Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Ականավոր ռեժիսորների դասընթացները մեզ մոտ կազմակերպելն անգնահատելի նվեր կլինի մեր երիտասարդներին»

«Ականավոր ռեժիսորների դասընթացները մեզ մոտ կազմակերպելն անգնահատելի նվեր կլինի մեր երիտասարդներին»
09.11.2012 | 11:58

«Իրատես de facto»-ի հյուրն է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:


-Պարոն Խաչատրյան, «Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ կինոփառատոնի փակումից կարճ ժամանակ անց գումարվեց կինոփառատոնի գեղարվեստական խորհրդի նիստը, որի նպատակն էր արդեն կանխորոշել հոբելյանական 10-րդ փառատոնի հեռանկարներն ու անելիքները, սպասվող հյուրերի և ֆիլմերի ցանկը: Այս պահի դրությամբ` կոնկրետ ի՞նչ է հայտնի փառատոնի կազմակերպիչներին:
-Փառատոնը չես կարող արմատապես փոխել, վերածել մեկ ուրիշ բանի, բայց 10-րդ հոբելյանական «Ոսկե ծիրան»-ում ինչ-ինչ նորամուծություններ սպասվում են: Մենք մտադիր ենք հրավիրել նախորդ տարիներին մրցանակների արժանացած բոլոր մասնակիցներին: Իհարկե, կբերենք աշխարհի լավագույն ֆիլմերը, կհրավիրենք նաև մարդկանց, որոնց կարիքը Հայաստանն ունի, և որոնցից շատերը դեռևս չեն եղել Հայաստանում: Այսինքն, զուգահեռ երկու ուղղությամբ ենք աշխատելու. հրավիրելու ենք նախկին բարեկամներին և բոլորովին նոր, մեր երկրում երբևէ չեղած մեծանուն արվեստագետների: Այս նպատակով ստեղծվել է լուրջ մի խումբ` «Պատվավոր խորհուրդ»` Շառլ Ազնավուրի գլխավորությամբ: Վերջինիս հետ հանդիպելու նպատակով ես մեկնեցի Ժնև, որտեղ երկու գործ միանգամից արվեց:
-Այո՛, Ժնևում Ձեզ սպասում էր հերթական մրցանակը` «Միջազգային աստղ որակի համար»` «Ոսկե» անվանակարգում (International Star Award for Quailty, GOLD Category): Խնդրում եմ, պատմեք այդ մասին:
-Մրցանակը ստացանք Ժնևում` Շվեյցարիայում ՀՀ փոխդեսպան Սաթենիկ Աբգարյանի հետ: Իսկ մեկ օր անց հանդիպեցի Շառլ Ազնավուրին: Նա եկավ Փարիզից Ժնև, մենք հանդիպեցինք ու խոսեցինք մեր փառատոնի, առաջիկա անելիքների մասին: Ես փառատոնի կազմակերպիչների և անձամբ իմ անունից ցանկություն հայտնեցի, որ մեր մեծ հայրենակիցն անպայման ներկա գտնվի հոբելյանական փառատոնին և գլխավորի փառատոնի «Պատվավոր խորհուրդը»:
-Շառլ Ազնավուրը տեղյա՞կ էր «Ոսկե ծիրանի» գոյությանը, գիտե՞ր, որ Երևանում արդեն ինը տարի անցկացվում է միջազգային կինոփառատոն:
-Այո, գիտեր և խոսեց «Ոսկե ծիրանի» մասին: Նրա շատ մտերիմ ընկեր Ալեն Թերզյանն էր պատմել փառատոնի մասին:
-Հավանաբար, այն բանից հետո, երբ մի քանի տարի առաջ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը բացվեց նրա սցենարով նկարահանված «Մերձավոր շրջապատ» ֆիլմով:
