Աշխարհն այս զառամ փուչ է, նյութապաշտ`
Անօրեն ու պիղծ, միշտ շահին գերի,
ՈՒր ոգու-նյութի պայքարում անհաշտ
Շահն է միշտ մնում կուռքը աշխարհի:
Մեծազո՜ր շահը` անհագ որկորով,
Որ հաշտ չի ապրում ինքն իր հետ անգամ,
Թեև ծախսում է եռանդ ու կորով`
Ծածկելու տխեղծ դեմքը իրական:
Բայց ինչ էլ անի՝ նա մնում է մերկ`
Անգամ հետևում բյուր դիմակների,
Քանզի պատրաստ է լիզել ոտ ու ձեռք`
Քսու շան նման պատառին գերի:
Նա մերթ լողում է ու մերթ էլ` սողում,
Մերթ ինքնապարծ է, մերթ անինքնասեր
ՈՒ կյանքի բեմին միշտ դեր է խաղում`
Դասեր առնելով ու տալով դասեր:
Շահն ամենուր է, չունի հայրենիք.
ՈՒզեց` կհասնի անգամ տիեզերք,
Ինքն է իր համար և’ տուն, և’ տանիք,
Աշխարհն իրենն է եզերքից եզերք:
Եվ ուր էլ լինի` բեմում է ազատ,
Թեև ոչ մի խաղ ազնիվ չի խաղում.
Պահն եկավ` մեկ են օտար, հարազատ.
Շահով առնում է, շահով էլ ծախում:
Եվ որքան շատ է շահը կլանում,
Ախորժակն, ինչ խոսք, բացվում է այնքան,
Հետո աշխարհի զույգ աչքն է հանում`
Տխմարից դարձած անգամ գիտնական:
ՈՒ հասած գահին իր ամենազոր`
Աշխարհի դատն է նույնիսկ պաշտպանում.
Բախվում են ազգեր, բանակներ հզոր,
Մեջտեղում շահն է հաղթանակ տանում:
Իրոք որ փուչ է աշխարհն այս պղերգ`
Լոկ նյութը պաշտող, լոկ շահին գերի,
ՈՒր պայքարում թեժ` բիրտ ու արնաներկ,
Շահն է միշտ մնում կուռքը աշխարհի:
Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