Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Իմ զոհված ընկերների առաջ պարտականություն ունեմ»

27.07.2010 | 00:00

«Քաղաքականությունից դուրս» շարքի մեր այսօրվա հյուրն է գեներալ-մայոր, Արցախի ազատամարտի հերոս ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ։

-Զինվորականի, մասնավորապես, ի համար ինչի՞ց է սկսվում հայրենիքը։
-Հայաստանից ու Ղարաբաղից։ Ես իմ երկրի զինվորն եմ, պաշտպանը, և միշտ այդպես է լինելու։
-Երբևէ հնարավո՞ր է` հայրենիքը լքեք։
-Շատ ցավալի հարց է, որովհետև երկրից հիասթափվածներ շատ կան, ովքեր արագ հեռանում են։ Չեմ մեղադրում նրանց, բայց վատ եմ զգում, որ լինելով այսքան տոկուն ազգ, հիասթափվում ենք սեփական երկրից։ Օրերս Ֆրանսիայում բնակվող ծանոթներիցս մեկն էր եկել Հայաստան, երբ նրան հարցրի իրենց երկրի մասին, պատկերացրեք` նույնպիսի մեծ դժգոհություն ու հիասթափություն ուներ։ Երբ համեմատում եմ մարդկանց կենսամակարդակն այստեղ ու այնտեղ, արդեն հասկանալի է, թե Հայաստանը քանի անգամ է զիջում Ֆրանսիային։ Գուցե այս առումով էլ կարելի է հասկանալ հայրենիքից հեռացողներին։ Ինչ վերաբերում է ինձ, ես իմ երկրի պաշտպանն եմ, նրա համար արյուն եմ թափել, պատասխանատու եմ իմ զոհված ընկերների ծնողների, ընտանիքների առջև և պարզապես իրավունք չունեմ հեռանալու հայրենիքից։ Այդ մասին նույնիսկ չեմ էլ մտածում։
-Ասում են, պատերազմում հաղթելու համար կարևորը ոչ թե զենքն է, այլ ոգին։ Ինչպե՞ս է Ձեզ, որպես հրամանատարի, հաջողվել պահել այդ ոգին։
-Նախ, յուրաքանչյուր մարտիկ ռազմի դաշտում պիտի իմանա ամեն ինչ, սկսած հետախուզությունից մինչև զենքի լավ տիրապետում։ Պիտի կարողանա ճիշտ հաշվարկներ անել, զգալ, թե որտեղով կարող է անցնել թշնամին, տեղանքին համապատասխան ինչ զինամթերք է անհրաժեշտ և այլն։ Երբ ունես ռազմական այս գիտելիքները, պիտի կարողանաս ընկերներիդ ճիշտ ու հասկանալի մատուցել։ Իմ բախտն այնքան է բերել, որ արցախյան ազատամարտում հանդիպել եմ իսկական հայ տղամարդկանց, որոնք պատրաստ են եղել իմ ասածներն ընդունելու, հավատալու դրանց, ինչի շնորհիվ արել ենք անհավանականը։ Մարտի դաշտում ոչ մեկը չի կարող ասել, թե հերոս է, քանի որ կա վախի զգացողություն բոլորի մեջ։ Այդ վախը պիտի կանխվի ճիշտ ժամանակին, փորձի մեծացմանը զուգահեռ։ Մեր հայ տղամարդիկ, ի միջի այլոց, հրամանը մեխանիկորեն չեն կատարում, պիտի հասկանան դրա իմաստը, առաջարկներ ներկայացնեն, այսինքն` իրար հետ աշխատեն։ Զինվորն էլ պիտի իր տեղում հրամանատար լինի։ Ամեն դարաշրջանում էլ զենքը, զինամթերքը կատարելագործվում է, բայց մարդը մնում է նույնը։ Նապոլեոնն ասել է. «Երբ մարտական ոգին ուժեղ է, նա երեք անգամ ուժեղ է թշնամուց»։ Արցախյան պատերազմն ասվածի լավագույն ապացույցն է։ Չնայած թվարկված բոլոր հանգամանքներին, կա առավել կարևորը. մենք ոչ թե հող ենք գրավել, այլ մեր պատմական հայրենիքն ենք ազատագրել։ Սա ևս ոգին հզորացնող գործոն է։
-Ռազմական գործողությունների ժամանակ Դուք առաջին գծում եք եղել ու բոլորից լավ գիտեք հայ զինվորի հոգեվիճակը նման պահերին։ Կբնութագրե՞ք։
