«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Թե ինչպես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին երկբևեռ աշխարհը ձևափոխվեց միաբևեռի

Թե ինչպես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին երկբևեռ աշխարհը ձևափոխվեց միաբևեռի
29.01.2024 | 06:58

Շարունակելով, աշխարհում ընթացող գլոբալ հակամարտության ֆոնին մեր ներկա վիճակի ու մոտ ապագայում մեզ սպասվող ամեն ինչի մասին գոնե մակերեսային պատկերացում կազմելը, տեսնենք, թե ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին երկբևեռ աշխարհը ինչպես ձևափոխվեց միաբևեռի, և դա ինչ շարունակություններ ունեցավ։

Բայց մինչև դրան անցնելը խոսենք մի սիստեմային երևույթի մասին, որի օրինակները գալիս են խոր անցյալից, և որը կարող է օգնել ներկան գոնե մասամբ ավելի ճիշտ հասկանալու համար։

Խոսքն այն մասին է, որ այն իրավիճակում, երբ տևական թշնամություն ու շահերի բախում ունեցող հարևանների գլխին կախվում է նոր ու լուրջ վտանգ, նրանց թշնամական հարաբերությունների իներցիան խանգարում է արագ ու ժամանակին հասկանալ, որ իրենք արդեն հիմնարար բնույթի ընդհանուր շահեր ունեն, ավելին, արդեն մասամբ բարեկամներ են և պետք է հնարավորինս արագ միավորեն իրենց ուժերը հզոր թշնամու հետ պայքարի համար։

Դրա վառ օրինակներից է Բյուզանդական կայսրության կողմից Հայկական թագավորության վերջին մնացորդները կուլ տալու տխուր պատմությունը, երբ հայկական կողմի դիմադրությունը բացառելու համար կայսրությունը բոլոր հնարավոր միջոցներով թուլացնում էր Հայաստանը։

Եվ դա այն ժամանակ, երբ թուրքացեղերը, արևելքի կողմից աշխարհը գրավելով, մոտենում էին Հայաստանի արևելյան սահմաններին և այդ սահմանները անպաշտպան գտնելով՝ տիրացան ամեն ինչին, այդ թվում նաև Բյուզանդական կայսրությանը։

Ամենից զարմանալին այն էր, որ կաթոլիկ արևմուտքը ճիշտ նույն վերաբերմունքն ունեցավ հենց իր՝ Բյուզանդական կայսրության նկատմամբ։

Նրանք կաթոլիկ ուղղափառ, քաղաքակրթական իմաստով, ըստ էության, երկրորդական վեճին տվեցին ավելի կարևորություն, քան քրիստոնեության պայքարին ընդհանուր թշնամու դեմ։

Եվ նման քաղաքակրթական հիմնարար բնույթի ստրատեգիական սխալների շղթայի արդյունքում աշխարհի մի հսկայական ծաղկուն կտոր հայտնվեց հազարամյա խավարի մեջ։

Մոտավորապես նման մի բան էլ տեղի ունեցավ մեր ժամանակներում, երբ Արևմուտքը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, քաղաքակրթական իներցիայով շարունակեց Ռուսաստանը դիտել որպես թշնամի։

Այնինչ, Գորբաչովի ձախողված քաղաքականությունից անհրաժեշտ դասեր առնելով, Դեն Սյաո Պինը Չինաստանը տարավ այլ ճանապարհով։

Տյանանմին հրապարակում տեղի ունեցածը և Չինաստանի տնտեսական վերելքը պետք է Արևմուտքին թելադրեին այլ քաղաքականություն Ռուսաստանի նկատմամբ։

Բայց Արևմուտքը նույն ձևով շարունակեց Ռուսաստանը դիտել որպես թշնամի և զարմանալիորեն շարունակեց Չինաստանին մատակարարել ժամանակակից տեխնոլոգիաներ ու ֆինանսավորել արտադրությունների տեղափոխումը այնտեղ։

Բայց այս վերջինն էլ ցույց տվեց, որ Արևմուտքի ներսում էլ կա շահերի բախում, և որ վերպետական կապիտալը ունի պետական շահի հետ չհամընկնող շահեր։

Տարբեր քաղաքակրթությունները և քաղաքակրթական բնույթի միավորները իրար հետ հարաբերվելու ժամանակ ունենում են ձգող ու վանող ուժեր։

Եվ ինչքան մեծ է նրանց քաղաքակրթական կամ արժեքային նմանությունը, այնքան մեծ կլինի նրանց միջև ձգողական ուժն ու տարբեր իմաստներով նրանց ուժերի միավորման շանսը։

Այս առումեվ ենթադրվում էր, որ Ռուսաստանը շատ ավելի մեծ շանսեր ունի գլոբալ Արևմուտքի հետ միավորվելու, քան գլոբալ Արևելքի, բայց իրականությունը, այլևայլ թյուրիմացությունների և ամենակարող քաղաքակրթական իներցիայի ու ամենասովորական սխալների պատճառով, բոլորովին այլ տեսք ունեցավ։

Եվ պարզվեց մի շատ կարևոր հանգամանք ևս, այն է՝ գլոբալ փոփոխությունների պայմաններում էլ մարդկանց իներցիոն սխալները ևս կարող են գլոբալ բնույթ ունենալ:

(շարունակելի)

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2822

Մեկնաբանություններ