ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ամենատարեց հայկական թատրոնի մշտանորոգ ներկան

Ամենատարեց հայկական թատրոնի մշտանորոգ ներկան
07.08.2009 | 00:00

«ԱԴԱՄՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ»
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԻ ՀՆԳՕՐՅԱ ՌԻԹՄԸ
Սունդուկյանի անվան երբևէ կամ առայժմ ազգային ակադեմիական թատրոնի բեմից հորդացող հայաստանյան ներկայացուցչական բարեողջույններին ի պատասխան` պոռթկաց «ադամյանցիների» 13-րդ գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հայրենակարոտ երախտագիտությունը։ Նրա հուզաթաթավ խոսքերի ջերմությունից շոյվեցին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական (ի դեպ, արտերկրում` միակ) դրամատիկական 153-ամյա թատրոնի երևանյան հյուրախաղերի կայացմանն աջակցած ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների, ՀԹԳՄ-ի պաշտոնատար ներկաները։ Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգության արդիաշունչ լակոնիկ մեկնաբանության ներկայացմամբ մեկնարկած թատերաշարի հաջորդ 4 տարաոճ դրվագները հերթագայեցին միմյանց ԵՊՀԹ բեմում։ Վարդատոնի առիթով մտահղացված «Աշխարումս իմըն դուն իս...» թատերաձոնը տպավորվեց Սայաթ-Նովայի քնարի լարերի հնարավորինս ներդաշնակ հնչեցմամբ հանրածանոթ տողերում ամփոփված սիրո տարբեր ելևէջների նրբիմաստները սեփական ներաշխարհի պրիզմայով հանդիսատեսին նորովի մատուցելու մեկ տասնյակ երիտասարդ դերասանուհիների միասնական ջանադրությամբ։ Ջոն Սմիթի երկկենցաղ կեցությամբ պայմանավորված թյուրիմացությունների զավեշտախառն ոլորապտույտում դյուրությամբ ներառված (Ռ. Կունի, «Փախիր կնոջիցդ»), լիաթոք ծիծաղելուց արցունքոտված հանդիսատեսը «բրավոներով» արտահայտեց հիացմունքը` նորահաստատ «ադամյանցիների» կատարողական ակնառու ներուժի խանդավառ դրսևորումներով։ Գուրգեն Խանջյանի «Ավերակների պահակները» մերօրյա կենսակերպի գունեղ թատերակտավը դարձավ` ժամանակի ծնած մարդկային տիպերի կոլորիտային կերպավորումներով։ Պարզամիտ Պաղտասար աղբարի արդարացի բողոքը բոլոր ժամանակների կիպարների դեմ (Հ. Պարոնյան «Պաղտասար աղբար») վերջնականապես խլացվեց հրեշտակադիմակ խաբեբաների մշտազվարթ պարահանդեսում։
Օրավուր ավելի հետաքրքրված վիրահայոց թատերախմբի ուրույն դիմագծի ավարտուն բացահայտման իրարահաջորդ առիթներով` ավարտական ներկայացման վերջում ներկայացուցչական հրաժեշտ ակնկալող հանդիսասրահով հարցական զարմանքի ալիք անցավ։ Առանց որևէ ակնարկ անելու պաշտոնատար աջակիցների «համերաշխ» բացակայության մասին` Արմեն Բայանդուրյանը նորից ու կրկին «ադամյանցիների» անկեղծ երախտագիտությունն արտահայտեց երևանյան հյուրախաղերի կազմակերպման համար։ Որոտընդոստ ծափերով փակված վարագույրի հետևում, գուցե, անաղմուկ տրտմեցին։ Լեփ-լեցուն հանդիսասրահում շատերն ինքնաբուխ չթաքցրին դժգոհությունը «բազմազբաղ» պետական