«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՆՀԱՏԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ, ԲԱՅՑ ՏԻԵԶԵՐՔԻՆ ՆԱՅՈՒՄ Է ԻՐ ԱԶԳԻ ԱՉՔԵՐՈՎ» ԳՅՈԹԵ

«ԱՆՀԱՏԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ, ԲԱՅՑ ՏԻԵԶԵՐՔԻՆ ՆԱՅՈՒՄ Է ԻՐ ԱԶԳԻ ԱՉՔԵՐՈՎ»      ԳՅՈԹԵ
22.11.2011 | 00:00

Յուրաքանչյուր հայ ոչ միայն լեզվամտածողությամբ պետք է ձևավորի իր ազգային կերպարը, այլև` այո, նաև իր անուն-ազգանունով, հայեցի դրոշմ կրող բնակատեղիով ու աշխատատեղով: Իսկ մենք` հայերս, որոշակիորեն հեռացել-խորթացել ենք այդ ամենից:
Երբ մտովի վերհիշում ես 20-րդ դարի 50-60-ական թթ. հայրենի երկրի ազգային դիմագիծը, պարզապես շվարում ես. անձնանունների, ազգանունների համատարած թրքացում, հրեական կտակարանի շնորհիվ` հրեականացում, հունականացում, խորհրդային բռնատիրության արդյունքում` ռուսացում, բոլշևիկացում, մասնավորապես` հայաշխարհը վաճառքի հանած մոլագար Լենինի անվան հետ կապված մերժելի անձնանունների կիրառում` Լենվել, Լենսեր, Լենդրոշ, Վլադիլեն, Նինել, Վիլեն:
Իսկ տեղանունների ինչպիսի՜ թրքացում ու բոլշևիկացում. ինչո՞ւ էր այդպես, որովհետև ժողովրդին պարզապես զրկել էին ազգային արժանապատվությունից, ազգային մտածողությունից, ազգային կերպարից, ձևավորել մանկուրտ մի հասարակություն, որն անցյալ չուներ և երջանիկ էր ազգերի կեղծավոր եղբայրությամբ, որն էլ փուչիկի պես պայթեց բռնապետական ԽՍՀՄ-ի փլուզմամբ:
Ողջ հայաշխարհով մեկ հազարավոր գյուղերից միայն մի քանի տասնյակն ուներ հայեցի անվանում, իսկ քաղաքներից ու ավաններից շատերը հնչում էին թուրք-բոլշևիկյան սրբապիղծ, անարժան անվանումներով` Բասարգեչար-Վարդենիս, Զանգիբասար-Մասիս, Ղամարլու-Արտաշատ, Ախտա-Հրազդան, Դարաչիչակ-Ծաղկաձոր, Հոկտեմբերյան-Արմավիր, Կալինինո-Տաշիր, Կամո-Գավառ, Կիրովական-Վանաձոր, Լենինական-Գյումրի: Չգիտես ինչու, մինչև այժմ էլ` Ալավերդի, Նոյեմբերյան:
Այնքան էր մթագնել ժողովրդի ազգային գիտակցությունը, որ հայ մարդը ոչ միայն մայրենին խճողել էր ռուս-թուրքական բազմաշերտ բառապաշարով «ռուսական բազմաթիվ դպրոցների հովանու ներքո», այլև հայը մոռացել էր իր երգն ու բանահյուսությունը. ամենուրեք թուրք-թաթարական երգ ու երաժշտություն էր հնչում:
Եվ ահա հայ մտավորականների նոր սերունդը` Հովհ. Շիրազը, Պ. Սևակը, Խ. Դաշտենցը, Հ. Սահյանը, Վ. Դավթյանը, Հր. Հովհաննիսյանը, Գ. Էմինը, Ս. Կապուտիկյանը ազգային զարթոնքի կոչնակ հնչեցրին: Հայաշխարհի տեղանուններին ու անձնանուններին նվիրված Շիրազի բանաստեղծությունները հնչեցին որպես ազգային բողոք-արթնացում. և աստիճանաբար հայրենի երկիրը դարձավ հայաշունչ` հայեցի անձնանուններ, տեղանուններ, հնչեցին հայրենասիրական, ազգագրական, գուսանական հարազատ երգեր, իրար հետևից հրապարակվեցին հայաշունչ պոեմներ, վեպեր, վիպակներ, բանաստեղծաշարեր:
1965-ի ժողովրդական հուժկու շարժումը, որի նմանը չէր եղել ԽՍՀՄ-ի ողջ պատմության ընթացքում, ցնցեց բռնապետության հիմքերը, ազգային զարթոնքի ազդանշան դառնալով ԽՍՀՄ ժողովուրդների համար, կարծես նաև ահազանգելով, որ ժողովուրդների կեղծ բարեկամության վրա հիմնված բռնապետությունը շուտով փուլ կգա:
Եվ ահա հայոց ազատատենչ ոգին նորից պոռթկաց 1988-ին և բռնապետական բանտը փլուզվեց. ի դերև ելավ ժողովուրդների «եղբայրական բարեկամությունը»: Պարզվեց` կոմունիստական սնանկ բարոյականության քողի տակ իշխում էին շահամոլությունը, կեղծիքը, կաշառակերությունը, զանգվածային գողականությունը, մեծապետական շովինիզմը, ժողովուրդների անիրավահավասարությունը, այլասերված վերնախավային կոմունիզմը:
Հայոց աշխարհն անկախացավ, Արցախն ազատագրվեց թաթարական բանտից: Դարերով տառապյալ հայրենիքը համառ պայքարով և մեծ զոհողություններով հաղթահարեց 20-րդ դարավերջի բոլոր փորձությունները և ոտք դրեց նոր հազարամյակ:
Պատմաաշխարհագրական ոչ բարենպաստ տարածաշրջանում ենք մաքառում: Կասկած չկա, որ, ի վերջո, կհաղթանակենք` դիմագրավելով ոխերիմ թշնամիների և ոխերիմ բարեկամների ուղղակի և անուղղակի բոլոր ոտնձգություններին, քանզի մեր ժողովուրդը զարմանալիորեն ձեռներեց է, աշխատասեր, հմուտ, իմաստուն ու հանճարեղ:
Այո, հաղթարշավով կգնանք դեպի ապագան, եթե լինենք ինչպես մեծն Նժդեհը կասեր` ցեղակրոն, ցեղը` կրող, ցեղի ոգին կրող, այսինքն` եթե պաշտենք մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր հայաշխարհի յուրաքանչյուր անկյունը, ամենուրեք սիրով տոգորվենք յուրաքանչյուր հայ մարդու նկատմամբ և ամեն ինչից բարձր դասենք հայրենին, քանզի ինչպես մեծն պատանի Պետրոս Դուրյանը կասեր` «Վայ քեզի, որ կյանքդ հայրենիքից ավելի կսիրես», իսկ մեծն Բելինսկին` «Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը»:
ՈՒրեմն, հայրենակիցներ, ունկնդիր լինենք հանճարեղ Գյոթեին`«տիեզերքին նայենք ազգի աչքերով»:
Ցավոք, այսօր այնքան էլ այդպես չենք: Հապա նայեք ձեր շուրջը, արտաբերեք ձեր քույրերի, եղբայրների անունները. շատ հաճախ հայեցի գեղեցիկ անունների կողքին մեր զավակները կրում են օտար, ոչ բարեհունչ անուններ: Սրճարանների, ռեստորանների, զանազան գործակալությունների, տաքսիների անվանումները մեծ մասամբ հայեցի չեն: Ինչո՞ւ, մի՞թե մեր հայրենակիցների սրտերը չեն բաբախում ազգային արժանապատվությամբ, մի՞թե օտարամոլությունը նորից գլուխ է բարձրացնում նոր դրսևորումներով:
Հարկ է նաև ցավով արձանագրել, որ շատ մեծ լսարան ընդգրկող բազում հեռուստասերիալներում հնչում են ավելի շատ օտար, մեզ բոլորովին անհարազատ անձնանուններ։ Պարզապես անհասկանալի է` հեռուստասերիալում ի՞նչը կտուժի, եթե բոլոր հերոսներն ունենան հայեցի անուններ. չէ՞ որ դրանով մեկ անգամ ևս մեր հայրենակիցներին կոչ կանենք իրենց զավակներին հայեցի անուններով կնքելու:
Հայրենակիցներ, ձեր որդիներին, դուստրերին հայկյան անուններով կնքելով` մեկ անգամ ևս ընդգծում եք նրանց հայ լինելը, Հայկի, Արամի, Տիգրանի, Մաշտոցի, Կոմիտասի, Անդրանիկի, Նժդեհի զավակ լինելը: Եվ թերևս մի օր նրանք կարող են դառնալ հայրենի երկրի նախագահ, վարչապետ, հոգևոր առաջնորդ, բարձրաստիճան զինվորական, մեծ գիտնական, բանաստեղծ, երգահան... ՈՒրեմն ինչո՞ւ աշխարհով մեկ հայեցի չհնչեն նրանց փառավոր անունները:
Հարգելի տիկին նախարար Հրանուշ Հակոբյան, անչափ ուրախ ենք ձեր «Արի տուն» հայեցի ծրագրի համար: Դուք հայի բեկորներ եք փրկում: Թերևս տեղին կլիներ ողջ հայությանը կոչ անել իրենց զավակներին հայկական անուններով կնքել` դրանով իսկ մեկ անգամ ևս ներկայանալ որպես հայի զավակ: Իսկ հայեցի քաղցրահունչ անուններ շատ կան, մանավանդ երբ արտասանում ես հայ աղջիկների անուններ, պարզապես բերանդ քաղցրանում է:
Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Պատմաբան

Դիտվել է՝ 2436

Մեկնաբանություններ