«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
11.10.2011 | 00:00

Քաջարանը հանրապետության այն եզակի քաղաքներից է, որտեղ զբաղվածության խնդիրը, թերևս, լուծված է: Այս տարի 127 առաջին դասարանցի է գնացել Քաջարանի դպրոցներ: Նախորդ տարի այդ թիվը 78 էր: Դպրոցները, ինչպես նշում է Քաջարանի քաղաքային համայնքի ղեկավար ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, կահավորված են, բարեկարգ, ապահովված համապատասխան գույքով, ձմռանը ջեռուցվում են:
Բնակչության սոցիալական վիճակը, քաղաքապետի հավաստմամբ, ի տարբերություն այլ մարզերի քաղաքների, ավելի բարվոք է: «Ճիշտ է, փողը երբեք էլ ոչ ոքի չի բավարարում, որքան էլ մարդիկ ունենան, անհրաժեշտություն առաջանում է, բայց այն, որ այսօր քաջարանցին իր խնդիրները կարողանում է լուծել, նաև հարևանի ու բարեկամի խնդիրները որոշակիորեն իր վրա վերցնել, ակնհայտ է»,- ասում է Վարդան Գևորգյանը:
Նշենք, որ Քաջարանի բնակչությունը հիմնականում զբաղված է պղնձամոլիբդենային կոմբինատում, որը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը բաց եղանակով, արդյունահանելով տարեկան 12,8 միլիոն տոննա հանքաքար: Ընկերությունն արդյունահանում և վերամշակում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում է երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութ:
Բնականաբար, ֆինանսատնտեսական ճգնաժամը որոշակի ազդեցություն ունեցավ քաջարանցիների վրա: Ճգնաժամի պատճառով 2009 թ. պղնձի և մոլիբդենի գների աննախադեպ անկման պատճառով, երբ ընդամենը մի քանի ամսում այդ մետաղների գները նվազեցին 3-3,5 անգամ, այս ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունները հայտնվեցին ծանր վիճակում: «Կային ծրագրեր, որոնք ժամանակավորապես սառեցվեցին, սակայն հետագայում դրանք անմիջապես կյանքի կոչվեցին: Խոսքը և՛ արտադրության զարգացման, և՛ քաղաքային ծրագրերի մասին է»,- նշում է Քաջարանի քաղաքապետը:
Վարդան Գևորգյանը հատկապես կարևորեց քաղաքի բնապահպանական խնդիրները: Ըստ նրա, դրանք ուշադրության կենտրոնում են, որոնց լուծման ուղղությամբ մշտապես առկա է պղնձամոլիբդենային կոմբինատ-քաղաքապետարան համագործակցությունը: Քաջարանի հանրակրթական դպրոցներում քաղաքապետարանի կողմից ստեղծվել է տարածաշրջանում եզակի էկոլոգիական երկու լաբորատորիա: Բացի այդ, քաղաքապետարանի ջանքերով ստեղծվել է դասագիրք` «Քաջարան. բնություն և էկոլոգիա», որն այսօր դասավանդվում է 8-րդ դասարանցիներին: Միաժամանակ, քաղաքապետի հավաստմամբ, հրատարակվել են բազում գրքեր ու նյութեր, որոնք էական առաջընթաց են ապահովում հանրության էկոլոգիական դաստիարակության ուղղությամբ:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1433

Մեկնաբանություններ