այրերի, մեղմ ասած, անբարեկրթությունից։ Ազգային բեմարվեստն իր կարող ուժերով մշտապես սնուցած այս թատրոնի կենսունակությունն արժանավայել պահպանող ներկայիս ստեղծագործական խմբի նվիրումը ոչ միայն նյութական, այլև բարոյահոգեբանական սատարմամբ պետք էր խրախուսել։ Կարծում եմ, վատ չէր լինի, որ ՀՀ նախագահն էլ, վարչապետն էլ իրենց գեթ միանգամյա ներկայությամբ պատվեին օտար ափերում գործող հայկական միակ պետական թատրոնի երևանյան հյուրախաղերը։ Երևի թե չեն սխալվում մարդիկ, երբ պնդում են, որ մեր ներկայիս բարձրաստիճան իշխանավորների մշակութային հետաքրքրությունների կենտրոնում ծաղրահումորային անտրեպրիզային ներկայացումներն են, «աստղային» շոուներն ու մի քիչ էլ լուրջ երաժշտարվեստը։ Խաղացանկային թատրոնները նրանց առանձնապես չեն հրապուրում։ Հպարտանում ենք ավելի քան քսան դար ձգվող մեր թատերարվեստով` անտեսելով այսօր գործող հայկական թատրոններից ամենատարեցի երիտասարդացած ստեղծագործությանն անմիջականորեն հաղորդակցվելու կարևորությունը։ Եվ ոչ միայն։ Երևանյան մշտական հանդիսատեսի ընդհանուր գնահատությամբ` Վրաստանի մայրաքաղաքի մշակութային կյանքում մնայուն տեղ գրաված հայկական թատրոնի ստեղծագործական տքնանքի լավագույն արգասիքները արդի հայ բեմարվեստի խճանկարում աչքի են ընկնում անշփոթելի թատերագրավչությամբ և գեղագիտական իմաստուն հաճույք են պարգևում նույնիսկ գիր ու գրականությունից հեռացած նոր սերնդին։
ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐԱՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Հնի ու նորի հողմապտույտում անխուսափելիորեն տարուբերվում են մարդկային սերունդները, ապա, կարծես, արձանանում։ Հանդերձների ու կեցվածքների այս պատկերասրահում էլ հանդիպում են թիֆլիսեցի վաճառական Իսային (Ֆելիքս Խաչատրյան) և եվրոպական քաղաքակրթության բովով անցած Գեորգի Մասիսյանցը (Գագիկ Մելքումյան), ում անապատ է թվում արտաքուստ միայն լուսավորյալ քաղաքներին նմանված ծննդավայրը։ Գեղեցկուհի Նատալիայով (Մարիամ Խաչոյան) Զամբախովի տան մոտ գայթակղված Գեորգին, որպես պոտենցիալ փեսացու, անմիջապես թակարդն է ընկնում տգեղ աղջկան ամուսնացնելու անբուժելի ցավից տապակվող Գարասիմ Յակուլիչի (Ռոբերտ Հովհաննիսյան), ով կառչում է Իսայու թյուրընկալումից` որպես փրկօղակից։ Խավարում հուսո լույսեր են առկայծում. «Էն տղեն քու Մարգրիտին տեսիլ է էստի բալկոնումն ու հավնիլ է...»։ Հենց պատշգամբում խաչվում են զամբախովյան խարդավանքի երեք հիմնական զոհերի ճակատագրերը։ Ահա խորհուրդը երկկողմանի սանդղաշարերով բեմի խորքում բազմեցված պատշգամբի, որն իշխում է յուրովի ազատ տարածքում ծավալվող գործողության ընթացքի վրա։ Բեմադրության հեղինակ Արմեն Բայանդուրյանը, ի սկզբանե հրաժարվելով կենցաղագրական պարզ վերարտադրումից, կարողանում է զուսպ ու լակոնիկ թատերահնարքներով կենդանացնել ժամանակի շունչն ու ոգին։ Այս