«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՐՊԵՍԶԻ ԳՈՐԾԱՐԱՐՆ ԻՐԵՆ ԼԱՎ ԶԳԱ

ՈՐՊԵՍԶԻ ԳՈՐԾԱՐԱՐՆ ԻՐԵՆ ԼԱՎ ԶԳԱ
01.02.2011 | 00:00

Տարեվերջին կառավարությունն օրենսդիր մարմնին ներկայացրեց փաստաթղթերի մի փաթեթ, որն ուղղված է գործարար միջավայրի ու պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Որ գործարարը վաղուց հոգնել է պետական տարբեր օղակներում անհարկի քաշքշուկներից և այս առիթով բազմաթիվ դժգոհություններ է հնչեցնում, տեղյակ են նաև այդ նույն մարմիններում:
Իրավիճակը շտկելու նպատակով էլ էկոնոմիկայի նախարարությունը մշակեց նշված փաթեթը: Էկոնոմիկայի փոխնախարար ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրականացվող փոփոխություններն այս տարի արդեն որոշակի արդյունք կտան, գործարարները բիզնես վարելիս կզգան էական թեթևացում. ավելի քիչ կառնչվեն կառավարման մարմինների հետ` խնայելով ժամանակ ու նյարդեր, նաև` գումար:
Այս առումով ձեռներեցների ամենամեծ ցանկությունը, թերևս, այն է, որ քիչ առնչվեն հատկապես հարկային մարմիններին. գործարար միջավայրի բարելավման առումով այստեղ անելիքները հաստատ շատ են: Կարինե Մինասյանը նշեց այս դաշտում կատարված որոշ փոփոխություններ. նախ` կրճատվել է ներկայացվող հաշվետվությունների, նաև վճարումների քանակը: Օրինակ, եթե շահութահարկի մասով հարկատուն ամեն ամիս էր վճարում, հիմա կվճարի եռամսյակը մեկ: Նշենք, որ հարկային-հարկատու շփումն ինչ-որ չափով կրճատվեց նաև այն ժամանակ, երբ հաշվետություններն սկսեցին պահանջել էլեկտրոնային ճանապարհով (4200 հարկատու է աշխատում այս եղանակով):
Հաջորդ որոշմամբ գործադիրն ընդլայնել է արտոնավճարով հարկ վճարողների ցանկը: Հիշեցնենք, որ նրանց համար պետությունը սահմանում էր խորհրդանշական հարկ` արտոնավճար. կիսամյակը մեկ վճարելով` ձեռներեցը կարող է ծավալել իր գործունեությունը` այլևս կապ չունենալով հարկային մարմնի հետ, ընդ որում, գործարարն ինքն է ընտրում իրեն հարմար արտոնագրային ժամանակահատվածը: Այսուհետ կառավարությունն արտոնավճարով աշխատելու հնարավորություն է տալիս այն բիզնեսմեններին, որոնց գործունեությունից ստացված հասույթը տարեկան 6 մլն դրամի սահմաններում է: 2009-ին ներդրված այս համակարգը հարկային դաշտ է բերում անհատ տաքսիստներին, փոքրիկ հյուրատուն ունեցողներին, վարձու աշխատող չունեցող անհատ ձեռներեցներին: Պետական եկամուտների կոմիտեում նշում են, որ մինչ օրս նման տարբերակով աշխատում է ավելի քան 1000 տնտեսավարող:
Եթե, օրինակ, որոշել եք գարեջրի կամ գինու արտադրություն բացել, և ձեզ անհրաժեշտ է համապատասխան արտոնագիր, պետք չէ դեսուդեն ընկնել, հոգացեք միայն ինտերնետին միանալու հարցը: Դեռ անցած տարվա հունիսին կառավարությունում հայտարարեցին, որ որոշ արտոնագրեր կարելի է ստանալ էլեկտրոնային ճանապարհով, խոստացան նաև, որ այդ թիվն աստիճանաբար կավելանա: Ֆինանսների փոխնախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ նշեց, որ արդեն 9 տեսակի պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաներ կարելի է ստանալ այդ ճանապարհով, ինչը բավականին դյուրին է, հարմար է հատկապես մարզերի ձեռներեցների համար: Կառավարության e-gov.am կայքում դրա ստացման բոլոր գործիքները և համապատասխան բացատրությունները կան: Պահանջվող փաստաթղթերն էլ լուսապատճենահանվում են, բեռնվում համակարգ և