«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ» ԺԱՊԱՎԵՆՆԵՐ

«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ» ԺԱՊԱՎԵՆՆԵՐ
04.03.2011 | 00:00

(սկիզբը` թիվ 13-ում)

ՈՒղիղ 12-ին միլիցիոները մեր առաջ բացեց պանսիոնատի դուռը:
-Մինիստրները դեռ այստե՞ղ են,- դռների մեջ հարցրի նրան:
-Կես ժամ առաջ գնացին,- հայտնեց նա և ուղեկցեց մեզ 2-րդ հարկ, ուր մեզ հատկացրել էին բժշկի աշխատասենյակը:
Ընդարձակ միջանցքում մարդկանց զրույցի նույն խուլ արձագանքն էր, միայն վերացել էր երեխաների ուրախ ծլվլոցը։ Հավանաբար քուն էին մտել: Դուռը բացեց ճեփ-ճերմակ խալաթով բուժքույրը: Սպիտակ սավանով պատած բազմոցի կողքին 4-5 աթոռ էր շարված, որոնց վրա տղաներն իսկույն դրին պայուսակները, սարքավորումները, իսկ Յուրան կանգնակների վրա հարմարացրեց կինոխցիկը։ Դուրս եկա միջանցք: Հարկի հերթապահը հայտնեց, որ փախստականները տեղյակ են մեր այցին: Իսկապես, մեզ շրջապատեցին ամեն ինչի նկատմամբ հետաքրքրությունը կորցրած փախստականները։ Ներողություն խնդրեցի, որ անհանգստացնում ենք կես գիշերին, բացատրեցի նաև յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին զրուցելու նպատակը: Դիմացս կանգնած երիտասարդ տղամարդուն հարցրի, կցանկանա՞ հարցազրույց տալ հեռուստատեսությանը:
Ե՞ս,- զարմացավ, - ինչի՞ մասին:
-Սումգայիթի դեպքերի: Ի՞նչ ես անձամբ տեսել, ինչպե՞ս է եղել:
-Ադրբեջանի մինիստրն էր եկել, նրանից պատասխան պահանջեիք` թե ինչու այդպես եղավ… Հիմա էլ վեր ա կացել, եկել, թե` հետ դարձեք ձեր տները, ձեր աշխատանքին, թե` բոլոր մասնակիցներին կպատժենք, մարդասպաններին կգնդակահարենք: Ասում էր` եկեք, մենք եղբայրներ ենք։
Զրուցելով հասանք մեզ հատկացված սենյակին: Ներս մտնելուն պես միացվեցին 1000-կիլովատտանոց երկու լուսարձակները: Ներսեսը սումգայիթցի տղամարդուն առաջնորդեց կինոխցիկի մոտ, պատվիրեց ինչ հեռավորությամբ պահի միկրոֆոնը խոսելու ժամանակ, դեպի ուր նայի: Ես արդեն տեղ էի գրավել կինոխցիկի հարևանությամբ:
-Սկսեցինք,- հրահանգեց Ներսիկը:
Երբ կինո և ձայնային սարքերը գործի գցվեցին, տղամարդուն հարցրի նրա անուն-ազգանունը, հայրանունը, հասցեն:
Փախստական սումգայիթցին պատասխանեց։
(Նախօրոք ասեմ, որ այս և մյուս փախստականների անուն-ազգանունները չեմ հիշատակում, որովհետև չեմ հիշում: Այդ ձայնագրությունները, ինչպես և կինոժապավենը անհետացան: Բայց համոզված եմ, որ դրանք կան։ Նրանց խոսքը գրական լեզվով վերաշարադրում եմ հիշողությամբ):
-Ի՞նչ մասնագիտություն ունեք, որտե՞ղ էիք աշխատում։
-Աշխատում էի որպես տրամվայի վարորդ: Իմ հերթափոխի օրն էր։ Դեռ կեսօր չէր։ Մոտենալով քաղաքի կենտրոնին` դիմացս և մայթերին մարդկանց մեծ խմբեր նկատեցի։ Բոլորը վազում էին դեպի հրապարակ, շատերի ձեռքին փայտե և մետաղյա կարճ ձողիկներ կային, դրանցով հարվածում էին առջևից վազողներին: Մեկը, գլխին հարված ստանալով, ընկավ։ Հետապնդողները սկսեցին նրան ոտքերով տրորել։ Երկաթգծերի վրա ամբոխը դես ու դեն էր վազում: Չորս կողմը գոռոց ու աղմուկ էր: Կանգառին չհասած մի քանի անգամ հնչեցրի զանգը։ Ճանապարհիս կանգնածները ոչ մի ուշադրություն չդարձրին։ Բացեցի վագոնի դռները, հայտարարեցի ուղևորներին ցած իջնել, քանի որ ճանապարհը հազիվ թե շուտ բացվեր, բայց ոչ ոք սիրտ չարեց իջնել։ Տրամվայի դռները բացվելուն պես, վագոնի դիմաց կանգնած 4-5 ջահելներ, մետաղաձողերը ձեռներին, շտապով առջևի և հետևի դռներից վագոն լցվեցին ու կանգնեցին դռների արանքում։ Թողեցի ղեկը և ադրբեջաներեն հարցրի. «Ի՞նչ Է եղել»: Նրանցից մեկը հարցրեց` վագոնում հայ կա՞: Ի՞նչ իմանամ` ասացի: Բարկացավ. «Տեղդ վեր ընկիր, կամ իջիր»: Մոտեցավ ինձ և ուշադիր նայելով նստածներին, բարձրաձայն հարցրեց. «Վագոնում հայ կա՞, թող ոտքի կանգնի, թե չէ, որ հայտնաբերեցի, կսատկացնեմ տեղնուտեղը»։ Սիրտս ահ ընկավ, մտածեցի` հայ-թուրք տղաների կռիվ է եղել ու փողոցում հայ տղաների էին մահակներով խփում: Վագոնում ոչ մեկը չկանգնեց: ՈՒրախացա, որ հայ ուղևոր չունեմ: Հետո սարսափեցի, բա որ իմանան հա՞յ եմ… Էդ ժամանակ ադրբեջանցին մոտեցավ առաջին նստատեղին նստած տղամարդուն ու կնոջը:
-Ասա ֆստըղ։- Տղամարդը, թե`
-Ինչի՞ համար:
-Տո քյոփակ, գլուխդ կկիսեմ,- ադրբեջանցին բարձրացրեց երկաթաձողն ու գոռաց.
-Ասա՛ ֆստըղ։
-Ֆստըղ,- ասաց մարդն ու կծկվեց:
-Դո՛ւ էլ ասա ֆստըղ- կնոջը դիմեց տղան:
-Ֆստըղ,- ուղիղ տղայի աչքերին նայելով ասաց երիտասարդ կինը: Էդպես կրկնելով տղան հասավ վագոնի վերջն ու մյուս շարքով հետ դարձավ: Բոլորն էլ սարսափած նայում էին նրա ձեռքի ձողին ու հնազանդ կրկնում.
-Ֆստըղ, ֆստըղ…
Գործն ավարտված համարելով, իջան: Հարցաքննող տղան իջնելիս դարձավ ինձ.
-Վարպե՛տ, Նասոսնի չգնաս, ճամփան փակել ենք, հայերին ջհանդամն ենք ճամփում։
Ես էլ վերցրի իմ մետաղաձողը, որով տրամվայի երթուղու ռելսերն էի փոխում, նրա հետևից ցած իջա։ Գծերի վրա կանգնածներին խնդրեցի թույլ տան, ճամփից մի կողմ քաշվեն, որ տրամվայը հավաքատեղի տանեմ։ Մի 30 մետր հեռու գծերի ճամփաբաժանն էր: Հասա, փոխեցի գծերի ուղղությունը, հետո հետ դառնալիս հասկացա, որ երկաթաձողը ձեռքիս տեսնելով, ինձ էլ բանդայի անդամներից են համարում ու հնազանդությամբ կատարում են խնդրանքս, դուրս են գալիս գծերից։ Նստեցի տրամվայի ղեկի մոտ ու քշեցի նոր երթուղով` շչակ-զանգը միացրած: Մի 200 մետր անցնելուց հետո կանգնեցրի տրամվայը, նստածներին հայտնեցի, որ տրամվայն այստեղ է մնալու, կարող եք իջնել: Այդ 200 մետրի վրա 200 անգամ համոզում էի ինքս ինձ` միացնեմ բարձր արագություն ու ցած թռչեմ տրամվայից, թող գնա, ինչ լինում է` լինի։ Բայց երեխաներ կային վագոնում, ծնողների հետ: Խիղճս տանջում էր։ Ես հետո իմացա, որ թուրք շները մի քանի կանանց են նետել լուսամուտներից, ծծկեր ու 2 տարեկան երեխաներ, թե չէ վագոնը հաստատ ջհանդամի գյոռը կուղարկեի:
Մեր նկարահանող խմբի տղաները, բուժքույրը, մեզ աջակցող էլի մի երկուսը, որ գտնվում էին բուժսենյակում, շունչները պահած սպասում էին պատմության ավարտին: Ես, համենայն դեպս, ցանկացա ճշտել ու հարցրի փախստականին, թե ինչու էին վագոն ներխուժած տղաները մարդկանց արտասանել տալիս ֆստըղ բառը: Դա նշանաբա՞ռ էր.
