Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ձեր լռությանը մենք վերաազատագրված հայրենիք ենք պարտք, խոնարհ հերոսներ

Ձեր լռությանը մենք վերաազատագրված հայրենիք ենք պարտք, խոնարհ հերոսներ
11.08.2024 | 13:14

Օգոստոսի 10-ն Արցախյան ազատամարտի անմահացած հերոս, հետախույզ Աշոտ Չախոյանի ծննդյան օրն է:

«Հանուն Նաիրյան երկրի հարատևության արժե ապրել այնպես, որ հետո բոլորը քեզ հիշեն և խոնարհվեն քո հիշատակի առջև»։

Գոհար ՄԱՐՏԻԿՅԱՆ

ՈՒշադիր կարդացեք այս տողերը: Այստեղ յուրաքանչյուր անմահացած հերոսի սրտի զարկն է, որ իրենց կյանքը տվեցին հանուն Հայի լինելիության:

Նրանց շարքում է ևս մի հավերժական անուն` Աշոտ Ռուդոլֆի Չախոյան: Հայորդի, ով իրավագետ էր և իր ընտրած մասնագիտական ուղիով գուցե համալրելու էր այսօր հայտնի հայ գործարարների շարքը, լինելու էր ազգային բարերար...

Սակայն սկսվել էր Արցախյան պատերազմը։

Եվ Աշոտ Չախոյանը, լսելով թշնամու ծավալապաշտական նկրտումների մասին ելույթները, թե ուզում են «Երևանում թեյ խմել, Սևանում ` լողանալ», անմիջապես թողեց Մոսկվայում իր սկսած բոլոր գործերը ու...եկավ` մեկնելու ռազմաճակատ:

Մասնակցել է Խնձորեսկի, Կոռնիձորի պաշտպանական, Մարտակերտի, Քարվաճառի ազատագրական մարտերին։ 1994 թվականի հունվարի 31-ին Քարվաճառի բարձունքներից մեկում Աշոտը զոհվեց՝ փրկելով ընկերների կյանքը։

Զորամասում ստեղծվել է նրա անունով «Փառքի անկյուն», նրա անունը գրվել է «Հավերժ ապրողների» անվանացանկում։

2016 թվականի դեկտեմբերի 6-ին Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում տեղադրվել է Աշոտ Չախոյանի կիսանդրին։ Կիսանդրին սկսել է ստեղծել Ազատ Հարությունյանը, իսկ ավարտին է հասցրել Վիլյամ Պետրոսյանը։

Հերոսը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 10-ին։ Ավարտել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը։ 1991 թվականին ընդունվել է «Գալիք» համալսարանը` մենեջմենթի ֆակուլտետ։

Ազգապաշտ ու հայրենասեր լինելը նրա ընտանիքի գաղափարախոսությունն էր:

Դրանից էր սնվել իր հոգևոր աշխարհը:

...Եվ մի հայոց մայր, որ ավելի քան երկու տասնամյակ Հայաստանի Հանրային Ռադիոյի եթերում մեր անմահացած քաջերի սխրանքն ու «ապրելու բանաձևն» է մատուցում ազգին ու նոր սերնդին, ինչպես ինքն է ասում` գրիչը իր սեփական տառապանքի մեջ թաթախելով` ցավը դարձնում հպարտություն, ահա այսպես է խոսում բոլորիս հետ, և սա կարծեք երկխոսություն է նաև ի՛ր իսկ որդու հետ...

Հերոսամայր Գոհար Մարտիկյանի կերպարն ինձ համար հառնում է նաև այդ ` ցավի ու հայրենապաշտության խտացում տողերում, որոնք դարձրեցի բնաբան:

Այսպես է խոսում հերոսամայրը բոլորիս հետ։

Սերունդների սեղանին Գոհար Մարտիկյանի հեղինակած «Ապրելու բանաձև» հաղորդաշարի համանուն մատենաշարն է, և այդ արդեն գրավոր հուշարձանները շարունակելու են պատմել մեր հերոսների սխրանքի պատությունը:

Հիշում եմ` դեռ 2014 թվականին մատենաշարի հերթական հատորի շնորհանդեսն էր` Հայաստանի Ազգային արխիվում: Այդ օրը նույնպես պատահական չէր ընտրվել` օգոստոսի 10-ն էր` հերոսի ծննդյան օրը:

Ներկա էր նաև հերոսի հայրը` Ռուդոլֆ Չախոյանը:Որքա՜ն վեհություն կար նրա խոսքերում, երբ փորձում էր բառերով արտահայտել որդու կերպարը և իր սրտի մորմոքը։ Երբեք չեմ մոռանա մեր անմահացած հերոսի հոր խոսքը։

Կարո՞ղ եք պատկերացնել այն հորը, որ ստանում է որդու անմահանալու լուրը, թե զավակը զոհվել է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս:

Եվ ազգանվեր զավակ դաստիարակած հայրը, որ հիմա էլ վերապրում էր կորստի անփարատելի ցավը ինչպես այդ լուրը առաջին վայրկյաններին լսելիս, միաժամանակ հպարտանում էր, որ մենք պետություն ունենք, և կոչ էր անում բոլորիս ամուր պահել մեր քաջերի արյամբ գծված պետությունն ու սահմանը, որ դեռ պիտի ընդարձակվեր դեպի մեր բռնազավթված Հայրենիքի մյուս հատվածները:

Եվ այդպես խոսելու ամենամեծ իրավունքն ունեցողը հենց հերոսի հայրն էր, որից հետո այլևս անհրաժեշտություն չկար նոր ելույթների, բոլորը լռել էին...

Այսօր հերոսի` Աշոտ Չախոյանի ծննդյան օրն է:

Մենք էլ ենք նրա անվան ու սխրանքի առաջ լուռ, սիրելի հերոսամայր։

Լուռ ենք, որովհետև նրան հայրենիք ենք պարտք։

Մենք նրանց իրե՛նց պահած հողն ենք պարտք։

Մեր կյանքի բոլոր օրերը լինելու են պայքար, որ Աշոտ Չախոյան հերոսի ու անմահների գնդի մարտիկների անունները արտասանելու իրավունքը վերանվաճել կարողանանք:

Մենք նրանց իրենց ազատագրած Արցախն ենք պարտք:

Շնորհավոր Ձեր տարեդարձը, մեր հերոս։

Խոնարհումս, սիրելի հերոսամայր:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4181

Մեկնաբանություններ