ուղարկվում համապատասխան գերատեսչություն, շատ հաճախ արտոնագիրը համապատասխան էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում կարելի է հենց ինտերնետով էլ ստանալ: Եվ բոլորովին էլ պարտադիր չէ, որ արտոնագիրը փաստաթղթի տեսքով լինի գործարարի ձեռքին, նա կարող է աշխատել առանց այդ թղթի այն դեպքում, եթե սահմանված ժամկետում պաշտոնյան թերացել է այն տրամադրել: Գաղտնիք չէ, որ պաշտոնյան հաճախ միտումնավոր է ուշացնում դրա տրամադրումը` որոշակի ակնկալիքով: Այս քայլով կառավարությունը, մի կողմից, գործարարին ազատում է ավելորդ բյուրոկրատիզմից, մյուս կողմից էլ` խստացնում է վերահսկողությունը կառավարող օղակների նկատմամբ:
ՀՀ ֆինանսների փոխնախարարն ավելացրեց, որ մեկ այլ օրենսդրական փոփոխությամբ գործադիրը կրճատել, որոշ դեպքերում էլ համախմբել է լիցենզիաների տեսակները` 169 լիցենզիաներից թողնելով 96-ը:
Մոտ ժամանակներս էլեկտրոնային հարթակ կտեղափոխվի նաև բիզնեսի գրանցման գործընթացը: Սկսնակ գործարարն իր բիզնեսը պետռեգիստրում գրանցելու համար այցելելու է միայն մեկ կառույց, մնացած աշխատանքը կատարելու է պետռեգիստրի աշխատակազմը: Միասնական տուրք վճարելով` տեղում ձեռներեցը կարող է ստանալ նաև իր հարկային կոդը, կլուծվի ֆիրմային անունը գրանցելու հարցը ևս:
Գործարար միջավայրի բարելավման եվրոպական չափորոշիչները, որոնցով կողմնորոշվել են փաթեթի հեղինակները, պահանջում են կրճատել ադմինիստրատիվ թղթարարության, այդ թվում` հավաստագրման գործընթացի վրա ծախսվող ժամանակն ու ծախսերը:
Այսպես. անցած տարի արտահանողների համար հեշտացվել է ապրանքի ծագման երկրի հավաստագիր ստանալու գործընթացը, գործարարն ազատվում է տարբեր ատյաններին դիմելու անհրաժեշտությունից` խնայելով թե՛ ժամանակ, թե՛ նյարդերը: Ըստ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ` այդ գործընթացն իրենց կառույցն իրականացնում է 2002 թվականից, վերջին փոփոխությունների համաձայն, «մեկ պատուհանից» կարճ ժամկետում և ավելի նվազ սակագներով կիրականացվի նաև արտահանվող ապրանքների համար իրականացվող փորձաքննության գործընթացը:
Արտահանվող տարբեր ապրանքների փորձաքննության պարբերությունը սեղմվում է և հստակեցվում. օրինակ, հանքարդյունաբերության կամ ձկնարտադրության ոլորտների տնտեսավարողները փորձանմուշ, ամենայն հավանականությամբ, կհանձնեն 6 ամիսը մեկ և ոչ ամեն խմբաքանակի հետ: Գործընթացն ավելի կհեշտանա, երբ ներդրվի հավաստագրերի համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման էլեկտրոնային եղանակը:
Իսկ ահա ներկրողներից մաքսակետերում չեն պահանջի պարտադիր հավաստագիր: Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի խոսքով` վստահության վրա հիմնված աշխատաոճ են որդեգրում, թույլ են տալու գործարարին մաքսազերծման փաստաթղթերը կարգավորել ապրանքը շուկա հանելուց առաջ:
2010-ի վերջին կառավարությունը հավանություն տվեց «Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին» նախագծին. սա նշանակում է` 2011-ին կգործեն հարկային արտոնություններով օժտված գոտիներ, որտեղ գործարարը կազատվի գրեթե բոլոր հարկերից: Առաջին գոտին կլինի «Մարս» գործարանը և, ամենայն հավանականությամբ, կներառի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունները:
Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1477

Մեկնաբանություններ