-Սովորաբար տղամարդիկ սիրում են իրար հետ մրցել` ցույց տալով` ով է ավելի խելացի, ուժեղ։ Այն տարիներին դա կոչվում էր սոցիալիստական մրցություն։ Երբ ավելի խելոքը քեզնից առաջ էր անցնում, ատում էիր նրան։ Հայ զինվորականն այս մանր խնդիրներից միշտ բարձր է եղել։ Այս առումով մի դեպք հիշեցի։ Պատերազմական օրերին մեկը եկել էր ռազմադաշտ ու ո՛չ զենքի էր տիրապետում, ո՛չ գիտեր կրակել, բայց շատ էր ուզում կռվել։ Զարմանում էի` ո՞նց կարող ես ինքնակամ գնալ զոհվելու։ Ես գնացել էի ռազմի դաշտ հենց այդ առաքելությամբ` սովորեցնել տիրապետել զենքին։ Ի դեպ, այդ զինվորը մարտի առաջին օրերին զոհվեց։ Զոհվեց հանուն հայրենիքի, այն հայրենիքի, որի մասին նա ասում էր. «Ես ու պապս այս հողում ենք ապրում»։ Գոյություն ունի «մեռյալ կետ» հասկացությունը։ Դա ես տեսա Ղարաբաղում, երբ հայ մարտիկը գիտակցաբար էր գնում կռվելու։ Մի բլոկնոտ ունեմ, որտեղ արձանագրել եմ իսկապես կռված տղերքի և ռազմադաշտից տարբեր պատրվակներով փախածների անունները, ովքեր այսօր այս կամ այն պաշտոնի են։
-Պահը չէ՞ բլոկնոտի «բովանդակությունը» հրապարակելու։
-(Ծիծաղում է- Ռ. Խ.)։
-Ինչպե՞ս եք մշակել Շուշիի ազատագրման հրաշալի պլանը։
-Շուշին հնարավոր չէր գրավել զինվորական նորմալ պլանով։ Պետք էր այնպիսի ծրագիր մշակել, որը միայն հաղթանակ կբերեր։ Սրան նպաստեց նաև մեր զինվորների խելքն ու պատրաստակամությունը։ Ազատագրմանը մասնակցող հրամանատարներից մինչև վերջին զինվորը համոզված էին, որ Շուշին մերն է լինելու։ Մուլտոն (այսպես էին ասում մի 18 տարեկան տղայի) ամեն օր գալիս էր մեզ մոտ ու խնդրում, որ ինքն էլ մասնակցի մարտին։ Ասում էի` Մուլտո ջան, փոքր ես, մեղք ես, պետք չէ քո մասնակցությունը, բայց անսասան էր։ Ազատագրման առաջին օրերին էլ զոհվեց։ Դպրոցում կա «գերազանցիկ, խելացի» որակումը. բանակում այս հատկություններով օժտված զինվորը պետք է զոհվի, որպեսզի կատարի տրված հրամանը մինչև վերջ։ Այ, այդ զոհվածներին երբ քո աչքով տեսնում ես, առավել ևս Շուշիի ժամանակ, երբ զոհերի թիվը շատ մեծ էր, ցավը, բնականաբար, հսկայական է, որը մինչև այսօր չի մարում։ Այն գիտակցումը, որ եթե ազատագրված տարածքներն այսօր չունենայինք, 15 թիվն էր լինելու, փոքր-ինչ մեղմացնում է այդ ցավը։ Կռվի դաշտում գինը մարդու կյանքն է։
-Ձեզ համար ի՞նչ է հաղթանակը։
-Երբ մի գյուղ էինք ազատագրում, ոգևորվում էինք, երբ հակառակն էր լինում, անշուշտ, ցավ էինք ապրում։ Բայց իրական հաղթանակը գիտակցեցինք հետո, երբ տեսանք, որ ահա այս հողերն ազատագրված են։
-Արդյոք այս տարիներին իմաստավորե՞լ ենք ազատության ու անկախության գաղափարը։
-Յուրաքանչյուր մարդ, նախ և առաջ, պիտի սիրի իր երկիրն ու հպարտանա նրանով։ Երբ տեսնում ես, որ Հայաստանն անկախ, ազատ երկիր է, հպարտանում ես, բայց երբ տեսնում ես, թե ինչպես են կառավարում այդ երկիրը, հիասթափվում ես։ Չեմ ցանկանում որևէ նախագահի մեղադրել, պարզապես չպետք է քաղաքացուն «պատին դեմ տալ», որ թողնի հեռանա երկրից։ Ազատությունն ու անկախությունը նման են մեդալի երկու երեսի։ Այդ գիտակցումը պիտի ունենան նախագահից մինչև շարքային քաղաքացի։
-Եթե այսօր վերստին կանգնած լինեիք մասնագիտության ընտրության առաջ, նույն ուղի՞ն կընտրեիք։
-Տասնվեց տարեկանից զինվորականի մասնագիտությունն եմ ընտրել ու ոչ մի վայրկյան չեմ մտածել այլ բանով զբաղվելու մասին։ Իմ մասնագիտությունն ինձ համար երբեք բեռ չէ, հաճույք էլ չէ։ Պարզապես հասկանում եմ, որ երկրին պետք եմ։ Չնայած, Աստված տա` իմ մասնագիտությունը երբևէ պետք չգա։

Զրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