«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑԻՆ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՃԳՆԱԺԱՄԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»

«ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑԻՆ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՃԳՆԱԺԱՄԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»
25.06.2010 | 00:00

Մեր թերթի հարցերին պատասխանում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-Հավարտ գարնանային նստաշրջանի` ի՞նչ գնահատական կտայիք հանձնաժողովի աշխատանքին:
-Աշխարհի ցանկացած երկրի խորհրդարանի բյուջետային հարցերի հանձնաժողովի համար գարնանային նստաշրջանի ամենակարևոր խնդիրը նախորդ տարվա բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումն ու ընդունումն է, բացառություն չէ նաև մեր հանձնաժողովը: 2009-ի բյուջեի կատարողականի հաշվետվությունը նախ քննարկվեց այլ հանձնաժողովների հետ համատեղ նիստերում, ապա լիագումար նիստում: Նախորդ տարվա բյուջեի հաշվետվությունն առանձնանում էր նրանով, որ ճգնաժամային տարվա բյուջե էր, և քննարկումների ժամանակ էական տարբերություններ կային այս առումով:
-Բայց չէ՞ որ բյուջեն էլ ձևավորվել էր ճգնաժամային պայմաններում:
-Թերևս` ոչ, որովհետև բյուջեի նախագիծն իր հիմնական անկյունաքարերով ձևավորվում է նախորդ տարվա կեսերից, այդ ժամանակում դժվար էր կանխատեսել, թե 2009-ին ճգնաժամն ինչ խորություն է ունենալու: Կյանքը ցույց տվեց, որ ամբողջ աշխարհում, այդ թվում և` Հայաստանում, տնտեսության պատկերը շատ ավելի վատ ստացվեց, քան կարելի էր պատկերացնել: 2009-ի ընթացքում պարբերաբար թվում էր, թե ձևավորված պատկերացումը վերջնական է, ամիս-ամիսուկես անց աշխարհի գնահատականները փոխվում էին: Նման փոփոխական վիճակ երբեք չի եղել: Կան համաշխարհային կառույցներ, որոնք մասնագիտացված են տնտեսության կանխատեսումներ իրականացնելու մեջ: Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի բացահայտումներից մեկն էլ այն էր, որ տնտեսագիտական աշխարհը ճգնաժամային իրավիճակում ճշգրիտ կանխատեսումների պատրաստ չէ: Դա շատ մեծ պրոբլեմ է, որովհետև աշխարհը տասնամյակներով սովորել է ճիշտ կանխատեսումներ անելով` ճիշտ լուծումներ գտնելու պրակտիկային: Կյանքը ցույց տվեց, որ այդպես է սովորական ընթացքի դեպքում, գլոբալ ճգնաժամային իրավիճակում կանխատեսման մեխանիզմները չեն գործում: Այդ պատճառով տարվա ընթացքում մի քանի անգամ անհրաժեշտ եղավ վերանայել մեր ակնկալիքները: Արդյունքում` 9,2 տոկոս տնտեսական աճ ծրագրավորված տարվա համար ունեցանք 14,4 տոկոսի անկում: Տարվա կեսին 18,5 տոկոս էր անկումը: Կտրուկ նվազեցին բյուջետային մուտքերը: Այս իրավիճակում կամ անհրաժեշտ էր համապատասխանաբար կրճատել բյուջեի ծախսային հոդվածները, այդ թվում նաև` սոցիալական ուղղվածության հոդվածները, կամ տնտեսության մեջ իրականացնել ընդգծված ընդլայնողական քաղաքականություն` աշխուժացնելով տնտեսությունը: Իշխանությունները գնացին երկրորդ ճանապարհով: Անհրաժեշտ էր մեծացնել բյուջետային դեֆիցիտի չափը, մեծածավալ վարկային միջոցներ ներգրավվեցին, իրականացվեցին հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց արդյունքում էապես մեղմվեցին ճգնաժամի բացասական հետևանքները: 2009 թվականին պետական բյուջեի եկամուտները կատարվեցին շուրջ 75 տոկոսով, իսկ ծախսերը` շուրջ 93 տոկոսով:
