Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հայտնի անհայտություն, թե անհայտ հայտնություններ

Հայտնի անհայտություն,  թե անհայտ հայտնություններ
10.12.2013 | 00:38

Ապաստա՞ն, թե՞ ապաստարան են որոնում միայնակ մարդիկ: Ինչո՞ւ է այդքան գայթակղիչ հանրային միայնությունը: Ինչո՞ւ միջնորդավորված փոխհարաբերությունները մատչելի են պարզ շփումից: Ինչո՞ւ անծանոթների աշխարհում հեշտ է ամեն ինչ պատմելը: Ինչպե՞ս ու ինչո՞ւ միմյանց հետ շփումների այս կերպը այսքան տարածված է, բայց միայն որոշակի շրջանակներում: Ինչո՞ւ անանունությունը կամ կեղծանուններով ասպարեզ մտնելը հմայում է շատերին, իսկ անձամբ ներկայանալ քչերն են համարձակվում: Տարանցիկ հիվանդությո՞ւն, զբաղմունքի փնտրտո՞ւք, ինքնարտահայտման հնարավորությո՞ւն, հանրաճանաչության ձգտո՞ւմ, միայնության փարատո՞ւմ, մարդկանց մտքերի ու արարքների համաժամանակյա վերահսկման մեխանի՞զմ, քաղաքական արդյունքների այլընտրանքային ձեռքբերման տարբերա՞կ, կախվածությո՞ւն, որ մրցակցում է թմրադեղերին, ի՞նչ է ի վերջո ինտերնետ հանրությունն իրենից ներկայացնում: Արագ, էժան, որակով կապ, որ փոխարինում է հեռախոսին, հեռագրին, նամակին ու հանդիպումի՞ն միաժամանակ: Անշնորհակալ, հիմնավորապես անարդար ու հաստատ հետամնաց հարց եմ տալիս: Երեկվա պատկերացումներով ու ներկայից անտեղյակ: Հետո ի՞նչ: Հոգեբանները արդեն նկարագրում, իսկ հոգեբույժները բուժման մեթոդներ են որոնում ինտերնետից կախվածություն անհասկանալի անունն ունեցող հիվանդության, ոչ մահացու հիվանդության կլինիկային նվիրված հատորներ են գրում, որ վերջում եզրակացնեն` հիվանդությունը վտանգավոր է կյանքի համար այնքանով, որ հիմքում ունի հրաժարումը կյանքից ու փոխադրումը վիրտուալ տարածք, որտեղ ոչ բոլորն են գտնում իրենց տեղը: Մարդկանց խմբեր կան, որ ապրում են ինտերնետում, որոնում ու գտնում են միմյանց, գժտվում են ու հաշտվում, համապատասխան կայքերում նաև տարբեր կարիքներ են բավարարում` սկսած առևտրից մինչև սեքս: Միանշանակ` ինտերնետը փոխել է աշխարհը: Ոչ միայն տեղեկատվության հասանելիության տեսակետից: Այլև` գիտելիքի: Գիտելիքի բազմազանության ու քանակի: ՈՒսումնական, կրթական ու ճանաչողական հարյուրավոր կայքեր կան, որոնք անհրաժեշտություն են միջին մակարդակ ունեցող մարդու համար: Մասնագիտական հարյուրավոր կայքեր կան, որոնք մանրազնին տեղեկություններ են հաղորդում պատմության ու ընթացիկ իրադարձությունների մասին: Բլոգները առանձին պատմություն են: Ինտերնետ տարածքն այն վայրն է, որտեղ կարող ես ունենալ այն, ինչ չունես ռեալ կյանքում` համախոհ, աջակից, զրուցակից, բանավիճող, ընդհանրապես ընկերակից, ավելին` հանրաճանաչություն, որոշակի դեպքերում նաև օրընթաց փառք, երբ հայտնի իրադարձության կամ իրավիճակի մասին դիպուկ մի բնորոշումով օրվա հերոս ես դառնում, կամ այս տարածքում ես ասում այն, ինչ դեմ առ դեմ չես ասի երբեք, ոչ միայն այն պատճառով, որ չես համարձակվի, այլև հնարավորություն չունես հանդիպել: Նոր, մի քիչ անծանոթ խաղալի՞ք է ինտերնետը: 21-րդ, շատերի համար 20-րդ, դարի ընծա՞ն` «Նոր տեխնոլոգիաների զարգացումը կյանքը հեշտացնելու ու գեղեցկացնելու համար» նշանաբանով: Ինտերնետ տարածքը նույնությամբ կրկնո՞ւմ է կյանքը: Ոչնչով ավելին չէ՞ հնարավորությունների, արդարության, օրինականության առումով, երբ դատում ես արդյունքի տեսակետից: Ավելի շատ շանթարգե՞լ է` ասացի՞ր մտածածդ, գնա գործիդ, երջանկության աստիճաններդ էլ հաշվիր լայքերի թվով: ՈՒմ հետ լավ չես, հարցերը լուծիր Facebook-ում, ասա ամեն ինչ ու քնիր հանգիստ: Գոնե մեկ գիշեր: Փաստորեն, բժիշկները ճիշտ են, երբ ուսումնասիրում են ինտերնետ կախվածությունը հոգեբուժության մեջ: Դեռահասները գերադասում են ինտերնետ ընկերակցությունը կենդանի շփումներից: Եթե ինքնահաստատման խնդիրներ ունեն, հասկանալի է, բայց հասկանալի չէ, թե ինչու շատ ավելի տարեց տղամարդիկ տարվում են ինտերնետ-պատերազմներով` օրերով փրկելով աշխարհը: Խաղերը առանձին խոսակցության թեմա են` իրենց դրական ու բացասական ազդակներով. մի կողմից` զարգացնում են ռեակցիա, ադրենալին են ներարկում, նյարդեր են հանգստացնում կամ գրգռում` ով ինչի կարիք ունի, մյուս կողմից` ազդում են տեսողության, հենաշարժողական ապարատի վրա, իրական ու անիրական աշխարհների տարբերության ընկալումն են բթացնում, հետևաբար, կյանքից կտրում են մարդուն:

Այնուամենայնիվ, այս խաղալիքն այսքան պարզ ու պարզունակ չէ: Եվ միանգամայն քաղաքական է: Արաբական գարնան իրադարձությունները ցույց տվեցին, ուկրաինական ասոցիատիվ ձմռան իրադարձությունները հաստատում են, որ սոցիալական ցանցերը հասարակության կյանքում ունեն բազմակի կիրառություն: Քաղաքական պայքարի բաղկացուցիչ մաս սոցիալական ցանցերը դարձել են երկկողմանի կիրառությամբ: Իշխանությունը սոցցանցերի հնարավորություններն օգտագործում է իր տեսակետների քարոզչության և հասարակության մասնատման համար, սովորական իրավիճակներում ընդդիմությունը սոցցանցերն օգտագործում է սեփական տեսակետների արտահայտման համար, արտակարգ իրավիճակներում սոցցանցերը դառնում են տեղեկատվության արագ տարածման և հասարակության համախմբման միջոց: Պետության քարոզչամեքենայի պարտությունն է սոցցանցերի տեղեկատվամիջոց դառնալը: Պարտություն մի քանի հարթություններում` նախ հասարակության իրազեկված լինելու սահմանադրական իրավունքն է խախտվում, երբ լռության են մատնվում կամ քաղաքական նպատակահարմարության խիստ սահմանափակ տեսանկյունից են լուսաբանվում իրադարձությունները, որ հանրային հնչեղություն ունեն: Այդ դեպքում հասարակությունը որոնում է այլընտրանքային տեղեկատվության աղբյուր: Երկրորդ` հասարակությունը դադարում է վստահել պետական քարոզչամեքենայի արտադրանքին ընդհանրապես: Երրորդ, որ ամենակարևորն է, այս դեպքում արդեն հասարակության որոշակի հատված դուրս է գալիս վերահսկելիության ու կառավարելիության վիճակից: Սա արտակարգ իրավիճակ է կամ կարող է դառնալ հմուտ կառավարման դեպքում: Սոցցանցերի հմայքին առավել ենթակա տարիքային խմբերի մեջ, հարկավ, մեծամասնությունը երիտասարդներն են: Նրանք առավել խոցելի են և տարիքային, և տեխնիկական, և խառնվածքային առումներով: Սոցցանցերում հայտնված որևէ հրատապ թեմա առաջին հերթին ունի հուզական, հետո` նոր գիտակցական ընկալում: Իսկ հուզական արձագանքի առավել հակված են երիտասարդները, որ նաև ավելի գրագետ են տեխնիկապես: Այն, ինչ 30-50 և ավելի տարեկանում անում են անհրաժեշտաբար, 15-30 տարեկանում ստացվում է ինքնաբերաբար: Նրանց ինտերնետային համախմբումը շատ ավելի արագ է վերածվում ֆիզիկական համախմբման` անհրաժեշտ պահին, անհրաժեշտ տեղում: Նրանք հարցեր քիչ ունեն, նրանք ունեն տեսակետ (գուցե ոչ այնքան սեփական), և նրանց հատկապես հմայում է, որ իրենց կարիքը կա ու իրենք կարող են ինչ-որ քայլ անել` որոշիչ քայլ: Նրանց համոզել պետք չէ: Տարիքային առավել հասուն լսարանը ցանկացած պահի կարող է պարզապես դուրս գալ ցանցից` գիտակցելով, որ իրեն մատուցվող տեղեկատվությունը հավաստի չէ, հետաքրքիր չէ, ձանձրալի է: Կամ` պետք է ստուգել և չարժի ամեն ինչին հավատալ ու լուրջ վերաբերվել: Նրանց դժվար է հուզել այնքան, որ ինչ-որ տեղ գնան` չիմանալով ինչու ու ինչ հետևանքներով: Քաղաքական բաղադրիչը այս պարագայում գործում է թե որպես տեղեկատվություն, թե որպես ապատեղեկատվություն: Խաղալիքը պարզունակ չէ նաև այլ առումով` ի վերջո, սեփական ցանկությամբ, թե իրավիճակի թելադրանքով սոցցանցերում ակտիվ բնակություն հաստատած մարդը հավելյալ տեղեկություններ է հաղորդում իր և իր մերձավորների մասին, որը այլ պայմաններում կարող է օգտագործվել հենց իր դեմ: Ինքնակոմպրոմատ` նրանց համար, ովքեր հավաքում են տեղեկություններ` մնալով անհայտ: Հատուկ ծառայությունների դրախտ` վերցրու, չեմ ուզում տարբերակով, մարդը ինքն է պատմում իր մասին այն ամենը, ինչ մեծ ջանքերի գնով պիտի իմանային մի քանի աշխատակիցներ` վատնելով աշխատաժամանակ, որը վճարվում է:
