Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«ԸՆԾԱՅՎԱԾ ՁԻՈՒ ԱՏԱՄՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՇՎՈՒՄ, ԵԹԵ...»

«ԸՆԾԱՅՎԱԾ ՁԻՈՒ ԱՏԱՄՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՇՎՈՒՄ, ԵԹԵ...»
15.02.2011 | 00:00

«Հայաստանի նկարիչները` Արցախի կերպարվեստի թանգարանին» խորագրով ցուցահանդեսին պաշտոնապես վերագրված հայրենասիրական առաքելության նախագովազդով` սրված հետաքրքրությամբ եմ ոտք դնում ՀՆՄ նկարչի տան մեծ ցուցասրահ։ Մինչ նախաձեռնված ներկայացուցչական արարողության «հայկական ճշտապահությամբ» մեկնարկն արդեն ծանոթացած լինելով ցուցադրված աշխատանքներին` վերապահությամբ եմ ընդունում նվիրատուների (ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի նկարիչների միության ու առանձին անհատների) պաթետիկ խանդավառությունը։ Արցախի հոգևոր զարթոնքը խթանելու տեսակետից ըստ արժանվույն գնահատելով պատերազմից ու անկայուն քաղաքական կարգավիճակից սեփական, թող որ` զորեղ, ներուժով վերջնականապես սթափվելու անկարող հայկական փոքրիկ հանրապետությունում կերպարվեստի թանգարաններ ստեղծելու փայլուն գաղափարը` իրարամերժ զգացողություններ եմ ունենում երևանյան համապատկերի անմիջական տպավորությամբ։ Չգիտեմ, թե արցախյան հավաքածուն Մոսկվայում ժողովելիս ինչ սկզբունքներով է առաջնորդվել այս նախագծի «գլխավոր գաղափարախոսը»` նախկինում ԽՍՀՄ երկրաբանության նախարար, պրոֆեսոր Գրիգոր Գաբրիելյանցը։ Ըստ նրա, 2011-ի հունվարի 1-ի դրությամբ ՌԴ մայրաքաղաքում հավաքված 181 աշխատանքներից շատերը հայ և ռուս անվանի նկարիչների վրձնին են պատկանում` Սարյանի, Մինասի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, ակադեմիկոս Ժիլինսկու, Շևչենկոյի, Մագիլևսկու («ըցովՏՉօռ ՉՈսպՑ») և այլ հայտնի նկարիչների։ Երևանյան ցուցադրության մեջ ներգրավվածներից շատերն էլ մեծ ճանաչում ունեն` Արմինե Կալենցը («Թագուշիկ»), Աշոտ Թադևոսյանը («Կակաչներ»), Սարգիս Մուրադյանը («Ջիմ Թորոսյանի դիմանկարը»), Արկադի Բաղդասարյանը (Արկո-«Արևի էներգիան»), Փարավոն Միրզոյանը («Ծաղիկներով կինը», «Նատյուրմորտ»), Սուրեն Սաֆարյանը («Հուշեր»), Կարեն Աղամյանը («Գաղթ», «Մայր և մանուկ»)։ Բոլորին չես թվարկի։ Այցելուներից շատերին իրենց գունեղ բնութագրականությամբ գայթակղում են այժմ արհամարհված սոցռեալիզմի գեղագիտությամբ արված կենսաթրթիռ դիմանկարներն ու բնապատկերները։ Հենց մուտքից աչքի են զարնում Վաղինակ Ասլանյանի («Պրոֆ. Մեդնիկովի դիմանկարը»), Գագիկ Ավետիսյանի («Շուշի. առավոտյան անուրջներ», «Սխտորաշենի հովիվը», «Ճարտարեցի Համազասպը»), Տիգրան Թոքմաջյանի («Սևան», «Նկարիչը»), Ռուբեն Հովհաննիսյանի («Աղջիկները»), Ստեփան Անդրանիկյանի («Ցուցահանդեսում»), Քաջիկ Հակոբյանի («Գարուն. իմ ընտանիքը»), Էդիկ Վարդանյանի («Մուշեղ Գալշոյանի դիմանկարը») և ուրիշների մի շարք գեղանկարներ։ Եղեռնի 95-րդ տարելիցի կապակցությամբ բացված ցուցահանդեսներից ծանոթ կտավների առջև երկար չկանգնելով (լավ է, որ քիչ թե շատ արժևորվածներն են ներկայացված)` այցելուները գրեթե մոռացված հին անուններն էին վերաբացահայտում` չթաքցնելով հոգու զվարթությունը։ Ապագա նկարիչներից ու արվեստաբաններից ոմանք նախընտրում էին Նանայի, Թադևոսյանի («Կակաչներ», «Կանայք»), Անատոլի Ավետյանի («Կարմիր կակաչներ»), Վահե Գասպարյանի («Դիմակահանդես» շարքից) ոճամտածողությունը։ Ռուբեն Գաբրիելյանի մեծադիր «ՈՒղերձը» ամենքի կողմից ընկալվեց որպես Ռուսաստանին Ղարաբաղի միանալու պատմական փաստի տպավորիչ վերարտադրություն։ Շրջանցելով «պատահական» նվիրատուների (նույնիսկ` ոչ պրոֆեսիոնալ) «հայրենասիրական ընծաները»` ընդհանուր առմամբ կայացած համարեցին նախաձեռնությունը` բարձրաձայնելով որոշակի «սրբագրության» անհրաժեշտությունը։
