ԲՀԿ-ի այսօրվա վիճակը կարելի է բնորոշել մեկ բառով` մարգինալացում: Իմիտացիոն պոպուլիզմն այլևս չի օգնում վերջինիս մակերեսին մնալ:
Մյուս կողմից էլ, ակնհայտ է` 2018-ին ընդառաջ ներքին լուռ դասավորություններ են տեղի ունենում ԲՀԿ-ում:
Ի դեպ, ԲՀԿ-ի առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ այս կուսակցությունը ղեկավարում է հայաստանյան թիվ մեկ օլիգարխը, և ոչ էլ այն, որ, որպես քաղաքական ուժ, չունի հստակ գաղափարախոսություն: Ավելին, որ այստեղ, փառահեղ ինտրիգների արդյունքում, բոլոր քիչ թե շատ գաղափարական համարվող մարդիկ հայտնվում են, պատկերավոր ասած, «առյուծների վանդակում», «դուրս գրվում», ինչպես, ասենք, Արամ Սաֆարյանը, Վարդան Բոստանջյանը… ԲՀԿ-ի «ամենամեծ» «հմայքն» ու առանձնահատկությունն այն է, որ, լինելով «միահեծան» կուսակցություն, իրականում ունի մի քանի ստվերային տերեր, որոնց շահերը, նույնքան մեղմ ասած, ոչ մի կերպ չեն համընկնում: Եվ այն էլ` 2018-ին ընդառաջ:
Դիտենք: Տեր համար մեկ` Ռոբերտ Քոչարյան: Նախորդ շաբաթ ԱԺ-ում ճեպազրույցի եկած «թիմը» ապացուցում էր, որ փորձ է արվում կուսակցությունում առաջին գիծ մղել Քոչարյանի մարդկանց: Կստացվի՞: Դժվար է ասել: Բանն այն է, որ այդ թևի գաղափարական «մեկենաս» Վարդան Օսկանյանի առնչությամբ ուժի մեջ է պնդումը, թե նա, բոլոր դեպքերում, փորձելու է դառնալ արևմտյան կենտրոն Հայաստանում` իր «Սիվիլիթասով»։ Իսկ դրա համար, անկասկած, նա պետք է դուրս գա ԲՀԿ-ից, ինչը չի նշանակում, թե նա դուրս է գալիս նաև Քոչարյանի… «բարձր հովանու տակից»: Գրագետ խաղի դեպքում ԲՀԿ-ն կարելի է վերածել պրոռուսական-պրոմաքսային «կառույցի», զուգահեռաբար քաղաքական դաշտում ունենալով նաև արևմտյան վեկտոր` ի դեմս Օսկանյանի:
Այո, կրկին բաց մնաց հարցը` ո՞ր տիրոջ համար:
Քանզի Քոչարյանին այս խաղում կարող է «խանգարել» ԲՀԿ-ի ստվերային մյուս «տերը»` ՀՀ օրվա իշխանությունը: Օսկանյանի արևմտյան վեկտորը կարող է կայանալ այնքանով, որքանով կցանկանան օրվա տերերը: Տե՛ս Օսկանյանի «փողերի լվացման» պատմությունն ու դրա ավարտը: Ոչ ոք չի կարող ասել, որ նման մի պատմություն էլի չի լինի, եթե Օսկանյանն անցնի իշխանությունների «գծած» ռուբիկոնը: Իսկ փողեր, կուսակցություն կայացնելու և քաղաքականություն անելու համար, միշտ պետք են… դրսից:
Ի դեպ, խոսակցություններ կան, որ նույն իշխանությունների թեթև ձեռամբ, բայց արդեն Ռուսաստանի «մեկենասությամբ», ուժեղացվելու է նաև Գուրգեն Արսենյանի կուսակցությունը` ՄԱԿ-ը: ՈՒ չի բացառվում, որ ինչ-որ «իքս» ժամի սույն կուսակցությունը, նույնպես առանց ԲՀԿ-ի, «սոլո» մտնի քաղաքական դաշտում:
Ասել է` առանց այն էլ բարդ օրեր ապրող ԲՀԿ-ի համար ամեն ինչ դեռ առջևում է: Մենք չխոսեցինք ԲՀԿ-ի վրա «աչք» ունեցող երրորդ ստվերային տիրոջ` Հովիկ Աբրահամյանի մասին, ով այս երեքի «նախագծերում» էլ, իրեն հատուկ ճարպկությամբ, խնամիորեն «արագ» կարող է «երակ» մտնել:
Չխոսեցինք նաև առյուծասեր Գագիկ Ծառուկյանի մասին, ում ոմանք փորձում են քաղաքականությունից «դուրս հանել»` մի այլ կերպ: Ընդ որում, այս և վերը նշված պատճառներն են, որ դարձել են խոսակցության, իսկ իրականում Ծառուկյանի բուն ցանկության հիմք առ այն, որ փետրվարի կողմերը ԲՀԿ-ն կրկին փորձ է անելու մտնել կոալիցիա։ Ըստ «չար» լեզուների` այս առնչությամբ Ծառուկյանը բանակցություններ է վարում… իր ռուսական «յուզգյարների» հետ:
Առաջ ընկնենք ու ֆիքսենք` չի հաջողելու։ Իշխանությունը չի համաձայնի:
Իշխանական «սուփրի» վրա մի բերան էլ ավելացնի, որ ի՞նչ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