«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԿՈՐՈՒՍՅԱԼ ԴՐԱԽՏ

ԿՈՐՈՒՍՅԱԼ ԴՐԱԽՏ
25.03.2011 | 00:00

Որևէ երկրի և նրա ժողովրդի մասին պատկերացում ունենալու համար պետք է նախ և առաջ իմանալ, թե տնտեսական, այն է` գիտական, արդյունաբերական և գյուղատնտեսական ինչպիսի ներուժ և գործարարության նախաձեռնողական ձգտումներ ունի այդ երկիրը բնակեցնող ժողովուրդը։ Այս գործոնները, թերևս, հավասարազոր են երկրի ռազմա-պաշտպանական հնարավորություններին։ ՈՒստի մեկի կամ մյուսների բացակայության պայմաններում երկիրը` որպես պետություն, և ժողովուրդը` որպես ազգի հոգևոր, մտավոր, ռազմական և տնտեսական ներուժի հավաքական կրող, պատմության վայրիվերումներում` քաղաքական ու տնտեսական ասպարեզներում, կկորցնի իր ինքնաբավ լինելու կարողությունը, հետևաբար նաև անկախությունը։
Պատմությունն այսպիսի փաստեր շատ ունի։ Այդ փաստերից մեկը հայերիս պատմական ճակատագիրն է, ինչը մենք հաճախ ընդունում ենք որպես օբյեկտիվ իրողություն, բայց ոչ երբեք` սեփական սխալների հետևանք։ Եթե մենք պարբերաբար անդրադառնանք մեր անցած պատմա-քաղաքական ուղուն և վերլուծենք մեր ստեղծած պետականության` դիվանագիտական ասպարեզում դրսևորած ճիշտ և սխալ քաղաքականությունը, կհասկանանք և կըմբռնենք, կգնահատենք և կվավերացնենք ճիշտն ու լավը, որոնք էլ հիմք կդառնան մեր պետականության հետագա հզորացման համար և գործոն կդառնան մեր` որպես ազգի` քաղաքական թատերաբեմում գլխավոր դերակատարություն ունենալու հարցում։ Մշակութային ասպարեզում մենք մեր խոսքն ասել ենք։
Նույն կերպ եթե մերժենք քաղաքական թյուր իրողությունները, որոնք դարձել են մեր ոչ ճիշտ քաղաքական աշխարհընկալման և դիվանագիտական անհեռատես գործունեության հետևանք, ապա մեզ կապահովագրենք ներկա և հետագա քաղաքական սխալներից։
Ահա այդպիսի քաղաքական անհետևողականության և անհեռատեսության պատճառով մենք կորցրինք մեր հայրենիքի մեծագույն մասը և անդառնալիորեն` մեր ժողովրդի մի ստվար հատվածը։ Սակայն ամեն ինչ կորած չէ. մենք դեռ կվերադառնանք մեր պապերի երկիր։
Արևմտյան Հայաստան` Էրգիր։ Սա ամեն հայի համար սոսկ աշխարհագրական տարածք չէ։ Մեզնից յուրաքանչյուրի արմատները` հայրական կամ մայրական կողմից, տանում են դեպի մեր ակունքները` սկիզբը։
Արևմտյան Հայաստանի մասին խոսելիս մենք այսօր կարոտով ենք մտաբերում միայն մեր կորուսյալ քաղաքներն ու գյուղերը, լեռներն ու դաշտերը, լճերն ու գետերը, վանքերն ու եկեղեցիները և ցավով ենք մտածում պատանդ մնացած մեր մեծ մեռելների` հայոց արքաների, հայոց հանճարեղ ոգու և մտքի նվիրյալների` Խորենացու, Նարեկացու, Գրիգոր Մագիստրոսի, Ներսես Շնորհալու և հայոց մյուս մեծերի լքված գերեզմանները։ Սրտի մորմոքով ենք հիշում, որ պատանդ են մնացել նաև մեր` յուրաքանչյուրիս անմիջական պապերի ավերված ու պղծված շիրիմները։
Մինչդեռ երկիր հայրենին ոչ միայն այս ամենն է, այլև այդ երկրի տնտեսական արտադրողականությունը, դարերով մշակված գյուղատնտեսական մշակաբույսերի և արհեստագործական արտադրանքների բարձրորակ արդյունքը, որոնք հաճախ վերածվում են արվեստի նմուշների` բառիս բուն և պայմանական իմաստներով։
Ցանկացած երկիր իրավամբ ճանաչվում և գնահատվում է նաև իր ժողովրդի ստեղծած նյութական բարիքների շնորհիվ։
Մեր կորուսյալ հայրենիքի բարեբեր հողերի և նրա մշակութակերտ զավակների ստեղծած նյութական բարիքների մասին շատ աղոտ պատկերացում ունենք։ Մեզանում գրեթե չկան Արևմտյան Հայաստանի տնտեսական վիճակը նկարագրող աշխատություններ։
Պատմագիտության դոկտոր, ՀՀ ԳԱ թղթակից անդամ, այժմ հանգուցյալ Ազատ Համբարյանի` «Արևմտյան Հայաստանի տնտեսությունը 1856-1914 թթ.» պատմա-տնտեսագիտական չափազանց ուշագրավ մենագրությունը այդ բովանդակությամբ սակավաթիվ աշխատություններից մեկն է, որը, պատմագիտական հետազոտություն լինելուց բացի, նաև տնտեսագիտական ուսումնասիրության արժեք ունի, քանի որ հեղինակը որոշակի և հավաստի փաստերի նկարագրությամբ ստեղծում է Արևմտյան Հայաստանի` որպես հայերով բնակեցված երկրի` գյուղատնտեսական և արդյունաբերական տնտեսավարություն ունեցող մի տարածաշրջանի ընդհանուր պատկերը, որը թեև չուներ քաղաքական անկախություն, սակայն նրա բնակիչները համեմատաբար ազատ էին տնտեսավարելու գործում։ Այդ ազատությունը Օսմանյան կայսրության հպատակներին տրվում էր սոսկ պետական գանձարանը հարկերով լցնելու համար։
Այս մենագրության նյութերը գիտականորեն և պատմականորեն հավաստի են, քանի որ վերցված են տվյալ ժամանակի օտարազգի ճանապարհորդների և լրագրողների ուղեգրություններից և թղթակցություններից։ Գրքում արծարծված պատմա-տնտեսագիտական փաստերը ներկայացված են գիտականորեն արժանահավատ վերլուծությամբ և իրավամբ դառնում են Արևմտյան Հայաստանի շուրջ կեսդարյա պատմության վկայագիրը։
Գրքի յուրաքանչյուր բաժինն արժե ենթարկել տնտեսագիտական վերլուծության` ելնելով թե՛ պատմական իրողությունից, թե՛ ներկայիս տնտեսագիտական ընկալումներից և մանավանդ մեր ժողովրդի և հասարակության ձեռներեցության և գործարարության հանդեպ ունեցած այսօրվա կրավորական վերաբերմունքից։
Առավել ուսանելի է այն, որ գրքում նկարագրված մեր հայրենակիցների տնտեսական գործունեությունն իրականացվել է ոչ թե Եվրոպայում կամ Ռուսաստանում, որտեղ գործարարի համար ստեղծված էին օրենքով պաշտպանված պայմաններ, այլ Օսմանյան Թուրքիայում, որտեղ օրենքով պաշտպանված չէր գործարարի և արդյունաբերողի արտադրությունը, կյանքը վտանգված էր։ Եվ այնուամենայնիվ, մեր ժողովուրդը սոցիալական և քաղաքական դաժան պայմաններում ապրելու, աշխատելու և արարելու անկոտրում կամք է դրսևորել։ Հայ ժողովրդի կենսունակությունը և մտավոր բարձր կարողությունները դրսևորվել են նույնիսկ ամենածանր և կյանքի համար ամենաանբարենպաստ պայմաններում։ Օսմանյան կայսրության տիրապետության դարերը հենց այդպիսիք էին նրա գերիշխանության տակ եղած բոլոր ազգերի, առավել ևս հայերի համար։
Մենք այս հոդվածաշարի սահմաններում պարբերաբար զուտ փաստերով կներկայացնենք 19-րդ դարի կեսին և 20-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանում եղած գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրության վիճակը և դրանց վերաբերյալ կանենք որոշ մեկնաբանություններ։ Կտրվի նաև մատենագիտական աղբյուրը` թերթ, ուղեգրություն, աշխատություն, զեկույց։
Ամեն հայի հոգում Էրգիրն ավետյաց երկիր է, պապերի օրրան, գուցե և առասպել, որի մասին կարելի է անվերջ խոսել, բայց այն, ցավոք, այլևս իրական չէ։
Այդպես էինք մտածում մինչև անցյալ դարի 90-ականների վերջը։ Բայց երբ մենք հնարավորություն ունեցանք ուխտագնացի երկյուղածությամբ գնալու մեր պատմական հայրենիք, ամեն հայի մեջ փոխվեց նաև վերաբերմունքը մեր կորուսյալ հայրենիքի հանդեպ. այն դարձավ իրական, և տունդարձի ճանապարհի մշուշը սկսեց նոսրանալ։ Զանգվածային այցելությունները Արևմտյան Հայաստան պայմանավորված էին ոչ այնքան Թուրքիայի կողմից հայերիս զբոսաշրջային հնարավորություններ տալով (թեև դա նույնպես անհրաժեշտ պայման էր), որքան արցախյան պատերազմում մեր ժողովրդի հաղթանակով. հայերս թոթափեցինք զոհի և պարտվածի բարդույթը և թշնամու սահմանն անցանք հաղթողի գիտակցությամբ և կեցվածքով (թեև մեծ հաղթանակները դեռ առջևում են)։
Երբ դիտում ենք մասնավոր անձանց` Էրգիր կատարած այցելությունների տեսագրությունները, տեսնում ենք, թե որքան անկաշկանդ և ինքնավստահ են նրանք հայոց հողում։ Ի դեպ, նրանք իրենք էլ հաստատում են այդ` ասելով, թե ամենևին չեն մտածել, որ օտար երկրում են և իրենց զգացել են այնպես, ինչպես կզգային այս Հայաստանի շրջաններից որևէ մեկում։
Հողը, հիրավի, ուժ ու հավատ է տվել նրանց, և նրանք, տեսնելով ապուպապերի հիշողություններով և ոգեղենությամբ շնչող երկիրը, հասկացել են, որ իրենք հազարավոր աներևույթ ջղերով կապված են այդ հողին, ջրին, սարերին ու դաշտերին։ ՈՒ թեև քաղաքներն ու գյուղերը հայաշունչ չեն հիմա, սակայն հողը և ջուրը իրենց հիշողությունը փոխանցել են ժամանակավորապես բացակայած հայի սերունդներին։
Բայց, այդուամենայնիվ, ուխտագնաց հայը մի քանի օրում չի կարող իմանալ, առավել ևս ըմբռնել և գնահատել ողջ Արևմտյան Հայաստանի հողերի բարեբերությունն ու արգասավորությունը։ Ազատ Համբարյանի վերոնշյալ աշխատությունն ընթերցողի առջև բաց է անում մեր որբացած հայրենիքի ողջ գեղեցկությունն ու հարստությունը, որն այսօր օտարն է վայելում։
Այս հոդվածաշարով կփորձենք ընթերցողին ներկայացնել մեր պատմական հայրենիքի շրջաններն իրենց բնակլիմայական առանձնահատկություններով, ավանդական գյուղարտադրության տեսակներով։ Կարդանք «Իրատես de facto»-ն և յուրաքանչյուր համարի հետ մտովի տեղափոխվենք մեր պապերի բնօրրան. չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրն աներևույթ հոգևոր թելերով կապված է պապենական տան, հողի ու ջրի հետ։ Մենք մեր պապերից ժառանգել ենք անժամանցելի հիշողություն, հիշողություն, որ մարդու միտքն ու հոգին բորբոք է պահում անգամ սեփական աչքերով տեսած չլինելու և սեփական սրտի ու հոգու միջով հայրենի բնության պարգևած բերկրանքը, կորստի և կարոտի ցավը զգացած չլինելու դեպքում։ Ճանաչենք հանիրավի կորուսյալ մեր հայրենիքը, իմանանք նրա բնության գաղտնիքները` հողի պարգևած բարիքները` իրենց անկրկնելի համ ու հոտով, տեսքով ու քանակով նրա հողը շենացրած ու բարեբեր դարձրած հայ մարդու անխոնջ ու համառ աշխատասիրությունը։ Կարդանք և առայժմ մտովի շարունակենք նրանց կիսատ թողած գործը։ Ամեն իրական գործ նախ մտքում է ծնվում։ Հավատացնում եմ Ձեզ, հայրենիքի կորստի պատճառած ցավի հետ արթնանում է նաև մի անըմբռնելի և անդիմադրելի ձգտում` փրկելու կորցրածը և հայրենիք վերադառնալու ուղիներ փնտրել։
Ամեն ինչ դեռ կորած չէ. հողի կորուստը անդառնալի չէ։ Ցանկությունը, ձգտումն ու կամքը մարդկության շարժիչ ուժն են։ Օ՜ն անդր, առա՜ջ...
Եվ այսպես, բարի՛ գալուստ Էրգիր։
Գետերով առատ Արևմտյան Հայաստանը հարուստ է նաև բարեբեր հողերով։ Երկիրը բաժանվում է բնակլիմայական մի քանի գոտիների, և ամեն գոտում ապրողները մշակել ու զարգացրել են տեղիս բնական պայմաններին հարմար մշակաբույսեր։ Ժամանակակիցների վկայությամբ` հողերի մեծ մասը, սակայն, անմշակ է եղել, քանի որ Օսմանյան պետությունն այնպիսի մեծ հարկեր էր դնում գյուղացիների վրա, որ նրանք գերադասում էին մշակել այնքան հողատարածք, որ միայն իրենց անձնական կարիքները կարողանան բավարարել։ Գյուղարտադրանքի ավելցուկը տրվում էր վաճառքի կամ պարզ ապրանքափոխանակության։ Այս իրողությունը հաստատող բազմաթիվ վկայություններ կան և՛ հայ մամուլում, և՛ օտարազգի հեղինակների աշխատություններում ու զեկույցներում։ Օրինակ, «Մասիս» թերթը (22.10.1881 թ.) գրում է. «Չուխա-Կետինք լեռներից մինչև Վարագա սարն ընկած տարածության մեջ ընդամենը երկու գյուղ կա. մնացած ամբողջը հովիտք, լերինք (լեռներ) և դաշտեր են, որ Վանա գավառեն շատ ավելի արգավանդ են, բայց ամայի կեցեր են»։
Գրեթե նույն բանն են հաստատում օտարազգի դիվանագետներ և քաղաքական գործիչներ Գուգո Գրոտեն, Ի. Գոլոբորոդկոն, Յա. Մալաման և այլք. «Ներկայումս մշակված է պիտանի հողերի հազիվ մեկ տասներորդը»։
Եվ այնուամենայնիվ, հայ գյուղացիները, քաղաքական շատ թե քիչ նպաստավոր պայմանների առկայության դեպքում, մշակում էին հողը և դրանից ստացած բերքը նույնիսկ արտահանում էին։ Այսպես, Էրզրումի շրջանը հայտնի էր հացահատիկի մշակությամբ, առանձնապես աչքի էին ընկնում Էրզրումի, Երզնկայի և Կարսի ենթաշրջանները, Բասենը, Ալաշկերտի հովիտը, Սև ժամը և Դերջանի գետահովիտները։ «Դերջանի մի քանի տեղերի ցորենը շատ հռչակված է շրջակա գավառներում և այդ պատճառով այն ունի լավ արտահանություն» (Ա-դո, «Վանի, Բիթլիսի, Էրզրումի վիլայեթները», Եր., 1912 թ.)։
«Խլաթն ունի սիրուն, բարեբեր դաշտեր. այդ շրջանում մշակվում են ընտիր հացահատիկներ» (նույն տեղում)։
Բասենը նշանավոր է եղել իր հացահատիկի առատ բերքով, և ժամանակագիրը փաստել է. «Այստեղի ժողովրդի հիմնական պարապմունքն է հացահատիկի մշակությունը» (Ա-դո, նույն տեղում)։
«Սև ժամի տարածքը հայտնի է իր բարեբեր հողերով, ուր մշակվում են գլխավորապես հացահատիկներ» (Ա-դո, նույն տեղում)։
Բիթլիսի նահանգում հացահատիկի արտահանության շրջաններն էին Ախլաթը, Մուշի Բուլանըխ և Մանազկերտի շրջանները։ Մանազկերտում ցանում էին միայն ցորեն։ Բուլանըխը պարծենում էր իր բարձրորակ և կլոր ցորենով։ Մուշն ու Բուլանըխը շրջանի շատ քաղաքների` հացի հիմնական մատակարարներն են եղել։
Վանի նահանգում հացահատիկի արտադրությամբ աչքի էին ընկնում Գավաշը, Արճակը, Թիմարը, Հայոց ձորը և Ալջավազը։ Վերջինիս ցորենը համարվել է շատ ընտիր։ 1811 թ. Տ. Փիրումյանը «Մուրճ» թերթում գրում է. «Գավաշն ու Կարճկանն իրենց ընտիր ցորենով կերակրում են լեռնաբնակ համարյա բոլոր քուրդ և հայ բնակիչներին»։ Արճեշը Վանի նահանգի հացի շտեմարանն է համարվել։ Բալուում վարելահողերի 65 տոկոսն օգտագործվել է հացահատիկի մշակման համար։ Սվազի նահանգում հացահատիկի արտադրությամբ աչքի էին ընկնում լեռնային գրեթե բոլոր գյուղերը, բայց ամենից շատ` Զիլե և Նիքսար շրջանները։
Այսպես մեկ առ մեկ կարելի է թվարկել մեր կորուսյալ հայրենիքի գյուղերն ու շրջանները, որտեղ դարերով հայ մարդը ցորեն է մշակել և ապահովել իր հացն հանապազօրյա։ Եվ դա եղել է բնականոն, քանի որ բարեբեր հողը և հայ գյուղացու ջանադիր աշխատասիրությունը բնական գործոններ էին գյուղատնտեսության զարգացման համար։ Սակայն Արևմտյան Հայաստանում հողի վարը հիմնականում կատարվում էր փայտե գութանով, իսկ հունձը` գերանդիով կամ մանգաղով։ Ընթերցողին գուցե զարմանալի և անհավանական թվա փայտե գութանով վարելու փաստը. չէ՞ որ պատմությունից հայտնի է, որ երկաթի մշակումը Հայաստանում հայտնի է եղել դեռևս մի քանի հազար տարի առաջ, և Հայաստանից է, որ տարածաշրջանի երկրներ են արտահանվել երկաթից պատրաստված կենցաղային-աշխատանքային գործիքներ և զենքեր։ ՈՒրեմն ի՞նչն էր պատճառը, որ հայ գյուղացին 19-20-րդ դարերում հայտնվել էր մշակութային և քաղաքակրթական անախրոնիզմի պայմաններում։
Պատճառը մեկն էր. ի բնե առաջադիմության և գիտական մտքի կրող հայերը թեև ապրում էին իրենց հայրենիքում, սակայն ոչ իրենց պետության մեջ։ Այդ պետությունը տնտեսապես հետամնաց և իր բնակիչների քաղաքական անվտանգությունը չերաշխավորող Օսմանյան կայսրությունն էր։
Մի երկիր, որ դարերով ճնշել է գիտական միտքն ու առաջադիմությունը` վախենալով հպատակ ազգերի ազատագրական պոռթկումներից։ Թուրքական իշխանությունները ոչ միայն կասեցնում էին գիտության և արտադրության բնականոն զարգացումը, այլև հազարամյա մշակութային զարգացման հասած ազգերին` հայերին, հույներին, ասորիներին, արաբներին և այլոց, իջեցնում էին նախնադարյան հասարակության կամ հողագործական ավանդույթ և մշակույթ չունեցող թուրք-սելջուկների մակարդակին։ Մինչդեռ եվրոպական երկրները, անգամ Եվրոպայի համեմատ հետամնաց համարվող ցարական Ռուսաստանը, գյուղատնտեսության մեջ վաղուց ներմուծել էին գիտաարդյունաբերական մտքի արգասիք մեքենաներ և գործիքներ, որոնց շնորհիվ գյուղարտադրությունը կրկնապատկվում կամ եռապատկվում էր։
Այնուամենայնիվ, հակառակ Թուրքիայի` եվրոպական գիտատեխնիկական մտքից մեկուսացած լինելու փաստի, հայի պրպտող միտքը դադար չէր առնում։
Բնակլիմայական նպաստավոր պայմանները և հացահատիկի մշակության հազարամյա փորձը հայ գյուղացուն մղում էին անընդհատ նորարարություններով բարելավելու և դյուրինացնելու վարը, ցանքսը, ջրտուքը, դրանով իսկ բարձրացնելով բերքատվությունը։
Ականատեսի վկայությամբ` Վանի շրջանում հայտնի էր գյուղատնտես Մկրտիչ Ջոնյանը, որը բազմաթիվ փորձերի շնորհիվ աննախադեպ գյուտ էր արել. նրա աճեցրած ցորենի մեկ հասկի վրա աճում էր 50-70 լիքը հատիկ («Հորիզոն», 1910 թ., 189, 28 օգոստոսի)։
Եվրոպական և ռուսական արդյունաբերողները, ընդարձակելով իրենց շուկաները, գյուղատնտեսական ժամանակակից կատարելագործված մեքենաներ ու գործիքներ էին արտահանում Թուրքիա։ Հնձիչ մեքենաները, երկաթե գութանները և արորները հիմնականում հայերն էին ձեռք բերում։ ՈՒշագրավ է, որ հայ արհեստավորներից ոմանք, տեսնելով ժամանակակից եվրոպական և ռուսական մեքենաներն ու գործիքները, սեփական միջոցներով պատրաստում էին այդպիսիք և վաճառում գյուղացիներին. «Գեղերը ամենքն սկսած են զտել կալերու ցորենը եվրոպական մաղերով, որ դյուրությամբ քաղաքիս մեջ կշինվին։ Ճարտարագետներ (ինժեներներ) կան, որ դյուրությամբ կշինեն եվրոպական զենքեր, մեքենաներ և նուրբ գործիքներ։ Այդ վարպետներից ամենահայտնիներն էին Զաքար Ճիտեճյանը և Պետրոս Տեմիրճյանը» (Մ. Ճիզմեճյան, «Խարբերդը և իր զավակները», Ֆրեզնո, 1955 թ. էջ 183)։
«Խարբերդի Իջմե գյուղացի արհեստավոր Նաճար Օհանը 1890-ական թվականներին լինում է Եգիպտոսում, տեսնում է քամհար մեքենա և, վերադառնալով հայրենիք, պատրաստում է դրա նմանը» (Մ. Ճիզմեճյան, «Խարբերդը և իր զավակները», Ֆրեզնո, 1955, 83)։
Գր. Արծրունին գրում է. «Շատ ժամանակ չէ` Էրզրումի վիլայեթի մի գյուղացի հայ, առանց երբեք տեսած լինելու եվրոպական կատարելագործված մեքենաներ, ինքն իր խելքով հնարել է մի հնձելու մեքենա։ Բայց, իհարկե, այդ գյուտն անուշադիր է թողել թուրքական կառավարությունը»։
