«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԿԵՂԾ ՓՐԿԻՉՆԵՐԻ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԿԵՂԾ ՓՐԿԻՉՆԵՐԻ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ
01.04.2011 | 00:00

«Հայ իշխանավորի մտածողության մեջ երկաթատառ փորագրված է, որ գոյություն ունի մեկ մեղավոր` ժողովուրդը, որ չծառայեց, չկռվեց, չաշխատեց, արտագաղթեց, մինչ ինքը` իշխանավորը, պատմական առաքելություն էր կատարում։ Ժողովրդին կարելի՞ է հարստահարել, ընչազրկել, ստորացնել, բայց նա պետք է կուրորեն հավատա իր ապաշնորհ իշխանավորներին միայն այն պատճառով, որ իշխանության ղեկի հետ վերջինս նաև ստանձնում է անմեղսունակության և կեղծ փրկչի կարգավիճակը։
Մինչ բոլոր առողջ ժողովուրդների ընտրախավերը գիտակցել ու գիտակցում են, որ մարդը, քաղաքացին է գերագույն արժեքը, իսկ ողջ մնացյալը` անկախություն, տարածք, տնտեսական շինարարություն, կոչված են ծառայելու նրա պահանջների է՛լ ավելի կատարյալ բավարարմանը, հայ իշխանավորի համար մարդը, քաղաքացին եղել և մնում է անարժեք միջոց սեփական չհստակեցված արժեք-բարդույթների հանգուցալուծման համար»։

Տիգրան ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«Անապատի հազար տարի» գրքից, 1997 թ.


ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐ
(նախաբան-վավերագիր)

Կարծես պատմությունը դաշինք է կնքել հայ իշխանավորների հետ և օրհասական պահին հրամցնում է փրկօղակներ ոսկե սկուտեղով։ Եթե չլիներ տնտեսական ճգնաժամը, այն պետք էր հորինել։ Մի բան, որ անվրեպ նշանառությամբ հաջողվում է մեր իշխանավորներին։ Սկսած անկախության շեփորականչից։ Եվ վարքականոն մշակվեց ու ավանդույթ ձևավորվեց. այսուհետ գերհարուստը, խորհրդարանում հայտավորվելով, որևէ պարտավորություն չի ստանձնում համակարգված գիտելիքներ ունենալու։ Ո՛չ երկրի, ո՛չ սեփական խղճի ու ո՛չ էլ սեփական մականվան հանդեպ։
Մի՞թե գաղտնիք է, որ անզուսպ ձանձրույթից օրն ի բուն հորանջող որոշ գերարտոնյալներ սեփական հանձնաժողովի անվան շուրջ լուրջ կասկածներ ունեն. «Կներեք, մի՞թե դա պարտադիր ա։ Ներող, ախպերութուն, առանց էդ անտերի, ըսկի՞ հնար չկա...»։
Է՜հ, Սեդրակիչ, կգա օրհնված պահը, երբ քո սնած օլիգարխիատի ահռելի մամլիչի տակ կհայտավորվես։ Բումերանգի օրինաչափությունը հատկապես գործուն է այն պարագայում, երբ քեզ փայփայած ժողովրդին ես գայլի երախը հանձնում։
Տիեզերքում, Երկիր մոլորակում և, պատկերացրեք, Երկիր Նաիրիում օրհնանքն էլ, անեծքն էլ դառնում են ի շրջանս յուր։

