«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՄԱՆԿԱՊԻՂԾՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՏՈՒԳԱՆՔՈՎ ՉԵՆ ՊՐԾՆԻ

ՄԱՆԿԱՊԻՂԾՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՏՈՒԳԱՆՔՈՎ ՉԵՆ ՊՐԾՆԻ
25.02.2011 | 00:00

Հայկական իրականությունը խիստ անհանդուրժող է այն երևույթների հանդեպ, որոնք վաղուց Եվրոպայում և ԱՄՆ-ում սովորական են դարձել: Երբ վերջերս մամուլը բացահայտեց մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի իրական դեմքը, նրա կալանավորումը չուշացավ: Այս ընթացքում հասարակության տարբեր շերտեր, քննարկելով այդ դեպքը, տեսակետ էին հնչեցնում, թե հարկավոր է ամենադաժան պատժի արժանացնել նման մարդկանց: Քանի որ Հայաստանի անկախության տարիներին նմանօրինակ դեպքեր շատ քիչ են եղել (նկատի ունենք բացահայտված հանցագործներին), այդ իսկ պատճառով հաճախ քննարկման հարց չի դարձել այդ հանցագործներին առնչվող օրենքի բարեփոխումը: Սակայն փետրվարի 7-ից ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որտեղ պատգամավորն առաջարկում է որոշ հոդվածներ փոփոխության ենթարկել, ասել է՝ այսօրինակ դեպքերի առնչությամբ պատիժները էապես խստացնել:
Սեռական հանցագործություն կատարած անձանց նկատմամբ ներկայումս ԱՄՆ-ի մի շարք նահանգներում և այլ երկրներում կիրառվում է քիմիական կամ վիրահատական եղանակով իրականացվող ամորձատումը, այսինքն` այնպիսի դեղերի ներարկում, որը սեռական ցանկությունն անհնարին է դարձնում: Ի դեպ, 1973-ին քիմիական ամորձատման մասին օրենքն ընդունվել է Գերմանիայում, 1978-ին՝ Չեխիայում, 1996-ին՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում, 2010-ին՝ Լեհաստանում, երբ համապատասխան գործողությունը պետք է իրականացվեր կամավորության սկզբունքով: Վերջին տասնամյակում Կալիֆոռնիայի օրինակին է հետևել ԱՄՆ-ի ևս ութ նահանգ: Նմանօրինակ մեթոդ կիրառում են նաև Ֆրանսիայում, Բելգիայում, Դանիայում և եվրոպական մի շարք երկրներում:
Սեռական հանցանք գործած անձանց համար 1966-ից վիրաբուժական ամորձատումը կիրառվում է Չեխիայում, սակայն ԵԽ-ն բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում բուժական ամորձատումը, քանի որ դա դեմ է մարդու արժանապատվությանը: Բայց հանցագործները նախընտրում են ամորձատումը ողջ կյանքը բանտում անցկացնելուց: 2000-2009 թվականներին Չեխիայում ամորձատել են շուրջ 300 դատապարտյալի: Հարկ է փաստել, որ շատ հաճախ ամորձատումն իրականացվում է պատիժը կրելուց հետո:
Ռուսաստանում արդեն մի քանի տարի է` ակտիվ քննարկվում է պեդոֆիլներին քիմիական եղանակով ամորձատելու հարցը` որպես երեխաների նկատմամբ խիստ հանցագործություն կատարելու պատիժ: Նույնիսկ նախագիծ է ներկայացվել Պետդումա, սակայն դեռևս դրույթները հստակեցնելու կարիք կա: Ոմանք կարծում են, որ քիմիական եղանակով ամորձատելը դժվար թե Ռուսաստանում վերջ դնի անչափահասների նկատմամբ բռնություններին: Այստեղ տարեցտարի աճում են անչափահասների նկատմամբ կատարվող սեռական ոտնձգությունները: Ըստ վիճակագրության, ամեն չորրորդ՝ բռնության, և ամեն երկրորդ՝ սեռական ոտնձգության զոհերն անչափահասներ են: Իսկ ՈՒկրաինայում գործող օրենքի համաձայն՝ պեդոֆիլները դատապարտվում են ազատազրկման 10-15 տարի ժամկետով:
Հետաքրքիր մի հանգամանք ևս. ըստ որոշ մասնագետների, քիմիական եղանակով ամորձատման ազդեցությունը տևում է 1-2 տարի: Իսկ բժիշկները փաստում են, որ պեդոֆիլությունն անբուժելի հիվանդություն է, որը պայմանավորված է մարդու հոգեբանությամբ: Արձանագրվում է, որ դատապարտվածների 97 տոկոսը կրկին նույն հանցանքը կատարում է:
Վերադառնանք Հայաստան: Այստեղ մանկապիղծների նկատմամբ վերաբերմունքն ավելի խիստ է, իսկ օրենքը` բավականին մեղմ: Բոլոր երկրներում նման դեպքերի համար պարտադիր ազատազրկում է սպասվում, իսկ մեզանում բավարարվում են տույժ կիրառելով: Չնայած այս հանգամանքին, քաղաքական շատ գործիչներ նույնիսկ առաջարկում են այս հանցագործների համար սահմանել մահապատիժ: Հայաստանի խորհրդարանում այս հանցագործությունների առնչությամբ իրավական դաշտը բարեփոխելու, կանոնակարգելու նախաձեռնությամբ է հանդես եկել անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Ըստ այդմ, պատգամավորն առաջարկում է փոփոխել քրեական օրենսգրքի 142-ի հոդվածի առաջին մասը՝ «Անառակաբարո գործողություններ», որն ամրագրում է «տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը սույն օրենսգրքի 140 և 141 հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում պատժվում է տուգանքով, նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ երկու տարի ժամկետով»: Մինչդեռ Դալլաքյանն առաջարկում է պատիժը սահմանել 2-4 տարի, իսկ օրենքի երկրորդ մասը, որ սահմանում է «առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով, պատժվում են ազատազրկմամբ առավելագույնը 3 տարի կալանքով», պատգամավորն առաջարկում է փոխել ու դարձնել առավելագույնը 5 տարի ժամկետով:
141 հոդվածում՝ «Սեքսուալ բնույթի գործողություն կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ», որտեղ սահմանված է. «Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սույն օրենսգրքի 138, 139, 140 հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսունապատիկի չափով կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով»: Դալլաքյանն առաջարկում է այս հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ 3-5 տարի ժամկետով:
Վերջին միջադեպին առնչվող 140 հոդվածը՝ «Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը», որտեղ նշված է. «Անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով»: Դալլաքյանն այս հոդվածը ևս խստացրել է. «պատժվում է ազատազրկմամբ 2-4 տարի ժամկետով»: Հիշեցնենք, որ այս հոդվածի հատկանիշներով էր ձերբակալվել Սերոբ Տեր-Պողոսյանը:
Ի դեպ, 2011 թ. փետրվարի 8-ին Ազգային ժողովի հայտարարությունների ժամանակ, անդրադառնալով մանկապղծության համար գործող օրենքով սահմանված պատիժների փոքր լինելուն, Վիկտոր Դալլաքյանը շեշտել էր. «Սա աննշան պատիժ է մանկապղծության նման ծանր հանցագործության համար: Առավել ևս, որ 2009-ին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար տասնութ դատական ակտերից միայն երեքի դեպքում է որպես պատիժ ազատազրկում նշանակվել, մնացած դեպքերում սահմանվել է տուգանք: Այսինքն, մանկապիղծները, վճարելով չնչին գումար, խուսափել են իրենց կատարած ծանրագույն հանցագործության համար պատասխանատվություն կրելուց: Դատական դեպարտամենտի տվյալներով, 2000-2010 թվականներին ընդհանուր իրավասության դատարաններում քննված գործերի վիճակագրության համաձայն, սեռական բնույթի հանցագործություններից տուժել է 100 անչափահաս: Հաշվի առնելով այդ հանցագործությունների գաղտնի բնույթը, մասնագետները կարծում են, որ սա այսբերգի միայն երևացող մասն է»:
Այս փոփոխությունների ընդունմամբ, ի վերջո, Հայաստանում էլ հանցագործները գումարով կամ թեթև պատժով չեն խուսափի ազատազրկումից, իսկ դրանից հետո կարելի է նաև մտածել կամ քիմիական, կամ վիրաբուժական ամորձատում կիրառելու մասին:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