Ժանրի կանոնները թելադրում են, որ մակընթացությանը հաջորդած տեղատվության ժամանակ ծավալվելու են հիմնական գործողությունները: Գործող անձինք վիճելու են, հաշտվելու են, նորից են վիճելու ու հաշտվելու, նոր իրավիճակ է ստեղծվելու, բոլորը դառնալու են ավելի հասուն, ավելի խելացի, ավելի վճռական կամ անվճռական, խորանալու են իրենց դրական ու բացասական որակների մեջ, փոխվելու ու փոփոխվելու են, նոր հերոսներ են ի հայտ գալու, հներից ոմանք հեռանալու են, հանգուցալուծումը բերելու է տրամաբանական ավարտի: Պիեսի ավարտին, իսկ կյանքը շարունակվելու է: Անհայտ հեղինակը գրելու է այն պիեսները, որ ոչ ոք այսօր կարդալ չի ուզում, իսկ մի հարյուր կարճլիկ տարի հետո անհայտ հեղինակին դասական կհայտարարեն: Կամ` կմոռանան: Այսպես է: Նաև մեր ժամանակների էկլեկտիկ ժանրում, որ, ի տարբերություն դասական կլասիցիզմի, համատեղում է վայրը, ժամանակը, իրավիճակը, բայց հրաշալի խառնում է ողբերգությունն ու կատակերգությունը` ամենամռայլ եղերերգությունը համեմելով ամենազավեշտալի ֆարսով: Կյանք է, և ոչինչ զարմանալի չէ: Երբ Շեքսպիրը կյանքը համեմատում էր թատրոնի հետ, նա անտեսում էր հանդիսատեսին, իսկ հանդիսատեսը այն մարդն է, ում համար դերասանը բեմ է բարձրանում: Շեքսպիրը չէր անջատում բեմն ու հանդիսասրահը` նրա ժամանակների «Գլոբուսում» ամեն ինչ առավել ներդաշնակ էր ու սերտաճած: Մեր ժամանակների գլոբուսում բաժանումները ընդգծված են, սահմանազատված, բեմն ապրում է իր կյանքով, հանդիսասրահը` իր, նույնիսկ եթե հեղինակը նրանց բոլորին ընդգրկել է մի պիեսում: Երբ մակընթացության ալիքները հետ քաշվեցին, պարզվեց, որ ափին մնացել են դատարկ խեցիները, ալիքները մարգարիտը վերադարձրել են ծովին: ՈՒ` մենք նետվեցինք մարգարիտը որոնելու ցամաքում:
Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում համարյա վերացավ ներքաղաքական կյանքը` քաղաքական անցուդարձի առանցքում մնացին Եվրամիության և Մաքսային միության միջև ազգային դեգերումները` ազգային անգործությամբ շրջանակված: Մինչև սեպտեմբերի 3-ը գործում էր քաղաքական ուժերի համաձայնություն` Հայաստանի եվրաինտեգրման ընթացքի և այդ նպատակով ասոցացման համաձայնագրերի նախաստորագրման վերաբերյալ: Չկային առարկողներ: Հետո, ինչպես Հայաստանում սովորաբար լինում է, կոնսենսուսը պահպանվեց, բայց արմատապես փոխվեց քաղաքական առանցքը` նույն քաղաքական ուժերը համաձայնության եկան Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ:
Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և իր պաշտպանական համակարգը մի շարք համաձայնագրերով կապել է ռուսական զենքի հետ, Գյումրու ռազմաբազան էլ համարում ենք ապահովության երաշխիք: Երբ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին ասում է, որ բազան կարող է ռազմական գործողություններ սկսել, եթե Ադրբեջանում որոշեն զենքով վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, համարյա երջանկացած «թարգմանում ենք», որ դա նշանակում է, թե ԼՂՀ-ի ճանաչումը ժամանակի հարց է: Մինչդեռ խնդրո վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարը լռում է, արտգործնախարարը լռում է: Իսկ որտե՞ղ է ԼՂՀ պաշտպանության նախարարը, ինչո՞ւ է լռում, որտե՞ղ է ՀՀ պաշտպանության նախարարը: Ակնհայտ է, որ հայտարարությունը խիստ քաղաքական է, և ամենավերջին նշանակությամբ միայն ռազմական, և ուրեմն այդ կարգի քաղաքական հայտարարությունները պետք է հնչեն բոլորովին այլ մակարդակներում, ամրագրվեն համաձայնագրերով, եթե իրական բովանդակություն ունեն և սոսկ քարոզչական տեխնոլոգիա չեն: Ադրբեջանում գնդապետի հայտարարությանը հետևած տարբեր տեսակետներից թերևս ամենաիրականը հայր Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեինն էր. նա հորդորում էր հայրենակիցներին չմտահոգվել, որովհետև հայտարարության հասցեատերը շարքային հայերն են` Հայաստանի հանրային կարծիքը, որտեղ Կրեմլի դիրքերը թուլանում են, և Ռուզինսկու միջոցով ռուսներն ուզում են հանգստացնել հայերին, միաժամանակ հասկացնել, որ առանց իրենց աջակցության պատերազմում Ադրբեջանն է հաղթելու:
Եթե իրոք իրադարձությունները զարգանան այնպես, որ պատերազմը վերսկսվի, Ռուսաստանի ռազմական միջամտությունը օգո՞ւտ է տալու, թե՞ վնաս: Քիչ ժամանակ է անցել` մոռանալու համար «Կոլցո» օպերացիան: Ադրբեջանի բիզնես գործընկեր Ռուսաստանը հազիվ թե պատերազմի ժամանակ դադարեցնի զենքի վաճառքը, ուրեմն ի՞նչ է ստացվելու` ռուսական զենքը ռուսական զորքի դե՞մ: Պարզ է, չէ՞, որ հայտարարությունը իսկապես քաղաքական է, և բովանդակության ռազմական պարունակությունը համարյա զրոյական է` որևէ հրամանատար, թեկուզ գնդապետ, չի որոշում իր երկրի ռազմական քաղաքականությունը և նրա որևէ հայտարարություն չի կարող ոչ հիմք, ոչ երաշխիք լինել: Սա է ճշմարտությունը, որի առաջ աչքներս փակելով` ունկերով ուզում ենք վայելել մեզ հաճելի թվացող վտանգը: Ռուսաստանն ընդամենը փորձում է վերականգնել հավասարակշռությունը Մինսկում Հայաստանին հասցված հարվածներից հետո` ստանձնելով արալեզի դեր, բայց ավելի է խորացնում հակասությունները: Հենց սեպտեմբերից պարզ էր, որ Մաքսային միության հետ կապվող իրադարձությունները չեն կարող չառնչվել Ղարաբաղին` բարձրաձայնվի, թե ոչ: Այդպես էլ չհերքվեց, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեմ է ԼՂՀ-ի ՄՄ-ին անդամակցմանը: Հետո հավելվեցին հայտնի հայտարարությունները Ադրբեջանի ու Թուրքիայի մասով: ՈՒ ի՞նչ է ստացվում: Շա՞տ է հեռու այն օրը, երբ Ղարաբաղը խայծ է դառնալու Ադրբեջանին եվրասիական տարածք բերելու համար, իսկ Հայաստանը զրկված է լինելու որոշումներ ընդունելու հնարավորությունից: Մենք համառորեն ու ձանձրալի բողոքում ենք, որ Եվրամիությունը մեզ չի պաշտպանի ագրեսիայից, որ Եվրամիությունը մեզ համար հարաբերությունները չի փչացնի Ռուսաստանի հետ: Չորս տարի տևած բանակցություններում Արևելյան հարևանության ընդլայնման շրջանակներում Հայաստանը մշտապես դիտարկվել է ՀԱՊԿ-ի անդամ և ԵՄ-ն ասոցացման համաձայնագիրը շաղկապել է միայն ժողովրդավարական ու տնտեսական խնդիրների հետ, թեև ակնհայտ է, որ ԵՄ բոլոր անդամները ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի անդամներ են, և ԵՄ-ի պաշտպանական համակարգը ՆԱՏՕ-ն է, որտեղ Ռուսաստանին չեն սպասում: Հայաստանը երբևէ չի ասել, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն ունի (բացի 2006-ին, Վիեննայում Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտնի հարցազրույցից, որին կարճ ժամանակից հետևեց նրա հրաժարականը, որ իրականում այլ դրդապատճառներ ուներ), թեպետ համագործակցում է դաշինքի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով, իրականացնում է խաղաղապահ առաքելություն մի քանի երկրներում: 49 տարով (ինչո՞ւ ոչ 149) երկարաձգելով Գյումրու ռազմաբազայի գործունեության ժամկետը Հայաստանում, Մոսկվան գործնականում մեր ձեռքով մեզ ոչ թե ավելի ապահով, այլ զգալիորեն անպաշտպան դարձրեց: Բոլոր ձվերը նույն կողովում չեն դնում, եթե ձվածեղ ուտելու մտադրություն ունեն: Ռազմական, տնտեսական, ներքաղաքական կյանքի զգալի հատվածները իր ենթակայության տակ վերցնելով` Ռուսաստանին մեկ քայլ է մնում` Հայաստանը հայտարարել ՌԴ սուբյեկտ: Որովհետև ռազմական ու տնտեսական կախյալության պայմաններում քաղաքական անկախությունը առասպել է: Ժանրի կանոնները թելադրում են հակասությունների բախում և գործող անձանց բացահայտ հակամարտություն, բայց ժանրի կանոնները նաև թելադրում են հանգուցալուծում: Մաքսային պիեսի հանգուցալուծումը, սակայն, ձգվելու է մինչև Մաքսային միության պաշտոնական ինքնափլուզումը: Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ընդհանուր առևտրաշրջանառության ընդամենը 3 տոկոսն է Մաքսային միությանը բաժին ընկնում: Եվրամիությանը հակակաշիռ ստեղծելու եվրասիական տնտեսական տարածքի գաղափարը չափազանց քաղաքական է, որպեսզի իրականանա: Դեպի Եվրամիություն Եվրոպան քայլել է իր գոյության 29 դարերում: Գաղափարական ու տնտեսական ճգնաժամերով, պատերազմներով, համաճարակներով ու հեղափոխություններով: Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը այն միավորումները չեն, որ հնարավոր է վերականգնել նախկին կամ նոր ձևով: Մաքսային միությունը և Եվրասիական միությունը մի նպատակ ունեն` հաստատել Ռուսաստանի գերտերության կարգավիճակը` համաշխարհային քաղաքականության վրա իր ներգործության լծակներով: Երկբևեռ աշխարհը, սակայն, հնարավոր չէ վերականգնել` Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հակասությունները կամ բարեկամությունը այս պարագայում վճռական գործոն չեն` աշխարհը վաղուց արդեն բազմաբևեռ է. պետք չէ մոռանալ ոչ Չինաստանի գոյությունը, ոչ էլ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ազդեցության տակ այս կամ այն չափով գտնվող երկրների շահերը: Արդեն Եվրամիությունը չասած: Այս ու այն երկրում միմյանց դեմ չհայտարարված պատերազմներ մղող ԱՄՆ-ը ու Ռուսաստանը ստիպված են այդքանով բավարարվել` մի տեղ շահելով, մի տեղ տանուլ տալով: Գլոբուսը փոքր է այդքան մեծ հավակնությունների համար:
Վիլյնուսում Հայաստանը ասոցացման համաձայնագիր չի ստորագրի նախկին ծավալով ու բովանդակությամբ, որևէ փաստաթուղթ կստորագրվի, թե չի ստորագրվի, այս պահին ունի միայն սիմվոլիկ նշանակություն: Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը մտավ ապարդյուն վատնվող ժամանակի փուլ, որն ավարտվելու է թե Մաքսային, թե Եվրասիական միության ֆիասկոյից հետո: Երկու միություններն էլ մեռելածին կառույցներ են` նույնիսկ եթե ամեն ամիս նախագահների ու վարչապետերի մակարդակով խորհրդաժողովներ արվեն, ամեն խորհրդաժողովի ժամանակ էլ երկու-երեք երկիր կամավոր-պարտադիր ընդգրկվեն միության մեջ: Երբ չկան ընդհանուր արժեքներ, երբ չկան տնտեսական նախադրյալներ, միայն կողմերից մեկի քաղաքական կամքը շատ քիչ է գործուն կառույցի ձևավորման համար: ՈՒկրաինան ու Մոլդովան հաջողությամբ հեռանում են և դեռ չեն վերացել գլոբուսից: Ինչպես չեն վերացել Արևելյան Եվրոպայի երկրները, որ Վարշավայի պակտի անդամ էին: Ոչ Մինսկն է աշխարհի վերջը, ոչ Վիլնյուսը, ամենացավալին` մենք ժամանակ ենք կորցնում: Մենք մարգարիտը որոնում ենք ցամաքում, թեպետ գիտենք, որ ծնվում է ծովում: Մենք քաղաքականության սուբյեկտից օբյեկտի վերածվելու վտանգի առաջ ենք, վտանգ, որ դեռ հնարավոր է կանխել: Նույնիսկ Մինսկի ու Վիլնյուսի միջև` այս անորոշ ու անցանկալի դիրքում հայտնված:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ ուզում էի գրել 2014-ի պետական բյուջեի նախագծի մասին, որը վերստին սոցիալական է լինելու, վերստին տնտեսական աճ է խոստանալու ու կենսապահովման հարցերը լուծելու է ի վերջո վարկերի հաշվին, իսկ հարկային փաթեթը նորանոր հարկատեսակներ ու հարկային վարչարարության խստացում է բերելու: ՈՒ վերստին չենք հասկանալու` հարկեր վճարում ենք, որ ապրե՞նք, թե՞ ապրում ենք, որ հարկեր վճարենք: Անհայտ հեղինակի այս պիեսը բացահայտորեն ձախողված գործ է, բայց ռեժիսորները տարեցտարի բեմադրում են, որովհետև այլ պիես ձեռքի տակ չունեն, և դերասաններն էլ այլ դերի պատրաստ չեն: Թատրոնն է պետք փոխել: