ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ՀԱՅՏՆԻ Է ԽԱԼԵՐԻ ՁԵՎԱՓՈԽՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ»

«ՀԱՅՏՆԻ Է ԽԱԼԵՐԻ ՁԵՎԱՓՈԽՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԵՐԿՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ»
06.10.2009 | 00:00

Ամբողջ աշխարհում խալերից առաջացող չարորակ ուռուցքներով հիվանդների թիվը մեծանում է` տասը տարին մեկ կրկնապատկվելով: Հայաստանը բացառություն չէ:
ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի դիսպանսեր և պոլիկլինիկական բաժանմունքի վարիչ, ուռուցքաբան ԱՐԱ ԲԱԶԻԿՅԱՆԻ կարծիքով, եթե մարդիկ ավելի լավ տեղեկացված լինեն, մասնագետի միջամտությունը լինի ժամանակին և ճիշտ, կարելի է խուսափել հնարավոր բարդությունից: Թեմայի շուրջ իր կարծիքն է հայտնում նաև ուռուցքաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՆԺԵԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:

-Ի՞նչ է խալը:
-Խալերը մաշկի մեջ մելանոցիտ բջիջների զանգածային կուտակումներ են, որոնք պարունակում են մելանին գունակը, որի առկայությամբ և քանակությամբ է պայմանավորված մարդկանց մաշկի գունային երանգավորումը: Սովորաբար դրանց քանակը տատանվում է 10-50-ի սահմաններում: Դրանք տարբերվում են գույնով, չափով, ձևով։ Խալերը կարող են տեղակայված լինել մարմնի տարբեր մասերում, լինել բնածին կամ ձեռքբերովի: Երբեմն էլ կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար:
-Ինչո՞վ են խալերը վտանգավոր:
-Մեծ մասամբ խալերն անվտանգ, բարորակ գոյացություններ են: Տարբեր գործոնների հետևանքով պիգմենտային բջիջները (մելանոցիտը) սկսում են արագ բազմանալ և ձևափոխվել: Այդ ժամանակ անվնաս խալը կարող է ձևափոխվել չարորակ ուռուցքի` մելանոմայի:
-Որո՞նք են այդ գործոնները:
-Խալերի ձևափոխմանը և չարորակացմանը նպաստող հիմնական գործոններից են արևի երկարատև ազդեցությունը և արտաքին տրավմաները, որ կարող են լինել սուր` միանվագ, նաև երկարատև` հաճախակի ազդելու դեպքում, օրինակ, հագուստի հպումից կամ գլխի մազածածկ հատվածը սանրով վնասելիս: Կա «արևայրուկ» հասկացություն, որը մաշկի պաշտպանական ռեակցիան է արևի ճառագայթների հանդեպ: Արևի երկարատև ազդեցության հետևանքով բջիջները սկսում են արագ բազմանալ, երբեմն` ձևափոխվել: Հայտնի է, որ բաց գույնի մաշկ, մազեր, աչքեր ունեցող մարդիկ ավելի զգայուն են արևի ճառագայթների հանդեպ և պետք է ավելի զգոն լինեն: Դեռ մանկական հասակից պետք է արևի տակ երկար չմնալ: Վտանգավոր ժամանակահատվածն է 12.00-16.00: Ինչպես նաև խուսափել խալերի վնասումից: Իսկ հաճախակի վնասումների դեպքում պրոֆիլակտիկ նպատակով հեռացնել դրանք:
-Կա տարածված կարծիք, որ խալերին չի կարելի «ձեռք տալ», տվյալ դեպքում` հեռացնել:
-Մի կողմից` ժողովրդի մեջ տարածված այդ համոզմունքը ճիշտ է. չի կարելի առանց իմանալու, թե ինչի հետ գործ ունես, տրորել խալը, վնասել, սեղմել, քսուքներ դնել, ինքնաբուժությամբ զբաղվել: Բայց բժշկական տեսակետից չկա այնպիսի խալ, որը չի կարելի հեռացնել: Ոչ միայն կարելի է, այլև երբեմն անհրաժեշտ է, քանի որ դա մելանոմայի առաջացումից խուսափելու միակ ճանապարհն է: Պարզապես հեռացման անհրաժեշտությունը, եղանակը և ծավալը պետք է որոշի ուռուցքաբանը:
Ա.Բ. -Եթե դրանք մաշկի տարբեր պիգմենտային գոյացություններ են (պապիլոմաներ, կերատոզներ), ապա կարելի է դիմել էլեկտրակոագուլյացիայի կամ կրիոդեստրուկցիայի: Իսկ երբեմն ցուցված է լինում միայն վիրահատական միջամտությունը:
-Ասում են` համեմատաբար անվտանգ են մազոտ խալերը:
Ա.Բ.
- Մազոտ խալերն ավելի հանգիստ են, հազվադեպ են ձևափոխվում և չարորականում, բայց քանի որ պարունակում են մազարմատներ, ավելի հաճախ են բորբոքվում: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում անցանկալի մազերից ազատվել` կտրելով դրանք մկրատով: Խալերի բորբոքման դեպքում մաշկային ուռուցքաբանը նշանակում է հակաբորբոքիչ քսուք, որից հետո, ելնելով խալի որակից, ձևափոխման աստիճանից, որոշվում է բուժման ընթացքը:
-Ինչպե՞ս կարելի է տարբերակել ձևափոխված խալը:
Ա.Հ.
-Գոյություն ունեն պարզ նշաններ, որոնք օգնում են տարբերակել հանգիստ խալը ձևափոխված խալից: Դրանք են ասիմետրիկությունը, եզրերի անհարթությունը, գույնը, չափը: Բարորակ խալերն ունեն հարթ եզրեր և մակերես, անփոփոխ չափսեր և գունային համասեռություն: Այսպիսով, ուշադրության արժանի նշաններն են` չափսերի, ձևի, գույնի փոփոխությունը, նաև քորի, ծակծկոցի, թեփուկների առաջացումը: Իսկ խալերի արյունային արտադրության և խոցոտման դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել ուռուցքաբանի:
-Հաճախ հիվանդները խուսափում են ուռուցքաբանին դիմելուց` վախենալով չարորակ ուռուցք ախտորոշումից:
Ա.Հ.
-Այդպիսի մտածելակերպը բացատրվում է նրանով, որ բնակչությունը տեղեկացված է միայն այն դեպքերի մասին, երբ բուժումն արդյունավետ չի եղել` հատկապես բժշկին ուշ դիմելու պատճառով: Սակայն ոչ բոլորը գիտեն հազարավոր բուժված և լիարժեք կյանքով ապրող մարդկանց մասին, քանի որ չարորակ ուռուցք ախտորոշումը գաղտնի է մնում թե՛ հիվանդի, թե՛ նրան շրջապատող մարդկանց համար:
Բուժման դրական արդյունքներին տեղեկացված լինելը կօգնի հիվանդին` հավատալու բուժման արդյունավետությանը և խթան կհանդիսանա ժամանակին ուռուցքաբանին դիմելու, ինչն էլ բուժման լավ արդյունքի գրավականն է։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 18088

Մեկնաբանություններ