«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Քանի դեռ կա այս խայտառակ պառակտումը` քաղաքացին կմնա անպաշտպան

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Քանի դեռ կա այս խայտառակ պառակտումը` քաղաքացին կմնա անպաշտպան
10.07.2013 | 16:39

Պետք է արձանագրենք, որ ներկայումս ազգը տրոհված է երեք անհավասար մասերի: Ըստ այդ տրոհման հայաստանակենտրոն տրամաբանության, աշխարհում կան առաջին, երկրորդ և երրորդ տեսակի հայեր: Առաջին և երկրորդ տեսակի հայերն ապրում են հայկական իշխանությունների պայմանական վերահսկողության տակ գտնվող ներկայիս Հայաստանի տարածքում, որն ընդգրկում է ՀՀ-ն և ԼՂՀ-ն, իսկ երրորդ կարգի հայերն այդ տարածքներից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներն են: Նորից եմ ուզում ընդգծել, որ սա հատկապես հայաստանակենտրոն տրամաբանության շրջանակներում կատարված պայմանական ներազգային եռահարկ տեսակային բաժանում է, որի շրջանակներում հայաստանաբնակ յուրաքանչյուր անձ ինքն իրեն և իր մերձավորների համախումբը համարում է առաջին կարգի հայ, մինչդեռ մնացյալ հայաստանաբնակները, ըստ այդմ, դասվում են երկրորդ կարգի հայերի շարքին: Այս ներքին բաժանումը վեր է քաղաքական-գաղափարախոսական և, անգամ, ծագումնաբանական գործոններից, ու դրա միջոցով տարաբնույթ կապերով փոխկապակցված մարդկանց ցանկացած փոքր խմբակ կարող է իրեն վեր դասել բոլոր մնացածներից և բոլոր դեպքերում իր խմբային շահերն ավելի կարևոր համարել, քան համազգային ու համապետական շահը: Զավեշտն այն է, որ մարդիկ այս Հայաստանում միաժամանակ և´ առաջին, և´ երկրորդ տեսակին են պատկանում` իրենք իրենց համար առաջին տեսակի են, իսկ այլոց համար` երկրորդ տեսակի:Այս տրամաբանությունը նաև համատարած անօրինականության հիմքում է ընկած: ՈՒշագրավ է, որ հայաստանաբնակ հայերի այդ երկու տեսակներն էլ Հայաստանից դուրս բնակվող հայերին համարում են երրորդ կարգի հայ, քանի որ վերջիններս, կա´մ չդիմանալով ներհայաստանյան բարքերին, անօրինականություններին ու տնտեսական անապահով վիճակին, անկախություն ստանալուց ի վեր հեռացել են երկրից, կա´մ էլ, լինելով ավանդական Սփյուռքի` ցեղասպանությունից փրկվածների աշխարհով մեկ սփռված ժառանգները, չեն մտածում այստեղ հաստատվելու և սեփական պետականությունը գուրգուրելու իրենց պարտքը կատարելու մասին: Այսինքն, Հայաստանի սահմաններից դուրս բնակվող հայերը հայաստանաբնակների համար կա´մ դասալիք են, կա´մ եսասեր անգործունակներ, որոնք պատրաստ չեն սեփական հանգիստ ու ապահով կյանքը վտանգելու գնով հայրենիք շենացնել:
Իրականում մենք բոլորս նույնն ենք, որպես ազգային ընդհանրություն, և փոխադարձ հարգանքի ու աջակցության կարիքն ունենք, բայց քանի դեռ կա այս բաժանումը, այս անասնավայել խայտառակ պառակտումը`քաղաքացին կմնա անպաշտպան, մոռացված ու հալածյալ, իսկ ինչպիսին քաղաքացին է, այնպիսին էլ իր պետությունն է:

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