ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Վերաիմաստավորել մեր պատմական ընթացքը՝ սկսած անհիշելի ժամանակներից

Վերաիմաստավորել մեր պատմական ընթացքը՝ սկսած անհիշելի ժամանակներից
12.02.2023 | 10:33

Մեր այսօրվա աննախանձելի վիճակը ստիպում է մեզ մեր կյանքի արմատական-գոյաբանական պրոբլեմներին նայել տարբեր տեսանկյուններից և հնարավորինս՝ նորովի, քանի որ այս պրոբլեմներին մոտենալու ավանդական մոտեցումները մեծ մասամբ դուրս եկան սնանկ։


Մասնավորապես, հանգամանքների բերումով մեր ձեռքն ընկած անկախությանն ու պետականության կառուցման ընթացքին մենք մոտեցանք ճիշտ այնպես, ինչպես դա արել են, անում են և կանեն տարբեր պայմաններում գտնվող ուրիշ ժողովուրդներ, որոնք բնականորեն ազատությունն ու ինքնուրույն կյանքը գերադասում են անազատ և կախյալ կյանքից։
Մեր մտքով իսկ չանցավ, որ մեր դեպքը իր շատ ու շատ կողմերով կտրականապես տարբերվում է մյուսներից։


Այս տարբերությունը մենք պետք է տեսնեինք Աբդուլ Համիդի 1895-96-ի կոտորածներից հետո՝ չտեսանք, պետք է տեսնեինք Ադանայի 1909-ի կոտորածներից հետո՝ չտեսանք, այն էլ՝ երիտթուրքերի հեղափոխության և նրանց հետ մերոնց փսևդոեղբայրության ֆոնին։
Առավել զարմանալին այն է, որ մեր արմատական բնույթի տարբերությունը ուրիշներից անհրաժեշտ խորությամբ չտեսանք նույնիսկ Մեծ Եղեռնից հետո։


Ինչպես մենք չէինք սպասում, որ թուրքերը կարող են մեզ իսպառ բնաջնջել, այնպես էլ քաղաքակիրթ կոչեցյալ աշխարհը չէր սպասում, որ ռուսական հեղափոխության նման, իրենց կարծիքով, անհնարին ու անիմաստ բան կարող է տեղի ունենալ։
Փաստորեն, Նասիմ Թալեբի բառապաշարից օգտվելով, կարող ենք ասել, որ մի սև կարապ մեր գենոցիդն էր, մի այլ սև կարապ՝ ռուսական-բոլշևիկյան հեղափոխությունը։
Բայց մեր բախտը ինչ-որ տեղ խիստ պատահականորեն բերեց, այն առումով, որ այդ երկու սև կարապները մեր ճակատագրում վերադրվեցին, որի արդյունքում մենք նախ ունեցանք անկախին նման ինչ-որ պետականություն, բայց որի ռուսական սև կարապին կուլ գնալուց հետո ստացանք, դարձյալ օտար ուժի կողմից, Խորհրդային Հայաստանի նման փսևդոպետականություն, որը թույլ չտվեց թուրքերին իրենց շատ խանգարող հայկական սեպը վերջնականապես վերացնել աշխարհի երեսից։


Դրանից հետո Խորհրդային Միության կազմում հասնելով մեր ժողովրդի համար աննախադեպ անվտանգ ու ապահով կյանքի՝ բոլորի հետ միասին հրաժեշտ տվեցինք դրան և, դարձյալ, հանգամանքների բերումով, ստացանք անկախություն։
Ի տարբերություն մեր առաջին հանրապետության, որի կյանքը այնքան կարճ տևեց, որ կարգին չիմացանք թե մենք ով ենք և ինչի ենք ունակ, երրորդ հանրապետության կյանքը շարունակվեց բավականին երկար, որի արդյունքում մեր ով լինելը իր ամբողջ «փայլով» երևաց։
Եթե ուզենանք մեկ բառով բնութագրել մեր ներկա անկախ պետականության կյանքը, ապա դա «գաղափարազուրկ» բառն է, մի ընթացք, որը ստիպում է մեզ վերաիմաստավորել մեր պատմական ընթացքը՝ սկսած անհիշելի ժամանակներից։


Գալով մեր և ուրիշ ժողովուրդների տարբերության պրոբլեմին, ապա առաջին մոտավորությամբ այդ տարբերությունները երկուսն են.
1․ Մենք հոգեբանորեն մասամբ ծերացած, բայց նաև, քաղաքականությունից բացի, այլ ոլորտներում խիստ գործունյա ենք:
2․ Միջավայրը, որում մենք ենք, իր ագրեսիվությամբ կտրուկ կերպով տարբերվում է մեր նման փոքր ժողովուրդների ապրած միջավայրերից, որոնց մասին՝ հաջորդիվ։


Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 12498

Մեկնաբանություններ