-Չէ,- ասաց տխուր ու մեղավոր ժպիտով,- ուզում էին իմանալ` հա՞յ Է, թե՞ թուրք-ադրբեջանցի:
-Բայց ինչո՞ւ ֆստըղ...
-Ֆստըղ նրանք ասում են պոպոք-պնդուկին։ Տեղի հայերը ֆստըղ չեն կարողանում ասել, փստըղ են ասում: Մենք հայերեն Ղարաբաղի բարբառով ենք խոսում…
-Հետո՞ ինչ եղավ:
-Հետո լեղաճաք տուն հասա,- նորից մռայլվեց փախստականը։- Դուռը բաց էր կրնկի վրա, սենյակները դափ-դատարկ էին, մի կտոր ապրանք չկար, հատակին լիքը զըրթ ու զիբիլ էր։ Թակեցի հարևանիս դուռը: Թուրք էին: Հենց բաց արին, միջանցքում մեր աթոռները տեսա` իրար վրա շարած, իսկ հեռվում, սենյակի կենտրոնում, մեր հագուստի պահարանն էր:
-Ի՞նչ է եղել, մերոնք ո՞ւր են, հո վնաս չե՞ն տվել,- հարցրի։
Ասաց` լուսամուտից տեսել է, որ մի մեծ խումբ մեր շենքի կողմն է գալիս: Քույրը կենտրոնում է ապրում, արդեն հեռախոսով պատմել էր` ինչ է կատարվում քաղաքում: Ասաց. «Ես էլ իսկույն ձեր տուն մտա, կնոջդ ու երեխեքին մեր տուն տարա, մտցրի պատշգամբի խորդանոցը։ Էդ խմբի մի մասն արդեն մեր հարկն էր հասել, դուռս էին ծեծում։ Բացի, ասացի` ի՞նչ եք ուզում։ Ասացին` ձեր հարկում հայի բնակարան կա, ո՞րն ա։ Ասի` էս ա, բայց իրանք Բաքվում են, ինձ են վստահել, որ նայեմ»:
«Բանալիները տուր»,- առաջ եկավ մեկը: Ասի` փակ չի դուռը, նոր այնտեղից դուրս եկա: Ներս լցվեցին, ալան-թալան արին, դուրս եկան։ Մեկն էլ ինձ ասաց` լա՛վ նայիր, կահույքը չտանեն, իրիկունն ավտո կբերեմ, կտանեմ։ Ասի` էդ մեկը չի լինի, կահույքի փողը տղաս ա պարտքով տվել ու դեռ չեն վերադարձրել։ Էդ կահույքը մերն ա: Ձեռքը թափ տվեց ու վազեց ընկերների հետևից։
Հողեմ գլուխդ, ասի, ինչի, քեզ բաբաթ ա, մեզ` օղբա՞թ։ Հարևանիս ապրանքը ավելի լավ չի՞, որ ես ունենամ: Ճիշտ չեմ ասո՞ւմ։ Վա՞տ հարևաններ ենք եղել,- հարցրեց։ Բա հիմա ո՞ւր են մերոնք` հարցրի: Ասաց` տղաս տարավ զինվորական բաժանմունք։ Էնտեղ ապահով ա։ Տղաս ասաց` հայերը Նասոսնի են փախչում, զինվորական ստորաբաժանում:
Հետո ես էլ գնացի զինվորական ավան, տարածքում հազարավոր հայեր էին: Լաց ու կականով լցվել էր պարսպապատ տարածքը։ Մի կերպ գտա ընտանիքս: Վախից թե ցրտից դողում էին. կինս ու աղջիկս տնային զգեստներով էին, չէին հասցրել բան-ման վերցնել:
Քիչ հետո բարձրախոսից լսվեց ռուսերեն խոսք: Զինբաժնի պետն էր: Ասաց` չվախենաք, այստեղ ապահով է, արդեն անդրկովկասյան ռազմական շտաբը տեղեկացված է իրադարձություններին։ Շուտով մեր ավտոմեքենաներով ձեզ կհասցնենք Հայաստանի սահման: Անվտանգությունը կապահովեն մեր զինված ուղեկցողները: Խնդրում եմ, առանց խուճապի տեղավորվեք մոտեցող ավտոմեքենաների մեջ: Այս վայրագությունների հեղինակները դեռ պատասխան կտան: Իսկապես, շուտով եկան վրանապատ զինվորական ավտոմեքենաները: Մենք էլ տեղավորվեցինք ավտոմեքենաներից մեկում, որը մեզ հասցրեց Ղազախի ու Իջևանի միջև գտնվող սահմանաբաժան պահակակետին… Հայաստանի սահմանում արդեն մեզ էին սպասում բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնց ուղեկցորդները նախօրոք գիտեին, թե որ մեքենան ուր է ուղևորվելու: Մեզ համար մեկ էր, թե ուր ենք մեկնելու։ Դուրս էինք պրծել դժոխքից ու նոր միայն գիտակցում էինք մեր կորուստները։
Նորից երկար լռություն տիրեց սենյակում: Ոչ ոք չէր փորձում մխիթարական խոսքեր ասել: Ամեն կարեկցական խոսք ընկալվելու էր որպես խղճահարության արտահայտություն ու ցավ էր պատճառելու նրան։ Լռությունը խախտեց ինքը.
-Կարո՞ղ եմ գնալ, մերոնք արդեն անհանգստացած կլինեն: Չգիտեն որտեղ եմ…
Մոլոր մտքերով նա բացեց դուռը։ Միջանցքում, դռան մոտ շատերն էին հավաքված: Ճանապարհ բացելով սենյակից դուրս եկող փախստականի առաջ` շեմին մոտեցավ մի կին.
-Ինձ այսօր զգուշացրել են ձեր ցանկության մասին, կարո՞ղ եմ ներս մտնել,- ռուսերեն հարցրեց նա:
-Իհարկե, խնդրեմ, համեցեք:
40-45 տարեկան կլիներ: Բարևեց` առանց որևէ մեկին նայելու, մոտեցավ տեսախցիկին, աչքին թափված մազափունջը հարդարելով, ասաց.
-Էս գազանների արարքը բոլորը պետք է իմանան: Մոսկվայում ցուցադրելու համար է, չէ՞:
Օպերատոր Յուրան, որ երկու քայլ էր նրանից հեռու, պատասխանեց.
-Չէ՛, Հայաստանի հեռուստատեսությունից ենք:
-Իսկ ինչո՞ւ Մոսկվայից էլ չեք հրավիրել, որ տեսնեն` ամեն մարդանման արարած դեռ մարդ չէ, և միևնույն լեզվով խոսող մարդանման այդ արարածների խումբը ո՛չ թե ժողովուրդ է, այլ նախիր, չախկալների ոհմակ… Ես հայերեն վատ եմ խոսում, այն էլ միայն մեր բարբառով, չեմ կարող արտահայտել այն, ինչ ուզում եմ ասել:
Միջամտեցի հայերեն.
-Ոչինչ, խոսեք ռուսերեն, Հայաստանում էլ ռուսերենը հասկանում են: Հնարավոր է, որ Մոսկվայի հեռուստատեսությամբ էլ հաղորդվի: Ենթադրո՞ւմ էիք, որ դեպքերը նման զարգացում կունենան։
-(Նշեց անուն-ազգանունը, բնակության վայրը): Ես ռուսական կրթություն եմ ստացել, մետալուրգ եմ, Սումգայիթի երկաթբետոնե իրերի գործարանի գլխավոր ինժեներ: Կանխատեսո՞ւմ էի իրադարձությունների նման զարգացում: Իհարկե` չէ: Ո՞վ կսպասեր, որ այդ անուղեղ տականքները նման քայլի կդիմեն: Ստորաքարշ ժպիտները միշտ դեմքներին, նրանք ավելի շուտ վարժեցված, ընտելացված անասունների են նման: Ջարդերից 4-5 օր առաջ, աշխատանքի վերջում, շրջայց էի կատարում արտադրամասում: Մի տեղ հավասարաչափ կտրատված, կեսմետրանոց ամրանների (արմատուրայի) ձողերի մի բլրակ տեսա։ Կանչեցի վարպետ Հուսեինին, հարցրի` սա ի՞նչ է, ո՞վ Է թույլ տվել այս չափի հեծաններ կտրատեք, նման բլոկների պատվերներ գործարանը չունի: Պետական հումքը փչացնելու համար դատի կգնաք, կհասկանաք: Փոխանակ ձգվելու, նա լպիրշ ժպտաց, թե` խանում, խազեինն է պատվիրել: Բարկացա, ասացի` դդում, խազեինդ ինչո՞ւ պիտի նման պատվեր տար, նա գերազանց տեղյակ է մեր արտադրանքի տեսականուն: Նույն լպիրշ ժպիտը դեմքին ասաց. «Խանում, խազեինը պատվիրեց մի չորս-հինգ հարյուր նման չափի ձողեր կտրենք»: Զայրացա, բայց ինչո՞ւ, հարցրի: Հուսեինը նույն ժպիտով պատասխանեց. «Խազեինն ասաց, որ դրանցով հայերին պիտի ծեծենք»: Ես էլ ժպտացի Հուսեինի կատակի վրա։ Ասացի` դե լավ, վաղը կպարզենք։ Դրան հաջորդող օրերին տնօրենը Բաքվից չվերադարձավ, իսկ ջարդերի օրը, երբ մեքենայով մեկնում էի աշխատանքի, նկատեցի, որ խումբ-խումբ ջահելներ են շտապում քաղաքի կենտրոն ու բոլորի ձեռքին իմ տեսած մետաղաձողերն են: Հուսեինը կատակ չէր արել։ Վարորդս էլ էր հայ, ասացի` ինձ տուն տար, ինքդ էլ տուն գնա։ Էս անասունները կատաղել են, ընտանիքիդ նեղություն կտան: Հասա տուն, մտածեցի քաղկոմին տեղեկացնել իրադարձությունների մասին: Հեռախոսն անջատված էր։ Սարսափեցի, երբ մտածեցի, թե քաղաքի ղեկավարությունը գուցե և տեղյակ է անցուդարձին: Տնեցիներին հանձնարարեցի հավաքեն փաստաթղթերը, միայն ամենաանհրաժեշտ իրերն ու սպասեն ինձ: Տնից դուրս եկա։ Վտանգի չենթարկվելու համար գլուխս փաթաթեցի։ Ապրում էինք կենտրոնում։ Մեր կարճլիկ փողոցը խաղաղ էր, ինչպես միշտ, բայց քիչ հետո, դեպի հրապարակ գնացող փողոցի անկյունում վայնասունով անցնող ամբոխի հանդիպելով մտա առաջին իսկ անդուռ շքամուտքից ներս։ Խումբը երևի 15-25 տարեկան 20-30 ջահելներից էր բաղկացած: Զղջացի, որ դուրս եմ եկել տնից: Խմբի հեռանալուց հետո երկար ժամանակ սիրտ չէի անում թաքստոցից հեռանալ։ Հետո դռան մոտից աջ ու ձախ նայելով, հավաստիացա, որ վտանգ չկա, ուղղվեցի դեպի տուն: Հավատացած էի, որ շուտով ամեն ինչ կխաղաղվի, անհնար է, որ իշխանությունները միջոցներ ձեռք չառնեն, հենց նույն օրը կթռչեն պաշտոններից ու կպատժվեն գոյություն ունեցող օրենքի ամենայն խստությամբ։ Ինքս ինձ հանգստացնելով հասա տուն, ուր ինձ ասացին, որ հեռուստատեսությամբ Բաքվից հաղորդել են, թե երևանյան ու Ստեփանակերտի ցույցերի կապակցությամբ ադրբեջանական մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որի ընթացքում մարդիկ դատապարտել են Հայաստանի անջատողականների արարքները, որոնք սեպ են խրում երկու եղբայրական ժողովուրդների հարաբերությունների մեջ։ Չգիտեի ինչպես վարվել։ Քիչ անց հևիհև ներս մտավ զարմիկս ու առանց բարևելու ասաց. «Հայերին կոտորում են, արդեն 25-30 մարդ է սպանվել, տան դռները ջարդում, ներս են մտնում։ Բոլոր հայերը փախչում են քաղաքից դուրս կամ զինվորականների մոտ: Պապան ասաց` գնա իմաց տուր տանը չմնան։ Մերոնք արդեն դուրս են եկել, դուք էլ շտապեք»։ ՈՒ չսպասելով դուրս եկավ։ Մենք էլ խուճապով մի քանի անհրաժեշտ իրեր վերցնելով, տան դուռը փակեցինք ու քայլեցինք դեպի Նասոսնի (պոմպերի գործարանի կողմը)։ Ճանապարհին միայն հայ ընտանիքներ էին: Զինմասին չհասած, ճանապարհի երկու եզրերին բանակայիններ էին կանգնած, ավտոմատներով զինված: Մետաղյա դարպասները բաց էին: Ես Մոսկվայում ազդեցիկ պաշտոնյա ընկերներ ունեմ, այս վայրագություններն ավելի մանրամասն կպատմեմ նրանց: Մենք ի՜նչ, բարեհաջող ստացվեց ամեն ինչ, այստեղ եղածներից շատերն իրենց մարմնի վրա են զգացել ադրբեջանցի թուրքերի գազանությունը:
(շարունակելի)
Համլետ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