-25 տոկոս և 7 տոկոս, տարբերությունն ինչո՞վ է բացատրվում:
-Ներգրավված վարկային միջոցները թույլ տվեցին էապես բարելավել բյուջեի կատարողականը: Արդյունքում, իհարկե, մեծացավ արտաքին պետական պարտքը. եթե 2008-ի վերջին մենք ունեինք 1,5 միլիարդ արտաքին պետական պարտք, 2009-ի վերջին` 3 միլիարդ, սակայն այս ճանապարհով հնարավոր եղավ աշխուժացնել տնտեսությունը, օժանդակել փոքր և միջին բիզնեսին, ստեղծել աշխատատեղեր և չկրճատել որևէ սոցիալական ծրագիր. աշխատավարձերը, թոշակները, նպաստները վճարվեցին ճիշտ ժամանակին: 2009 թվականի ընթացքում նաև որոշակիորեն բարձրացվեցին նպաստները և թոշակները: Նախորդ տարի իրականացված հակաճգնաժամային ծրագրերն իրենց դրական արդյունքները դրսևորում են այս տարի ևս: Այս առումով բարդ է գնահատել բյուջեի կատարողականը, որովհետև մեկ գնահատական տալ դժվար էր` ունեինք և՛ մեծ անկում, և՛ լուրջ թերակատարում մուտքային մասում, բայց նաև ունեինք իրականացված աշխատանքներ, որոնք թույլ տվեցին մեղմել անկման բացասական հետևանքները և լավ հիմք ստեղծել արդեն այս տարվա տնտեսական աճի համար:
-Աշխատատեղերը ո՞ր ոլորտներում են ստեղծվել և ինչքա՞ն:
-Հակաճգնաժամային ծրագրերը հնարավորություն տվեցին նվազեցնելու ճգնաժամի բացասական հետևանքները, այլապես աշխատատեղերի կրճատումները շատ ավելի մեծ կլինեին, հետևանքները և՛ սոցիալական, և՛ պետական բյուջեի առումով շատ ավելի անբարենպաստ կլինեին:
-Որո՞նք էին հակաճգնաժամային ծրագրի գերակայությունները:
-Փոքր և միջին բիզնեսը, ենթակառուցվածքները, ճանապարհաշինությունը, բնակարանաշինությունը, ոռոգման համակարգը, հանքահումքային համակարգաստեղծ ոլորտները... Արդյունքները վկայում են, որ մենք արագ ենք դուրս գալիս ճգնաժամից:
-Թվերը հույսեր են ներշնչում, բայց կյանքն այդ հույսերը չի արդարացնում. ճգնաժամի հաղթահարումը կամ հաղթահարման ջանքերը արտահայտություն չունեն կենսամակարդակի առումով, ինչո՞ւ:
-Իսկ Դուք տնտեսական անկումը հաշվի չե՞ք առնում: Հակաճգնաժամային ծրագրի նպատակը բացասական հետևանքների նվազեցումն է եղել, ոչ թե ճգնաժամային տարում տնտեսական աճի արձանագրումը, սոցիալական իրավիճակի բարելավումը, աշխատատեղերի ավելացումը: Ջրհեղեղից բացարձակ չոր չեք կարող դուրս գալ: Դրա հետ պետք է համակերպվել:
-Հորձանքի մեջ բրասի ու բատերֆլյայի ժամանակը չէ, կարևորը չխեղդվե՞լն է:
-Այո, բայց այդ պարագայում նաև այնպես պիտի անես, որ երբ ջրերը խաղաղվեն, լողալու կարողությունդ ավելի մեծացրած լինես:
-Այսինքն` Հայաստանին Հունաստանի հեռանկարը չի՞ սպառնում:
-Եթե տնտեսական կոլապսը նկատի ունեք, առավել քան համոզված եմ, որ ոչ:
-Պետական բյուջեի կատարողականից բացի, ի՞նչ նշանակալից օրինագծեր են նստաշրջանի ընթացքում քննարկվել ու ընդունվել:
