Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Ես ծնվել եմ Ֆրանսիայում, բայց իմ ամբողջ կյանքն անցել է հայկական մեղեդիների ուղեկցությամբ» (տեսանյութ)

«Ես ծնվել եմ Ֆրանսիայում, բայց իմ ամբողջ  կյանքն անցել է հայկական մեղեդիների ուղեկցությամբ» (տեսանյութ)
02.11.2012 | 12:22

«Իրատես de facto»-ն սիրով հյուրընկալել է ֆրանսահայ երաժիշտ, դուդուկահար ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, ով Հայաստանում է և հայ երաժիշտների հետ նախապատրաստվում է Փարիզում կայանալիք մեծ համերգին:


-Պարոն Մինասյան, այս տարի` ապրիլի 30-ին, առաջին անգամ աշխարհում նշվեց Ջազի միջազգային օրը, որը Դուք տոնեցիք Երևանում` մասնակցելով Կասկադ համալիրի բացօթյա համերգին: Ի՞նչն է Ձեր մեջ առավել տպավորվել այդ օրվանից:
-Այդ օրը Երևանում գտնվելս անակնկալ էր: Մալխասն ինձ առաջարկեց մասնակցել Կասկադի համերգին: Ասաց, որ Ստեփան Շաքարյանն էլ է լինելու այնտեղ, և նա ցանկություն է հայտնել ինձ հետ նվագելու: ՈՒրախ էի այդ առաջարկի համար, և մեծ սիրով նվագեցի Կասկադում: Երբ ես բեմում նվագում եմ, արդեն լավ եմ զգում ինձ: Իսկ այդ օրը, այդ տոնին նվագելն ինձ համար մեծ հաճույք էր: 40 տարի է, որ դուդուկ եմ նվագում, բայց միայն Երևանում, Մալխասի և նրա ընկերների հետ եմ նվագում ջազ ոճում: Գիտես` ինչո՞ւ: Որովհետև մեր ջազ երաժիշտներն ավանդական երաժշտության մեջ շատ ուժեղ են, և վարպետորեն համադրում են ջազն ու ավանդականը, ազգայինը: Երբ Մալխասն է նվագում, ջազն ու ժողովրդականը շատ գեղեցիկ են ներկայանում: Ամեն մարդ չի կարող դա անել: Եվ ես ուրախ եմ, որ ունեմ այդպիսի վարպետի հետ նվագելու հնարավորությունը:
-Օրեր առաջ հենց այդպիսի մի ելույթի ականատես եղանք «Մալխաս ջազ» ակումբում: Դուք հանպատրաստից մի համերգ տվեցիք «Մալխաս ջազ» նվագախմբի հետ և հիացրիք բոլորիս:
-Այո՛, դա անակնկալ ելույթ էր` առանց փորձի: Իհարկե, մի քիչ դժվար է այդպիսի ելույթով հանդես գալը, գերադասելի է օրվա մեջ երկու-երեք փորձից հետո նվագել, բայց արդեն քանի գիշեր է` ես առանց փորձի նվագում եմ Մալխասի հետ, և փաստորեն, ստացվում է: Մալխասը միայն երգի վերնագիրն է ասում («Լուսնյակ գիշեր», «Մախմուր աղջիկ», «Ամպեց, կորավ լուսնկան» և այլն), և ես անմիջապես մտնում եմ երաժշտության մեջ: Դա դժվար գործ է, բայց լավ գործ է: Այդպես բացվում են դռները մեր ժողովրդական մեղեդիների առաջ: Մարդիկ կրկին ու կրկին ուզում են լսել այդ մեղեդիները, լսելուց չեն հագենում: Բավական է` Մալխասը մատները դնի դաշնամուրին, և արդեն ամեն ինչ պարզ է դառնում, բոլոր դժվարությունները թվում են հաղթահարելի:
-Դուք դուդուկով նվագակցում եք սիմֆոնիկ խմբերին, դասական երաժիշտներին:
-Ես Պրահայի ֆիլհարմոնիկի հետ եմ հիմնականում նվագում: Ֆրանսիայում դա անելը շատ թանկ է: Ստուդիաներում երեք ժամ ձայնագրություն անելու համար պետք է վճարես 25 հազար դոլար: Դա բարձր գին է, և ամեն երաժիշտ չէ, որ կարող է իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ: Իսկ Պրահայում շատ ավելի էժան է, այդ պատճառով էլ ես իմ ձայնագրությունները հիմնականում անում եմ Պրահայում: Այդպես են վարվում նաև շատ ֆրանսիացի երաժիշտներ: Ես այդ նվագախմբերի հետ նվագում եմ իմ հայկական մեղեդիները` «Սև, մութ ամպեր», «Դլե յաման», «Էշխեմեդ» և այլն: Բոլորը ներկայացվում են նոր կոմպոզիցիաներով: Եվ ես ինքս եմ առաջարկում մեղեդիները, որոնք մատուցվում են դուդուկի ու սիմֆոնիկ նվագախմբի համատեղ կատարմամբ: Ֆրանսիացիները կամ չեխերը, բնականաբար, ծանոթ չեն հայկական մեղեդիներին, հայ ժողովրդական երաժշտությանը, ուստի ընտրությունը կատարում եմ ես, և մենք համատեղ նվագում ենք դրանք: Ես առաջարկում եմ մեղեդին, նրանք լսում են, և նոր կոմպոզիցիա է պատրաստվում ջութակների համար, սիմֆոնիկ նվագախմբերի համար: Գրվում են նոտաները, և անհրաժեշտ փորձերից հետո պատրաստվում է հերթական երաժշտական համարը:
-Դուք համագործակցել եք Պիտեր Գաբրիելի, Պատրիկ Ֆիորիի, Սթինգի, այլոց հետ: Այս ոչ հայ երաժիշտներն ինչպե՞ս են ընկալում հայկական մեղեդիները, հայկական դուդուկը:
-Դուդուկն է, որ այդ մարդկանց համար հասկանալի է դարձնում մեր ժողովրդական երաժշտությունը: Դուդուկն այսօր աշխարհի համար հայ ժողովրդի սրտի բաբախյունն է դարձել: Ես ծնվել եմ ֆրանսիայում, կրում եմ անգլիական, ամերիկյան մշակույթը, և այս ամենի համադրումը հնարավոր է դարձնում մի նոր ճանապարհ բացել հայկական դուդուկի համար: Այդ ճանապարհներն ավելի հեշտ են բացվում, երբ դուդուկը Արևմուտքի կուլտուրայի պրիզմայով ես անցկացնում: Երբ այսօր օտարները լսում են դուդուկ, զգում եմ, որ սիրում են այդ գործիքը, սիրում են հայկական ժողովրդական երաժշտությունը: Հնարավոր է, որ իմ նվագն են սիրում, չգիտեմ: Բայց փաստն այն է, որ սիրում ու գնահատում են այնպիսի մեծ արվեստագետներ, ինչպիսիք են Ժան-Կլոդ Փեթին, Վլադիմիր Կոսման, Կոստա Գավրասը, ուրիշներ: Նվագում եմ նաև ֆիլմերում: Մի շարք հայտնի ֆիլմերում է հնչում իմ դուդուկը` «Մայրիկ», «Արամ», Մել Գիբսոնի «Հիսուսի չարչարանքները», ֆրանսիական շատ ֆիլմերում: Ընդհանուր թվով մոտ 30 ֆիլմում եմ նվագել: Վերջերս Հոլիվուդում նկարահանվել է ֆիլմ, որ պատմում է բեն Լադենի գործողությունների, սպանության, նրան տասը տարի հետապնդած լրագրող կնոջ մասին: Այդ ֆիլմի համար 12 օրիգինալ մեղեդի եմ ձայնագրել: Ֆիլմն էկրան կբարձրանա 2013-ին:
-Ո՞րն է Ձեզ համար բեմում և ֆիլմերում նվագելու տարբերությունը:
-Տարբերությունն այն է, որ ստուդիայում նվագելու դեպքում ունես հնարավորություն շտկելու սխալներդ, կրկին ձայնագրելու նվագդ, իսկ բեմում ամեն բան կատարվում է կենդանի, պիտի ամեն ինչ անես բարձր մակարդակով, իրավունք չունես սխալվելու, որովհետև սխալդ ուղղելու հնարավորություն այլևս չես ունենա: Բայց երկու վիճակն էլ ինձ համար շատ սիրելի են: Արդեն վարժվել եմ:
-Միշել Լեգրանը, ում հետ նույնպես Դուք համագործակցում եք, շաբաթներ առաջ Հայաստանում էր, և մամլո ասուլիսի ժամանակ պատմեց, որ հայկական ազգային նվագարանների մասին իր գիտելիքները ձեռք է բերել հայ պապի շնորհիվ: Ձեզ ո՞վ է ուղղորդել դեպի հայ ազգային նվագարանները, հայ ազգային մեղեդիները:
-Ես դեռ երիտասարդ տարիքից իմ հայկական ընտանիքում մշտապես լսել եմ հայկական առաջին ձայնասկավառակները, որոնք հասնում էին Ֆրանսիա Երևանից և մեծապես սիրվում մեր տներում: Երբ մենք լսում էինք այդ ձայնասկավառակները, պարզապես խենթանում էինք: Երբ Հայաստանից առաջին անգամ հայ արտիստները` Վոլոդյա Հարությունյանը, Ջիվան Գասպարյանը, Սերգեյ Կարապետյանը, Եղիշե Մանուկյանը, եկան Ֆրանսիա, մենք արդեն նրանց ճանաչում էինք, գիտեինք նրանց կատարումները: Առաջին դուդուկը ես ձեռքս եմ վերցրել, երբ 12-13 տարեկան էի: Արդեն 45 տարի է, որ անդադար աշխատում, պարապում եմ: ՈՒ հիմա էլ Երևանում ամեն օր փորձ եմ անում հայ երաժիշտների հետ, որովհետև նոյեմբերի 27-ին միասին մեծ համերգ պիտի տանք Փարիզում` «Cite’ de la Musique» սրահում:
-Ովքե՞ր են այդ հայ երաժիշտները, որոնց հետ պիտի նվագեք Փարիզում:
-Արմեն Ղազարյանը, Արթուր Ղասաբյանը, Տիգրան Զաքարյանը: Չորս դուդուկով պիտի նվագենք Փարիզում: Փարիզի համերգից հետո պիտի ձայներիզ թողարկենք, որը կլինի մեր այցեքարտը: Ոչ միայն պիտի նվագենք, այլև ես պիտի արտասանեմ այդ համերգի ժամանակ իմ մեծ մորից` Սրբուհի Մինասյանից լսած բանաստեղծությունը, որը նա լսել է իր տատերից, իր մեծերից:
-Ի՞նչ բանաստեղծություն է, կարտասանե՞ք: Թող մեր ընթերցողը գոնե այդ չափով պատկերացում կազմի Փարիզում կայանալիք համերգի մասին:
-«Տղաս կռվից տուն պիտի գա,
Գիր եմ ստացել,
Գրի ծոցին նկարը կա,
Հերոս է դարձել:
Հերոս տղաս գալիս է տուն,
Ճամփան արոտ է,
Սպասում եմ գիշերն արթուն,
Սիրտս կարոտ է:
Գնամ, դաշտից ծաղիկ քաղեմ,
Շաղ տամ ճամփեքին,
Թոնիր վառեմ, լավաշ թխեմ,
Կանչեմ ամենքին:
Մառանի սառ, անուշ գինին
Գնամ դուրս հանեմ,
Իմաց տամ դուռ-դրացիիս,
Սեղան բաց անեմ:
Դափ ու զուռնան թող նվագի,
Ասեմ` աչքալո՛ւյս,
Ինքս էլ պարեմ մի կրնկի,

Պարեմ մինչ ի լույս:

Տղաս կռվից տուն պիտի գա,
Գիր եմ ստացել,
Հարսնավորի շորերս հագա,
Ջահել եմ դարձել»:


Արտասանության ընթացքում պիտի նվագեն «Զինվորի երգը»: Համերգին կկատարենք հայկական երգեր` «Լուսնյակ գիշեր», «Հորովել», «Ամպի տակից», «Սարերի հովին մեռնեմ», «Ամպեց, կորավ լուսնկան», «Դլե յաման», «Մախմուր աղջիկ», «Բոյ ու բուսիդ մատաղ», «Քելե-քելե», «Ամպել ա, տուն չի գալիս»: Բոլորը սյուիտներ են:
-Շառլ Ազնավուրի հետ ապրում եք միևնույն երկրում, սակայն ձեր երկուսի հանդիպումը բավական ուշ է կայացել: Պատմեք, խնդրեմ, այդ մասին:
-Ազնավուրն արդեն 88 տարեկան է, և մենք համագործակցել սկսել ենք ընդամենը 8-10 տարի առաջ: Հանդիպել ենք մի քիչ ուշ, բայց կարևորն այն է, որ հանդիպել ենք, որ կապը կա, որ համագործակցում ենք:
-Համագործակցության նախաձեռնողն էլ ինքն է եղել, այնպես չէ՞:
-Այո՛, այո: Դու ամբողջ կենսագրությունս գիտես, հա՞: Երբ Ազնավուրը մեծ համերգներ է ունենում, ինձ անպայման կանչում է այդ համերգներին նվագելու: Վեց-յոթ ամիս առաջ համատեղ համերգ ունեցանք «Օլիմպիա» համերգասրահում: ՈՒնենք համատեղ ձայնագրված տեսաերիզներ:
-Ձեր հեռուստաեթերներից մեկի ժամանակ ասացիք. «Դուդուկ նվագելու համար պետք է նաև պոետ լինել, և դա հեշտ չէ»: Իսկ պարտադիր չէ՞ հայ լինելը:
-Եթե դուդուկ ես նվագում բեմի վրա, պետք է բազմաթիվ հատկանիշների կրողը լինես: Ինչպես պարողը բեմի վրա ոչ միայն պարող է, այլև պիտի գեղեցիկ հագուստ ունենա, երաժշտության ճիշտ զգացողություն ունենա, ինչպես որ նկարիչը պիտի վրձնի յուրաքանչյուր շարժում կարողանա ճիշտ կատարել, այնպես էլ դուդուկ նվագողը պիտի կարողանա իր բոլոր զգացողություններով, հույզերով լինել դուդուկի հնչյունների հետ: Եթե ժողովրդի առաջ նվագում ես, պիտի կարողանաս քեզ պատկերացնել դահլիճում նստածների փոխարեն, պիտի հասկանաս ինչպես կատարել երաժշտությունը, որ ժողովուրդը լսի ու չշեղվի քո նվագից, չխոսի կողքին նստածի հետ, ուրիշ բաներով չտարվի: Դուդուկահարը ներքուստ պիտի դուդուկի հետ լինի: Ինչ վերաբերում է հայ լինելուն, ապա, իհարկե, դուդուկ նվագելու համար պետք է մեջդ հայ ազգային մշակույթն ունենաս: Դա պարտադիր է: Ես դուդուկ նվագել սովորեցնում եմ նաև ֆրանսիացիներին, բայց նրանց ու հայի զգացողությունները շատ տարբեր են: Ես ծնվել եմ Ֆրանսիայում, բայց իմ ամբողջ կյանքն անցել է հայկական մեղեդիների ուղեկցությամբ, հայ արտիստների նվագի ներքո: Առաջին օրվանից մինչև այսօր այդպես է: Ես բոլոր հայկական մեղեդիները գիտեմ, ինքս երգում եմ: Գլխումս բոլոր երևանյան նվագներն են հնչում: Դա իմ կյանքի գործն է:
-Այսօրվա երևանյան նվագները Ձեզ դուր գալի՞ս են:
-Բոլորը չէ: Բայց եթե լավ են նվագում, եթե արտիստը լավ է կատարում որևէ երաժշտական գործ, ապա արդեն ժողովուրդը գնահատում ու սիրում է նրան և նրա երաժշտությունը:
-Ֆրանսիայի Հանրապետությունը Ձեզ պարգևատրել է «Ասպետի» շքանշանով: Ո՞ր արժանիքների համար են տրվում նման պարգևները:
-Երբ աշխատում ես օտար երկրում, տարիներ շարունակ նվագում ես քո ազգային գործիքը` դուդուկը, աշխարհում դառնում ես հայ ժողովրդի յուրօրինակ դեսպանը: Ես նվագել եմ Ֆրանսիայի Հանրապետության նախագահների` Շիրակի, Սարկոզիի համար: Երբ այսպիսի մարդկանց առջև ես նվագում, արդեն սիրվում ու գնահատվում ես նաև Ֆրանսիայի ժողովրդի ու կառավարության կողմից: Ինձ ներկայացրել են նախագահներին` իբրև առաջին դուդուկահարի: Եվ իմ տարիների ծառայությունները հաշվի առնելով` ինձ շնորհեցին «Ասպետի» կոչում:
-Դուք ապրում եք մի երկրում, որտեղ Հայոց ցեղասպանության հարցը շատ ակտիվ քննարկումների է արժանանում ամենաբարձր մակարդակներում: Ի՞նչ ակնկալիք ունեք Ֆրանսիայի նոր նախագահից` Ֆրանսուա Օլանդից:
-Հիմա կրկին պիտի բարձրացվի այդ հարցը, քանի որ Սարկոզիի գնալուց հետո նախորդ գործընթացն արդեն ավարտված է: Հիմա կրկին պիտի աշխատանք տարվի, որպեսզի հարցը դրվի քննարկման: Ցավալին այն է, որ մենք այսպես տարիներ ենք կորցնում, բայց պիտի շարունակենք պայքարել ու հասնել մեր ուզածին: Թուրքիան շատ ուժեղ պետություն է: 500 տարվա դիպլոմատիա ունի: ՈՒժեղ բանակ ունի: Այնքան մեծաքանակ և ուժեղ են թուրքերը, որ ամերիկացիները հաշվի են նստում նրանց հետ: Մենք այդպիսի ուժի չենք տիրապետում, այդ պատճառով էլ մեր հարցերը դժվար են լուծվում:
-Ղարաբաղում եղե՞լ եք:
-Այո՛: Պատերազմի տարիներին եմ եղել: Այդ ժամանակ բոլոր տները դատարկ էին, կրակված: Ամենուր զինվորներ էին: Մենք այդ տեսարաններից շատ տխրել էինք: Բայց համերգ տվեցինք զինվորների համար, փորձեցինք մի քիչ ուրախացնել նրանց: Դժվար ժամանակներ էին: Հիմա գիտեմ, որ փոխված է Ղարաբաղը: Սիրո՞ւն է:
-Այո՛, գոնե Ստեփանակերտը և Շուշին բավական գեղեցիկ ու խնամված են: Համենայն դեպս, պատերազմի տարիների տխուր նկարագիրը չունեն:
-Լա՛վ է: Ափսոս, որ վաղուց չեմ եղել Ղարաբաղում:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Տեսանյութ

Levon Minasyan & Malxas Jazz band
Դիտվել է՝ 3811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