«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՉԻՆԱՐ ԵՍ, ԿԵՌԱՆԱԼ ՄԻ» (Մեր հայրենիք, թշվառ, անտեր)

«ՉԻՆԱՐ ԵՍ, ԿԵՌԱՆԱԼ ՄԻ»  (Մեր հայրենիք, թշվառ, անտեր)
08.07.2011 | 00:00

«Կեսարի պես աշխարհ եկա`
Խոլ տարերքով մարմարիոնի,
Այցելեցի բյուր դիարան,
Դարձա նրանց տերն ու գերին,
Որպես ցնոր ու այլամարդ`
Ոգիների սուղ տեղանքում,
Եկա` անտես, անդիմազարդ,
Բիբլիական ու անանուն»:

Բագրատ ԱԼԵՔՅԱՆ,
«Կեսարի պես»


ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ` ԱՆԴՅՈՒՐԱՄԱՐՍ ԲԱՂԱՐՋ
(ֆելիետոն` համախոհ համանվագով)

«Հայաստանում չկա մտավորականություն, կան մտավորականներ»: Ո՞վ է այսպես խրոխտ շեփորել, ցայսօր անհայտ է: Բայց, որ անկեղծ լինենք, սխալ չի շեփորել: Համենայն դեպս, հայերս դրանում խորապես ենք համոզված: Զի մեզ տեղը տեղին համոզել են:
Իրենց հերթին ռուսները նույնպես վաղուց համոզվել են, որ ունեն թե՛ մտավորականներ, թե՛ մտավորականություն:
Վրացիները որքան էլ տուտուց (այսինքն` ինքնամոռաց ինքնասիրահարված, ինքնաբուխ, կինտոյաբարո, քիչ ու միչ էլ խումհարոտ), այսուհանդերձ, Ռուսթավելու բարոյագեղագիտական ուսմունքն աչքի առաջ, եռանդուն ձգտում են ունենալ և՛ այս, և՛ այն: Ե՛վ Փարաջանովին, և՛ տաճարները, և՛ Նոյյան տապանը Կազբեկի լանջերին, և՛… Մի խոսքով:
Ազերիների պարագայում ասելիք չկա. չի կարող մի երկրում մտավորականություն լինել, ուր մտավորական կոչվածի բարձրագույն արժանիքը հարևան (գլխավորապես` քրիստոնյա) մշակույթների յուրացումն ու իրացումն է:
Բավ է, միջազգային նավարկությունը մեր մակույկներին հարիր չէ: Հապշտապ վերադառնում ենք Լճիցլիճ:
Այսպիսով, բանաձևում ենք. ՀՀ-ում կա՛ մտավորականություն:
Սակայն առկա է և մոտավորականությունը:
Կան մտավորներ: Եվ հրապարակում են մոտավորները: Մոտավորներին ուղղորդում ենք ասպատակության դեպի յուրյանց «Երկիր դրախտավայրը»` ԶԱՐԶԱՆԴՍՏԱՆ (այս մասին` 2-րդ փուլում):
Մտավորը տքնում է զօրուգիշեր` գրասեղանի ու կտավի առջև, նոտայատետր հայթայթում, հուշարձաններ պեղում, անհավասար մարտի ելնում երկրի կանաչ զանգվածներն ու կապույտ ջրերը հոշոտող տիտղոսակիր ելուզակների դեմ հանդիման: Զայրանում է: Հանդիմանում: Հորդորում: Վերջապես հայհոյում` բարեշունչ ելևէջումներով:
Օրն ավարտված է: Մտավորն անցած օրվա խորհուրդն է բաղդատում այսօրվանի հետ ու երազում Բաղդադի խուրմա, օրինապահ հանրապետություն և օրինազանցների բերդաքաղաքներ տեսնում սահմանամերձ շրջաններում: ՈՒ բան է, թե միամտվեց և ոստիկանության սերժանտին, առաջավոր անասնապահին կամ մեծաքսակի հերթապահ սիրուհու (կամ սիրեկանի)` չորքոտանու վարսավիրի ասիստենտին վայել «Սուպեր-պուդել» մակնիշի շարժակազմով շրջեց, ռուսը կասեր` «տՌՔՌ տՐՏտՈսՏ»: Դեղնացոլք լրատվամիջոցի վայնասունը կթնդար Մատենադարանի հարթակում, կհեղեղեր Նուբարաշենի համազգային աղբավայրը և կհանգրվաներ պատվիրատու-օթյակում:
