Կրեմլն անընդունելի է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններում «վերջնագրային երանգները»՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Վերջնագրային երանգները մեզ համար անընդունելի են, մենք արդեն ասել ենք, որ ականջալուր չենք լինելու նման հայտարարություններին»,- հայտարարել է Պեսկովը: Նա հավելել է, որ Կրեմլն ափսոսում է ԱՄՆ նախագահի ագրեսիվ ու ոչ կառուցողական հռետորաբանության համար: Մոսկվան ակնկալում է, որ չնայած բոլոր տարաձայնություններին, երկու երկրները փոխգործակցության հիմք ունեն, ասել է մամուլի քարտուղարը:
«Մենք ակնկալում ենք, որ չնայած հիմնական հարցերի վերաբերյալ հսկայական տարաձայնություններին և տարբեր մոտեցումներին, մենք փոխգործակցության հիմք ունենք: Մենք հույս ենք դնում ամերիկացիների քաղաքական կամքի վրա՝ շարունակելու համար հաղորդակցությունը այնտեղ, որտեղ դա ձեռնտու է մեզ»,- ավելացրել է Պեսկովը: