«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԸ ՄԻՇՏ ԷԼ ԲԱՂՁԱՆՔ ՈՒՆԻ ԼԱՎ ՕՐԵՐԻ

ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԸ ՄԻՇՏ ԷԼ ԲԱՂՁԱՆՔ ՈՒՆԻ ԼԱՎ ՕՐԵՐԻ
15.04.2011 | 00:00

«Իրատես de facto»-Ի ՓՈՍՏԻՑ
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, խորհրդի անդամներին
Իմ կյանքը լավ-վատ ես ապրել եմ, շուտով կբոլորեմ 80 տարիս։ Լավն էլ, վատն էլ ինչ-որ չափ ու սահման ունեն, և մարդ արարածը հույսով, մեծ սպասումով միշտ էլ բաղձանք ունի լավ օրերի։ Դա ապրեցնող հույսն է։ Բայց ինչքա՞ն կարելի է տոկալ ու հուսալով աչք փակել` ինքդ քեզ մխիթարելով, թե վերջը լավ է լինելու։ Նեղ վիճակում օրինակ ենք բերում մեզնից ավելի վատ վիճակում գտնվող երկրներն ու ժողովուրդներին` ինքներս մեզ հույս տալով. «Աշխարհով է, մենակ մենք չենք»։
Աղետալի է մեր վիճակն այսօր, ու ելքը ոչ միայն չի երևում, այլև գնալով ավելի է խորանում, անտանելի դառնում։ Բոլորս էլ տեսնում ենք, գիտենք, բայց լռում ենք, փսփսում պատերի տակ. աղքատություն, համատարած արտագաղթ (մայր հայրենիքը դոնորի դերում սնուցում է աշխարհն իր ուղեղներով` ինքն ամայանալու վտանգի առաջ կանգնած), մարդու տարրական իրավունքների ոտնահարում, սպասարկման ոլորտի և, առհասարակ, գների համատարած, հարաճուն բարձրացում, մարդկային հարաբերությունների վատթարացում, անտարբերության մթնոլորտի գերիշխանություն։ Ամեն մեկն ապրում է իր գլխի ճարը տեսնելով, ապրողն ապրում է, մի մասը` մեծ վայելքներով, մի ստվար մասը` մի կերպ, իսկ մի մասն էլ ոտքի տակ գնալով։ Ինչո՞ւ, ո՞ւմ մեղքով։ «Մի կերպ ապրենք, մի կերպ հարմարվենք, մի կերպ տեղավորվենք, մի կերպ համակերպվենք»։ Ճորտական այս հոգեբանությունն ու լացկանությունն են շշուկով ու բարձրաձայն ուղեկցում մեզ, այլևայլ հարցերի հետ ծամոն դարձած։
Թիվ մեկ պատճառը` համատարած սեփականաշնորհումը, որ մինչ օրս էլ շարունակվում է ու վերջ չունի, աղետալի վիճակի առաջ կանգնեցրեց մեր երկիրն ու ժողովրդին` ագահության, ընչաքաղցության մոլուցքի թելադրանքով։ Կա՞ արդյոք պետականորեն իրականացվող լուրջ ծրագիր, փոխհատուցում գոնե կարիքավորների` այս հարաճուն գնաճի պայմաններում։ Երբեմնի ժողովրդապատկան հիվանդանոցներն ու սարքավորումները սպասարկման օրավուր աճող գներով անմատչելի ու անհնարին են դառնում կարիքավոր խավի համար։ Սնկի նման տարածված բուհերն իրենց ավարտական վկայականներով երկիրն իջեցնում են մի հարյուր տարի առաջվա մակարդակին։ Ամենուրեք գովազդներ, շոուներ, փող, փող, միայն և միայն փող։ Այս պայմաններում չեն գործում կամ էլ վատ են գործում շատ օրենքներ, իսկ մենք գիտենք, որ պետությունը օրենքն է` գործողության մեջ։
Շուկայի, շուկայական հարաբերությունների քողի տակ երբեմնի հզոր մեր արդյունաբերության ավերակների վրա ծլարձակում և օր օրի ավելի կամայական ու անտանելի է դառնում առևտրա-վաշխառուական մոլուցքը` խորացնելով հասարակության շերտավորումը, աղքատությունը։
Այսօր շատ է խոսվում կոռուպցիայի, կաշառակերության մասին, ստվերային տնտեսությունն էլ մեծ չարիք է դառնում, մեծահարուստներից շատերը նորից քիչ հարկեր են մուծում, մարդիկ շնչահեղձ են լինում չինովնիկական բյուրոկրատիայից, խնամիա-ազգակցական տնավարությունից։ Նախորդ համակարգի հիմնադիրը համոզված էր, որ կաշառակերությունը, կոմունիստական սնապարծությունը և բյուրոկրատիան կկործանեն համակարգը։ Այդպես էլ եղավ։ Ավելին, նա ամոթ ու խայտառակություն համարեց այն, որ իշխանության գլուխ կանգնած կուսակցությունը պաշտպանում է իր սրիկաներին։
