«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Թավշյա ճագարն ու գարշելի իրականությունը

Թավշյա ճագարն ու գարշելի իրականությունը
30.12.2023 | 13:47

Մինչ քաղաքապետարանը քուչի բեսեդկի վերածած խլեշաբերան լոճած լափառոշներն իրենց «ճշտի դոզաներով» ու մեկմեկու քլնգիչ ճամարտակումներով կզարմացնեն մեզ, հերթական աննախադեպ, ունիկալ կռուտիտներով ու աբսուրդներով էլ ժողովրդին կներկայանա ամենայն հայոց վարչապետ, ազգի պարծանք, փրկիչ-հերոս Փաշինյանը, ով պարզաջրելով ու սրբադասելով իրեն փարատեց բոլորիս մտահոգությունները:

Պարզվում է՝ կարմիր գծերի, «զիմզիովյան արագաչափերի», կամեռաների ու «Սաշիկ 50/50»-ի սեզամը հիմա էլ բացվեց այսկերպ.

«Կարմիր գծերի 160 հազար դրամ վճարելու մասով չեմ ասի, որ մենք ժամանակին պայքարել ենք դրա դեմ, բայց նաև պիտի խոստովանեմ, որ կարմիր գիծը դեռ չի նշանակում արագաչափ, և եթե շատ անկեղծ լինեմ, արագաչափերի կամերաները ջարդելը հստակ չի նշանակելու, որ կարմիր գծերը կարել է ներկել»…

Ինչպես օրեր առաջ «մտքի գիգանտը» սպոնտան հանդես եկավ ալեգորիկ մտքի փայլատակումով, ասելով՝ «Չեմ ասի՝ այո, բայց չեմ էլ ասի՝ ոչ:

Իմ ոչ չասելը, սակայն, հստակ չի նշանակում այո», որն առ այսօր մարդաբանները, կենդանաբանները, հոգեվերլուծաբաններն ու անգամ տիեզերագնացները փորձում են վերծանել, այնպես էլ հիմա՝ վերջինս վերոնշյալ ֆանտաստիկ պարադոքսով բռնաբարեց յուրաքանչյուր գիտակից հայի լեզվամտածողությունն ու վերլուծելու կարողությունը:

Ինչ խոսք՝ կոնսպիրոլոգիական տեսություններով, լիրիկական զեղումներով, գլուխկոտրուկներով, կոգնիտիվ դիսսոնանսին բնորոշ անոմալ ու աննորմալ մտքերով, դեղին մամուլին բնորոշ սենսացիաներով նա անգերազանցելի է:

Այո՛, ունիկալ տաղանդ է պահանջվում ցաքուցրիվ, հոդաբաշխ մտքեր արտահայտել, որոնց տակից ցանկացած պահին կարող ես պարզերես ու ճիշտ դուրս գալ, իսկ բանական, ադեկվատ մարդիկ էլ պարզվի՝ անֆայմ են ու անամոթ:

Ինչևէ, ինչպես Վարդուշ տատին կասեր՝

«իսոս ու Քրիստոս, էս ո՞վ է այս խեղկատակ անմեղսունակը:

Քո յուրդը չբլի Նիկո՛լ:

«Ծիգռովկի» բաժին դառնաս դու, Նիկո՛լ»:

Եվ այո՛, ի՞նչ սպասես նման «իմաստության ակունք, ֆենոմենալ անմեղսունակից», ում խելքը հերիքում է ասի, թե «ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել ևս աշխարհաքաղաքական օրակարգ»:

Ի՞նչ սպասես մեկից, ով մի օր ասում է՝

«Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ օրեր անց՝ «Արցախը Ադրբեջան է, և վերջ»:

Երբ ՄԱԿ-ի ԱԽ նիստի օրը հատուկ եթեր է մտնում ու աշխարհին հայտնում, թե «Արցախում քաղաքացիական բնակչությանը որևէ ֆիզիկական վտանգ չի սպառնում» ու դրանից օրեր անց՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախն ամբողջությամբ դատարկվում է:

Որ «հայրենիքը դա գոյություն ունեցող պետությունն է՝ իր սահմաններով»:

Որ «պատրաստ է ամեն գնով խաղաղության հաստատմանը»:

Որ Արարատը հայկական չէ, Արագած երկրպագենք, քանի դեռ մերն է:

Որ Կադաստրի վկայական երկիրը չունի:

Որ անգամ Արցախն իզուր ենք ազատագրել ու 30 տարի շարունակ պայքարելով հայկական պահել, մանավանդ, որ պարզվում է՝ այն դեռ 90-ականներից ծախել ենք, բայց հիմա է, որ տալիս ենք:

Որ հազարավոր ազատամարտիկների թափած արյունն ապարդյուն էր:

Եվ ինչպես հաստատում էր տիկինը՝ «մեր երեխեքը զոհվել են հանուն ոչնչի»:

Դրա համար էլ գուցե կա ըմբռնում, որ զոհվածի ծնողը գրկաբաց ընդունի, պարի ու ուրախանա վերջինիս հետ:

Գուցե կա ըմբռնում, որ ամուսնյակն էլ պետք է անկեղծանար, ասելով՝ «ես կարող էի կանխել պատերազմը, սակայն արդյունքը նույնն էր լինելու, ուղղակի առանց զոհերի»:

Որ «ես եմ միակ պատասխանատուն, բայց ոչ թիվ մեկ մեղավորը»:

Ինչևէ, ո՞ր մեկն ասեմ, ո՞րը չհիշատակեմ:

Ակամա մի հարց եմ ինքս ինձ տալիս.