Այսպիսով, շատ դյուրահավատ են արդի հայոց մտավորները:
Զորօրինակ, խորապես համոզված են, թե պարսավանքով հնարավոր է երկրիս արտագաղթի «դիլերներին» դարձի բերել կամ էլ, քարկոծելով «քիլերներին», կանխել ափեափ զարկող կաշառասնումը, կռապաշտությունն ու շուկայական շերխանիզմը:
Դյուրահավատ են, զի անդյուրամարս են:
Միով բանիվ, լճիցլիճյան մեր խորհուրդը. արգո տիարք և տիկնայք, պարսավանքը փոխարինենք պայքարի օրինապաշտ մեթոդներով, ոտքի հանենք երկրիս մտավորներին և պահանջատիրական վսեմ զայրույթի խարույկները վառենք Բաղրամյան պողոտայի հոյակերտ պալատների բակերում, պարսատիկային գրոհի տակ առնենք կարգազանց-մշտաժպիտ նախարարին ու օրենքը վազանցող մարզպետին, գյուղապետին և բոլոր մյուս պետերին:
Գուցե թե մի բան կարգի ընկնի:
ՄՈՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ, ԼԻԱՑԵ՛Ք (ԶԱՐԶԱՆԴՍՏԱՆԻ կոյուղաջրերը)
Մոտավորը քանակապես զիջում է Մտավորին, որակապես տանուլ տալիս, բարոյապես բզկտվում:
Բայց և այնպես, շրջանցում-վազանցում է նյութականապատեհապաշտ խնդիրներում, ֆինանսական հանապազօր հարցապնդումներում և այլն:
Մոտավոր ծնվում են և, մայրական կուրծքը անտեսելով, արտոնյալ սեղանների թերմացքով սնվում դեռափթիթ մանկության օրրաններում:
Մտավորը ծնվում-մաքառում-հաղթանակում է: Երբեմն` անհուսորեն ուշ: Հաճախ նրա բարոյական հաղթանակը հանրության անբարո դատափետմանն է արժանանում, զի «Մեջը քյար չկա, յանի էդ ախմախն ինչ ա ուզում, որ…» մտահանգումը Մոտավորը շրջանառության մեջ է նետել և համոզիչ հայհոյախոսությամբ հունցում է մութուլուսին և առավոտ կանուխ, որպես անվճար բաղարջ մատուցում հանրային սեղանին: Մտավորները զարմանալիորեն նույնական են, քիչ միամիտ, երբ աչալրջությունը պահի հրամայականն է, անվերջ հուզախռով, հուսալիցք և երբեք` հուսաբեկ:
Մտավորը, օրինակ, կրծքով կպաշտպանի հանրային զբոսայգի ներխուժող մոլորված տրոլեյբուսի ախմախ գրոհը:
Այդ պահին, նրա թիկունքում, Մոտավորը թիկնազորին գրոհի է ուղղորդել ժողովրդական բաղերն ու բոստանները` անվճար քաղհանի, անմնացորդ թալանի:
Ամեն բան գրեթե պարզ է Մտավորի պարագայում:
Անըմբռնելի-ուսուցողական և անկասելի-դյութիչ բաներ կան արդի Մոտավորի հոգեկերտվածքում, վարքում և բարքում:
Քննարկենք, դատենք-բաղդատենք Մոտավոր-աղետին` երեք տիպաբանական ախտորոշմամբ:
ԱՊԻԿԱՐՆ ՈՒ ՈՐԿՈՐԸ
(զայրացկոտ պամֆլետ)

Ապիկարը բնության խարդավանքն է, կատակն ու փռշտոցը: Մանկուց նա զգաց, արբունքի պահին գիտակցեց, հասունության գագաթնակետում որոշեց, որ քանզի ինքը անհուսալի ապաշնորհ է, պետք Է հեղափոխական գրոհով և գրպանահատային ուշիմությամբ ճանապարհներ հարթի և դարպասներ երկփեղկի: Զի 3-րդ դասարանի 2-րդ քառորդում նրան տանջամահ էր անում դասընկերների անվրեպ նշանառությունը: Սույն լածիրակները, հերթական անգամ համոզվելով, որ թվաբանական աղյուսակն ու գոյական-ածականի շփոթն անհաղթահարելի արգելապատնեշ են Ապիկարիկի համար և, գնահատելով վերջինիս գանգատուփը պարուրած դարակազմիկ-անհույս թախիծը, անվանակոչեցին ահա էսպես` «Դարդիման դդում»:
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵՂՈՒՄ-ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ
ՈՒշի ուշով տեղազննեք տիար Վարդան Բոստանջյանին, երբ նա իմաստությունների ապուրն է եփում և փորձեք կռահել` ով է (ինչ է) եղել նա նախկին կյանքում:
Զորօրինակ Դավիթ Մարքսիստը նախկին կյանքում էսեռական դավադիր է եղել:
Ամենասրամիտ երեք պատասխանները, անպատճառ վավերացված հեղինակի անուն-ազգանունով, բնակության վայրով, քութեշով հիվանդանալու փաստով, կներկայացվեն ընթերցողաց դատին: Այսինքն` ուշադրությանը:
Որկորն ակնհայտ գերակայություն է ստանձնում Դարդիման Դ.-ի նկատմամբ: Այլևս Դ.Դ.-ն Ա.Ո. է, ասել է թե` Ապիկար Որկոր:
ՈՒ ինչ է նախաձեռնում վերջինս: Երկնում-ծնում-սնում է մշակութային-շուկայաբորբ մի խմբակ, պայմանական անվանումը` Բանգլադեշի բոմժերի գրական-մշակութային ընկերակցություն (ԲԲԳՄԸ): Անդամագրումը ժողովրդավարորեն ըմբռնելի է, պարզ ու շինիչ: Բավական է գիրկապ անել Ա.Ո.-ի վերջին ասույթը` համաբոմժային խաշկերույթի թունդ պահին: Այն է` «Օլիգարխը մեր հույսի քուրսին է և լույսի թոնրատունը»:
Եվ ահա ԲԲԳՄԸ-ն Ա.Ո.-ի գլխավորությամբ համալրում է ԶԱՐԶԱՆԴՍՏԱՆԻ որկրամոլ-մոտավորականության լեգեոնը:
Իսկ սա Մոտավորի ավելի նրբանկատ և դիվանագետ տեսակն է` հիմնադրամի կերտման հրամանատար: Հընթացս շքանշան ու մեդալ է շաղ տալիս: Դե, բնականաբար, բարձրադղորդ ու հայանպաստ տիտղոսակիր անունը հենց էնպես հիմնադրամի տիտղոսաթերթին և կնիք-դրոշմներին չի դաջվում: Նմանապես մեդալն ու շքանշանը հոր խերի ոչ ոք չի նախագծի, ոչ էլ կձուլի: Ի՞նչ ենք անում: Ճիշտ եք միանգամայն: Հիմնադրամի հիմնադրման դրամահավաք ենք կազմակերպում (մենք չէ, շքանշանաբաշխիչ-Մոտավորը): ԶԱՐԶԱՆԴՍՏԱՆՈՒՄ պարզամիտ ու մեդալասեր քսակատերեր` որքան ուզեք: Մնում է մի քիչ գրգռել նրանց ինքնասիրությունը: ՈՒ քսակները բացվում են, ինչպես անձրևանոցը տեղատարափից առաջ:
Ի դեպ, պատմում են, որ ՀՀ քիչ թե շատ նկատելի մտավորականներն ու պաշտոնատարներն այս սուբյեկտին շրջանցում են երեք կանգառ հեռվից:
Բայց դե, նա Մոտավոր-ահաբեկիչ չէր լինի ու իր գործի խաս վարպետ, եթե նրանց չհայտնաբերեր ցանկացած պատեհ ժամի և անպատեհ վայրում:
Օրինակ, ոստիկանության գնդապետ Պ. Զ.-ին չանթեց սիրուհու տանը, սահմանամերձ գյուղի նրա «օթախում»: Իսկ մշակութային արդի երևելի (այսինքն` երևելիորեն իրեն երևակայող) Զ. Ժ.-ին բռնակցեց հուշամեդալին, երբ վերջինս պառկած էր վիրահատական զոհասեղանին և պատրաստվում էր վիրահատվել պետպատվերի շրջանակում. նրա աջ ուսի խալը պիտի փոխադրեին ձախ այտին` Հոլանդիա մեկնելուց առաջ:
Սրան չեն հավանում: Ոչ ոք: Ո՛չ ԶԱՐԶԱՆԴՍՏԱՆՈՒՄ, ո՛չ էլ Հայաստանում: Բայց հանդուրժում են: Տարիքն էն չի: Այսինքն, հուզիչ-ալեզարդ է: Միաժամանակ ահավոր «նաֆս» ունի: Ասել է թե` չար աչք: Բան է, թե սև կատու անցավ դեմով, երկու ժամ հետո նվազագույնը ջարդուփշուր է դառնում վերջին հնգամյակում առհասարակ տեղից չշարժված «Զապորոժեցի» տակ: Հուզիչ-ալեզարդը չէ, կատո՛ւն:
Ի՞նչ է անում սույն ալեհեր-պատուհասը: Ոչի՛նչ, կարծես: ՈՒղղակի հայտնվում է ԶԱՐԶԱՆԴՍՏԱՆՈՒՄ, տեղ բռնում օրվա գլխավոր ԶԱՐԶԱՆԴԻ քով և վրա տալիս. «Ես քո բոյին մեռնեմ, ես քո արևով լուսավորեմ Նորքի մասիվն ու շահագործեմ իմ վերջին «Պոբեդան», դու գիտե՞ս` ով ես: Դու էս թշվառ ազգի Դավիթն ես ու Տիգրան Մեծը…»: Եվ այսպես շարունակ:
Ինչո՞ւ է նա քծնանքի ամրոցներ կերտում: Պաշտո՞ն է ուզում: Շատ է ծեր: Գումա՞ր: Ինչի՞ն է պետք, եղածը բարով-խերով ի զորու չէ մարսելու: ՈՒրեմն ի՞նչ: Ոչինչ: Պարզապես նա Մոտավոր է` քծնանքի պաթոլոգիկ ասպետ: ՈՒրիշ ոչինչ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