-Այո՛: Ազնավուրը լավ տեղեկացված էր փառատոնի մասին ու համաձայնեց ընդգրկվել «Պատվավոր խորհրդի» կազմում: Այդ խորհրդի կազմում կլինեն նաև այլ նշանավոր արվեստագետներ` Աբաս Քիառոսթամին, Յո Ստելինգը, Քշիշտոֆ Զանուսին, Ալեն Թերզյանը, Գոթֆրի Ռեջոն, ուրիշներ: Այդ խորհրդում ընդգրկված են նաև ՀՀ արտաքին գործերի և մշակույթի նախարարները: Դա շատ լուրջ խումբ է, որում ընդգրկված արվեստագետներն ամեն առաջարկ չէ, որ ընդունում են, ամեն խորհրդի մեջ չէ, որ համաձայնում են ընդգրկվել: Այս փաստը խոսում է այն մասին, որ նրանք շատ բարձր են գնահատում փառատոնը և պատրաստ են նաև իրենց ներդրումն ունենալու նրա աշխատանքներում, անելու իրենցից կախված ամեն բան, որ հոբելյանական 10-րդ «Ոսկե ծիրանն» անցնի բարձր մակարդակով, ցուցադրի լավագույն ֆիլմերը, հյուրընկալի լավագույն ռեժիսորներին, կինոաշխարհի ամենանշանավոր ներկայացուցիչներին, կազմակերպի ամենահետաքրքիր դասընթացները: Կան նաև ուրիշ անուններ, որոնք այսօր չեմ ցանկանում բարձրաձայնել: Մեր ամբողջ ջանքը դրված է այն բանի վրա, որ Երևան հրավիրենք աշխարհի լավագույն ռեժիսորներին: Մեր նպատակը չէ այստեղ բերել հայտնի դերասանների և շոուներ սարքել: Իհարկե, եթե այս կամ այն ֆիլմի հետ կապված անհրաժեշտություն առաջանա հրավիրելու որևէ հայտնի դերասանի, մենք դա էլ կանենք, բայց մեր առաջնահերթ նպատակն է Հայաստան բերել այնպիսի ռեժիսորների, որոնց տեսնելու մասին, նրանց վարպետության դասերին մասնակցելու մասին երազում են Հայաստանում:
-Ի դեպ, դերասան-դերասանուհիներին հրավիրելու մասին: Այս տարի կինոփառատոնի հանդիսատեսներից տրտունջներ լսեցի, թե հետաքրքիր մարդկանց չեք հրավիրել, թե անցյալ տարի, երբ հյուր էր Ֆանի Արդանը, շատ ավելի մեծ էր հետաքրքրությունը կինոփառատոնի նկատմամբ: Մարդիկ ուղղակի երազանքի նման հույս էին փայփայում, որ 10-րդ հոբելյանականին բախտ կունենան տեսնելու Ժերար Դեպարդիեին: Փաստորեն, փառատոնի ժողովրդայնությանը նպաստում է էկրանից ծանոթ դերասան-դերասանուհիներին հրավիրելը:
-Չէի ասի` ժողովրդայնությանը, ավելի ճիշտ` հասարակ հետաքրքրասիրությանն է նպաստում: Բայց մեր նպատակը դա չէ, մենք չեն ցանկանում շոու սարքել: «Ոսկե ծիրանն» ավելի շատ կրթական, մշակութային քաղաքականություն իրականացնող ծրագիր է, քան շոու, դերասաններին բեմ բարձրացնելու, ծափահարելու առիթ: Իհարկե, դա էլ լավ բան է, շատ գեղեցիկ երևույթ է, բայց մեր նպատակն է ամբողջ աշխարհից հրավիրել այնպիսի ռեժիսորների, որոնք մեր այսօրվա պատանի, երիտասարդ ռեժիսորների վրա կթողնեն այնպիսի տպավորություն, որը նրանց կօգնի վաղն ավելի խորանալու, ավելի հաջողելու իրենց մասնագիտության մեջ: Ես այս ընթացքում հանդիպել եմ շատ նշանավոր ռեժիսորների տարբեր երկրներից, որոնց դասընթացները մեզ մոտ կազմակերպելն անգնահատելի նվեր կլինի մեր երիտասարդներին:
-Պատմեք մի փոքր Շառլ Ազնավուրի, նրա հետ շփման մասին:
