկում իր հովանավորությունը»

«Մեր իրականության մեջ առաջին անգամ  գործարարն ինքն է գնում թատրոն և  առաջարկում իր հովանավորությունը»
13.04.2012 | 00:00

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Վարդանյանների ընտանիքը շարունակում է հովանավորել մշակութային նախագծեր: «Ես դիմեցի Սոս Սարգսյանին, ասացի, որ ուզում եմ հովանավորել հայ դասականներից որևէ մեկի գործի բեմականացումը, և միասին ընտրեցինք «Հացի խնդիր» վեպը: Ինչպես այսօր, այն ժամանակ էլ հացի խնդիր լուծելու համար ոտնահարվում էին բարոյական արժեքները»,- ասաց գործարարը, նկատելով, որ մեր օրերի և Պերճ Պռոշյանի նկարագրած ժամանակի միջև ընդհանրություններն ակնհայտ են: «Հացի խնդիրը» գրվել է 160 տարի առաջ, և, ցավոք, այսքան տարի չենք կարողացել սովորել մեր սխալների վրա: Կարեն Վարդանյանը հույս հայտնեց, որ այս ներկայացումը ինչ-որ չափով կունենա նաև դաստիարակչական նշանակություն և կդառնա մեր ժամանակների լավագույն բեմադրություններից մեկը:

Համազգային պետական թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ նշեց, որ մեր իրականության մեջ առաջին անգամ է, երբ գործարարն ինքն է գնում թատրոն և առաջարկում իր հովանավորությունը: Նրա խոսքով` կազմը, որ հավաքվել է այս բեմադրության շուրջ, բավականին ներկայանալի է: Բեմադրության գեղարվեստական ղեկավարը և գլխավոր ռեժիսորը ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն է, բեմականացնող ռեժիսորը` վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանը, կոմպոզիտորը` ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, բեմադրող նկարիչը` վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանը: Ներկայացման ազգագրագետ-խորհրդատուն Ժենյա Խաչատրյանն է, պարերի բեմադրիչը` Լիանա Հակոբյանը: Պիեսը ներկայացնելու է «Համազգային» թատրոնի դերասանախումբը:

Բեմադրության համար «Գրանդ Քենդի» ընկերությունը հատկացրել է մոտ 18 միլիոն դրամ, որից 1 միլիոնը տրամադրվելու է գովազդերին, թեև, դրանից զատ, «Գրանդ Քենդի» ընկերությունը ներկայացումը գովազդելու է անվճար:

Վարդան Մկրտչյանը հարկ համարեց նշել, որ յուրաքանչյուր դրամը կօգտագործվի իր նպատակի, այն է` լավ ներկայացում ստեղծելու համար:

ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆՆ իր խոսքում ասաց, որ «Հացի խնդիրը» բավականին բարդ ստեղծագործություն է, և բեմականացնելը նույնպես հեշտ չէ: Չնայած տնօրենի լավատեսությանը` կեսկատակ, կեսլուրջ նկատեց, որ ներկայացումն անկտրել ձմերուկ է, մինչև չկտրես, չես տեսնի` հասե՞լ է, թե՞ չի հասել: «Ինձ ուրախացնում է այն, որ սկսում են տեր կանգնել արվեստին, ֆինանսավորել (ինչպես Մանթաշովի ժամանակ էր), առանց որի առաջ գնալ հնարավոր չէ,- ասաց ժողովրդական արտիստը:- Եկեք անկեղծ լինենք. կինոն փող է, թատրոնն էլ է փող: Կարելի է յոլա տանել: Յոլա կտանես, կդառնա շարքային, գավառական, անհետաքրքիր թատրոն: Չափանիշները, պահանջները պետք է միշտ բարձր լինեն: Այդ իմաստով շնորհակալություն եմ հայտնում «Գրանդ քենդի» ընկերությանը»: Ժողովրդական արտիստը նշեց, որ ուրիշ թատրոններն էլ օգնության կարիք ունեն: Օլիգարխներին զգոնության կոչ արեց` փաստելով նաև, որ առանց թատրոնի պետություն չի լինի:

Կարեն Վարդանյանի խոսքով` ներկայացման պատրաստման ընթացքին հանդիսատեսը կարող է հետևել հեռուստատեսությամբ: Ժամանակի զուգահեռներն ավելի տեսանելի դարձնելու համար կնկարահանվեն նաև Աշտարակի գյուղացիները, ովքեր այսօր էլ ապրում են հացի խնդրով:

Ներկայացման վերնագիրը չի փոխվելու: Վարդան Մկրտչյանը նշեց, որ հացի խնդրի փիլիսոփայությունը շատ է ընդգծված պիեսում, բեմադրությունը հենց դրա մասին է` ինչի՞ է պատրաստ մարդը հանուն հացի:

Ի պատասխան «Իրատես de facto»-ի հարցմանը` հանդիսատեսի հետաքրքրությունը հնարավո՞ր է կանխատեսել, և ո՞ր ներկայացումներն են հանդիսատեսին բերում թատրոն, Վարդան Մկրտչյանն ասաց, որ չկա մի հաջողված ներկայացում, որին հանդիսատեսը չհաճախի: «Ես դա տեսնում եմ ամեն օր: Եթե ներկայացումը սիրվում է, բերանացի էլ է տարածվում, և հանդիսատեսը գալիս է»,- ասաց նա, նշելով, որ հատկապես լավ արձագանք են գտնում մեր իրականությանն ու ինքնությանը վերաբերող թեմաները: Կարեն Վարդանյանը հավելեց, որ մեկ ամիս առաջ ներկա է եղել Վիլյամ Սարոյանի «Մի գավաթ բարություն» ներկայացմանը և համոզվել է, որ մեր երիտասարդների հետաքրքրությունը «Կոմեդի քլաբով» կամ «32 ատամով» չի սահմանափակվում: «Նրանք գնահատում են իրական արվեստը: Դահլիճում մեծ մասը երիտասարդներ էին»,- ասաց գործարարը:

Նշենք, որ «Հացի խնդիրը» առաջին ներկայացումն է, որ այսքան մեծ բյուջե ունի: «Մինչ այժմ ի՞նչ բյուջեով են բեմադրվել ներկայացումները» հարցին Վարդան Մկրտչյանը պատասխանեց, որ միջին թիվ գոյություն չունի, ներկայացում կարելի է անել 1 միլիոնից սկսած մինչ 100 միլիոնով, նայած թե ինչ մասշտաբների ես ձգտում: «Կարող ենք աղքատ թատրոնի սկզբունքով` 1 ու կես միլիոնով բեմադրություն անել, բայց այդ բյուջեով երբեք չենք կարող ապահովել միջին կարգի գովազդային արշավ, այսինքն, կանենք ներկայացում, կխաղան, բայց այն աղմուկ հանելու հնարավորություն չի ունենա»,- ասաց նա:

Նշենք, որ բեմադրությունն ընթացքի մեջ է, հանդիսատեսի դատին կհանձնվի սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում: «Համազգային» թատրոնի 21-րդ թատերաշրջանի բացումը կլինի «Հացի խնդիր» պիեսով:

Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2076

Մեկնաբանություններ