Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԱՐՀԵՍՏՆԵՐԻ և ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՀՆԱՄԵՆԻ ԴԱՐԲՆՈՑԸ

ԱՐՀԵՍՏՆԵՐԻ և ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՀՆԱՄԵՆԻ ԴԱՐԲՆՈՑԸ
27.05.2011 | 00:00

Մայրաքաղաքային փառատոնամարաթոնի հոգևոր ներուժի բացահայտումով տարված` անհաղորդ մնացի աշխարհի 23 երկրներից Գյումրի ժամանած 1218 երաժիշտ-կատարողների միջև յոթ մասնագիտությունների գծով 31 անվանակարգերում ծավալված քառօրյա մրցությանը։ ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնի (հիմնադիր նախագահ` Կարինե Ավդալյան) շրջանակներում կայացած «Հայաստանը և համաշխարհային մշակույթը» եռօրյա միջազգային գիտաժողովի 60-ից ավելի տարոլորտ զեկուցումներն էլ, ցավոք, չբացված դասագրքերի արժեք ստացան։
«ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ» ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԱՆԲԵՐՆԵՐԸ
Ինձ հանդիպած ծանոթ-անծանոթ երաժիշտ կատարողներից շատերը, իրենց միջոցներին սոսկ ապավինելով, միայնակ կամ հարազատների տարաչափ խմբերով ուղևորվել էին Գյումրի, երգել կամ նվագել պահանջվող ծրագիրը, լսել մեկ-երկու մրցակցի, գնել կամ մերժել մասնակիցների անվանագիրքը` նվեր ստանալով նախորդը, նախաճաշել կամ ընթրել, գիշերել որևէ հյուրանոցում կամ նույն օրն իսկ վերադարձել Երևան։ Ավելորդ շռայլություն համարելով ծախսատար տպավորությունների անհատույց ամբողջացումը` ամենից շատ դժգոհում էին «Վերածնունդի» «օտարամոլ» կազմակերպիչների անհյուրընկալությունից։ Հիմք ընդունելով մեկնարկային ասուլիսին ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի տրամադրած «Լրատվական թերթիկը», ըստ որի` մրցույթ-փառատոնի ֆինանսավորումն իրականացնում են տասից ավելի հովանավորները, աջակիցներն ու կազմակերպիչները ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինքս էլ թերահավատությամբ համակվեցի։ 31 անվանակարգերում 4 տարիքային խմբերի միջև միաժամանակ ծավալված մրցության քառօրյա ընթացքից ինչ-ինչ կարծիքներ միավորելով` շատերը վիճարկում էին իրենց մրցութային ելույթներին հանձնախմբերի տված գնահատականները։ Մի քանիսն անվստահություն էին հայտնում կոնկրետ հանձնախմբերում մեկտեղված տարոլորտ նեղ մասնագետների խորագիտությանը։ Սրվում է ակամա մեղքիս զգացողությունը կազմակերպիչների քանիցս կրկնած հրավերին հարգելի պատճառներով չարձագանքելու համար։ Տեղեկատվական քաոսից ազատագրվելու հրամայականով երբ մեկնեցի Գյումրի, տոնավարտի ղողանջներում, բարեբախտաբար, դեռ զգալի էին «Վերածնունդի» անմիջական արձագանքները։
ԶՐՈՒՅՑՆԵՐ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ» ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ
Մշակութավազքիս բազմամյա փորձառությամբ գիտակցելով, որ դռնփակ է մնալու ինձ անծանոթ փառատոնի ֆինանսական խոհանոցը, առանց հարկային տեսուչի կամ հավատաքննիչի հավակնությունների, ոտք եմ դնում «Վերածնունդի» կենտրոնակայան։ ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի աշխատակից-կազմակերպիչները, փակման արարողությամբ ու արտերկրի հյուրերին ճանապարհելով բազմազբաղ, այդուհանդերձ, որոշակի պատկերացում են տալիս տարածաշրջանում նախադեպը չունեցող