Ըստ ներկայացված վիճակագրական տվյալների, Մոսկվայում և Երևանում արդեն հավաքվել է 117 նկարչի 223 բնօրինակ` աշխարհի 11 երկրներից (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Եթովպիա, Մոնղոլիա, Ինդոնեզիա, Եգիպտոս, Թուրքմենստան, ՈՒզբեկստան, բնականաբար, ՌԴ ու ՀՀ։ Առայսօր ամենաառատաձեռն նվիրատուներն են Գրիգոր Գաբրիելյանցը (25), Սամվել Հովհաննիսյանը (31), Վալենտին Բաղիրյանցը (21), Գեորգի Զատիկյանն (15) ու Նարինե Դավթյանը (9)։ Երևանյան ցուցահանդեսի երևակած գեղարվեստական ընդհանուր արժեքավորության մասին դատում եմ այցելուների մեծամասնության անմիջական գնահատությամբ և գլխիկոր ընդունում «Ընծայված ձիու ատամները չեն հաշվում» հանրահայտ ասացվածքի կենսահաստատ անհերքելիությունը։ ԼՂՀ մշակույթի նախարար ՆԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԼՅԱՆԻՑ տեղեկանալով, որ դեռևս անորոշ է Ստեփանակերտում ու Շուշիում հիմնադրվող կերպարվեստի թանգարանների շենքերի ճակատագիրը (հնարավոր է` նորերը կառուցվեն), մտերմաբար առաջարկում եմ պաշտոնական և անհատական նվիրատվություններից, մասնագիտական անկողմնակալ «վերընտրությամբ», ընդունել լավագույնները։ Չէ՞ որ, հակառակ դեպքում, արցախյան ապագա թանգարանների գեթ օտար կերպարվեստասեր այցելուներին զավեշտալի կթվա դրանց նախաձեռնության պսպղուն գաղափարական պաճուճանքի ակնհայտ անհամապատասխանությունն իրական բովանդակությանը։ ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ հավաստմամբ` հայաստանյան գործող թանգարանների մշտական ցուցադրություններում անկարելի է ունեցած ֆոնդերի լիարժեք հանրաճանաչումը արվեստասերներին։ Էլեկտրոնային տեղեկատվական կրպակների ստեղծմամբ առայժմ հնարավոր է ժամանակավոր լուծում տալ այդ հիմնախնդրին։ Վերականգնող մասնագետների դեֆիցիտով վտանգված է մնայուն արժեքներից շատերի պատշաճ երկարակեցության ապահովագրումը, հատկապես` պահոցներում անհիշելի ժամանակներից հանգրվանածների։ ՈՒրեմն, միանգամայն հնարավոր է, անաչառ վերարժևորմամբ, վերանայել արցախյան կերպարվեստի հավաքածուն։
«Հայաստանի նկարիչները` Արցախի կերպարվեստի թանգարանին» ցուցահանդեսով հետամտած ազգանվեր նկրտումներն արդարացված կլինեն, ըստ իս, միայն այդ պարագայում։ Ամենևին էլ ծայրահեղության գիրկը չեմ գլորվում։ Քանիցս այցելուների տարբեր խմբերով շրջելով այդ ցուցահանդեսում` համոզվել եմ, որ թե՛ ներկա ու ապագա մասնագետները, թե՛ սովորական արվեստասերները համամիտ են ինձ հետ մի շարք աշխատանքների թերարժեքության հարցում (ի դեպ, ՀՆՄ անդամներից շատերը պատահաբար էին հայտնվել բարեգործական այս պատկերահանդեսում և անկեղծորեն զարմացած էին տեղի ունեցածից)։ Եվ եզրահանգումն էլ նույնն է. «Ընծայված ձիու ատամները չեն հաշվում, եթե դեպի Պառնաս սլացող Պեգասն է»։ Մանավանդ` Արցախի պարագայում։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3125

Մեկնաբանություններ