Հայկական կատարմամբ սոցցանցերը ընդհանուր օրինաչափությունից դուրս չեն ոչ մի միլիմետրով: Պարտված պետությունը և պարտված անհատը` երկու մենակություն, որ փնտրում, բայց չեն ուզում միմյանց գտնել, որովհետև պետությունը քաղաքացուն համարում է միջոց, իսկ քաղաքացին պետության մեջ չի տեսնում նպատակ: Հայտնի ու անհայտ անհատները սոցցանցերում տեղակայում են իրենց լուսանկարները, մակագրում ու սպասում արձագանքների` տարբերակ մեկ: Տարբերակ երկու` մեջբերում են որևէ հայտնի արտահայտություն կամ փաստ ու սպասում արձագանքների: Տարբերակ երեք` քննարկում են իրենց համար հրատապ որևէ թեմա կամ հարց` սպասելով միմյանց արձագանքներին: Սովորաբար նրանք շատ լավ ճանաչում են իրար ու գիտեն` ով ինչի է ընդունակ: Երեք տարբերակներին էլ բնորոշ է տաղտուկը: Ինքնասիրահարվածության սինդրոմը: Բոլոր նարցիսները սքանչելի հայելի են ստանում, որտեղ նրանցով իրապես կամ ցուցադրական հիանում են ուրիշները: Բայց նրանք որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում իրենց միջավայրից դուրս: Մակարդակ և որակ հասկացությունները անդարձ թոշակի են անցել այս հարթություններում: Գրագիտությունն ու սրամտությունը ընդհանրապես անհայտ բացակայող են ճանաչված: Խորապես մենակ մարդիկ դիմում են խորապես մենակ հասարակությանը, բայց ոչ ոք, իրենից բացի, մյուսին չի լսում: Եվ, այնուամենայնիվ, հաճույքով տրվում են այս խաղին, որովհետև զբաղմունք է, իսկ երբ ձուկ չկա, խեցգետինն էլ ձուկ է, որովհետև ինքնարտահայտման հնարավորություն են համարում և համարում են, որ գտել են այդ հնարավորությունը: Քաղաքականությունը հայկական կատարմամբ սոցցանցերում սկսվում ու ավարտվում է ինչ-որ դեպքի շուրջ մի քանի ապաքաղաքական տեսակետների շարադրմամբ, անեծք-նզովքների կամ հայհոյանքների հավելումով: Չկա իրավիճակի վերլուծություն, չկա համախմբում և չկա իրավիճակի ընկալում: Ի՞նչ արձագանք գտավ սոցցանցերում Պուտինի գալ-գնալը, «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերի կորուստը, գազի սակագնի անհայտ ճակատագիրը, կենսաթոշակային պարտադիր ապահովագրության մասին օրինագիծը: Չէ՞ որ սրանք այն հարցերն են, որ բոլորի տուն են մտնում` կա, թե չկա համակարգիչ իր բոլոր տարբերակներով:
Ստացվում է, որ սոցցանցերն էլ հասարակության համարժեք արտացոլումն են` ոչ ավելի, ոչ պակաս, և ժամանակակից տեխնոլոգիաներն ընդամենը խաղալիքների ժամանակակից մուտացիաներ են բոլոր տարիքների դեպքում: Իսկ հնարավորությունները անչափելի են ու չուսումնասիրված: Ակնհայտորեն սա զենք է, որով դեռ չենք կարողանում կրակել, պարզապես խաղում ենք:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Կա մեդալի հակառակ կողմը` արդյո՞ք անհատի ու հասարակության մենակության հաղթահարումը չէ, ուրեմն և հաղթանակը, սոցցանցային հանրության գոյությունը: Մի՞թե քիչ է, երբ մարդը զգում է այլ մարդկանց ներկայությունն ի շարունակումն իր հույզերի ու մտքերի: Երբ ընկալում ու ընկալվում է: Այդպես է: Այդպես է, եթե պատրանքային ու թվացյալ չէ: Պետության ու անհատի պարտությունը մնում է պետության ու անհատի պարտություն` ժամանակի մեջ նրանք միմյանց չեն ուզում ոչ տեսնել, ոչ լսել, ոչ հասկանալ:

Դիտվել է՝ 1581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