ի՞նչ են ասելու մեզ հաջորդող սերունդներն ու օտարազգիներն այս ամենը լսելով, մեր հանդուրժողականությունը, անտարբերությունը, մեր մեջ առկա թշնամանքն ու անտագոնիզմը տեսնելով:

Ի՞նչ են ասելու մեզ այս ամոթալի ու քաոտիկ իրականության, նվաստացման հետ հարմարվելու, ողբերգության ու խարանի հետ հաշտ ու համերաշխ ապրելու, ազգային դիմագծի կորստի համար:

Որ դարձել ենք անդեմ անհաղորդ ու ամորալ հասարակություն:

Ի՞նչ գնահատական են մեզ՝ «դուխով ու հպարտ քաղաքացիներիս» տալու՝ տեսնելով, որ նման խոսքերն ու արածները որևէ հետևանք չեն ունենում վարչապետ կոչեցյալի համար։

Որ պատժի փոխարեն տեսնում ենք արդարացում ու աստվածացում:

Ի՞նչ են ասելու մեզ, որ 2 օրում հայի հազարամյա բնօրրան Արցախը հայաթափվում է, Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը, Ղազանչեցոցը դառնում են ալբանական, իսկ մենք մեզանից գոհ Երևանում շքեղ տոնածառ ենք զարդարում, անունը դնում՝ արցախցի երեխաների համար ենք անում, ու որ կյանքն էլ իր հունով է շարունակվում:

Ի՞նչ են մեզ ասելու՝ որ Արցախի հայաթափումից հետո ոչ մի հրաժարական չտեսանք:

Որ մեկը չգտնվեց, ասեր, թե ես այսքանից հետո չեմ կարող այս իշխանության մեջ լինել, պաշտոնավարել։

Որ ունենք պատվազուրկ գեներալներ, որոնք Նիկոլին համարում էին պետության սպառնալիք, իսկ օրեր անց նրան հոտնկայս դիմավորում:

Երբ 200-ից ավելի արցախցիներ սեպտեմբերի 19-20-ին իրենց կյանքի գնով մաքառեցին ադրբեջանական 60 հազարանոց բանակի դեմ, իսկ նրանց անուններն առ այսօր չգիտենք ու չենք էլ ուզում իմանալ:

Որ անգամ սգո օրեր չհայտարարվեցին ո՛չ նրանց, ո՛չ բենզալցակայանի պայթունի զոհերի, ո՛չ 44-օրյայի և ո՛չ էլ Սոթք-Խոզնավարի հատվածում նահատակված մեր եղբայրների համար:

Որ պարտությունից, այսքան զոհերից, տարածքային ու նյութական կորուստներից հետո վերընտրեցինք պարտության ու կորստի սիմվոլին:

Ի՞նչ է սա եթե ոչ Ստոկհոլմյան սինդրոմ, որը մեզ ուղեկցում է որերորդ տարին:

Ի՞նչն է մեզ խրատելու ու դասեր տալու եթե դա ցեղասպանությունը, հայրենազրկումը չպետք է լինեին:

Էլ ինչ փորձանք, աղետ ու արհավիրք պետք է գա մեր գլխին՝ հասկանալու համար, որ նախկին սխալները չի կարելի կրկնել:

Ո՜չ, ինչպես կարելի է խոհեմ ու սթափ գտնվել, կրկին ու կրկին հին սխալները վերստին կյանքի չկոչել:

Այս ամենի պատասխաններն ունեմ, սակայն փոխարենը կասեմ՝ մեզ հասնում է:

Մեզ հասնում է այս դառը իրականությունը:

Մենք սովոր ենք ապրել տոտալ ողբերգության, դարդ ու ցավի մեջ, որովհետև մենք ուժեղ ազգ ենք, դիմադրող, համբերատար, լավատես:

Մենք վատի ու վատագույնի, արհավիրքների ու փորձանքների հանդեպ կայուն իմունիտետ ունենք:

Եվ եթե մեզ ցեղասպանությունը չխրատեց, Արցախի կորուստն էլ չի խրատի:

Վաղը, մյուս օրը՝ 8 «անկլավն» էլ, Զանգեզուրն էլ, Սևանն էլ կտանք ու էլի չենք խրատվի:

Որովհետև մենք խրատվելու ունակ ժողովուրդ չենք:

Մենք մեղավորներ փնտրող և գտնող ու միշտ անմեղ ու արդար մեզ կարգող ժողովուրդ ենք:

ՈՒ այս հոգեբանությամբ և դառը իրականությամբ թևակոխում ենք ծանր տարին ու այդ ամենով հանդերձ մտնում նոր տարի:

Իհարկե, հույսով և հավատով, որ մեջքներս շտկելու, վերականգնվելու ու ինքներս մեզ վերագտնելու տարի է լինելու:

Գիտակցելով, որ սա մեր իրականությունն է, որի հետ առերեսվելու ենք, բայց ոչ համակերպվելու:

Քանզի վերածնունդ լինելու է, զարթոնք լինելու է:

Այսպես չի մնալու:

Նոր տարի է գալիս, սիրելի՛ հայրենակից:

Ոչ մի օրհաս, ոչ մի հոգեվարք, ոչ մի կործանում, մենք նոր ենք կայանում:

Աստված մեզ օգնական:

Ի գործ:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 5632

Մեկնաբանություններ