Զարմանահրաշ Երկիր Նաիրի, սրտի մորմոք և ուղեղի հիվանդություն։ Կարծես այսպես էր մտորում Նաիրյան հրաշունչ պոետը։
Այո, նախախնամությունը հերթական փրկօղակներ է մատուցում հայոց իշխանավորներին։
Եթե չլիներ զարհուրելի երկրաշարժը։
Եթե անկախացմամբ մեր պարանոցին չագուցվեր շրջափակման խեղդօղակը։
Եթե էներգետիկ ճգնաժամը դռներս չբախեր։
Եվ որքա՜ն ապաշնորհություն և ընչաքաղցություն այս հեղհեղուկ ու հաղթական տարիներին պարտակվեցին, զի ժողովուրդն ու հանրությունը կամք ու միտք, մարմին ու հոգի պրկել էին խենթանալու աստիճանի։ Առկախվելով հանուն անկախության։
Արդյոք անցնո՞ւմ է ներկա հայ իշխանավորի մտքով, որ նույն անկախացման արդյունքն են անհայտ հերոսների սխրանքն ու նորահայտ մորգանների սահմռկեցուցիչ խրախճանքը։
Եվ արդյոք հայ քաղաքական վերնախավը` կոալիցիայի ոչ մենաշնորհատեր հատվածը և պետականամետ ընդդիմությունը (որը, թերևս-դեռևս սաղմնային վիճակում է), երբևէ չի՞ հաշվարկում, թե հսկայական և բարոյազուրկ ֆինանսանյութական էներգիան շարունակաբար ամբարվելով ինչ պիտի նվաճի-յուրացնի։
Երկիրը, հանրապետությունը, անկախ պետականության տեսլականները։
Իսկ նպատակը իշխանությունն է, երկրի աներևույթ, բայց և իրական կառավարիչ հանդիսանալու դիվային թովչանքը։
Նպատակը հասարակությունից, նախախնամությունից, անգամ սեփական «ես»-ից վրեժ լուծելու մոլեգին հրապույրն է։ Իսկ այս ամենը քողարկել է պետք, դավել և մոլորեցնել` վեհ գաղափարային փուչիկներով։ Վրեժ` ընդդեմ խորհրդային լյումպեն-պրոլետարիական ոխերիմ անցյալի։
Ասել է` երբ խեղդամահ անող շրջափակում էր, ազգովին տապակվում էին նույն թավայում։ Եվ ահա մականուններով դեռ մանկուց դաջված «փրկարարները» օդից, ջրից, ջրհեղեղից նախնական գումարներ «հայթայթելով» (պատկերացնենք միայն` «հայթայթելով», «հաթաթա տալով», «աչքի սուրմա թռցնելով»...) «երկիր ու ժողովուրդ են պահում»։

«Դե, եկ, Վարդապետ, ու մի խենթանա»։ Այսպես կամ մոտավորապես այսպես էր ըմբռնել Ժամանակի բանաստեղծը` Դարի հանճարի (իմա` Կոմիտասի) սրբազան տվայտանքը։
Դե, ե՛կ, հայություն, և ժամանակի ոգուն համընթաց Երկիրը փորձիր պատկերացնել... առանց քաղաքատնտեսական մենատիրության։

Եվ ահա «փրկարարները» բաժինքի, տնամերձի, զբոսայգու են վերածել պետությունը։ Այդ չէ՞ որ նրանք կերտեցին երրորդ ազատ-անկախ-առկախ պետականությունը` նավթ ու մազութ, սիսեռ և գարի ներկրելով։