Բնականաբար, համատարած իրավախախտումները, հասարակական անտարբերությունը, օրենքի համատարած շրջանցումը, հանդուրժողական հոգեբանությունը, այս ամենն աղետալի, ծանր վիճակի հիմնական աղբյուրներից են, լուրջ խոչընդոտ` կառավարման։ Դե, իշխանավորներն էլ, մի կողմից, մասամբ հուսախաբ` դեմն առնելու համատարած այդ մթնոլորտի, մյուս կողմից` թիմային շահերի ու անձնական «ես»-ի թելադրանքով, «ճարահատյալ» գնում են թույլ դիմադրության ճանապարհով` հույսը դնելով դրսի օգնության ու հիմնադրամների վրա, մինչդեռ պետության կայացման գլխավոր լծակն իշխանավորների ժողովրդանվեր գործունեությունն է` բաց ճակատով ժողովրդին հարազատորեն տեր կանգնելը` առանց թիմային և այլ կարգի խտրականության, թե չէ անիմաստ ու զավեշտական են դառնում «ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակություն» և նման մեծ-մեծ ակնկալիքները։
Մենք մեր ընտրական և, առհասարակ, նվաճում-հաղթանակները վերագրում ենք մեր թիմերին, թիմերով ենք արձագանքում հաղթանակներին, բայց ումի՞ց և ո՞ւմ դեմ։ Ի՜նչ զավեշտ։
Անընդհատ հորդորում ու մխիթարում ենք միմյանց վերևից ներքև, թե համաշխարհային ճգնաժամ է, որ մենք էլ զերծ չենք նրա ազդեցությունից։ Կա, այո, այդ ճգնաժամը և մոլեգնում է աշխարհով մեկ։ Դա գործող համակարգի համընդհանուր ճգնաժամն է, որի մասին հին իմաստուններից մեկը հանճարեղորեն կռահել էր, որ գալու է այդ ժամանակը` մայրամուտի մեծ ահազանգով։ Աշխարհի ժողովուրդները, աշխարհն ինքն էլ արդեն այլևս ի վիճակի չեն հանդուրժելու մի բուռ կեղեքիչ հարստահարողների շահագործումը, թալանն ու կողոպուտը։ Վկա` մեծ փոթորկումներն արդեն աշխարհով մեկ։ Հապա բնական աղետներն ու ահաբեկչությո՞ւնը։ Նյութապաշտության մոլուցքը տակնուվրա է արել մարդկային խիղճն ու գութը։
Բազմակացութաձև տնտեսավարություն` սեփականության բազմազան ձևերով` հասարակության տարբեր խավերի շահերին ու մակարդակներին համապատասխան։ Շատ երկրների նկարագիրն այսօր այդպիսին է, և մեզ համար էլ դա է բաղձանք ոչ միայն ընչաքաղցության, ագահության մոլուցքի զսպաշապիկ որպես, այլև իսկապես փաստական արդարության, արդար մրցակցության ելք։ Սա է ժողովրդավարության ձգտող պետության թե՛ բաղձալի ներկան, թե՛ մոտ ապագան։ Դա սոսկ բարի ցանկություն չէ, դա մարդկության արթնացող կամքն է, և նա արդեն գնում է դրան` հանուն ավերվող բնության, հանուն մոլորակն ու մարդուն փրկելու` արդեն մոլեգնող մեծ աղետից։ Մարդկությունը քայլ առ քայլ արդեն նվաճում է իր իրավունքները փլուզվող, փրփուրներից կառչած համակարգից, այլապես «Կարմիր գիրք» է մտնում արդեն մարդը։
Հայաստանում խռովությունը գլուխ չի բարձրացնում. այս համոզմունքն է այսօր մխիթարում շատերին` անգամ օր օրի անարդարության, մարդկանց օրավուր աճող բողոքի ալիքների, հանրահավաքների պայմաններում։ Հայ մարդը դարեր շարունակ տոկացել է, համբերել, երազել իր անկախությունը, խռովությունների չի գնացել ինքն իր դեմ ու այսօր էլ համբերությամբ սպասում է վերևից հարցերի խաղաղ, պետականորեն լուծմանը, համակարգի բարելավմանը, առողջապահության ու կրթության համակարգերը պետական ենթակայության տակ վերցնելուն, հրեշավոր գնաճից մարդկանց պաշտպանելուն։
Հին ասացվածք է. «Գեղ կանգնի` գերան կկոտրի»։ Ես ամենևին բռնությունների, ուժով հարցեր լուծելու կողմնակից չեմ, որքան էլ ողբերգության արմատները խոր ու խճճված լինեն. է՜հ, երբեմնի «ոչ միայն հացիվը» «միայն հացիվ է» դարձել հիմա. «Հա-յե՛ր, միացե՛ք» կարգախոսը մնաց ընդամենը ձայն բարբառո հանապատի։ Հրեշավոր բևեռացումը թույլ չտվեց և այսուհետ էլ խանգարելու է մեր միասնության կայացմանը։ Քնով ենք ապրել դարեր շարունակ ու այսօր էլ լեթարգիական քնի մեջ ենք ազգովին, բոլոր խավերով` սմքած զարկերակներով։ Գարեգին Նժդեհը փափագում էր մի հատիկ սերունդ` ներցեղային բարոյականով ապրող, որ կարողանար ապահովել հայ ժողովրդի տեղը Արևի տակ։ «ՈՒստա Կարոյի» հեղինակն էլ տրտնջում էր, թե լեզուն, հողն ու ջուրը ունենք, ավա՜ղ, չկա ազգի ոճը, նկարագիրը պայմանավորող ազգային ոգին` ներցեղային բարոյականը։ Ակադեմիկոս Մառը շատ տխուր ապագա է կանխագուշակում մեզ (տե՛ս Ա. Իսահակյան, «Աֆորիզմներ)։ Լեզուս չի պտտվում բացելու փակագծերը։ Ո՞Ւմ ենք սպասում, մինչև ե՞րբ...
Տարիներ առաջ հայ մեծահարուստներին ուղղված իմ բաց նամակը` միասնական ջանքերով կանգնելու ժողովրդի ու պետականության մեջքին, անպատասխան մնաց։ Անպատասխան մնաց նաև «Ո՞Ւմ ենք մենք պահ տվել մեր ազգային ոգին» հոգու ճիչը, որով հույս էի հայտնում, թե Ստրասբուրգում խիզախ կեցվածքով նախագահն ի զորու կլինի համախմբելու մեծահարուստների ջանքերը` երկիրը դուրս հանելու այս տխուր վիճակից։
Անմեղ-մեղավոր մի ժողովուրդ` անհանդուրժելին հանդուրժող, ծով համբերությամբ արդարության սպասումով։ Ավա՜ղ, այդ արդարություն կոչվածը ո՛չ ինքն իրեն, ո՛չ էլ որևէ մեկի բարի կամքով չի հայտնվում։ Դա խայծ է ընդամենը, այն էլ` մեծ գայթակղության։ Ժողովուրդը պետք է արթնանա, տեր կանգնի իր արժանապատվությանն ու իրավունքներին` անմեղ-մեղավոր իշխանավորներն էլ հետը։
Ո՞Ւր է մեր Դանկոն։
Չունենք ազնվական դասը` ազգի առաջամարտիկը, ավա՜ղ...
Հայրենակիցնե՛ր, դուք այսօր կաք որպես Հանրային խորհուրդ։ Անկախ ձեզ տրված իրավասությունից` դուք հույս եք` երկրով մեկ բարի արթնացում բերելու` ձեր ուսումնասիրություններով ու վերլուծություններով, հարցադրումներով` որոնումների մեջ ներգրավելով մտավորականությանը, կուսակցություններին։
Դուք ի զորու եք, որքան էլ անհնարին թվա, մեծ լռության սառույցը կոտրելով բարի արթնացում բերելու հայոց քնած աշխարհին, կանգնեցնելու ոչ միայն արտագաղթը, այլև մեծ անտարբերության մթնոլորտում մարդու տարրական իրավունքների ոտնահարումը, աղքատության խորացումը, կամայական գնաճը։
Մեծարգո խորհրդականներ, օգտագործեք ձեզ տրված մեծ հնարավորությունը, տեղից շարժելու դարերով կարծրացած հոգեբանությունը` մաքրվելու քայլ առ քայլ, ներցեղային բարոյական սնուցում ստանալու ողջ ժողովրդով։
Համոզված եղեք` ժողովրդի ստվար մասը կանգնելու է ձեր թիկունքին` սպասումով։
Կամսար ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 1442

Մեկնաբանություններ

ան արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am