-Ազնավուրին հանդիպելուց հետո ես կտրուկ փոխել եմ իմ պահվածքը: Ես հաճախ հրաժարվում էի տարբեր այցելություններից, տարբեր հանդիպումներից` պատճառաբանելով, թե հոգնած եմ, շատ եմ աշխատում: Տեսնելով 88 տարեկան այդ մարդուն` չափազանց առույգ, գործունյա, ամաչեցի իմ պահվածքից: Մարդը Փարիզից ժամանեց Ժնև մենակ` իր երկու ճամպրուկով: Օդանավակայանում նրան մատուցվեց իր մեքենան, ինքը նստեց ղեկին, ինձ էլ նստեցրեց կողքին, հասցրեց տեղ ու գնաց հանդիպման: Ասաց, որ երկու օրից պիտի մեկնի Չիլի: Այսինքն, սա մի մարդ է, որ ունի ազատություն և ուժ` իրեն ծեր չզգալու: Նրա պահվածքից ես հասկացա, որ դեռ շատ գործ ունեմ անելու, իրավունք չունեմ բողոքելու հիվանդություններից, աշխատանքից, տարիքից: Եվ գալով Երևան` նույնը ներշնչեցի իմ գործընկերներին: Հիմա բոլորին հորդորում եմ հոգնած չզգալ իրենց: Ներշնչանքը շատ կարևոր է: Երբ երկար ժամանակ է հարկավոր այն գործի համար, որին նվիրված ես, պետք է միջիցդ հանես թուլամորթությունը, վախը, հոգնածությունը և գնաս առաջ:
-Շառլ Ազնավուրն անհամաձայնություններ ունի Հայաստանի իշխանությունների հետ, դժգոհություններ է արտահայտում մեր երկրում կատարվող ներքին անցուդարձերի առնչությամբ: Այս թեմաներին անդրադարձա՞ք նրա հետ շփումների ընթացքում:
-Ոչ: Ազնավուրն էմոցիոնալ արվեստագետ է, ազատ մարդ: Նայած թե այդ օրն ում է հանդիպել, ինչ նորություն է իմացել, ըստ այդմ էլ արտահայտում է իր վերաբերմունքը: Մեր շփումների ընթացքում ես տեսա, որ շատ ջերմ է նրա վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, կարոտով է լցված դեպի Հայաստանը: Նույնքան ջերմ էր վերաբերմունքը նաև փառատոնի հանդեպ: Որևէ նեգատիվ բան չտեսա նրա վերաբերմունքի մեջ: ՈՒղղակի ասում էր. «Ինչով կարող եմ օգտակար լինել Հայաստանին, Ձեր փառատոնին, պատրա՛ստ եմ, օգտագործե՛ք ինձ»: Հայաստանում կատարվող իրադարձություններին մասնակցելու, դրանց օգտակար լինելու իր պատրաստակամությունն ուղղակի հիացրեց ինձ: Մի խոսքով, ապրի՛ ինքը` երկար և լավ:
-Խոսենք նաև Ձեր` որպես ռեժիսոր ունեցած վերջին հաջողության մասին. հոկտեմբերի 14-ին Լուվրում ցուցադրվեց Ձեր «Սահման» ֆիլմը:
-Հրավերը ստացվել էր Լուվրից: Մենք Լուվրի կայքում գտանք ինֆորմացիա, որում ասված էր, որ պիտի ցուցադրվի երեք ֆիլմ. երկուսը Քիառոսթամիի ֆիլմերն են, մեկը` իմ «Սահմանը»: Անսպասելի և շատ ուրախալի լուր էր: Լուվրում արվեստի բացառիկ գործերն են արժանանում ցուցադրության, որոնք կարևոր գործոն են և նշանակալից հետք են թողել մշակույթի համաշխարհային պատմության վրա: Ինչ խոսք, մեծ ոգևորությամբ մեկնեցի Փարիզ` ներկա գտնվելու իմ ֆիլմի ցուցադրությանը: Այնտեղ էր նաև Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Աբաս Քիառոսթամին երկու օրով Փարիզ էր եկել Պարսկաստանից: Նա պետք է ներկայացներ ֆիլմերը, ինչպես նաև ուներ այլ ծրագիր. ներկայացնում էր իր պոեզիայի գրքերը, որոնք թարգմանվել էին ֆրանսերեն, և Լուվրի գրադարանում մեծ հերթ էր գոյացել, քանի որ մարդիկ ցանկանում էին իրենց օրինակների վրա ունենալ հեղինակի ինքնագիրը: Պատմեմ, թե ինչ սկզբունքով են ցուցադրվում Լուվրում