մշակութային համաժողովի հնգամյա տարեգրության ու հատկապես ամենախոշոր վերջինի մասին։ Չպնդեցի ֆինանսական հաշվեկշռին իրազեկվելու ցանկությունս։ Նախ, իրավասություն չունեի, ապա վստահ էի, որ, մերօրյա չգրված օրենքների կենսունակությամբ, առայժմ որևէ կողմնակի անձի չի հաջողվել լիովին վերծանել ցանկացած մեծ ու փոքր միջոցառման, առավել ևս փառատոնի գանձանակի «չինական պարսպի» և մրցանակների բաշխման նշանագրերը։ Այդուհանդերձ, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի միջազգային կապերի բաժնի ղեկավար, վոկալ-տեսական ամբիոնի դասախոս ՎԱՀԱԳՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ (ՀՈՎԵՆՑ) նրբանկատ մեկնաբանություններով, զուգահեռաբար ուրվագծվեցին թե՛ միջազգային մրցույթների դափնեկիր օպերային երգչի ստեղծագործական, թե՛ «Դասական մեներգեցողություն» անվանակարգի երրորդ տարիքային խմբում ծավալված անհավասար մրցակցության, թե՛ արդի համաշխարհային փառատոնացանցի տարատեսակ սակագնային չափանիշների հստակ նկարագրերը։ «Շնորհալի երիտասարդների հետագա ուղին մեր փառատոնով շատ ավելի դյուրին է հարթվում,- հավատացնում է բազում խոչընդոտներ հաղթահարած «Virtuozo di Roma»-ն։- 8-12 տարեկաններին խիստ պահանջներ միտումնավոր չէինք ներկայացրել։ Այս տարի նրանք մասնագիտական շեշտակի աճով զարմացրին նույնիսկ Վրաստանի ժողովրդական արտիստ, ակադեմիկոս Գեորգի Լոմտաձեին։ Մյուս տարիքային խմբերում ստիպված էինք կատարումները տարբերակել նրբերանգների մանրազննումով։ Տոնականության ընդհանուր տրամադրությունը պահպանելու ջանադրությամբ էլ սահմանել էինք հարակից մի շարք մրցանակներ` «Լավագույն հայկական կամ դասական երգ», «Բեմական հմայք», «Հանձնախմբի կամ հանդիսատեսի համակրանք» և այլն։ Հիացմունքի արժանացան ԵՊԿ և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտակրթարանի սաները։ Եռափուլ մյուս բծախնդիր մրցույթներից «Վերածնունդը» տարբերվում է մրցակցության տոնականությամբ։ Աշխարհաճանաչ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ հաջողեցնում ենք անվրեպ գնահատել մասնակիցների ունակություններն առաջին իսկ հնչեցրած ֆրազներով։ Համոզված եմ, որ մրցութային երկացանկից ու մասնագիտական հանձնախմբերի կողմնապահությունից ակնկալած բարձր մրցանակներին չարժանացածներն են միայն տրտնջացել։ Բացթողումներ, անշուշտ, կարող էին սպրդել 15-հոգանոց աշխատակազմով անցկացվող մարդաշատ մրցույթ-փառատոնի 10-օրյա ընթացքում։ Ի հայտ բերելով` հնարավորինս սահուն շտկել ենք։ Զանցառումները բացառում եմ, որովհետև մեծ նվիրումով ու կամավորների պատրաստակամությամբ ջանացել ենք «կադրից դուրս» չթողնել ոչ մեկին»։
Մեր հընթացս ավելի անկեղծացող զրույցին ինքնաբուխ միանում էին կենտրոնակայան ելումուտ անողները։ Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի լարային բաժնի վարիչ Պաեմուռու Պիտերը վկայում է, որ միջին խմբում էին հատկապես շատ տաղանդավոր, հեռանկարային երաժիշտները։ Նրա հայրենակից, Էստոնիայի սաքսոֆոնահարների դպրոցի հիմնադիր, պրոֆեսոր Կասեմաա Օլավին, ընդունելով մրցույթի մասնագիտական աճի անհերքելիությունը փողայինների կատարողական ընդհանուր վարպետությամբ, հիացմունքը չի թաքցնում սաքսոֆոնահար Շաոֆեյ Ժունից (Չինաստան)։ Բելառուսի պետական երաժշտական ակադեմիայի դաշնամուրային բաժնի պրոֆեսորի պաշտոնակատար Վլադիմիր Դուլովը որպես հայ ժողովրդի հոգևոր վերածննդի հուսադրող նախանշան է ներկայացնում կրտսեր մասնակիցների կատարողական ներուժի անշեղ աճը նորավարտ մրցույթում։ ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի ժողովրդական նվագարանների ու հայ երգեցողության ամբիոնի վարիչ Գևորգ Նորոյանն իր սաների` Մանուկ Փիլոյանի, Սյուզաննա Աշոտյանի, Ասյա Երեմյանի ու մյուսների եռամյա վերընթացով նույնքան էր ոգևորված, որքան ՈՒֆայի հայկական կիրակնօրյա դպրոցի շնորհալիների մասնագիտական հասունացմամբ։ Միաժամանակ մտահոգված էր դուդուկով, շվիով ու քանոնով հրապուրված մատաղ սերնդի հետաքրքրության նվազմամբ որոշ ժողովրդական նվագարանների (պարկապզուկ, սազ, սանթուր, թառ, քամանչա) հանդեպ։
Ընդմիջելով մրցութային քննարկումները` Հասմիկ Ստեփանյան-Հարությունյանի սիրահոժար բացատրություններով փորձում եմ մոտավոր գաղափար կազմել «Մշակույթների երկխոսություն» խորագրով անցկացված 5 գիտաժողովներից։ Թողնելով բովանդակային ծանոթությունս հեղինակների լրամշակումից հետո տպագրվելիք ժողովածուի լրջմիտ ընթերցանության հույսին` ամենից առաջ ինձ ու մայրաքաղաքային մյուս լրագրողների համար ճշգրտում եմ «Երկու խոհանոց` մեկ համ» զեկուցման առեղծվածը։ Պարզվում է, որ Բաթմանի համալսարանի գիտքարտուղար, ազգագրագետ Իքրամ Կալին (Թուրքիա) չի կարողացել Գյումրի գալ։ Երևանի ԶԼՄ-ներին շփոթեցրել էր վանեցի հայերի ու թուրքերի ուտեստների զուգահեռումներով վեր հանված աղերսների քննարկման փաստը երաժշտական գիտաժողովում, որովհետև ՀՀ մշակույթի նախարարությունը նպատակահարմար էր գտել ներկայացնել միայն Էդվարդ Միրզոյանին այս կամ այն կերպ առնչվող 15 երաժշտազեկույցների ցանկը։ Մինչդեռ «Վերածնունդի» գիտաժողովների թեմատիկ ընդգրկումն անհամեմատ լայն է։ Միայն թե դրանք հարկավոր հանրային ուշադրության չեն արժանանում բազմամարդ մրցույթին համընթաց կայացվելով։
ԵՐԱԺՇՏԱՏՈՆԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՈՐԴՆԵՐԸ
Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տոնահանդերձ դահլիճում «Վերածնունդի» 7 գլխավոր հաղթողների ելույթներով երաժշտականացված վերջնահանդեսը, զուգակցվելով անցած օրերի վավերագրական կադրերի ցուցադրությամբ, տպավորիչ համապատկերի մասին որոշակի պատկերացում տվեց։
Տոնական հրավառություն, անակնկալ բազում ընծաներ (կարևորագույնները, իհարկե, շեփորն ու կիթառն էին), նորահայտ երաժիշտ բարեկամներին աննկատ պարուրող հրաժեշտի, բայց ոչ բաժանման թախիծ... Ոչնչով չէր զիջում «Վերածնունդը» մայրաքաղաքային համանման հանդիսանքներին։ Մտաբերելով «Թատերական Լոռու» հարուցած մերձեցնող հզոր հոգևոր ներուժը` ակնկալում եմ շուտով համարժեքը գտնել արհեստների ու արվեստների քաղաք Գյումրու հաջորդ «Վերածնունդ»-ում։ Հույսերս իրատեսական են թվում արվեստագիտության դոկտոր, բազմաթիվ մշակութային նախագծեր հեղինակած ու իրականացրած Կարինե Ավդալյանի տարաբնույթ գործունեությանը մի քանի տասնյակ այլազգիների, հայաստանցիների ու անկողմնակալ գյումրեցիների տված հավաքական գնահատականով։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2630

Մեկնաբանություններ