-ՈՒզում եմ առանձնացնել մի շատ կարևոր օրենք` ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովության մասին օրենքը` հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթով, որոնց վրա հանձնաժողովը տարուց ավելի աշխատել է, էականորեն հարստացրել ու կատարելագործել նախագիծը:
-Ի՞նչ է փոխում այդ օրենքը հետիոտնի և ուղևորի կյանքում:
-ԱՊՀ, եվրոպական երկրների փորձի ուսումնասիրմամբ մշակված օրենքը նպատակ ունի առավելագույնս պաշտպանելու ավտոտրանսպորտային պատահարների ժամանակ տուժած անձանց շահերը: 2011-ի հունվարի 1-ից բոլոր ավտոտրանսպորտային միջոցները պետք է համապատասխան պայմանագրեր ունենան ապահովագրական ընկերությունների հետ, և ավտոպատահարից տուժած ցանկացած քաղաքացի երաշխիք ունենա, որ հավուր պատշաճի կփոխհատուցվեն իր վնասները:
-Ի՞նչ առանձնահատկություններ ունի օրենքն այլ երկրների համեմատությամբ:
-Դրանք քիչ չեն. նշեմ մի քանիսը միայն: Օրենքը պարտավորեցնում է ապահովագրական ընկերությանը` իր ինտերնետային էջում ունենալ երկխոսության միջոցով ապահովագրական վճարի որոշման պատուհան:
-Ի՞նչ է դա նշանակում:
-Դա նշանակում է առնվազն երկու բան: Նախ` ցանկացած քաղաքացի կարող է ապահովագրական պայմանագիր կնքելուց առաջ ճշտել, թե գործող ապահովագրական ընկերություններից որն է իր համար ավելի նպաստավոր պայմաններ առաջարկում: Երկրորդ` որևէ ապահովագրական ընկերություն անգամ չի մտածի որևէ ապահովադրից ավելի բարձր գին պահանջել ապահովագրական պայմանագրի համար, քան հայտարարված է իր ինտերնետային էջում: Սա չափազանց կարևոր դրույթ է` ապահովադիրների իրավունքների պաշտպանության առումով: Հաջորդ առանձնահատկությունն ավտոտրանսպորտային պատահարների ժամանակ տուժած անձանց անվճար իրավաբանական պաշտպանության ապահովումն է: Սովորաբար ապահովագրական ընկերությունները ձգտում են վնասը փոխհատուցել հնարավոր ամենափոքր չափով: Այս պարագայում տուժողը կամ ինքն իր շահերը պիտի պաշտպանի, կամ փաստաբան վարձի: Օրենքն ամրագրել է դրույթ, համաձայն որի, անկախ տուժողի կարգավիճակից` հետիոտն, ուղևոր կամ վարորդ, տուժողի համար իր շահերի իրավաբանական պաշտպանությունն իրականացվում է անվճար: Եվս մեկ առանձնահատկություն` այս ոլորտը համակարգող 7 հոգուց բաղկացած բարձրագույն մարմնում ընդգրկված է քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ` ավտոտրանսպորտային միջոցները շահագործողների շահերի պաշտպանության և սպառողների շահերի հասարակական կազմակերպություններից: Այս դրույթը` կարևոր լինելով օրենքի տրամաբանության տեսանկյունից, կարծում եմ, չափազանց կարևոր է նաև մեր երկրում քաղաքացիական հասարակությանը` պետական մակարդակով որոշումների կայացմանը մասնակից դարձնելու առումով:
-Օրենսդրական փոփոխություններ կա՞ն բանկային ոլորտում:
-Արտահերթ նստաշրջանում ընդունվեց ֆիզիկական անձանց ավանդների ապահովման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Գործող օրենքը երաշխավորում է մինչև 1 միլիոն դրամին համարժեք արտարժույթով ավանդի ապահովագրումը և մինչև 2 միլիոն հայկական դրամով ավանդի ապահովագրումը: Նոր օրենքի ընդունումից հետո այս չափերը կկրկնապատկվեն: Փոփոխությունը, մի կողմից, մեծացնում է քաղաքացիների վստահությունը բանկերի նկատմամբ, մյուս կողմից` բանկերում մեծ գումարներ կկուտակեն, որը հնարավորություն կտա ավելի մեղմ պայմաններում իրականացնելու վարկավորումը, ինչը տնտեսության զարգացման լրացուցիչ հնարավորություններ կստեղծի:
-Բանկիրները, իհարկե, ունեն իրենց պատճառաբանությունները, բայց վարկերի տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ կանխում են այդ վարկով գործ անելու հնարավորությունը:
-Այո, իրավացի եք, բայց հաշվի առնենք մեկ հանգամանք ևս. բանկերը 13 տոկոսով ավանդ են վերցնում. զարգացած տնտեսությամբ երկրներում նման բան չկա: Բնականաբար, բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքները ևս չեն կարող հավասար լինել զարգացած տնտեսությամբ երկրներում տրվող վարկերի տոկոսադրույքներին:
-ՈՒրեմն` ինչպե՞ս են վերցնում:
-Կա ավանդատուին շահագրգռելու անհրաժեշտություն. այստեղից է բխում ավանդի բարձր տոկոսադրույքը:
-2011 թ. 2010-ի բյուջեի մասին ի՞նչ եք ասելու:
-Եթե միտումները պահպանվեն, դա կլինի առաջին հետճգնաժամային տարվա բյուջեի հաշվետվությունը, կունենանք ճգնաժամից հետո վերականգնվող, ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն, որն ավելի կայուն կլինի ճգնաժամերի ժամանակ:
-Չե՞ք կարծում, որ ֆրանսիացիները Նապոլեոնին նորից սպանեցին Հարավային Աֆրիկայում:
-Այո, և շատ դաժանաբար: Ես ֆուտբոլ շատ եմ սիրում, բայց առաջին խաղերն այնքան թույլ էին, որ որոշեցի կիսաեզրափակիչից նայել, որ ֆուտբոլի համը չկորցնեմ:
-Ո՞Ւմ եք առանձնահատուկ հետաքրքրությամբ նայում:
-Բրազիլիա, Բրազիլիա, Բրազիլիա:
-Իսկ Եվրոպայո՞ւմ:
-Բրազիլիա, Բրազիլիա, Բրազիլիա` անկախ ինչ խաղ ցույց կտա և որ տեղը կգրավի աշխարհի առաջնությունում: Բրազիլական ֆուտբոլն իսկապես արտիստիկ է և որևէ ուրիշ ֆուտբոլային դպրոցի հետ չես համեմատի:
-Հատկապես Գերմանիայի հետ, չէ՞: Խնդիր են դնում ու 90 րոպե դաշտում ֆուտբոլիստ են աշխատում` խաղի իմաստը արդյունքն է, ու վերջ:
-Անտառում գայլ էլ պետք է լինի, այլապես մյուս գազանները շատ կարխայնանան:
-Գիշատիչն էլ կարող է գեղեցիկ լինել:
-Իհարկե, բայց գիշատչի հիմնական խնդիրը գեղեցիկ լինելը չէ: Իսկ գերմանական ֆուտբոլը հարգանք է ներշնչում իր հետևողականությամբ, աշխատասիրությամբ ու արդյունավետությամբ, նաև ուրույն գեղեցկությամբ: Հստակ կարելի է ասել, որ գերմանական ֆուտբոլն իր մեջ է ներառել գերմանական ազգի առանձնահատկությունները:
-Բրազիլացիների մարզիչ Ժոան Սալդանյան ասում էր` ֆուտբոլը ոտքի խաղ է, բայց խաղում են գլխով ու սրտով:
-Բրազիլական ֆուտբոլի մարզիչներից մեկին տարիներ առաջ հերթական մրցաշարի սկզբում հարց տվեցին` ի՞նչ մարտավարություն եք որդեգրել: Մարզիչն անակնկալի եկավ` մարտավարությունս ո՞րն է, գնում ենք հաղթելու:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