Այս և այլ անունները, որոնք կհիշատակվեն մեր հոդվածաշարի էջերում, կարող են լինել մեզնից որևէ մեկի անմիջական պապը կամ տոհմի ավագը։ Եվ ճանաչելով նրան պապի, ծնողների պատմություններից կամ ազգանվան նույնությունից, գուցե մեզ համար էլ հայտնություն լինի այն ժամանակների և միջավայրի համար ինժեներական արտակարգ ընդունակություններ ունեցող մեր պապերի կենսագրությունը։
Ժառանգական հիշողությունն ազգի պահպանման ամենահզոր ուժն է, որը մարդուն կապում է իր տոհմի անցյալին և ճանապարհ հարթում գալիքի համար։ Իսկ գալիքը կերտում է ամեն սերունդ` իրենից հետո եկող սերնդի համար, և այսպես ստեղծվում է սերնդափոխության ոչ թե շղթա, որի օղակներից որևէ մեկի թուլանալու կամ ընկնելու պատճառով այն կարող է ընդհատվել, այլ տիեզերական անքակտելի պարունակ, որի վերջը նոր սկզբի ծնունդն է։
Մենք, կարծես մոռացել ենք այդ բացարձակ ճշմարիտ օրենքի գերակայությունը մեր ազգի գոյատևման գործում։ Իսկ ժամանակը` նույն ինքը մարդկության պատմությունը, ունի իր հրամայականը։ Սա, թերևս, հրամաններից միակն է, որն անվերապահորեն պարտավոր է կատարել մարդկային ամեն հանրույթ, եթե ուզում է ազգ դառնալ և չի ուզում ընկնել պատմության անիվների տակ։ Պատմության անիվը չի խնայում և՛ հզորներին, և՛ թույլերին, եթե նրանք հայտնվում են անիվի տակ։
Հաղթում է միայն այն ազգը, որն ուղղորդում է այդ անիվը։ Մենք ժամանակ առ ժամանակ ուղղորդել ենք պատմության անիվը։ Բայց եղել է, որ սայթաքել ենք և ընկել անվի տակ և մեծ ճիգ ու ջանք է պահանջվել մեզնից` ոտքի կանգնելու և ընթանալու գոնե անվին համընթաց։ Մենք դեռ կկարողանանք ուղղորդել այդ անզիջում, դաժան, բայց և անկաշառ անիվը։
Ցանկություն է պետք։
Փորձենք ամփոփել այս հոդվածի փաստերը, որպեսզի հիմնավոր փաստարկներ բերենք։
Մեր պատմական հայրենիքի աշխարհագրական դիրքն ու բնակլիմայական պայմանները բոլոր ժամանակներում բարենպաստ են եղել հացահատիկային մշակաբույսեր աճեցնելու, սեփական երկրի կարիքները հոգալու և անգամ բավարար քանակով հացահատիկ արտահանելու համար։
Դեռևս Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» հայտնի են եղել Մեծ Հայքի հացի շտեմարանները։
Այսօր, երբ աշխարհում օր օրի բարձրանում է հացահատիկի գինը, և մեր փոքր երկիրը հացահատիկի գրեթե 90 տոկոսը ներմուծում է, կարո՞ղ ենք պատկերացնել, թե որքան հացահատիկ կարող էր արտադրվել մեր մեծ հայրենիքում, և թե որքան կայուն և անխոցելի կլիներ մեր երկրի տնտեսական, հետևաբար, քաղաքական անկախությունը։ Մինչդեռ այսօր մենք հարյուրավոր հեկտար անմշակ հողեր ունենք. բա սա եղավ հայերե՞ն։ 95 տարի է, մեր բարեբեր հողերի բարիքը վայելում են թուրքերն ու քրդերը։
Խորհել է պետք... և տունդարձի ճանապարհները մաքրել։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 2173

Մեկնաբանություններ