ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ձևափոխված օրգանիզմները վտանգավոր են ավանդական սորտերի համար»

«Ձևափոխված օրգանիզմները վտանգավոր են ավանդական սորտերի համար»
12.06.2009 | 00:00

ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Սպառողների իրավունքների ամենահուսալի պաշտպանները հենց իրենք` սպառողներն են։ Սննդամթերքի ապահովությունը Հայաստանում շարունակում է մեծ խնդիր մնալ: Պարբերաբար իրականացվող մոնիտորինգները բազմաթիվ խախտումներ են ի հայտ բերում, բայց հարցն այդպես էլ չի լուծվում: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ ԱԲԳԱՐ ԵՂՈՅԱՆԸ կարծում է, որ դրա պատճառը նախ և առաջ սպառողների իրազեկության պակասն է։ Այս մասին էլ զրուցում ենք պարոն Եղոյանի հետ։
-Սպառողներին կարելի է բաժանել երկու խմբի. նրանք, ովքեր հետաքրքրված են, տեղեկացված իրենց իրավունքների մասին, և սպառողներ, որոնց դա չի հետաքրքրում,- ասում է Աբգար Եղոյանը։- Շատերը չգիտեն, որ գոյություն ունի «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենք, կան կառավարության բազմաթիվ որոշումներ, այլ ենթաօրենսդրական ակտեր, որոնք միանշանակորեն երաշխավորում են իրենց կրած վնասի փոխհատուցումը։ Նախորդ տարիների համեմատ իրազեկ սպառողների թիվը բավականին ավելացել է, բայց, հաշվի առնելով անորակ ապրանքների առկայությունը շուկայում, սպառողների իրավունքների խախտման ծավալները, ստիպված ենք փաստել, որ տեղեկացվածության մակարդակը դեռ բավարար չէ։
-Ինչպես նշեցիք, սպառողների շրջանում կրթության, ինֆորմացիայի պակաս կա։ Ձեր կազմակերպությունն ի՞նչ է անում այդ բացը լրացնելու համար։
-Մենք տպագրում ենք ամենատարբեր նյութեր, կազմակերպում դասընթացներ։ Հիմնականում մեր ուշադրության կենտրոնում սննդի անվտանգությունն է, ոչ պարենային ապրանքները, հանրային, ֆինանսական ծառայությունները, մի խոսքով, այն ոլորտները, որտեղ ունենք դրանցով զբաղվելու ռեսուրսներ։ Մեզ նման ՀԿ-ները հիմնականում աշխատում են դոնոր կազմակերպությունների հետ կոնկրետ ծրագրերի շրջանակներում։ Պետությունը դեռ մեր երկրում որոշակի աջակցություն չի ցուցաբերում հասարակական (մասնավորապես` սպառողական) կազմակերպություններին։ Այդ պատճառով կազմակերպությունը փորձում է նաև տարբեր ռեսուրսներ փնտրել՝ ծառայություններ մատուցելով։
-«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն ժամանակ առ ժամանակ մոնիտորինգ է անցկացնում խանութներում։ Հիմնականում ի՞նչ բնույթի խախտումներ են արձանագրվում։
-Խախտումները շատ են, մասնավորապես, դրանք վերաբերում են հայերեն կրկնապիտակներին։ Շատ դեպքերում դրանք անընթեռնելի են կամ փակցվում են պիտանիության ժամկետի վրա, եթե ապրանքը ժամկետանց է լինում։ Խանութներում չեն ապահովվում սննդամթերքի պահպանման ջերմաստիճանային պայմանները։ Մանրածախ առևտրում սերտիֆիկատների շրջանառությունը չի կայանում, մանավանդ ներկրված ապրանքների գծով։ Որոշ վաճառողներ տեղյակ էլ չեն, թե ինչ է սերտիֆիկատը։
-Ժամկետանց ապրանք վաճառելու համար նախատեսված է տույժ 50-100 հազար դրամի սահմաններում։ Մեղմ պատժամիջոց չէ՞։
-Պատժամիջոցներով հարց չի լուծվում։ Խնդիրը կլուծվի, եթե լինի իրազեկություն, օրենքի հետևողական կիրառում։ Համատարած ստուգումները ոչինչ չեն տալիս։ Հարյուր հազար դրամ տույժը չնչին բան է մեկ սուպերմարկետի համար։ Մինչդեռ այդ նույն 100 հազար դրամ տույժը Մարտունիում ցանկացած կրպակի փակման պատճառ կարող է դառնալ։ Այնպես որ, մենք առաջարկում ենք ոչ թե խստացնել ստուգումները կամ պատժամիջոցները, այլ կատարել ռիսկերի գնահատում, մոնիտորինգ։ Պետք է հայտնաբերել այն թիրախային կետերը, որտեղ խախտումներ կան։ Դրանց վրա կարելի է հանձնարարագրեր իջեցնել, ստուգել և տուգանել։ Այս տարբերակն ընդունելի է ամբողջ Եվրոպայում։