առումով հատկանշական են Իսայի-Զամբախով, Իսայի-Խամփերի (Սնեժանա Յաղուբյան), Գեորգի-Քեթևան (Լեյլա Մկրտչյան)-Խամփերի դրվագները։ Հատու խոսքով խավարը ճեղքող հայտնի մենախոսությունը Զամբախովի խուլ արձագանքվում է Քեթևանի և Մարգրիտի մոր (Էլեոնորա Օհանյան) երկպլան տագնապալի աղոթքում։ Հարազատ մնալով սունդուկյանական բեմադրապատգամներին` Բայանդուրյանը զավեշտական իրադրությունների զվարթությամբ չի մեղմում Մարգրիտի (Քրիստինե Մելքումյան) դրամայի խորացումը։ Նպատակասլաց կիրառելով Նինա Կերվալիշվիլու պարային միջարկումները` երաժշտական (Վալերի Ամիրաղյան) և լուսային ձևավորումներով լրացնում է տեքստային կրճատումների բովանդակային «բացը»։ Միաժամանակ հնարավորություն է ընձեռում գլխավոր ասելիքը հունցող դերակատարներին` իրենց հերոսների կաղապարներում հարմար «տեղավորվելու», կատարողական ներուժը դրսևորելու։ Եվ հնօրյա դրամատիկ պատմությունը նորահայաց ուշագրավ բեմական կյանք է ստանում` անճիգ շեշտադրելով մերօրյա աղերսները։ Կոտրվում է վսեմ մարդկային հոգիների ներթաքույց մեղեդին հնչեցնող ջութակը անազնիվ մարդկային փոխհարաբերություններով հյուսված խարդավանքով։ Ճակատագրական պատշգամբում փոքրիկ Մարգրիտն է։ Արդյո՞ք նրա երկնագույն երազանքներն էլ կկործանվեն խաբեություններով առլեցուն մարդկային անապատում։
Գեղագիտական նույն հավատամքով ու համարժեք հնարքներով է բեմ բարձրացրել Արմեն Բայանդուրյանը Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբարը»։ Պահպանելով մարդկային բարոյալքման չարյաց սոցիալական արմատների գլխավոր տեսակարար կշիռը` հատուկ ընդգծել մարդուն Մարդ դարձնող ու պահող հատկանիշների այլազան խեղումների հրեշավորությունը` ծիծաղելի սոսկ առաջին հայացքից։ Պարզամիտ ու հիմարավուն Պաղտասարի (Ֆելիքս Խաչատրյան) շուրջ խաբեությունների սարդոստայնն աննկատ սկսել է ձևավորվել թատրոնում Անույշի ծիծաղով հրապուրվելու պահից` դավաճանության ու ինտրիգների ամրացող պարաններում վերջնականապես ներառելով ամուսնական կյանքի ողջ ընթացքում։ Խարատիաշվիլու նկարչական ձևավորումը հենց այդ միջավայրն է ներկայացնում` թատրոն, կրկես, որում վերևի օթյակից նենգորեն ուղղորդում են կյանքի ասպարեզում տեղի ունեցողը, իրականությունն անամոթաբար խեղաթյուրում են «անմեղսունակ» սատանաները` Անույշը (Նանո Պողոսյան) և Կիպարը (Գագիկ Մելքումյան)։ Փողի մոգական զորությունը միայն վերջիններիս է հաջողվում կիրառել` դիմակահանդեսի ստվարացող պարապտույտում Պաղտասարի արդար դատը նրա իսկ կլորիկ գումարներով ոչ միայն մերժելով, այլև հարկադրելով համակերպվել «թյուրատեսության» արտառոց թատերախաղի անհերքելիության հետ։ Եվ խլացվում է բոլոր ժամանակների կիպարների դեմ նրա բողոքը` հաստաճոպան որոգայթի սեղմօղակում ցմահ կապանքվելով։