Կապիտալի նախնական կուտակման բախտորոշ պահն էր։
Ազատագրում ենք Արցախը։
Վավերացնում Սահմանադրությունը։
Բանակն ազատում ենք «զոն նայողի» որոգայթներից։
Եվ կերտում նորհայկական մեծահարուստին։ Զի նրանք են «երրորդ ազատ-անկախ-առկախի» տնտեսական կառամատույցը, ֆինանսական ամպհովանին, նյութական խարիսխը։
Դե, եկեք պատկերացնենք Երրորդը առանց ճգնաժամերի։
Ի՜նչ անհետաքրքիր, անհեռանկար, անատամ երկիր է։ Չեն եղել ո՛չ «Հոկտեմբերի 27», ո՛չ էլ «Մարտի 1»։ Ասել է` քաղաքական-վարչական-տնտեսական օլիգարխիատ չի՛ք։
Ասել է` չի՛ք դղյակներ, պալատներ, հածանավեր ու... երթևեկում ենք հեծանիվները սանձահարած։
Քաղաքապետ ու գյուղապետ են ընտրվում առանց «ջեբկիրական» ընտրակեղծիքների։
Հայոց ոստիկանների, դատավոր-դատախազների և, բնականաբար, տեղական ինքնակառավարման քաղակտիվի հայացքները ջինջ են, հոգիները` անապակ, ոգին` աննկուն։
Տնտեսավարող ազատ-անկախ... չէ, էս պարագայում բնավ ոչ առկախ, իրավահավասար սուբյեկտներն են շուրջ 3 մլն ՀՀ քաղաքացիներ։
«Ազգային փոխադրող», «Բարձր հովանի», «Համազգային բարերար» ասվածները գոյություն չունեն։
Ի՜նչ անհետաքրքիր ու դժգույն երազ է սա։
Մենք (հազար ու յոթ հարյուր յոթ ներողամտություն) հո Չինաստան, Մալայզիա կամ Բելառուս չե՞նք։ Ո՞Ւր մնաց դարակազմիկ փոխըմբռնման հուշագիրը, թե յուրաքանչյուր առավոտ Երկիր Նաիրիում 3 միլիոն գեներալ է արթնանում։
Է, բանակում ո՞վ պիտի կռվի, շուկայում, կներեք, գեներա՞լը պիտի սմբուկ ու ադիբուդի վաճառի։ Եվ ահա իմաստասեր այրերը մեր, մասնակիորեն մենաշնորհված քաղպարագլուխները և նորանց խորհրդատու խնկարկուները նորանկախ հայեր տեսակավորեցին` մանկավարժը, գիտնականն ու գաղափարականը դեպի ադիբուդիի սարք, դախլի պատվո պահակ...
Կեցցե՛ն թող ճգնաժամերը նորանկախ։
Զի զորակցությամբ նորանց ունենք բազմաշերտ սովյալների, միջինացված միջնախավի, գերբլդուղված վերնակույտի դասակարգեր։
Մենք, այո, Երկիր մոլորակի աղն ենք, Տիեզերքի պղպեղը, տարածաշրջանի սպեղանին։
Զի այդ մենք ենք, որ Արարատի հայացքի ներքո խաղողից գինի, գարուց գարեջուր, հորթից էլ մագաղաթ կերտեցինք և սփռվեցինք ալամ-աշխարհով։
Եվ այդ հենց մենք ենք, որ կանք, որ միավոր տաղանդ-նկարչի, բազմաշնորհ-մեներգչի, բազմատաղանդ-ճատրակորդի տեսակարար կշռով ԱՌԱՋԻՆՆ ենք Մոլորակ-Երկրում։
Եվ այդ մեր նորանկախ-հավերժառկախումն է, որ ազատական առաջընթացը ժայթքեց ու վերընձյուղեց` Հայոց նորագույն քաղաքակրտությունը։
«Ժողովրդավարական» գերպարարտ նախիրներ և հոտեր։
Փչում էր անկախության զեփյուռը։
Եվ զեփյուռի թովչանքով ու փոթորկի հրայրքով, որպես օրինակ, բեռնատարի վարորդ Թաթոսիկը (որդին Մկոյի) վերընձյուղվեց գեներալ Թադևոս Նիկիտիչի։
Էնպես որ, ալամ-աշխարհը ոսպնյակի նման ի մի է եկել 29 (+8) հազար քառակուսի կիլոմետրի վրա։
Ասել է` և՛ Սոմալիի սովյալների արձագանքներն են հայոց լեռնաշխարհում հնչում, և՛ Լաս Վեգասի պլատինապատ բոմժերի թառանչն է դղրդում։

«ԲԵՆԹԼԻ»-ՆԱՄԵ
(վերջաբան տրագիֆարսի մուղամներով)

Ընկանք կրակը։ Ազատիչը, էնպես էլի, ձեռքի հետ թեթևակի քաշեց երկրիս վարչատնտեսական հարյուրապետերի ականջները, և դումանը բռնեց երկիր ու երկինք։
Միմյանց վազանցելով, շրջանցելով, արգելապատնեշները խորտակելով ականջատերերը դարակազմիկ, քաղաքական և տնտեսական մտքի, նաև ազգապետափրկչական հայտնություն են հռչակել Ազատիչի անկեղծ բանադրանքը։
Հոգեցունց-հուզախռով-հազարաբերան խոստովանանքներ են անվերջ զրնգում ԶԼՄ-ներով։ (Սարսափով եմ սպասում, թե ահա ուր որ է պատգամավոր մեկը, ոմն տնտեսավարող և կամ էլ գուցե թե կառավարության անդամ հեռուստաելույթի կիզակետում գրպանից կհանի դերձակի ահարկու մկրատն ու իշխանահլու էքստազի մեջ կկտրի զույգ ականջները` ի վերին Երուսաղեմ ճանապարհվելուց առաջ որոտաձայն մրմնջալով. «Հանուն Ազատիչի և վասն հայրենյաց»)։
Այնինչ երրորդ հանրապետության նախագահը երրորդ ընդամենը հորդորել էր սեփական քաղաքական-վարչական-տնտեսական հենարանների հենակներին... մի քիչ մարդ լինել, երկիրը ձեռքից գնում է։
(Ենթատեքստում կռահել էր պետք, վաղը, մեկել օրը ընտրություններ են, ու ինչքան կարող եմ ձեր հակազգային դնչկալներն ախտահանել և անտիհումանիտար երեսները մաքրազերծել)։
Մի խոսքով ընտրապայքարի մեկնարկը տրվեց ծաղկաձորյան ելույթով (ուր ամեն քար ու թփից, ծառ ու ծաղկից Սեդրակիչ-լիժնիկի հուշն է բուրում)։
Տնտեսական քաղաքականության ռազմավարությունը խարսխվում է տրագիֆարսի կարկաչուն մուղամներին։
Եթե գյուղատնտեսական գերագույն-գլխավոր փրկօղակն անկախ պետականության արշալույսին «էգ կովն» էր, 20-րդ անկախ-առկախի հոբելյանից առաջ նույն այդ կովը (ոչխարը և այծը) վեր ենք հանում կառավարական աչալուրջ գերակայության պատվանդան։
Նախ` էգ և որձ կովերի հուշարձանի տեղակայման մրցույթ։ (Մեկական օրինակ մարզկենտրոններում, սահմանամերձ համայնքներում և այլուր)։
Այսուհետև` կովակթումը պարտադիր դասընթաց է` մանկամսուրից ասպիրանտուրա։

Այսուհանդերձ աշխարհիկ-հոգևոր մարտեր` Անկախության (Առկախության) 20-րդ տարեդարձին ընդառաջ։
Մարտավկաների դերում... ՀՀ-ում գործող-արդյունահանող հոգեորս-աղանդավորական, հանրային հոգեգարության հասցնող առաջամարտիկները։
Պարզվում է` արքեպիսկոպոսն իրավասու է գերշքեղ ավտոմեքենա սանձելու։ ՈՒ սա խաղի կանոնների շրջանակում հրաշալի տեղակայվում է։
Պարզվում է` խաղի կանոնները հիմնարար փոփոխությունների են ենթարկվել, և այլևս զառանցանք ու զանցանք է եկեղեցական շքեղ հանդերձի ներքո փշե շապիկ կրելը։
Հայտարարում ենք Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ-արքեպիսկոպոսին աշխարհիկ տարանցման շեփորահար։
Իսկ տարաբախտ Րաֆֆին մեն-մենակ է` խորհրդարանական փթթուն բարգավաճության, պարականոն ցեղակրոնության և օրինազանց օրինականության դեմ հանդիման։
Առաջարկն այս պահի հրամայականն է, դարի հրահանգը. ողջ իշխանադժգոհ քաղակտիվը` պարագլուխների առաջնորդությամբ, միանում է Րաֆֆիին։
Եվ Ազատության հրապարակը դառնում է ի շրջանս յուր, ԹԱՏԵՐԱԿԱՆ։ Այստեղ մշտական գրանցում են ստանում ժողովրդավար Կարապետիչը, Դավիթ-մարքսիստը և, բնականաբար, «Ժառանգության» ընտրանին։
Մի խոսքով, աշխարհս պտտվո՜ւմ է ու... ՈՒ պարզվում է, որ նավթի պաշարներով բարգավաճ Լիբիայում չկան մեծահարուստներ։ Եվ որ Քադաֆիի օրոք այս տարաբախտ երկիրը զարգացել ու կայունացել է։ Բա՜ս...
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1546

Մեկնաբանություններ