Բացի այդ, սերտիֆիկատ տրամադրող մարմինը տալիս է այն, սակայն չի ստուգվում դրա շրջանառությունը, ինչն այդ կառույցի մեղքն է, և խախտում արձանագրելիս պետք է տուգանվի նաև սերտիֆիկացման մարմինը։ Մենք առաջարկում ենք մակնշման բացակայության դեպքում գտնել ներկրողին, նախ` պատժել նրան, ապա՝ սերտիֆիկացնողին և ոչ թե կրպակատեր տատիկին կամ պապիկին։ Ի վերջո, նրանք մեղք չունեն, որ այդ ապրանքը բաժանվել է ամբողջ Հայաստանում։
Մենք ուսումնասիրություններ ենք կատարել քաղաքի 12 դպրոցներում։ Խայտառակ վիճակ էր, ոչ մի սառնարան չէր աշխատում, սանիտարահիգիենիկ վիճակն անտանելի էր, առաստաղից բորբոսն ուղղակի թափվում էր սննդի վրա։ Ընդ որում, խոսքը կենտրոնի դպրոցների մասին է։ Ճիշտ է, ծայրամասեր չենք գնացել, բայց այնտեղ վիճակն առավել սարսափելի է։ Նամակ գրեցինք վարչապետին, պատասխաններ ենք ստացել որոշակի ապրանքների վաճառքի արգելման մասին։ Ընդ որում, այս ամենը քաղաքում է։ Գյուղերում բուֆետները վաղուց փակվել են, երեխաներն այնտեղ ավելի առողջ են, որովհետև դպրոցում վաճառվող աղբը չեն ուտում։
-Ամբողջ աշխարհը պայքարում է գենետիկորեն ձևափոխված բաղադրիչներ պարունակող սննդամթերքի դեմ։ Հայաստանում կա՞ համապատասխան լաբորատորիա, որն ի վիճակի լինի բացահայտելու գենետիկորեն ձևափոխված ապրանքները կամ նման բաղադրիչներն ապրանքի պարունակության մեջ:
-Նման լաբորատորիա չկա. դրա համար մեծ գումարներ են անհրաժեշտ։ Այդպիսի լաբորատորիաներ կան Մոլդովայում, Լիտվայում, որոնք Եվրամիությունն է հատկացրել։ Սակայն մեր երկրում կան լաբորատորիաներ, որոնք ունեն որոշակի սարքավորումներ, որոնցով կարելի է որոշել՝ կա՞, արդյոք, գենում ձևափոխված օրգանիզմ, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ նման լաբորատորիայի անհրաժեշտություն ընդհանրապես չկա։ Հնարավոր չէ այսօր գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներից զերծ մնալ։ Ամբողջ աշխարհում պաշտպանվում է ընտրության իրավունքը, անգամ Եվրամիությունում դրանք լաբորատոր ստուգման չեն ենթարկվում։ Կարթագենյան կենսաանվտանգության արձանագրություն գոյություն ունի, որտեղ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներկրման վերահսկումը կատարվում է ռիսկերի գնահատմամբ, ոչ թե լաբորատոր փորձաքննությամբ։ Լաբորատորիա ունենալը դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև Հայաստանը ստորագրել է այդ փաստաթղթի տակ։
Իհարկե, կարելի է ներկրվող սերմերը ստուգել, և մեզ հավաստիացնում են, որ գյուղնախարարությունը դա անում է։ Հայաստանը փոքր երկիր է, և մենք արդյունաբերական նշանակության հողատարածքներ չունենք, որտեղ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մեծաքանակ արտադրություն կազմակերպվի, ինչպես ՈՒկրաինայում, Արգենտինայում, Կանադայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում։
Որոշ գիտնականներ ասում են, թե նման բաղադրիչներ պարունակող սննդատեսակներն անվնաս են, բայց վերջին տարիներին մարդկանց առողջական վիճակը, ալերգիկ երևույթների ավելացումը ցույց են տալիս, որ դրանք ուղղակի կապված են ձևափոխված օրգանիզմների օգտագործման հետ։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ձևափոխված գենը կայուն չէ, այն տեղափոխվելով կարող է այլ հատկանիշներ ստանալ և թույներ արտադրել։ Ընդ որում, այդ վնասն անմիջապես չափել հնարավոր չէ, դա կարելի է ստուգել մի քանի սերունդ հետո։ Դրանք ազդում են նաև կենսաբազմազանության վրա։ Նույն ձևափոխված օրգանիզմն իր գենային ինֆորմացիան փոխանցում է շրջապատի նմանատիպ այլ բույսերին, որոնք նույնպես կորցնում են իրենց բնական հատկանիշները։ Եվ ամենակարևորը՝ գենետիկորեն ձևափոխված սննդատեսակները ներկրվում են և, օգտագործվելով այս հողի վրա, փոխում են հողի միկրոկլիման։ Ձևափոխված օրգանիզմները շատ վտանգավոր են նաև ավանդական սորտերի համար։ Բնականաբար, տեղական սերմերը, չվերարտադրվելու դեպքում, վերանում են։ Օրինակ, այսօր շուկայում չեք գտնի մեր հայկական պոմիդորները. կա՛մ դրանք չկան, կա՛մ այնքան քիչ են, որ չեն կարող զանգվածաբար արտադրվել։
Զրույցը` Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2479

Մեկնաբանություններ