ֆիլմերը: Տարին մեկ անգամ որևէ մեծ արվեստագետի տալիս են հնարավորություն Լուվրում ցուցադրելու իր արվեստը և ընտրելու ու ցուցադրելու այլ արվեստագետի մեկ գործ: Քիառոսթամին, իր երկու ֆիլմերից բացի, ընտրել էր իմ «Սահման» ֆիլմը: Նա ինքը պատմեց, որ երբ իր առջև խնդիր է դրվել Լուվրում ցուցադրելու համար ընտրել համաշխարհային կինոյի մեկ արժեքավոր գործ, իր ընտրությունը կանգ է առել «Սահմանի» վրա:
-Ի միջի այլոց, գոնե ինձ համար դա բնավ զարմանալի չէ: Երբ անցյալ տարի, մամլո ասուլիսի ժամանակ, ես հարցրի Քիառոսթամիին, թե ինչքան է ծանոթ հայկական կինոյին, նա խոստովանեց, որ առանձնապես շատ հայկական ֆիլմեր չի դիտել, բայց եթե իրեն հարցնեն, թե որոնք են համաշխարհային կինոյի երկու լավագույն գործերը, ինքը դրանցից մեկը կհամարի Ձեր «Սահման» ֆիլմը:
-Այդ փաստն ինձ համար շատ ուրախալի է: Լուվրի դահլիճում հավաքվել էին նշանավոր արվեստագետներ, որոնք լուռ և քարացած դիտեցին ֆիլմը: Իսկ Քիառոսթամիի գնահատականն ինձ համար շատ կարևոր էր: Նա խոստովանեց, որ հատուկ վերաբերմունք ունի այն կենդանիների նկատմամբ, որոնց ես նկարել եմ: ՈՒ «Սահման» ֆիլմը դիտելուց հետո մեծ ֆոտոշարք է արել (լուսանկարել է գոմեշի` տպավորված իմ ֆիլմի հերոսի հայացքից, «խաղից»), որը պատրաստվում է ներկայացնելու առանձին ցուցահանդեսով: Զարմանալի էր հանդիսատեսի արձագանքը: Հանդիսատեսների թվում շատ էին Քիառոսթամիի ֆրանսիացի և պարսիկ աշակերտները, որոնց կարծիքը ֆիլմի մասին, հիացմունքն ինձ շատ ոգևորեցին:
-Մենք, դժբախտաբար, ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ սահման հասկացությունը շատ խոր և հիվանդագին է ընկալվում: Ինչպե՞ս այն ընկալեցին Լուվրում, Ֆրանսիայում, որտեղ չկան թուրքերի, ադրբեջանցիների նման հարևաններ` դրանից բխող բոլոր վտանգներով:
-Սահմանի ընկալումը տարբեր կերպ է լինում: Գոյություն ունեն ոչ միայն ֆիզիկական սահմաններ: Կան սահմաններ մարդկանց միջև, լռության և խոսքի միջև, հասկանալու և չհասկանալու միջև: Եվ ընդհանրապես, կան տաբուներ հենց մարդու ներսում, որոնց ընկալումը շատ խոր է բոլոր ազգությունների, պետությունների պարագայում: Երկրորդ անգամ էր իմ ֆիլմը ցուցադրվում Ֆրանսիայում: Առաջին անգամ «Սահմանի» ցուցադրությամբ բացվել էր Պոմպիդուի փառատոնը: Եվ դա նույնպես մեծ պատիվ էր այդ ֆիլմի ու ինձ համար: Նման իրադարձությունները մեծ հետք են թողնում յուրաքանչյուր արվեստագետի կյանքում: Այդպես ներկայացվել աշխարհի լավագույն ռեժիսորներից մեկի, նման պոետի կողմից, ինչպիսին Քիառոսթամին է, արժանանալ նման ընդունելության մեծ բախտավորություն է:
-«Ոսկե ծիրանը» Ձեզ չի՞ խանգարում «ռեալիզացվելու»` իբրև ռեժիսոր:
-Սարսափելի շատ է խանգարում: Տեսնում եք` իմ լարվածությունն ու վազքն ամբողջ տարվա, ոչ թե միայն փառատոնի ընթացքում: Եվ այդպես էլ պետք է լինի, որովհետև չի կարելի վատ անել «Ոսկե ծիրանը»: Բայց հույս ունեմ, որ կգա մի ժամանակ, երբ մենք մեր գործը կփոխանցենք երիտասարդներին, ու նրանք կզբաղվեն փառատոնի կազմակերպման հարցերով: Հիմա աճեցնում ենք այդ սերունդը, որն ապագայում կարողանալու է կառավարել և ղեկավարել փառատոնը, չկորցնել մեր ունեցած կապն աշխարհի հետ ու զարգացնել այն: Թերևս, հիմա էլ նրանք շատ բան են կարողանում անել, բայց չունեն այն կապը, շփումն աշխարհի հետ, որն ունենք մենք` ավագներս: Մենք պիտի կամաց-կամաց մեր երիտասարդներին փոխանցենք աշխարհի հետ մեր ունեցած կապերը, ծանոթությունները, հարաբերությունների դաշտը: Բայց քանի դեռ ինքս եմ հիմնականում անում փառատոնային գործերը, ապա ամեն րոպե զգում եմ, որ իմ ռեժիսորական աշխատանքը տուժում է: Այսուհանդերձ, հիմա մեկ ֆիլմ ավարտել եմ, մյուս տարի ևս մեկը կավարտեմ: 25 տարուց ավելի աշխատում եմ մի ֆիլմի վրա, որը կոչվում է «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»: Դա մարդկանց մասին է, որոնք անվերջ փախչում են իրենք իրենցից, ազգից, հողից, արմատներից, հետո վերադառնում կամ չեն վերադառնում, պարզ չէ, թե ինչից և ինչու են փախչում: Դա սագայի նման մի երկար պատմություն է` չորս-հինգ ֆիլմ` յուրաքանչյուրը մեկուկես ժամ տևողությամբ: Մի քանի հերոս են ներկայացվում` միևնույն պատմության շրջանակներում: Հասարակ, պարզ մարդիկ են հիմնականում: Ո՛չ փիլիսոփա են, ո՛չ գիտնական, ո՛չ սոցիոլոգ: Բայց շատ ավելի կարևոր են այդպիսի մարդկանց խոսքը, ապրելաձևը, վիճակը, քան մյուսներինը: Ֆիլմն արդեն ավարտում եմ: Հույս ունեմ, որ կգտնենք մի գործընկեր, որը որակով կվերաձայնագրի և ժապավենի վրա կտպի այն:
-Սոկուրովի մասին մի հարց եմ ցանկանում տալ: Նրա «Ֆաուստ» ֆիլմի առաջին ցուցադրությունը փառատոնի ժամանակ ուներ տեխնիկական թերություններ, որի պատճառով Սոկուրովն անթաքույց վրդովմունքի ու պոռթկումի մեջ էր: Բայց փառատոնից հետո ջերմ մի նամակ ուղարկեց կազմակերպիչներին: Սա նշանակում է, որ տհաճ նստվածք չի՞ թողել տեխնիկական խոտանի պատճառած դժգոհությունը ռեժիսորի մեջ:
-Առհասարակ, ամեն մի ռեժիսոր էլ հիվանդագին է տանում իր ֆիլմի հերթական ցուցադրությունը: Ես ամեն անգամ ուղղակի փախչում եմ դահլիճից, երբ սկսում են ցուցադրել իմ ֆիլմը: Վերադառնում եմ շատ ուշ, այն ժամանակ, երբ արդեն ֆիլմը վերջանում է: Ամեն մի ճռռոց, ամեն մի թխկոց, ֆիլմի ցուցադրության ժամանակ ամեն մի չնչին սխալ ինձ վրա սարսափելի է ազդում: Այս իմաստով ես հասկանում եմ Սոկուրովին: Նրա պրոդյուսերը սխալ ֆիլմ էր ուղարկել, և սա, իհարկե, մեծ թյուրիմացություն էր: Բայց մենք մեկ օրվա ընթացքում կարողացանք շտկել սխալը, վարձակալել և բերել փառատոն ֆիլմի լավագույն օրինակն ու ցուցադրել հենց հաջորդ օրը: Այդպիսի բան չի լինում ոչ մի փառատոնի ժամանակ: Դա հեշտ բան չէ, և Սոկուրովը հասկացավ, թե ինչքան նուրբ ենք մենք վերաբերվում կինոյին ու կինոյի մարդկանց:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