Երիտասարդացած դերասանախումբը ողջ ներուժով է բեմավորում բեմադրական հարուստ կենսագրություն ունեցող, փայլուն արտիստական անհատականություններով բազմիցս խաղարկված պիեսների հերոսներին` Բայանդուրյանի արդիաշունչ թատերաընթերցումների յուրահմա գրավչությամբ վերստին հաստատելով դասական գոհարների մնայուն արժեքը։
ԾԻԾԱՂԱՇԱՏ ԿՈՄԵԴԻԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐՕՐՅԱ ԴՐԱՄԱ
Տաքսու վարորդի չնորմավորված աշխատակարգն ինքնարդարացման հուսալի զրահ դարձրած Ջոն Սմիթը (Նարեկ Բայանդուրյան) օրերից մի օր անսպասելիորեն խճճվում է սեփական կեղծիքի լաբիրինթոսում։ Երկակի կեցության սրընթաց բացահայտման հարուցած զավեշտական իրադրություններից պոռթկացող ծիծաղը հանդիսասրահի ուշադրությունն անսայթաք կենտրոնացնում է Կունիի «Փախիր կնոջիցդ» կատակերգության (բեմադրիչ` Լևոն ՈՒզունյան) բեմապատումի վրա։ Անմիջական արձագանքների խանդավառությամբ երիտասարդ դերասան-դերասանուհիները ինքնակիզվող խաղարկմամբ են առաջ տանում թյուրիմացությունների կծիկի քակումը, ժանրի կանոնների անթերի զարգացմամբ։ Սմիթ-Բայանդուրյանի երկգույն կեցության հումորաշաղախ մեկնաբանության ինտրիգող անցումների ռիթմիկ տեմպի զգայացունց իմաստավորումը խտանում է տեսարանից տեսարան` փոխանցվելով մի կնոջից (Մերի Սմիթ-Լյուբա Սահակյան) մյուսին (Բարբարա Սմիթ-Նանո Պողոսյան), Քեն Ռոուդ 25-ից Լուի Ռոուդ 47։ Ծիծաղելի իրավիճակներում են հայտնվում անհեթեթ պատահարի «զոհ» դարձած Ջոն-Բայանդուրյանի շահերը պաշտպանող ոստիկանները, հատկապես դյուրահավատ Պորտերհաուս-Սերգեյ Սաֆարյանը։ Մտերիմ հարևան Սթենլի Պոունիի (Կարեն Ղազարյան) ակտիվ «փրկարարական» միջամտությամբ թանձրանում է ինքնաբուխ իրադրությունների կատակերգական երանգապնակը։ ՀԹԳՄ երիտասարդական անցյալ փառատոնի շրջանակներում այս բեմադրության առաջնախաղը տեսած հանդիսատեսը բարյացակամորեն ընդունում է ներկայացմամբ արտահայտված գունեղացումը։ Մտաբերելով Շենոյի «Դուք ողջ լինեք»-ից ստացած տպավորությունները` եզրակացնում` Լևոն ՈՒզունյանի համաստեղծագործությամբ բեմ բարձրացված այս կարգի գործերում լիարժեք փոխըմբռնման է հասնում «ադամյանցիների» նոր սերունդը` չթաքցնելով ժանրի նախապատվելիությունը, թատերական հետաքրքրություններին անհամեմատ հոգեհարազատությունը։
Հյուրախաղային խաղացանկում ինձ համար յուրօրինակ հայտնություն էր Գուրգեն Խանջյանի «Ավերակների պահակները»` Ռոման Մատիաշվիլու բեմադրությամբ։ Ժամանակակից գրական արձակում յուրաստեղծ աշխարհով իր տեղը գտած հեղինակի սյուրռեալիստական-աբսուրդիստական շաղախով, նատուրալիստական երբեմն չափազանցված մտահայեցակետով երկերի հոգեբանական խորքերն անվրեպ պեղելու ունակությունը «Գերեզմանատան երգչախմբով» արդեն հավաստած բեմադրիչը մերօրյա քաղաքական պամֆլետի հնչողության էր հասցրել անկախական հեղաբեկումներով կյանքի բնականոն հունից դուրս քշված մարդկանց բոմժակենցաղ գոյատևման բեմական նկարագրությունը։ Մուրացկանության տարատեսակներում հմտացած` նրանք հանապազօր չնչին «ձեռքբերումներով» են իրենց անմարդկային ներկայի մռայլը փորձում լուսավորել, անդարձ կորած անցյալում ապրածն ու զգացածը մոռացության վարագույրով ծածկել։ Նախկին ինժեներ- երկրաբանը (Ֆելիքս Խաչատրյան), հարազատ օջախից մայր հայրենիք բռնագաղթած փախստականը (Մելանյա Բարսեղյան), 88-ի ավերիչ երկրաշարժի փլատակներում ինքնությունը թաղած Սերոբ-Մացիկը (Ռոման Մատիաշվիլի)։ Ավերակներում ապաստան գտած այս եռյակի կյանքի տաղտուկը կտրուկ աշխուժանում է կոնտուզիահար զինվորի (Գագիկ Մելքումյան) ինքնակոչ պահակությամբ։ Տրագիկոմիկական ելևէջներով, քնարական լեյտմոտիվային ներթափանցումներով, հեգնախառն վրձնահարվածների երբեմն սարկաստիկ հպումներով սովորական թվացող այս պատմության արտաքուստ զվարթաշունչ բեմակտավում հստակվում է մերօրյա դրաման։ Թատերախմբի հիմնասյուներից երեքի հետ խաղարկման նոր որակ գտած երիտասարդներով հիանալի անսամբլ է ստեղծվում։ Հանպատրաստից հորինված բեմամիջավայրում (հյուրախաղային ներկայացումների ներկայիս դառը ճակատագրի բերումով) բնութագրական նրբերանգներով է հագենում գլխավոր ասելիքը, ապրված զգացողությունների ներազդու տիպականացմամբ։ Ամենագունեղը, ըստ իս, Լուսո-Բարսեղյանն է` ինքնահատուկ բեմական հմայքով, հայ բեմարվեստի դասական «դպրոցի» դարբնոցում կռված արտիստական բազմաշերտ ունակությունների ցայտուն շողարձակումներով։ Հավելյալ ենթիմաստներ են ներխուժում բեմատարածք Անժելա Ղազարյանի` նախկին կրկեսային ակրոբատուհու և Ռոմեո Մուրադյանի` Օրփեոսի հայտնվելով ավերակներում, որտեղ զարմանալիորեն հոգեկան անդորր ու մարդկային ջերմություն են գտնում մարդկային օրինավոր կերպարանքը կորցրած նոր ժամանակների ծնած խամաճիկները։ Եվ չհայտարարված մի ներքին դաշինքով դառնում միասնաբար պահակներն այն ավերակների, որոնցում հոգևոր անհամար գանձեր կան` կյանքի մակերես հանվելու պահանջ ներկայացնող։
«Ադամյանցիների» երևանյան հյուրախաղերի վարագույրի փակվելուն պես հակասական զգացողություններ արթնացան հնգօրյա խաղացանկի ներկայացումներով մշակութային ապրեցնող լիցքերով գոտեպնդված հանդիսատեսի հոգում։ Օտար ափերում հայապահպան կարևորագույն առաքելությանը ծառայելուց զատ, այս թատերախումբն ակնածանք ներշնչեց իր արժեքավոր ստեղծագործության կոնկրետ հավաստիացումներով։ Անկապտելի մասը կազմելով արդի հայ բեմարվեստի` հարկ է, որ այն իրեն իրավահավասար անդամը զգա մեր ներկայիս թատերաընտանիքի, բարոյական հուսալի նեցուկ գտնի նրա հարկի տակ` արարչական կամքն ու եռանդը խթանող։ Իսկ թե ինչպես են «ադամյանցիներն» ապրում և կանոնավոր ստեղծագործում Վրաստանի պետության հովանու ներքո, կիմանաք թատրոնի գեղարվեստական ղեկավար, վրացական խորհրդարանի պատգամավոր Արմեն Բայանդուրյանի հետ զրույցին «Իրավունքը de facto» թերթի առաջիկա համարում անմիջականորեն հաղորդակցվելով։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3896

Մեկնաբանություններ