ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ֆռռիկ ֆռռացնողներից մաքրվենք»

«Ֆռռիկ ֆռռացնողներից մաքրվենք»
13.02.2009 | 00:00

«ԿԼՈՐ ՍԵՂԱՆ»-ՔՆՆԱՐԿՈՒՄ
«Հետմարտիմեկյան զարգացումների լուսաբանումները` կապված ԵԽԽՎ կառույցների հետ, սևեռուն ուշադրության առարկա դարձան մեր հասարակության, առանձնապես ԶԼՄ-ների շրջանում։ Անդրադառնալով այդ ընթացքին` ակամա տպավորություն է ստեղծվում, որ մենք մեզ զգում ենք քաղաքակիրթ աշխարհի արդարադատության պալատի շքամուտքի մոտ, վիզներս ծուռ, վճռի կայացմանը սպասող խնդրարկուների վիճակում։ Եվ այն, որ կարծիքները խիստ հակամերժ են, բնավ չի փոխում երևույթի բնույթը։ Մենք բոլորս դարձել ենք վճռի կայացմանը սպասողներ։ Մեծ թյուրիմացություն։ Իրականում մենք պատասխանատվության ծանր բեռ կրողներ ենք և պետք է մեզ պատասխանատու համարենք ԵԽԽՎ հեղինակության, նրա առաքելության անբասիր իրականացման համար»,- երեկ այսպիսի հայտարարություն էր տարածել Հայաստանի մտավորականների ֆորումը։ Ֆորումի ավագանին և համակարգող խորհրդի անդամները «կլոր սեղան»-քննարկում էին կազմակերպել` ԵԽԽՎ-ի վերջին որոշումները, դրանցից բխող հետևանքները վերլուծելու և իրավիճակից դուրս գալու իրենց ելքերն առաջարկելով։ «Քրիստոնեական առաջին պետություն ստեղծող ժողովրդի պատասխանատվությունը ողջ մարդկության առաջ մեզանում դարձել է ավանդական ազգային հոգեբանություն։ Մնում է գիտակցել, որ հետմարտիմեկյան զարգացումները հենց այդպիսին են։ Այդ է պատճառը, որ մեզ շատ է հուզում այն պարագան, որ միմյանցից մեկ ամիս հեռու զեկուցագրերում մի քանի դեպքում առկա են քաղբանտարկյալներ, իսկ հետո նրանք չկան, ասես չեն էլ եղել։ Դրանց փոխարինում է ժողովրդավարության սկզբունքների զարգացման անորոշ հեռանկարի մտահոգությունը»,- սա նշելով` մտավորականներն իրենց մտահոգություններն են արտահայտում առկա իրավիճակում իշխանությունների «ձեռնարկած» քայլերի առնչությամբ. «...չենք հաշտվում, երբ մեզանում հեղված արյունը մեր իսկ ծախու «գործիչների» կողմից փոխհատուցվում է մի քանի քրեական հանցագործների կալանքից ազատելը որպես քաղբանտարկյալների ազատարձակում ներկայացնելով։ Խոստովանենք, որ այդ ճամարտակությունները, որպես իշխանության տարբեր աստիճանների վրա գտնվող գործիչների հերսամտության արգասիք, ներկայացնելը հեռու է ճշմարտությունից։ Ամեն ինչ շատ ավելի բացատրելի է ու հասկանալի։ Այդ երևույթը մեզանում, ժողովրդական բառ ու բանի բնորոշումով կոչվում է «ֆռռացնել»։ Մոլորեցնել մարդկանց, որի դիմաց ոմանք իրոք մատնվում են մոլորության, իսկ ոմանք էլ ձևանում են մոլորված, քանի որ այդպես ավելի ձեռնտու է»։ Նկատելով, որ «օտարազգի բարեկամներին» այս կերպ թյուրիմացության մեջ են գցում ՀՀ իշխանությունները, մտավորականները, հավաստիացնելով, որ ծանոթ են երևույթին, շեշտում են. «Այդ ֆռռիկներն ինչ թափով էլ պտտվելու լինեն, ի վերջո, սպառելու են իրենց ներուժը և դուրս են նետվելու խաղադաշտից։ Մենք, մեր ազգային ավանդական բնույթին հավատարիմ, քայլելու ենք մինչև վերջ, մինչև մեր իրավական ու իշխանական դաշտը ֆռռիկ ֆռռացնողներից վերջնականապես մաքրելը։ Եվ ոչ ոքի մոլորյալ լինելու մեղքը մեր խղճին ծանրացած չի լինի»։
Մտավորականների ուշադրությունից չշրջանցվեց նաև Վրաստանում Հ. Թումանյանի տուն-թանգարանի շուրջ ստեղծված թնջուկը։ Դատապարտելով ու խայտառակություն համարելով այն` նրանք պահանջում են ՀՀ իշխանությունների հետևողականությունը և Վրաստանի իշխանությունների բացատրությունները։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4109

Մեկնաբանություններ