ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հողի հետ խաղ չեն անում

Հողի հետ խաղ չեն անում
23.04.2024 | 10:24

Հողն այն տեղն է, որտեղ կանգնում են երկու ոտքերի վրա: Մենք գոնե այդպես հասկացանք, երբ առաջին քայլերն արեցինք: Հետո, երբ մայրս ինձ ու եղբորս բակ էր ուղարկում, շեմքին չհասած միշտ հիշեցնում էր.

- Հողերի հետ հանկարծ չխաղաք:

Ու դա հավանաբար առաջին դասն էր այն մասին, որ հողի հետ խաղ չեն անում:

Դպրոցում էր, որ մեզ սովորեցրին հողի բաղադրությունը: Գրատախտակի առաջ կանգնած արտասանում էինք երեկ սերտած դասը, և ամեն բառի հետ պինդ, հուսալի հողը մեր աչքի առաջ մի քմահաճ թեթևությամբ փխրվում, մասնատվում, տրոհվում էր նշանների ու տարրերի: Եվ քանի որ մենք արդեն գիտեինք, որ մեր հողից բացի կա նաև ուրիշի հողը, ու քանի որ մեր հողը հարազատ էր, իսկ օտարինը` ոչ այնքան, կռահեցինք նաև, որ հողերի բաղադրության մեջ անկասկած պիտի լինի մի բան, ինչը տարբերակիչ է, և դրանով է պայմանավորվում սեփական հողի քաղցրությունը:

Ու միայն հետո, շատ հետո, երբ առաջին անգամ տխրության միջից լսեցինք «հող էիր, հող դարձար» բառերը, այդ պահից ի վեր հողը կորցրեց իր նախնական համադրիչ կազմը, հողահալած մի գիտակցում մեզ ծանուցեց, որ հողի բաղադրություն չկա, կա մարդու բաղադրություն, որովհետև, եթե հողը մենք ենք, հողածինն ու հողեղենը մենք ենք և մենք ենք հողին պահ տվողն ու տրվողը, ուրեմն այնտեղ ամեն բան մեզնով է: Եվ հողի սերն էլ մեր սերն է` բոլորիս ու յուրաքանչյուրիս, անցավորաց ու ապրողաց ինքնասեր պաշտումը:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 8175

Մեկնաբանություններ